«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ո՞վ եք դուք

Ո՞վ եք դուք
21.04.2017 | 00:07

Ապրիլի 16-ին Թուրքիայում սահմանադրական հանրաքվե էր, որի արդյունքներից էր կախված՝ կմնա՞ Թուրքիան խորհրդարանական հանրապետություն, թե՞ կանցնի նախագահական կառավարման: Նախաձեռնության հեղինակը նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն էր: Հանրաքվեն նրա անձնական օրակարգի կետերից մեկն էր ընդամենը: Անձնական օրակարգում մեկ նպատակ կա՝ վերականգնել բացարձակ միապետությունը, որ մեկ դար առաջ կոչվում էր Օսմանյան կայսրություն, սուլթանին, որ միաժամանակ խալիֆն էր, ունենալով պետության ղեկավար: Մեկ դարում ժամանակները փոխվել են՝ Էրդողանը հարկադրված էր հարգել քաղաքական ու իրավական նոր տեխնոլոգիաները՝ նա հայտարարեց հանրաքվե, որ իրեն պիտի տար նույնը՝ սուլթանի գահը:

Պալատը նա արդեն կառուցել էր: Ստամբուլի նախկին քաղաքապետը, Թուրքիայի նախկին վարչապետը ու ներկա նախագահը պատրաստ էր այդ քայլին, պարզվեց՝ Թուրքիան պատրաստ չէր: Ապրիլի 16-ին Թուրքիան կիսվեց, մինչդեռ նախագահ դառնալու օրից Էրդողանն արել էր հնարավորը, որ հանրաքվեն անցնի բացարձակ հնազանդության ու միաձայնության մթնոլորտում: 100 տարին նրա համար ժամանակ չէր կամ եթե ժամանակ էր՝ ոչ թե Օսմանյան կայսրության կործանման, այլ՝ Գալիպոլիի հաղթանակի: 100 տարի վաղեմության իրավիճակը կարող է կրկնվել, ու Էրդողանը դա գիտի: Գիտի ու վախենում է: Նա վերացրեց վարչապետի պաշտոնը: Լինելով վարչապետ՝ անձնական փորձով գիտեր՝ ինչ տարաձայնություններ են ծագում նախագահի ու վարչապետի միջև, գիտեր՝ ինչպես է անդրադառնում կառավարման համակարգում: Դա նրան պետք չէ: Նա նախագահին վերապահեց բարձրաստիճան պաշտոնյաներ նշանակելու ու ազատելու իրավասությունը՝ առանց կառավարության համաձայնության, հատուկ դրություն հայտարարելու ու հրամանագրերի, Ազգային մեծ ժողովը լուծարելու իրավունքները: Նա և նրա կողմնակիցները համարում են, որ փոփոխությունները հեշտացնում են որոշումների ընդունումը և կայունության երաշխիք են՝ կանխում են ռազմական հեղաշրջումների ռիսկերը: Նրանք կարծում են, որ Սահմանադրության փոփոխությունը չի խախտի ուժերի հավասարակշռությունը՝ եթե նախագահը լուծարի Ազգային մեծ ժողովը, կկազմակերպվեն արտահերթ նախագահական ընտրություններ: Սահմանադրության փոփոխության հակառակորդները աշխարհիկ պետության կողմնակիցներն են, ազգային փոքրամասնությունների գերակշիռ մասը և որոշ ազգայնականներ, որ վախենում են ավտորիտարիզմի հաստատումից:

Հանրաքվեից առաջ Էրդողանը բազում հայտարարություններ արեց, հիմնական միտքը, որ նա հանրահավաքից հանրահավաք կրկնում էր, թուրքերին միավորելու գաղափարն էր, նաև Արևմուտքին դաս տալու: «Դասը» փառահեղ ձախողվեց:
167140 ընտրատեղամասերում քվեարկելու իրավունք ունեցող 55 միլիոն քաղաքացիների 87 %-ը մասնակցեց քվեարկության: Վերջնական արդյունքները կհրապարակվեն տասնօրյա ժամկետում, նախնական արդյունքներով՝ «այո» է ասել 51,3 %-ը, «ոչ»՝ 48,7։ 3 %-ով որոշված հարցը ամրության պաշար չունի, բայց փաստ է: Համենայն դեպս, ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեում ևս մի քանի տոկոսով հարցը վճռվեց: Բրիտանացիներն էլ հանրաքվեից հետո ստորագրություններ էին հավաքում ու բրեկզիտի դեմ բողոքի ցույցեր էին անում, իսկ հիմա վարչապետ Թերեզա Մեյը ոչ միայն սկսել է բրեկզիտի գործընթացը, այլև որոշել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Թուրքիայում հանրաքվեն անցավ արտակարգ դրության պայմաններում, որ սահմանված էր անցյալ տարվա հուլիսից՝ հեղաշրջման փորձից հետո: Դա սահմանափակում էր ժողովների ու հանրահավաքների անցկացման հնարավորությունները, որ Էրդողանը հիանալի օգտագործեց «ոչ»-ի քարոզչությունը կանխելու համար:

Եթե այս փաստարկը Էրդողանին առաջադրվի իբրև հանրաքվեն անօրինական ճանաչելու հիմք, նա առարկություն ունի՝ Ֆրանսիայում անցյալ տարվա ահաբեկչություններից հետո հաստատված է արտակարգ դրություն և նախագահական ընտրությունների ընտրարշավն անցնում է այդ պայմաններում, ու ոչ մի թեկնածու կամ ընտրողները չեն պահանջել արտակարգ դրությունը հանել՝ հանուն ընտրությունների ժողովրդավարական նորմերի պահպանման: Սա էլ համենայն դեպս:

Բայց կա մի կետ, որտեղ Էրդողանն ասելիք չունի, բացի ստելը: Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Գերագույն ընտրական հանձնաժողովը բազմաթիվ ընտրատեղամասերում «այո» քվեարկած առանց կնիքի քվեաթերթիկները հայտարարել է օրինական, այսինքն՝ եղել են լցոնումներ: Երբ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը հայտարարեց, որ չի ճանաչում սահմանադրական հանրաքվեի արդյունքները և պահանջում է չեղյալ համարել, կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը դիմում ներկայացրեց ԳԸՀ, նրան հակադարձեցին. «Ընդունված որոշումը չի հակասում Ընտրական օրենսգրքին և ընդունվել է հանրաքվեի օրվա առավոտյան, այսինքն՝ մինչև ձայների հաշվարկը»։ Իսկ ինչո՞ւ որոշումն ընդունվել էր մինչև հանրաքվեն, բայց ոչ ոք տեղյակ չէր, և ինչո՞ւ առանց կնիքի քվեաթերթիկները ևս հաշվել սկսեցին, երբ հաղթում էր «ոչ»-ը: Ակնհայտ է, որ այդպես լուծվեց 3 %-ի հարցը:


ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Սեզար Ֆլորին Պրեդան հայտարարեց, որ հանրաքվեն չի համապատասխանում եվրոպական արժեքներին։ ԵԱՀԿ դիտորդները՝ համարյա նույնը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նրանց չառարկեց, պահանջեց «չափը ճանաչել»։ «Մենք ոչ կտեսնենք, ոչ կլսենք, ոչ էլ կճանաչենք քաղաքական բովանդակությամբ ձեր զեկույցները։ Մենք կշարունակենք մեր ուղին։ Այս երկիրն ամենաժողովրդավար հանրաքվե է անցկացրել, որի նմանը չի եղել արևմտյան ոչ մի երկրում»՝ հպարտացավ Էրդողանը։ Մեղմ ասած՝ անհիմն: Համենայն դեպս՝ կանխելու հետհանրաքվեական փողոցային բողոքները՝ խորհրդարանը որոշեց երեք ամսով երկարաձգել արտակարգ դրությունը։ Բողոքի ակցիաներ, իհարկե, եղան, բայց վտանգավոր թափը չկար: Էրդողանը դեռ մեկ տարի առաջ սկսել էր կալանավորել այլախոհներին՝ այսօր բանտերում 40-50000 քաղբանտարկյալներ կան, իսկ նրանք, որ դուրս են գալիս Ստամբուլի և այլ քաղաքների փողոցներ ու պահանջում չեղարկել հանրաքվեի արդյունքները՝ «Գող, մարդասպան Էրդողան» բացականչություններով, պարզապես ձերբակալվում են:


Էրդողանը պարտվեց քաղաքներում ու Միջերկրական ծովափնյա շրջաններում, 81 նահանգներից 32-ում հաղթել է «ոչ»-ը, դեմ են քվեարկել քրդաբնակ նահանգները, Ստամբուլը, Անկարան և Իզմիրը, Վանը, Իգդիրը: Կողմ են քվեարկել կենտրոնական շրջանները և Սև ծովի առափնյա նահանգները: Այլ երկրների ընտրատեղամասերում հաղթել է «այո»-ն՝ 59,09 %-ով, «ոչ»-ը ստացել է 40,91 %: Գերմանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում հաղթել է «այո»-ն, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Վրաստանում, Ադրբեջանում՝ «ոչ»-ը: Հանրաքվեն այսբերգի երևացող մասն էր: Դեպի սուլթան իր ճանապարհը Ռեջեփ Թայիբ Էրդողանը սկսեց գլխավոր խոչընդոտից՝ բանակից: Թուրքիայում բոլոր հեղաշրջումներն արել են զինվորականները և հասել են իշխանափոխության՝ Էրդողանը իր երկրի պատմության այդ մասը լավ էր սերտել, նա ձեռնարկեց «Էրգենեկոնի» դատավարությունը՝ խնդիր ունենալով վարկաբեկել հասարակության մեջ մեծ հեղինակություն ունեցող դասին, որ Սահմանադրությամբ անվտանգության ու կայունության երաշխավորն է, ԶՈՒ գլխավոր շտաբը կարող էր պետության ներքին գործերին միջամտել, եթե սպառնալիք տեսներ սահմանադրական կարգին: Զինվորականներին վարկաբեկելով, բանակը գլխատելով ու կազմալուծելով՝ Էրդողանն անցավ իրավական համակարգին: Դատախազությունը, դատական համակարգը իշխանության անկախ բևեռներ էին, որ նույն ճանապարհով կորցրին անկախությունը և սկսեցին ընդունել Էրդողանի թելադրած որոշումները՝ լրագրողների, քաղաքական ու հասարակական կազմակերպությունների դեմ պետական հալածանքը դրա ապացույցն է: Նա հասավ նաև ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն ու ձերբակալելուն: Բոլոր խոչընդոտները վերացնելու գլխավոր քայլը անցյալ հուլիսի պետական հեղաշրջման փորձն էր, որի հեղինակը ոչ այլ ոք էր, եթե ոչ Էրդողանը: Թատերական հեղաշրջումը նրա ձեռքերը վերջնականապես ազատեց՝ անցանկալիներին մեկուսացնելու համար: «Զուգահեռ պետությունը»՝ գյուլենականությունը, հռչակելով գլխավոր թշնամի Թուրքիայի առաջընթացի ճանապարհին՝ Էրդողանը փորձում էր արտաքին աշխարհին համոզել, որ իր «բարեփոխումները» ուղղված են երկրի միասնականության ապահովմանը: «Զուգահեռ պետության» դեմ պայքարը Էրդողանին հնարավորություն տվեց այլակարծության ու պայքարի ընդունակ մարդկանց չեզոքացնել՝ կամ ազատազրկելով, կամ կամազրկելով՝ դա շատ կարևոր էր Սահմանադրությունը փոխելու համար: Միայն դրանից հետո Էրդողանը ձեռնամուխ եղավ կառավարման մոդել փոխելուն: Այդ ընթացքում Թուրքիան հասցրեց փչացնել հարաբերությունները ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի և արաբական աշխարհի հետ, բայց դա ծրագրի մաս էր: Նրան պետք էր ազգի փրկչի լուսապսակ՝ մեկուսացման ու թշնամական շրջապատման մեջ: Փորձագետները վաղուց են կանխատեսել, որ հանրաքվեից հետո Էրդողանը սկսելու է վերականգնել հարաբերությունները մեծ աշխարհի հետ: Համենայն դեպս՝ նրան առաջինը շնորհավորեց Դոնալդ Թրամփը: ՆԱՏՕ-ն ու ՌԴ-ն հայտարարեցին, որ հանրաքվեն Թուրքիայի ներքին գործն է:


Հանրաքվեն ապացուցեց, որ Էրդողանին չի հաջողվել երկիրը վերածել փափուկ ու հնազանդ կավի, որից կծեփի ցանկացածը: Թուրքիայում անկայուն իրավիճակ է, որ արտահայտվում է ոչ միայն իրարահաջորդ ահաբեկչություններով, տնտեսական անկումով, գների բարձրացումով, գործազրկության աճով, Էրդողանը հանրաքվեով չստացավ իր ցանկացած քաղաքական արդյունքը՝ բացարձակ մեծամասնությունը, նա երկիրը կիսեց՝ միմյանց հետ անհաշտ հատվածների, դա ներքին անկայունության ռումբ է, որ որտեղ ասես, երբ ասես կարող է պայթել: Նա հենվում է պահպանողականների և ուժային կառույցների վրա, խնդիրը մյուս ուժերի միավորվել կարողանալ-չկարողանալն է: Այսօր Էրդողանը այլընտրանք չունի, ի՞նչ կլինի վաղը՝ նույնիսկ նա չգիտի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Հանրաքվեով հաստատված փոփոխությունները ուժի մեջ են մտնելու խորհրդարանական ու նախագահական ընտրություններից հետո՝ 2019-ից: Տեսականորեն Էրդողանը մինչև 2029-ը նախագահելու հնարավորություն ունի: Երկու տարի դեռ առաջին դեմքը մնում է վարչապետը, թեպետ արտաքին ու ներքին քաղաքականությունը՝ Սահմանադրության խախտումով, իր ձեռքում է պահում նախագահը: Կդիմանա՞ նա երկու տարի՝ իր գահն աներեր դարձնելու համար: Չի բացառվում, որ Էրդողանը խախտումնառատ հանրաքվեից հետո ևս մեկ վիճելի որոշում ընդունի՝ հրաժարական տալ ու ցրել խորհրդարանը միաժամանակ և անցկացնել երկու համապետական ընտրություններ՝ վերջապես ստանալու իր ցանկացած Թուրքիան, բայց դրա համար ժամանակ է պետք՝ կարգի բերելու նաև տնտեսությունը, գաղափարի համար կռվողին կձերբակալես, կարտաքսես, կսպանես, սովածի ու անգործի հետ նույնը չի ստացվի: Դա գերռիսկային որոշում է՝ 50/50 է, որ արտահերթ նախագահական ընտրություններում հենց Ռեջեփ Թայիբ Էրդողանը կընտրվի նախագահ, ուստի 2019-ը իբրև ընտրությունների տարի, կարող է մնալ ուժի մեջ: Հայ-թուրքական հարաբերություններում փոփոխություններ մի սպասեք: Էրդողանը Թուրքիայում որոնում է բոլոր թուրքերի համար ցավոտ «Ո՞վ եք դուք» հարցի պատասխանը, փորձում է կանխել անկախ քրդական պետության ստեղծումը Թուրքիայի սահմանների մոտ ու հենց Թուրքիայում, արտաքին քաղաքականության մեջ մանևրում է ու իրարամերժ զիգզագներ է գծում, միաժամանակ պատերազմում է ներսում ու դրսում: Օրակարգում դեռ Սիրիա կա, ԻՊ, Իրաք, հարաբերությունների պարզաբանում ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, ՌԴ-ի, ԵՄ-ի, Իրանի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Եմենի և բոլոր նրանց հետ, ում առնչությամբ հայտարարել էր զրո պրոբլեմների քաղաքականություն, իսկ հետևանքը դարձան զրո փոխհարաբերությունները:

Դիտվել է՝ 1564

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ