Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Նրա գիրն ու բանավոր խոսքը ապրեցնելու, հուսադրելու լույս են իրենցում անթեղել»

«Նրա գիրն ու բանավոր խոսքը ապրեցնելու, հուսադրելու լույս են իրենցում անթեղել»
14.04.2017 | 10:30

Հրաչյա Մաթևոսյանը՝ Հրաչօն, այս տարի կդառնար 80 տարեկան: Մեկ տարի առաջ նա հեռացավ մահկանացուներիս աշխարհից:
Հայաստանի գրողների միությունը և գրողի ժառանգները կազմակերպել էին հուշ-ցերեկույթ՝ ի հիշատակ անվանի մտավորականի, համարձակ ու անկոտրում քաղաքացու:


Մեր ազգի երևելիներից էր Հրաչյա Մաթևոսյանը: Նա և նրա նմանները հեռանում են հողեղեն աշխարհից՝ հարստացնելով հայոց երկինքը: Ինձ համար նա հարազատ մարդ էր, բծախնդիր ու բարյացակամ ընթերցող: Մշտապես վայելել եմ նրա հետ շփվելու բավականությունը:
Հրաչյա Մաթևոսյանի հերոսները մեզ շատ ծանոթ են ու միաժամանակ շատ անծանոթ՝ Հրանտ Մաթևոսյան, Լուսինե Զաքարյան, հողարվեստագործ Մարկոս Գրիգորյան, արցախյան հերոսներ, գյուղի չոբաններ, նանի ծաղկաշորով հանգուցյալ, Աշխարհբեկ հորեղբայր Մաթևոսյան և նույնիսկ վերջինիս խոյն ու «սելմագ-գյուղխանութից» գնված միանման չորս պահարաններից միակ լավագույնը, «ուղտի ականջում քնելու ցեղական սովորությամբ» Իխտիար պապ ու նրա «ձեռքի տակ» մեծացած էշեր, որ «հրաժեշտ են տվել ախոռին, արոտին, փալանին, բռնել են քաղաքի կամ կուսակցության ճանապարհը, արդեն փողկապավորված մոտենում են ամբիոններին, ուզում են խելոք ու խելացի երևալ, բայց չեն կարողանում թաքցնել ականջները»:


Հանրածանոթ, թե անհայտ, տաղանդավոր-տիտղոսավոր, թե շարքային, մահկանացու, շնչավոր, թե անշունչ՝ հեղինակի գրչի տակ դառնում են հավասարաչափ կարևոր, հավասարաչափ սիրելի, հավասարաչափ երկյուղածության, պատկառանքի, մանրամասնորեն քննվելու արժանի: Սրանք Հրաչյա Մաթևոսյանի բնորոշմամբ՝ «Հայոց մեծապուճուր աշխարհի» բնակիչներն են, որոնց նկարագրություններում անպակաս է լոռեցու հումորը:


Չգրված օրենք է դարձել Հրաչյա Մաթևոսյանին անդրադառնալիս համադրել կամ հակադրել նրա և Հրանտ Մաթևոսյանի տաղանդի մեծությունը: Գրողի աստվածատուր առաքելությամբ օժտված այս եղբայրների գրականության բաղդատումը, սակայն, պետք է դիտարկել այլ հարթության մեջ. Հրաչյա Մաթևոսյանն այն գրողն է, որը բացառիկ վարպետությամբ ստեղծել է Հրանտ Մաթևոսյանի գրական կերպարը: Այսքան ավարտուն, տպավորիչ, կենդանի գրական հերոսի հաճախ չէ, որ կարելի է հանդիպել գեղարվեստական գրականության մեջ: Դա հաջողվել է Հրաչյա Մաթևոսյանին, նրա շնորհիվ մենք այսօր ունենք Հրանտ Մաթևոսյանի գեղարվեստական կերպարի փաստը, և սա հայ գրականության շատ մեծ ու կարևոր հարստություններից է:


Գրողի մտահոգությունները աղաղակող են: Հայաստանի ողջ տարածքը սահման է, ու սահմանամերձ տարածքները դատարկ են: Մենք սովորել ու վարժվել ենք կորցնելու խայտառակ արհեստին, կողոպտվելու, թալանվելու դժբախտությանը: Իսկ մեկ օրվա կորցրածը հարյուր տարում չի կարելի հետ բերել: Ներկան կորցնելով, պապական ունեցվածքը կորցնելով՝ չի կարելի ապագայի հետ հույսեր կապել: Մենք օտարվել ենք ինքներս մեզնից: Բարոյականությունը տեղ չի գտնում իր համար մեր պատմական հողում, մեր` Խորենացի տված հողում, թեև այդ հողն արդեն անկախ է: Ահա Հրաչօյի մտահոգությունների, անհանգստությունների տարածությունը:

Հրաչօն բոլորիս մեջ կարողանում էր բորբոքել մեր արժանապատվության, պահանջատիրության, ազգանվիրության անթեղված կրակը: Հրաչյա Մաթևոսյան մարդը և գրողն ինձ համար դառնում են համաժամանակյա արժեք հատկապես այն երկերի շնորհիվ, որոնցում նա իր հայրենի եզերքի, իր մանկության հուշերի, իր սիրելի մարդկանց ու հանգամանքների երգիչն է: Խոսքը մասնավորապես «Կաղնիներ», «Դառնամուխ կյանք», «Արևը, աղջնակը, ծիրանը և… էս ի՜նչ սիրուն աշխարհ է», «Գեշ հոքիրը», «Աշխարհն աշուղինն է» և այսօրինակ այլ գործերի մասին է: Այս գրականությունը՝ ջերմ, մտերմիկ, անկաշառ, անմիջական շնչով ստեղծված, ոչ թե օրվա, պահի, այլ մշտամնա պարագաների համար է, և ժամանակի ամենակուլ փոշին չի կարող աղավաղել դրանց հմայքն ու արժեքը:
Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր վերծանել նրա վերջին գիրը՝ «Իրատես» թերթի համար հարցազրույցիս նյութը: Հարցազրույցը նախատեսել էի անել մահից մոտ քսան օր առաջ: Մեր հանդիպումն ուշանում էր ու ուշանում: Հասկացա, որ դժվար է հանդիպել, բանավոր զրույց ունենալ: Առաջարկեցի ուղարկել հարցերն ու նրանից ստանալ գրավոր պատասխաններ: ՈՒրախացավ, համաձայնեց: Բայց այդպես էլ չուղարկեց որևէ բան: Մտածեցի, որ ոչինչ էլ չի կարողացել գրել:


Միայն մահից հետո իմացա, որ բազմաթիվ էջեր է լցրել՝ շարադրելով ուղարկածս հարցերի պատասխանները: Խնդրեցի ընտանիքի անդամներին տալ ինձ ձեռագիրը, կարդացի-համակարգեցի Հրաչօյի վերջին գիրը:
Պատասխանները շարադրելուց առաջ զգուշացնում է. «Անառողջ եմ, դժվար հարցեր չտաք: Պարոնով չդիմեք»:


Եվ քանի որ հենց «պարոն»-ով էի դիմել, մի մեծ հորդոր-մեկնաբանությամբ է սկսել խոսքը. «Սիրելի՛ Կարինե ջան, մի անգամ խնդրել, հիմա էլ խնդրում եմ, թե ուզում ես մեր զրույցը լավ ստացվի, ինձ դիմիր դու-ով ու առանց «պարոնի»: Ինձնից ի՞նչ պարոն: Դա կոչում է, որին շատերն են արժանի, բայց ոչ՝ ես: Մեծարգոն էլ թողնենք մեծամեծներին, հարգարժանը, պատվարժանը՝ օլիգարխներին, պարապ-սարապ իշխանավորներին, կաշառակերներին, աղքատի զավակ զինվորի օրապահիկը լափող տռզած ու հղփացած հրամանատարներին, մանավանդ գեներալներին»:


Ինչպես տեսնում ենք՝ վերջին շնչում էլ Հրաչյա Մաթևոսյանը մարտնչող, համառ քաղաքացի էր: Բայց և խիստ հուզական մի անձնավորություն, ինչպես վկայում է հարցազրույցի վերջին հատվածը. «...Իմ մայր Արուսը՝ ծնված Սանահինում, իր Մարիամ մորը կորցրել է, երբ եղել է յոթ ամսական: Իր ախպեր Ոսկանի հետ որբ-որբ մեծացել են: Շնողի, Հաղպատի, Ճոճկանի, Արճիշի բարեկամների պահածն է մայրս: Ավելի շատ՝ Արճիշի: Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արևի» անուշ տանջահար իմ մայրը: Դստրիկս՝ յոթ ամսական Արուսյակս, մահացավ: Օգոստոսի 10-ի ծնունդ էր: Անցած տարի՝ օգոստոսի 11-ին, մայրը գնաց 48 տարի իրեն սպասած աղջկա մոտ: Ես էլ կգնամ: ...Արուս անունն իմ թուլությունն է, իմ սերը, իմ թախիծը: «Փայլուն Արուսյակ, ով սիրո՜ւն, սիրո՜ւն...»: Մենք տխուր ու թախծոտ ժողովուրդ ենք: Տխրությունը, դարդ ու ցավը անկոչ հյուրեր են՝ չուզես էլ պիտի գան: Դու փորձիր գտնել ուրախության մի հովիտ: Անցածի հետևից չեն ընկնի, անցածն անցած է: Դու մտածիր օրվա մասին, գալիք սերունդների»:


Թվում է, թե Հրաչօն ցավին տրվող, ցավից խեղճացող տեսակ էր, բայց նրա գիրն ու բանավոր խոսքը (հատկապես՝ գիրը) միշտ ապրեցնելու, հուսադրելու լույս են իրենցում անթեղել: Եվ այդ լույսն էլ պայմանավորում է նրա անմահության հանգամանքը:
ՈՒ իմ վերջին հարցազրույցն էլ, այս իմաստվ, բացառություն չեղավ: Որքան էլ նա նեղսրտել-ընկճվել է այդ վերջին գրառումներում՝ վկայաբերելով անձնական ու անանձնական ցավի մի հուզիչ համապատկեր, այդուհանդերձ, ասելիքն ավարտել է լավատեսական վերջաբանով. «Իրոք, ստեղծագործ ժողովուրդ ենք, հնար էլ չունենանք, պիտի մի ճար անենք»:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2586

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ