ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Նամակներ Նոր Ջուղայից-3

Նամակներ Նոր Ջուղայից-3
14.04.2017 | 10:49

(սկիզբը` այստեղ)

«ԲԱՐԵՎՁԵԶԻՆՉՊԵՍԵՔԼԱՎԵՔԲԱՐԵՎՁԵԶԻՆՉՊԵՍԵՔ»
Առավոտյան առաջնորդարանի դիվանապետ Արթին Մուրադյանին հայտնում եմ ցանկություններս` հարցազրույց ունենալ թեմի հոգևոր առաջնորդ Սիփան ծայրագույն վարդապետ Քէչէճեանի հետ, այցելել եկեղեցիներ ու գերեզմանոց: Արթինը տեղեկացնում է, որ «Արենոյշ Տէրեան» կրթահամալիրում տեղի է ունենալու աշակերտների լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացում, այսինքն` ցանկալի է, որ ներկա լինեմ:
Ծանոթանում եմ Թեմական խորհրդի ատենապետ Վրեժ Տեր-Մարտիրոսյանի` եռանդուն, անընդհատ շտապմունքի մեջ գտնվող, բանիմաց մարդու հետ, որը քաջատեղյակ է Նոր Ջուղայի պատմությանը: Որպեսզի ընթերցողին հասկանալի լինի, թե նա համայնքում ինչպիսի պաշտոն է զբաղեցնում, ասեմ, որ դա հավասար է Հայաստանի վարչապետի պաշտոնին, բայց այն տարբերությամբ, որ չի նշանակվում` ընտրվում է և միանձնյա որոշումներ չի կայացնում, որոշումներն ընդունում է Թեմական խորհուրդը: Բացի այդ, կա Պատգամավորական ժողով` մեր Ազգային ժողովի նման, որի ատենապետը փորձառու Պարույր Օհանյանն է: Հոգևոր առաջնորդին կնմանեցնեի մեր երկրի նախագահին, որը, ճիշտ է, օրենսդիր ու գործադիր լիազորություններ չունի, պարզապես հոգևոր պետ է, բայց առանձնակի դիրք է զբաղեցնում, նրան հարգում ու ենթարկվում են:


Թեհրանաբնակ բժշկուհի Արենույշ Տերյանը 1983 թ., ի հիշատակ ծնողաց, իր տունը կտակում է վանքի Սբ Ներսես Շնորհալի գրադարան-մատենադարանին: Կտակի բովանդակությանը չկարողացա ծանոթանալ, բայց բժշկուհու կտակած միջոցներով Նոր Ջուղայում կառուցվում է շքեղ ճարտարապետական շինություն` երկսեռ կրթահամալիր: Եվ մինչ նորից կհատեմ Խոջա Նազարի դժվարանցանելի պողոտան, որպեսզի հասնեմ դպրոց, նկարագրեմ այն տպավորությունները, որոնք ստացա իրանցիներից, հայերից, հայ-իրանական համակեցական փոխհարաբերություններից:

Նոր Ջուղան ճարտարապետական, քաղաքաշինական տեսակետից ոչ մի ընդհանրություն չունի եվրոպական քաղաքների հետ, զուտ ասիական երևույթ է: Խիստ դժվար է փողոցներում ու թաղամասերում կողմնորոշվելը, քանզի բոլոր շենքերի, հաստատությունների անվանումները, խանութների ցուցանակները պարսկերեն են, և մոլորվելը շատ հեշտ է, եթե, ինչպես ես, պարսկերեն ոչ մի բառ չգիտես: Երբ քեզ թվա, թե, ասենք, անընդհատ աջ գնալով շրջան կգործես ու կվերադառնաս, ապա չարաչար կսխալվես, կքայլես այնքան, մինչև ոտքերդ ցավեն, ու կհասկանաս, որ ավելի լավ է եկածդ ճամփով հետ դառնաս: Նեղլիկ փողոցներն ու մայթերը մաքուր են ու բարեկարգ: Խնամքով պահպանվում են հին շենք-շինությունները: (Ինձ ցույց տվեցին հայապատկան, շունչը փչող մի երկհարկանի տուն, որն ավելի հեշտ էր քանդել ու նորը կառուցել, սակայն քաղաքային իշխանությունը թույլ չէր տվել, թե` պատմաճարտարապետական արժեք է, վերականգնեք: Իսկ դա շատ ավելի ծախսատար էր):
Հնում այդպես չէր, Նոր Ջուղան կառուցվել էր որոշակի կանոններով, ամեն թաղամաս, որ իրենց բարբառով կոչվում էր «տասնակ», ուներ հստակ սահմաններ և անվանումներ: Ժամանակն իր «սրբագրումներն» էր մտցրել, և միայն տեղացին կարող էր քեզ ուղեկցել Չարսու, Քոչեր, Երևան, Մեծ մեյդան, Փոքր մեյդան, Մալլաթ թաղամասեր:


Վերևում արդեն ասացի, որ Սպահանը «կլանել» է Նոր Ջուղան: Եթե ի սկզբանե երկու քաղաքները միմյանցից բաժանվում էին Զայանդերուդ գետով, ապա ժամանակի ընթացքում Սպահանն ընդարձակվել է և հայաքաղաքը վերածել յուրատեսակ անկլավի: Այդպես է բոլոր գաղթավայրերում. եթե որևէ օտար քաղաքում ուզում եք հայերի հետք գտնել, ապա փնտրեք կենտրոնում: Բայց ի տարբերություն այլ գաղթօջախների և այլ հայաքաղաքների, ինչպիսիք են Գերլան, Նոր Նախիջևանը, Գրիգորիոպոլիսը և Էլիզաբեթշտադտը, Նոր Ջուղան հիմնականում պահպանել է իր տարածքին և այդտեղ գտնվող շենք-շինություններին տիրելու իրավունքը: Բնականաբար, այսօրվա Սպահանի կենտրոնում գտնվող Նոր Ջուղայի տարածքը շատ բարձր կադաստրային արժեք ունի (տեղացիներն ասում են` «մեր գետինը խիստ սուղ է»): Դա համայնքին հնարավորություն է տալիս վարձակալությամբ տրված տարածքների դիմաց ստանալու զգալի գումարներ, որոնք ծառայում են ոչ միայն ընթացիկ ծախսերը հոգալու, այլև զարգանալու և բարգավաճելու համար:


Անշուշտ, ինձ հետաքրքրեց` կայի՞ն, արդյոք, աղքատ կամ չունևոր հայեր: Խոջա Պետրոսի փողոցում գտնվում էին երկու բազմահարկ համայնապատկան շենքեր. մեկն անհատույց տրվում էր բնակարանի կարիք ունեցողներին (հիմնականում` նորակազմ ընտանիքներին), մյուսը` մասնակի վարձավճարով, միջին եկամուտ ունեցող ընտանիքներին: Սակայն նրանք շուրջ 5000-անոց համայնքի մի փոքր մասն են կազմում, հայերի գերակշիռ մեծամասնությունն ունի աշխատանք, կայուն եկամուտ, սեփական տուն, ավտոմեքենա:
Ֆինանսական հարաբերություններում ես նորջուղայեցիներին կհամեմատեի… գերմանացիների հետ: Նրանք գիտեն փողի հարգը, ցուցամոլ չեն, խնայասեր են, բայց ոչ ժլատ` վանեցիների պես: Եվ դա էլ ունի պատմական արմատներ:


Հնում, երբ վաճառականները ցամաքային առևտրական ուղիներով երկարատև ճամփորդություն պիտի կատարեին, պարսիկներից վեց ուղտ գնելու դեպքում յոթերորդն ստանում էին ձրի: Վեցի վրա բարձում էին վաճառքի ենթակա ապրանքները` հում մետաքս, զանազան համեմունքներ և այլն, իսկ յոթերորդի վրա` վերմակ-ներքնակ, չփչացող ուտելիք (զորօրինակ, լավաշ, բաստուրմա), ձկնորսական պարագաներ, անձնական իրեր: Եթե պիտի գիշերեին բնակավայրերից հեռու, ապա աշխատում էին վրան խփել գետերի մոտ, որպեսզի ձուկ որսան: Եթե կարիք էին ունենում թարմ սննդամթերքի (յուղ, պանիր, միս), ապա փող չէին ծախսում, փոխանակում էին իրենց թանկարժեք համեմունքների հետ: Իսկ եթե պիտի գիշերեին որևէ բնակավայրում, ապա խմբովին վարձակալում էին մեկ սենյակ: Այս ամենը խնայասիրություն էր, բայց ոչ ժլատություն: Հապացույց ասվածի, բերեմ XVII դ. մի եվրոպացի ճանապարհորդի վկայություն:


Այս եվրոպացին պատահաբար ներկա է գտնվում հեռավոր ճամփորդությունից Նոր Ջուղա վերադարձած խոջայի խնջույքի: Մեկ տասնյակի չափ տղամարդիկ նստած էին թանկարժեք գորգերի վրա, մեջտեղում սեղան-գորգն էր: Սպասքը բաղկացած էր վենետիկյան հախճապակե ափսեներից ու բյուրեղապակյա գավաթներից, դանակ-պատառաքաղը ոսկուց էր: Սկզբում ներկաները երկուական հում ձու են կոտրում, պարունակությունը կուլ տալիս ու զարմացած եվրոպացու հարցին պատասխանում. «Մենք շատ ենք խմելու, իսկ հում ձուն թույլ չի տա, որ հարբենք»: Այնուհետև սկսվում է կերակրատեսակների «շքերթը»` տապակած, խորոված ու խաշած գառան միս, տապակած, խորոված ու խաշած տավարի միս, տապակած, խորոված ու խաշած ձկնեղեն… Այս ամենը բերում էր տանտիրոջ կինը, որը դռան քողից ծիկրակում էր, բայց ներս չէր մտնում, այլ մատով կանչում էր ամուսնուն: Ամբողջ ուտելիքը «կլանվում» էր գինու և օղու ուղեկցությամբ` կենաց-բարեմաղթանքներով: Վերջում բերում են զանազան մրգեր, պտուղներ և… մեծ սինիների վրա բրգաձև լցրած, եփած հնդկական խոշորահատիկ բրինձ: «Սա է՞լ պիտի ուտեք»,- հարցնում է ապշահար ճանապարհորդը: «Այո,- պատասխանում է տանտերը,- պիտի ուտենք, որ կերածներս մարսենք»:
Ակնհայտ է, որ ժլատ մարդը նման խնջույք չէր սարքի:


Ես մի քանի անգամ առիթ ունեցա լինելու առաջնակարգ ռեստորաններում և ահա թե ինչ կասեմ: Իրանցիների հացը` լավաշատիպ, միօրինակ մի թխվածք, անհամ է, պանիր գրեթե չեն գործածում (չես գտնի անգամ ամենաշքեղ ռեստորանում), արգելված ոգելից խմիչքներից բացի, իսպառ բացակայում են զովացուցիչ ըմպելիքներն ու պաղպաղակը: Բայց մնացած ամեն ինչ` մսեղենը, չլսված ու չտեսնված բանջարեղենը, թարմ ու չորացրած մրգեղենը, այնքան համեղ է և այնքան շատ, որ ակամայից հայտնվում ես զարմանքից քար կտրած XVII դ. եվրոպացի ճանապարհորդի վիճակում:

Սպահան-Նոր Ջուղայի փողոցներում ամենաաչքի ընկնողը իգական սեռն է: Կանայք երկու կարգի են: Առաջինը թունդ հավատացյալ, սև հիջաբ կրողներն են, որոնք ի ցույց են դնում միայն դեմքերը և ձեռքերը: Ըստ Ղորանի, Մուհամեդ մարգարեն ասել է. «Եթե կինը հագուստը հանի ոչ իր ամուսնու տանը, ապա մեծ ու հզոր Ալլահը կխայտառակի նրան»:


Երկրորդ կարգի կանանց պայմանականորեն կանվանեի իսլամապաշտ, բայց «աշխարհական»: Սրանք պարտադրաբար կրում են գլխաշոր, ամառ-ձմեռ հագնում իրենց բարեմասնությունները թաքցնող, մինչև ծնկները հասնող վերարկու, որի տակից երևում են սև կամ շագանակագույն մոդայիկ ջինսեր: Խաղանի փողոցի «եվրոպական» մասում կարող ես հանդիպել այնպիսի գեղեցկուհիների մի ամբողջ զանգվածի, որ եթե հրաշքով նրանք հայտնվեին աշխարհի գեղեցկության մրցույթներում, հաստատ կհաղթեին: Քայլում էին, ասես, պոդիումի վրա, առանց որևէ մեկի ուշադրություն դարձնելու (առհասարակ ընդունված չէ փողոցում մեկմեկու երեսի նայել), իսկ կողքներով անցնելիս զգում ես ֆրանսիական օծանելիքի բուրմունքը: Այդպիսի գեղեցկուհիների կարելի էր հանդիպել նաև սրճարաններում` ծխելով սուրճ խմելիս:
Այս երկրորդ խմբի մեջ են մտնում հայ կանայք ու աղջիկները: «Ստանդարտ» հագուստը, որ կրում են գեթ մեկ մահմեդականի առկայության պարագայում, նրանց համահարթեցնում է, բայց զուտ հայկական միջավայրում, երբ հանում են գլխաշորն ու վերարկուն` ամեն ոք յուր կերպարով վերածվում է անհատականության:

Փողոցային բարքերից ևս մեկ զարմանալի տեսարան: Բոլոր հայերն ասես մեկմեկու ճանաչում են ու բոլորը շտապում են: Այդ շտապմունքի մեջ հանդիպակաց կողմերը միմյանց ողջունում են հետևյալ կերպ` «բարևձեզինչպեսեքլավեքբարևձեզինչպեսեքբարևձեզ»: Ասում են մեկ բառի նման` առանց որևէ շեշտադրության, առանց կետադրության ու շատ երկար: Դա ինձ համար այն աստիճանի զավեշտալի էր, որ ժպիտս հազիվ էի զսպում: Սա էլ նորջուղայեցիների յուրահատկությունն էր:

Հասնում եմ ազգային կրթահամալիր: Տեսնելով ընդարձակ բակով, բարեկարգ, հոյակերտ այդ շինությունը, ակամայից մրմնջում եմ հայտնի առակի առաջին մասը. «Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»: Արենույշ Տերյանն իր կտակով թողել է այնպիսի հուշարձան, որ նորջուղայեցիների հետագա սերունդները դարեդար կմրմնջան. «Յիշատակն արդարոց…»:
Լայն ու լուսավոր նախասրահում տեղադրված են աշակերտների լուսանկարչական աշխատանքները: Հոծ բազմությունը` առաջին շարքում նստած Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի առաջնորդությամբ, լսում է հայ պարմանուհիների երգչախմբին: Այստեղ հարկ է մի բացատրություն տալ. իգական սեռի ցանկացած հրապարակային ելույթ արգելված է, եթե հատուկ արտոնված չէ: Դատելով սանուհիների հագուկապից, ներկա են մահմեդականներ, և թույլտվություն կա:


Երգչախումբը կատարում է պարսկական միապաղաղ մի դնդնոց, որն ամենևին ինձ դուր չի գալիս:
Ավարտից հետո խոսք է առնում Հայր Սուրբը, արևմտահայերենով բարդ մտքեր արտահայտում (ինչը դժվարացնում է թարգմանչուհու գործը), ապա եզրափակում, թե` ամենամեծ գանձը իր համայնքն է:
Ներկաների ժխորի մեջ ինձ ծանոթացնում են դպրոցի տեսուչի հետ, որը պարսկուհի տիկին է: Քանի որ Արենույշ Տերյանի կտակին ծանոթ չեմ, ենթադրում եմ, որ հավանաբար այդպիսի կետ է պարունակել` տեսուչը պետք է պարսկուհի լինի:


(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3178

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ