Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հին ոգին վախճանվում է, որտե՞ղ է խոստովանահայրը

Հին ոգին վախճանվում է, որտե՞ղ է խոստովանահայրը
14.04.2017 | 10:52

ՑՈՒԳՑՎԱՆԳ


Սիրտս նվաղում է։ Բակի ծաղկած բալենու շնո՞րհքն է։ Բնավ։ Չէ՞ որ հնչել է իշխանական փաղանգի հերթական հաղթանակի ավետիսը։ Սույն խորհրդարանը լեգիտիմ է` միաձայն գեղգեղում է քաղաքական բազմասեռ երգչախումբը։ Մի՞թե սքանչելի չէ այս համերաշխությունը։ Անշուշտ։ Իսկ արդյո՞ք գերիչ չէ զարմանահրաշ այս դուետը։ Ե՛վ փաղանգը, և՛ նրա հաղթանակը սիրով կիսող ընդդիմությունը ազնվաբար հաստատում են` 2017-ի բեկումնային ԱԺ-ն ձևավորվեց ըստ Բաղրամյան-26-ում նախշազարդված ճանապարհային քարտեզի։


Իշխանական փաղանգը չվարանեց, իսկույն լուծեց օրվա հարցը, վարկանիշավորների զանգվածային քաղաքական խաչհամբույրը ընտրակաշա՞ռք էր, թե՞, այնուամենայնիվ, նվիրատվություն։ Նվիրատվություն էր, եզրակացրեց փաղանգը, և եկեք մենք էլ միանանք նրա եզրահանգմանը։ Չէ՞ որ ընտրակաշառքի փաստի հաստատման դեպքում պետք է քրեական գործեր հարուցվեն ՀՀ բնակչության 90 տոկոսի նկատմամբ։ Չէ՞ որ նրա 89 տոկոսը կաշառքն ընդունել է, 1 տոկոսը կաշառքը նվիրաբերել է։
Այսօր պատերազմ է բռնկվել խմբիշխանության, այլ կերպ ասած` քաղաքական վերնախավի «հին» և «նոր» ոգիների միջև։ Ներառվենք պատերազմական գործողություններում, սատարելով նոր ոգուն, ամորձատելով հինը։ Այո՛, միայն ամորձատմամբ է հնարավոր պատմական այս տխրահռչակ անցյալից ազատվել։ Պատրաստենք նշտարը, սպիրտն ու վիրակապերը։

ԹՈԽԱՏՅԱՆՆ ՈՒ ՈՍՏԻԿԱՆԸ. ԱՐՄԱԳԵԴՈՆ


Ապրիլի 2-ի լույս 3-ի կեսգիշերին արդեն պարզ էր, որ իշխանական փաղանգը հաղթել է ծանրակշռությամբ, «Ծառուկյան» դաշինքին տրամադրելով մի ուղտաբեռ չափաբաժին, Հո-Հի-Դա-ին` հորթուկաչափ մի տաղավար և «Ելքին»` քաղաքական հավակնություններին հարիր մի ասպարեզ։
Եվ փաղանգի թաղային ակտիվը նստեց քեֆի։ Այգաբացից առաջ հանկարծահաս արթնացավ սիրված դերասան Հրանտը Թոխատյան։ Հավանաբար տիար Հրանտը երազում տեսնում էր հռչակավոր «Խաթաբալադան», որի շնորհազրկված գլխավոր հերոս, թշվառ բանաստեղծ Համազասպը, իշխանության գալով, բետոնապատում է մայրաքաղաքի կենտրոնը` Նոր Նորքի զանգվածին հավասարեցնելու առաքելությամբ։ Վախճանվեց Համազասպ մարդը, ծնվեց Համազասպ հրեշը։ Երազն ընդհատվում է, ժամը 5.15-ին արթնանում է մայրաքաղաքը։ Երևանի առանձին հատվածներում հուր էր հեղեղվում երկինքն ի վար։ Արթնանում է տիար Հրանտը, շատերի նման նրան էլ է թվում, որ կրկնվում է 2016-ի ապրիլյան կայծակնային զարկը, արդեն երկրի սրտում։ Քավ լիցի, խաղաղ էր երկիրը, գունեղ էր երկրի երկինքը, պարզապես հետընտրական հրավառություն էր, փաղանգի գրոհայինները հաղթանակի երջանկությունը կիսում էին երկնքի, երկրի և Երևանի խաղաղանինջ բնակիչների հետ։ Տիար Հրանտը Թոխատյան զայրանում և զանգում է ոստիկանություն։ Ոստիկանության սպան այցելում է դեպքի վայր, հանդիպում է ժողովրդական դերասանին` նրա տանը։ Ցնցող էր երկխոսությունը. ի պատասխան Թոխատյանի ընդվզման ոստիկանության երիտասարդ սպան մի բարեկիրթ վերջնագիր է ներկայացնում, պարոն Թոխատյան, պատվելի դերասան, ոչինչ անել մենք չենք կարող, մարդիկ... իրենց տոնն են նշում։ Այո՜։


Բայց այս պահին ինձ պատեպատ է խփում ժամանակի հանելուկը. արդյո՞ք վերոնշյալ խրախճանքը նախ բարոյական, այնուհետև իրավական գնահատականի կարժանանա։ Այժմ թույլ տամ ինձ հորդորներ հղել մշակույթի և արվեստի մեր արժանապատիվ քաղաքացիներին, ի մասնավորի արգո Հրանտին Թոխատյանին, և, առհասարակ, ՀՀ ողջ բնակչությանը` մի՛ զանգահարեք ոստիկանություն։ Քնահարամ հրավառության ժամանակ ձեր տոնական հագուստը հագեք և մասնակցեք նրանց տոնին։ Ցանկալի է` հանդերձ ընտանյոք։

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ


Բայց ի՞նչ է ընթերցում ուրբաթօրյա հողմաղացը հերթական քնարական դադարի երանավետ պահին։ Ինքնատիպ պոետ Ավետիքը Մեջլումյան, ի թիվս այլոց, ունի մի այսպիսի վեցատող.
ՈՒտում է
Դաշտը կովին,
Մեղքը մարդուն,
Էյնշտեյնն իր ժամացույցը
Սերը` արյուն, ոսկոր ու մաշկ,
Տիեզերքը` բոլորիս։

Այո՜, չի ճաշակում, ճարակում է Հին ոգին Երկիր Նաիրին։ Ի դեպ, պետք է խոստովանենք, որ ներկա հնաոգությունը պետք չէ դարձնել հանրապետականների անձեռնմխելի սեփականությունը, քանզի այն բուն ՀՀՇ-ական իրավազորություն է և ասպարեզ իջավ երկրի նորանկախությամբ` գերազատական վարք ու բարքով, կաշվե կոշիկների և օսլայած օձիքների բեմելներով և, ինչ խոսք, ՀԽՍՀ հսկա քաղաքակրթական ժառանգությունը գաղափարական գրպանահատությամբ հողմացրելու առաքելությամբ։ Ինչ խոսք, այսօր կեցցե՛ Տեր-Պետրոսյանը Լևոն, որին հաջողվեց մի էական ծառայութուն մատուցել հայոց պատմությանը, լուծարելով ՀՀՇ-ականությունը` անկյուն քշելով ՀԱԿ-Կոնգրես պոստՀՀՇական ռևանշիստներին։ Հեռացավ նաև Մատենադարանից Ազատության հրապարակ իջած իմաստասեր պատմաբանը, հին ոգու քրմապետը։ Բայց հեռացավ խոտորնակի, ուղիղ դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի 1 հասցեն, շենքը սև, նստավայրը հիմնադիր նախագահի։ Այնինչ նա քաղաքական դաշտը լքելով պետք է վերադառնա նախկին աշխատավայր և աշխատի կես դրույքով ու պաշտպանի գիտական թեզ թեկուզ այս թեմայով. «Համաշխարհային կառավարության փորձանմուշ պետության ստեղծումը ՀԽՍՀ տարածքում»։ Մի խոսքով, դաշտը կերավ իր ստերջ կովերը։ Տարոսը բարոն Բագրատյանին, որը քաղաքական նեյնիմոֆոբյան զմայլանքի մեջ վերջերս բանախոսեց հետևյալը. «Մնացել են ՀՀԿ-ի ողորմածությանը։ Շատ մոտ ենք պետության վերացմանը»։ Բարոնը չի սխալվում, քանզի նրա կառավարման օրոք պետությունը պահպանվում էր շինիչ ծրագրերի շրջապտույտում։ Մենք էլ ազգովին բարոնին մաղթենք շուտափույթ ապաքինում։

Այո՜, հին ոգու շարժիչ ուժը ձեռնոց նետեց նոր ոգուն շաքարավազի, բանանի և այլնի գների բարձրացմամբ։ Մեղքը ճարակել է ոմանց ուղեղը։ Բայց մեր ուղին աննահանջ է։ Հայությունը սրտով է վստահում վարչապետին, տեղին է նրա շա՜տ էական խոստովանանքը. «Կարող են ամպագոռգոռ հնչել խոսքերս, բայց ասում եմ սրտիս խորքից։ Խոսք եմ տալիս չխնայել ջանք ու եռանդ, որպեսզի ստեղծենք ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»։ Կեցցե՛ս։ «Ստեղծենք»-ը, ինչ խոսք, վերաբերում է հանրությանը, միայն թե արգո վարչապետը պետք է սերտ կապեր ստեղծի մեզ հետ։ Թե ինչպես, դժվար չէ կռահելը, բայց այս մասին մենք կխոսենք տիար Կարենի խիստ սպասելի վերանշանակումից օրեր անց։

Ներդրումնե՜ր, որոնց մուտքը կենարար լիցքեր է հաղորդում ցանկացած պետության տնտեսությանը, ի վերջո, հասարակության մարդավայել ապրուստին։ Ներդրումը վարկավորում չէ, վարկավորումը հնաոգիների գերագույն կիրքն է, երկիրը «շենացնելու» նրանց հաղթաթուղթը։ Այս խաղաքարտը վաղուց է խփվել, և վարկադրամաշնորհային խաղարկումների ժամանակացույցում զարմանալի վարընթաց է արձանագրել։ Ահա դրա նկարագիրը։
2011-ին ՀՀ տնտեսության մեջ ներդրվել է 631 մլն դոլար։
2012-ին` 567 մլն դոլար։
2013-ին` 271 մլն դոլար։
2014-ին` 282 մլն դոլար։
2015-ին` 147 մլն դոլար։
2016-ին` 130,4 մլն դոլար։


Հնաոգիները բավականին խելահաս են գործել և արտագաղթի վերընթացը համակցել են ներդրումների վարընթացի հետ։ Կեցցե՛ք։ Իսկ հարևան Վրաստանում, ի դեպ, 2016-ին ներդրվել է 1 մլրդ 645 մլն դոլար։ Հավանաբար պատճառը ծովն է, և գումարը տեղ է հասել հենց ծովային ճանապարհով։ Մենք աշխարհագրական փակուղում ենք և եկեք ներդրումային այս խայտառակության շան գլուխը բարեսրտորեն գտնենք ծովի բացակայության մեջ։ Սակայն չէ՞ որ բարեսրտությունը տնտեսական չափանիշ չէ։ Ցուցանիշ է հետևյալը. 3-րդ հանրապետությունում նախորդ 6-ամյակում ներդրվել է ստեղծագործական միտք և ներուժ, արդյունահանվել է գումար, փող, դոլարային մի ահռելի դեզ կարմիր գծերից, ասֆալտաքերթումից, արագաչափերից և այլնից։
Ի դեպ, հենց 2011-ին հնչեց աշխարհաքաղաքական մի զարզանդեցնող ահազանգ. ՀՀ-ի հազարից ավելի գործարարներ գործ են դրել դրկից (անհուսալի բարեկամ) Վրաստանում։ Եվ ահա հարցս` ուղղված հնաոգի տնտեսական քրմերին. քանի՞ վրացի գործարար է բիզնես-գործունեություն ծավալում Հայաստանում. մե՞կը, երկո՞ւսը, գուցե մի հի՞նգը, տա՞սը։ Ոչ ավելի, անհոգ եղեք։

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ
Ինչ դիրք են բռնելու նոր ոգու խորհրդանիշ և ներկա վարչապետ Կարեն Կարապետյանի գործի և անձի նկատմամբ.
ա) Բաղրամյան-26-ի ճանապարհային քարտեզագիրները,
բ) 6-րդ գումարման խորհրդարանը,
գ) «Ծառուկյան» դաշինքը,
դ) Կարապետյան եղբայրները,
ե) «Հոգևոր Հայաստանը»։
Զինչե՜ր ցուցանեցին առակներն այս Աստծո գառներին և մոլորյալներին։ Ի՞նչ իմանամ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2823

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ