Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«ՈՒշացած գարնան գույները»

«ՈՒշացած գարնան գույները»
19.04.2017 | 16:10

Հայաստանի բնության պետական թանգարանում բացվել է ՖԼՈՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ «ՈՒշացած գարնան գույները» խորագրով գեղանկարչական աշխատանքների առաջին անհատական ցուցահանդեսը: Ներկայացված են հինգ տասնյակից ավելի աշխատանքներ` գեղանկարներ, մանրանկարներ:


Ցուցահանդեսում ներկայացված մանրանկարները (2013) ստեղծվել են դեռևս ինքնուս նկարչի ձեռամբ: Այնուհետև որոշ ժամանակ հաճախել է նկարչական դասընթացների Սամվել Սևադայի «Sevada art studio» նկարչական ստուդիայում, որը, ընդունված է ասել, 5-105 տարեկան երեխաների համար է:Եվ, ինչպես նկարչուհին է ասում, ինքնավստահություն է ձեռք բերել, վաղուց կուտակված ասելիքը արտահայտել գեղանկարների միջոցով (2016 թ.): Մասնագիտությամբ տեխնիկ-տեխնոլոգ է, երաժիշտ, զբաղվում է նաև ձեռագործ աշխատանքներով: Սակայն միշտ երազել է նկարել: Մտերիմներին կատակով ասել է, որ մի օր կբացվի իր նկարների ցուցահանդեսը, բայց ինքն էլ չի պատկերացրել, որ այսքան շուտ կիրականանա երազանքը: Այստեղից էլ խորագիրը` «ՈՒշացած գարնան գույները»:
Նկարների թեման մեծ հաշվով գարունն է` կին, սեր, բնություն, ծաղիկներ: Գարնանային այս պատկերները բնորոշ են նրա խառնվածքին: Խաղաղասեր, նուրբ էություն ունի, ինչը արտահայտվում է կտավներում:


Հնարավոր է, որ աշնանը ևս ցուցահանդես ունենա` նվիրված աշնանը: Ասում է` ինչ էլ նկարի` սերը և կինը լինելու են. կինը` մայրը, բնության ամենահրաշք ստեղծագործությունն է: Չի բացառում նաև լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:
Շատ է ուզում, որ ցուցահանդեսը դիտողները արտահայտեն իրենց կարծիքը. մասնագետների կարծիքը կարևորում է, բայց շարքային դիտողի կարծիքն այլ է: Ի վերջո, նրանց համար է ստեղծագործում: ՈՒզում է, որ գեղեցիկը իրենք էլ զգան, կրեն իրենց մեջ, վստահ է, որ գեղեցիկը գնահատող մարդը, ինչ է լինի, մարդկության, շրջապատի հանդեպ չի չարանա: Ցուցահանդեսի բացման համար նկարչուհին շնորհակալություն է հայտնում Սամվել Սևադային, թանգարանի աշխատակազմին, մասնավորապես Անահիտ Գրիգորյանին, ում առաջարկով կայացել է ցուցահանդեսը:
«ՈՒշացած գարնան գույները» ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 25-ը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3057

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ