Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Օրինա՛կ եղիր հավատացյալներին քո խոսքով, վարմունքով, սիրով, հավատով և մաքուր կենցաղով»

«Օրինա՛կ եղիր հավատացյալներին քո խոսքով,  վարմունքով, սիրով, հավատով և մաքուր կենցաղով»
14.04.2017 | 11:00

Երուսաղեմում Քրիստոսի Սուրբ Գերեզմանը, որը քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբություններից է (ըստ Աստվածաշնչի՝ ժայռափոր այս գերեզմանում է թաղվել և խաչելությունից 3 օր հետո հարություն առել Հիսուս Քրիստոսը), հայտնվել է պղծման վտանգի տակ:


Այդ վտանգողը, սրբապղծության համար ճանապարհ բացողը, որքան էլ զարմանալի, անհավանական, անհավատալի թվա, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու եթե չասենք ներկայացուցիչներից, ապա բարձրաստիճան հոգևորականներից մեկն է: Սրա միայն գիտակցումն արդեն իսկ ահավոր է…
Խոսքը Հայ առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական չորս աթոռներից կամ կենտրոններից մեկի առաջնորդի` Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի մասին է: Երուսաղեմից փոխանցված անցած ամիս «Շողակաթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված, մի տեսանյութի համաձայն (այն ներառված է այս հղմամբ ներկայացվող տեսանյութում), Երուսաղեմում ս.թ. մարտի 22-ին Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վերաբացման ժամանակ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դիմել է հունաց սրբազանին և Վատիկանի նվիրակին (հետագայում պարզվեց, որ տեսանյութում սխալ կա՝ ոչ թե Վատիկանի նվիրակին, այլ Սբ Երկրի Կուստոսին, քանի որ Ս. Հարության տաճարի երրորդ իրավատեր համայնքը ոչ թե Վատիկանն է, այլ Սբ Երկրի Ֆրանչիսկյան միաբանությունը)` խնդրելով արտոնել, որ ասորի, ղպտի, եթովպական, անգլիկան և բողոքական եկեղեցիները Սուրբ Հարության տոնից հետո տարին մեկ անգամ Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վրա պատարագ մատուցեն:


Քանի որ Երուսաղեմի Հայոց պատրիարքն այն հոգևորականը կամ այն մարդը չէ, որ կարող է չիմանալ, թե միասեռականներին եպիսկոպոս ձեռնադրած անգլիկան և բողոքական եկեղեցիներն իրենցից ինչ են ներկայացնում, ապա Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հիշյալ խնդրանքը, ինչպես նշել ենք այս թեմայով մեր նախորդ հրապարակման մեջ, նշանակում է, որ նա միասեռականների կամ նրանց հովանավորների կամակից է և սրբապիղծ դավադրության մասնակից:


Համապատասխան պարզաբանումներ ստանալու նպատակով, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը այս տարվա ապրիլի 1-ին հարցմամբ դիմել էր Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանին և, ինչպես արդեն նշել եմ, նրանից ստացել է մի խայտառակ պատասխան, որին խոստացել էի անդրադառնալ: Հիշյալ հարցման մեջ մասնավորապես նշված է.


«2017-ի մարտի 28-ին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի միջոցով Aravot.am կայքին փոխանցվեց Ձեր կողմից տրված հետևյալ պարզաբանումը. «Կատարված առաջարկութիւնը վերաբերում էր միայն Երուսաղէմի տեղական ղպտի, ասորի, եթովպական, անգլիկան և լութերական եկեղեցւոյ եպիսկոպոսներին տարին մէկ անգամ, Զատկի տօնից յետոյ, Սբ Գերեզմանի վրայ պատարագ մատուցելու իրաւունք տալու մասին: Մինչև առաջարկութիւնը, իրաւատէր Հոգևոր պետերի հետ ունեցած մտքերի փոխանակման ժամանակ էլ խօսուել է այն մասին, որ եթէ ապագայում անգլիկան կամ լութերական տեղական եկեղեցւոյ պետը կին կամ միասեռական լինի, ապա այդ իրաւունք, եթէ իրենց տրուի, պիտի չեղարկուի։
Ձեր տված վերոհիշյալ պարզաբանման վերաբերյալ խնդրում ենք հաստատել կամ հերքել.
1. Արդյո՞ք Aravot.am-ում հրապարակված սույն պարզաբանումը համապատասխանում է իրականությանը և այն Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի պաշտոնական պատասխանն է։
2. Կա՞ արդյոք որևէ փաստարկված երաշխիք (գրավոր փաստաթուղթ կամ արձանագրված բանավոր պայմանավորվածություն) Երուսաղեմում անգլիկան և լյութերական եկեղեցիների ներկայացուցչությունների և Տիրոջ Սուրբ Գերեզմանի իրավատեր մյուս երկու եկեղեցիների ներկայացուցիչների՝ Հունաց պատրիարք Սրբազանի և Վատիկանի նվիրակի հետ, որ եթե Քրիստոսի Սուրբ Գերեզմանին անգլիկան և լյութերական եկեղեցիներին պատարագ մատուցելու արտոնություն տրվի, ապա պատարագ մատուցող հոգևորականը չի լինի կին կամ միասեռական։
3. Քանի որ Aravot.am-ում հրապարակված պատասխանը տվել եք Դուք, ոչ թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետը, ապա կարո՞ղ ենք համարել, որ Ձեր դիմում-առաջարկը համաձայնեցված է եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ»։
Նկատի ունենալով այն, որ Aravot.am-ում հրապարակված հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի հիշյալ 8-9-տողանոց պարզաբանման մեջ լեզվական սխալներ կան (մասնավորապես` կատարված առաջարկությունը վերաբերում էր ոչ թե «Ս. Գերեզմանի վրայ պատարագ մատուցելու իրաւունք տալու մասին», այլ` իրաւունք տալուն, ոչ թե «այդ իրաւունք, եթէ իրենց տրուի, պիտի չեղարկուի», այլ` «այդ իրաւունքը եթէ իրենց տրուի, պիտի չեղարկուի»), կարելի է ենթադրել, որ նա հիշյալ լրատվամիջոցի հարցմանը պատասխանելիս շփոթված է եղել:


Հիմա ներկայացնենք նաև «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնին հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի ուղարկած պատասխանը.
«Ստացել եմ Ձեր կենտրոնի կողմից մեզ ուղղուած նամակը եւ ստորեւ ներկայացնում եմ մեր պարզաբանումը Ձեր հարցերի վերաբերեալ: Նախքան պատասխանելը մի սրբագրութիւն անեմ. Ս. Յարութեան երրորդ իրաւատէր համայնքը ոչ թէ Վատիկանն է, այլ Ս. Երկրի Ֆրանչիսկեան Միաբանութիւնը եւ դիմումը եղել է ոչ թէ Վատիկանի Նուիրակին, այլ՝ Ս. Երկրի Կուստոսին:
Aravot.am-ում հրապարակուած պարզաբանումը համապատասխանում է իրականութեանը եւ այն հանդիսանում է Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանի պաշտօնական պատասխանը:
Երբ այս թեմայի վերաբերեալ եղել են մտքերի փոխանակում միւս իրաւատէր Հոգեւոր Պետերի հետ, բանաւոր պայմանաորուածութիւն է եղել, որ եթէ Երուսաղէմի անգլիկան կամ լութերական տեղական եկեղեցիների Հոգեւոր պետերը լինեն կանայք կամ միասեռականներ, ապա Ս. Գերեզմանի վրայ պատարագելու իրենց իրաւունքը կը չեղարկուի, եթէ այն տրուի իրենց: Այս մասին գրաւոր փաստաթուղթ դէռ չկայ, որովհետեւ նախ պէտք է իրաւատէր Համայնքները իրենց համաձայնութիւնը տան Պատրիարք Սրբազանի արած առաջարկին: Եթէ իրաւատէր Հոգեւոր Պետերը համաձայնուեն այս համայնքներին պատարագ մատուցելու իրաւունք շնորհել, ապա նախ այդ իրաւունքը պիտի արձանագրուի փաստաթղթով, որի մէջ նաեւ կը նշուի այն կէտը, որը կþարգելի կանանց եւ միասեռականներին պատարագ մատուցել: Բայց, կարեւոր եմ համարում կրկին նշել, որ նախ պէտք է պատարագ մատուցելու իրաւունքի վերաբերեալ իրենց համաձայնութիւնը միւս իրաւատէր Հոգեւոր Պետերը յայտնեն, ինչը մինչեւ հիմա դեռ չեն արել:


Aravot.am-ում հրապարակուած պատասխանը տրուել է՝ աւելորդ սխալ մեկնաբանութիւններից խուսափելու համար»:
Ինչպես ակնհայտ է, Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետը 3-րդ հարցի պատասխանը չի տվել, ինչը վայել չէ հոգևորականին, առավել ևս՝ նման պաշտոն զբաղեցնող հոգևորականին: Իսկ չի պատասխանել, կարծում եմ, մի շատ պարզ պատճառով՝ պարզապես խուսափել է խայտառակությունը ջրի երես հանելուց, այսինքն՝ հայտնել, որ Երուսաղեմի Հայոց պատրիարքի առաջարկը կամ խնդրանքը համաձայնեցված չի եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ: Նրա այս պատասխանից կամ տվյալ հարցի առնչությամբ պատասխանի բացակայությունից հետո Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը, պատասխանելով նույն խնդրի առնչությամբ տողերիս հեղինակի հարցմանը, հայտնել է. «Ոչ, համաձայնեցված չի եղել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի հետ»:
Հիմա անդրադառնամ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի 2-րդ հարցին և Aravot.am-ին Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետի տված պատասխանի բովանդակային կողմին: Դրանում, ուղղակիորեն, թե անուղղակիորեն, կատարվել են հետևյալ արձանագրումները.
1. Պատարագելու թույլտվությունը հայցվում կամ խնդրվում է ոչ թե ընդհանրապես անգլիկան և բողոքական եկեղեցիների, այլ նշված կազմակերպությունների տեղական (Երուսաղեմում գործող) եկեղեցիների համար:
Հետո՞ ինչ… Կարծես թե խոսքը ոչ թե նույն անգլիկան ու բողոքական, այլ բոլորովին այլ եկեղեցիների մասին է:
2. Առաջարկությունը վերաբերում է միայն Երուսաղեմի տեղական անգլիկան և լութերական (բողոքական) եկեղեցու եպիսկոպոսներին տարին մեկ անգամ, Զատկի տոնից հետո, Ս. Գերեզմանի վրա պատարագ մատուցելու իրավունք տալուն: Եթե իրավատեր հոգևոր պետերը համաձայնեն նշված համայնքներին պատարագ մատուցելու իրավունք շնորհելուն, ապա նախ այդ իրավունքը պետք է արձանագրվի փաստաթղթով, որում նաև նշվելու է այն կետը, որը կարգելի կանանց և միասեռականներին պատարագ մատուցել:
Ի՞նչ կապ ունի՝ տարին մե՞կ անգամ է, թե, ասենք, 10 անգամ, Զատկի տոնից հետո՞ է, թե՞ առաջ: Եթե այլասերվածությունը դատապարտելու, չհանդուրժելու փոխարեն, այլասերվածներին եպիսկոպոս ձեռնադրած ու դրանով իսկ նրանց պղծագործությանը հանցակից կազմակերպությունների ներկայացուցիչներն են պատարագելու, ապա տարին մեկ անգամ և Զատկի տոնից հետո պատարագելն էլ բավարար է Քրիստոսի Սուրբ Գերեզմանը պղծելու համար:
Ընդունենք, որ անգլիկան և բողոքական տեղական եկեղեցիներին պատարագ մատուցելու իրավունք շնորհելու դեպքում (Աստված մի արասցե), Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վրա պատարագ մատուցողները միասեռականներ կամ կանայք չեն լինի: Հետո՞ ինչ… Անգլիկան և բողոքական տեղական եկեղեցիների թեկուզ ոչ միասեռական հոգևորականների կամ պետերի կողմից Քրիստոսի Սուրբ Գերեզմանի վրա պատարագելու անթույլատրելիության համար բավական է, որ նրանք միասեռական հոգևորականներին իրենց շարքերից վտարելու փոխարեն, իրենց կառույցի ներսում այդ այլասերվածների գործունեությունը հանդուրժող, այդ այլասերվածներին նույնիսկ եպիսկոպոս ձեռնադրած, դրանով իսկ նրանց հանցակից ու պղծված հիշյալ կազմակերպությունների անդամներ են: Այնպես որ, Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետի պատասխանում նշված հիշյալ բացատրություններն ամենևին չեն կարող արդարացում լինել Երուսաղեմի պատրիարքի անհանդուրժելի և մեղսագործ արարքի՝ միասեռականներին կամ նրանց հովանավորներին, հանցակիցներին կամակից լինելու համար:
Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դրսևորում է Հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևորականին, առավել ևս՝ իր բարձր պաշտոնին անհարիր վարք: 2014 թ. դեկտեմբերի 1-ին Գերագույն Հոգևոր խորհուրդը ստիպված է եղել անդրադառնալու Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակին: Այս առնչությամբ Գերագույն Հոգևոր խորհրդի պաշտոնական տեղեկատվության մեջ մասնավորապես նշված է.
«Դեկտեմբերի 1-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն Հոգևոր խորհրդի ժողով:
Ժողովում ի շարս այլ հարցերի, անդրադարձան օրերս համացանցում տարածված Երուսաղեմի Հայոց պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակին: Այս առնչությամբ Գերագույն Հոգևոր խորհուրդը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.
«Մեր մտահոգությունն ենք հայտնում Երուսաղեմի Հայոց պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի անունով Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղղված նամակի առնչությամբ, որն օրեր առաջ տարածվեց համացանցով:


Գերագույն Հոգևոր խորհուրդն անընդունելի է համարում Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի որդեգրած ընթացքը, որը եկեղեցականին անհարիր բառապաշարով ու ոճով ստվերում է պատրիարքի բարձր հանգամանքը, հարված հասցնում Հայ Եկեղեցու վարկին և եկեղեցականության հեղինակությանը և փորձում անվանարկել Ամենայն Հայոց կաթողիկոսին, Եկեղեցական Ներկայացուցչական ժողովի անդամներին և եպիսկոպոսաց դասին: Ցավալի է, որ պատրիարքը շրջանառության մեջ է դնում հորինված մեղադրանքներ, մասնավորաբար Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից Երուսաղեմի Պատրիարքությունը թեմի վերածելու վերաբերյալ:


Գերագույն Հոգևոր խորհուրդը հորդորում է Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին պատրիարքական բարձր հանգամանքից ակնկալվող ողջախոհությամբ անդրադառնալ Իջման Սբ Սեղանի առջև կատարած իր հավատարմության ուխտին առ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Ամենայն Հայոց Հայրապետը` լծվելով իր առաքելության իրականացմանը:
«Օրինա՛կ եղիր հավատացյալներին քո խոսքով, վարմունքով, սիրով, հավատով և մաքուր կենցաղով» (Ա Տիմ. Դ 12)»:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2306

Մեկնաբանություններ