Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ոտնձգություն է կատարվել մարդկության դեմ իրագործված ոճրագործության զոհ բազմամիլիոն մարդկանց ու նրանց սերունդների արժանապատվության նկատմամբ»

«Ոտնձգություն  է կատարվել մարդկության դեմ իրագործված ոճրագործության զոհ բազմամիլիոն մարդկանց ու նրանց սերունդների արժանապատվության նկատմամբ»
21.04.2017 | 00:24

Հայոց ցեղասպանության, դրա միջազգային ճանաչման ու դատապարտման տարաբնույթ ու ցայսօր քիչ արծարծված խնդիրների շուրջ է ստորև ներկայացվող հարցազրույցը Սահմանադրական դատարանի խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

-Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն իր 2012 թ. փետրվարի 28-ի որոշմամբ փաստել է, որ ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատասխանատվության սահմանումը հակասահմանադրական ոտնձգություն է խոսքի և արտահայտվելու ազատության նկատմամբ: Որպես սահմանադրական իրավունքի մասնագետ, ի՞նչ կարող եք ասել այս որոշման կապակցությամբ, կարելի՞ է այն հիմնավոր համարել:
-Այդ որոշումն ընդամենը վեց կետից բաղկացած, 2-էջանոց փաստաթուղթ է, այն նման չէ հայրենական սահմանադրական արդարադատության իրավական ակտերին, որոնցում նախապատվությունը տրվում է փաստերի ու հիմնավորումների հանգամանալից շարադրանքին: Այդ որոշման կետերից 5-ը սոսկ գործի հանգամանքների նկարագրություն են, և միայն 6-րդ կետում, առանց համարժեք վերլուծության և հիմնավոր իրավական դիրքորոշումների, ներկայացված է խորհրդի վերոհիշյալ եզրահանգումը: Ընդ որում, որպես հիմք է ընդունվել այն, որ խորհրդարանի կողմից նորմատիվային նշանակության օրենք ընդունելով ոչ իրավաչափորեն սահմանափակվել է խոսքի ու արտահայտվելու ազատությունը:
Թերևս, անդրադառնանք քննարկման նյութի` Սահմանադրական խորհրդի վերոհիշյալ որոշման բովանդակային կողմին: Նախ, նկատենք, որ Սահմանադրական խորհուրդ ներկայացրած դիմումում օրենքի սահմանադրականությունը վիճարկող խորհրդարանականները ներկայացրել են մի շարք փաստարկներ, որոնցից յուրաքանչյուրին առանձին անդրադառնալով, ակնհայտ է դառնում զուտ իրավական չափանիշներով դրանց անհիմն լինելը, միակողմանի ու անհարկի քաղաքականացված բնույթը, վտանգավոր նախադեպային նշանակությունը, ժողովրդավարական մնայուն արժեքներից նահանջը:
Շեշտելով, որ մտքի և կարծիքի ազատ արտահայտումը մարդու ամենաթանկ իրավունքներից է, այն ամրագրված է Մարդու իրավունքների ու ազատությունների 1789 թ. ֆրանսիական հռչակագրի 11-րդ հոդվածում և ժողովրդավարության կարևոր պայմանն է, հիշյալ դիմումի հեղինակները միաժամանակ ընդգծել են, որ ազատության սահմանափակումները պետք է լինեն անհրաժեշտ ու համաչափ հետապնդվող նպատակին, բխեն սահմանադրական արժեքներից, չվնասեն դրանց:
Խնդրի էությունն էլ հենց այն է, որ նշված փաստարկներն անառարկելի են ու ճշմարտացի, ինչն արձանագրվել է Սահմանադրական խորհրդի կողմից, սակայն դրանք որևէ աղերս չունեն ընդունված օրենքի հետ, ավելին` դիմումում չկա որևէ փաստարկ, որով կհիմնավորվի, թե օրենքը հակասահմանադրական է: Դիմումի հեղինակները շրջանցել են մի շարք էական նշանակություն ունեցող հանգամանքներ, որոնց վրա անհասկանալիորեն աչք է փակել նաև արդեն Սահմանադրական խորհուրդը:
-Մասնավորապես ի՞նչ հանգամանքներ նկատի ունեք:
-Մարդու իրավունքների և ազատությունների 1789 թ. ֆրանսիական հռչակագրի նախաբանում միանգամայն դիպուկ ու հստակ ամրագրված է. «... մարդու իրավունքները հաշվի չառնելը, դրանց անտեսումը կամ արհամարհումը միակ պատճառն է հասարակական դժբախտությունների ու կառավարությունների այլասերման»: Հռչակագրի 2-րդ հոդվածն արդեն նվիրված է մարդու բնական և անօտարելի իրավունքների երաշխավորվածությանը. «Յուրաքանչյուր քաղաքական միության նպատակը մարդու բնական ու անօտարելի իրավունքների ապահովումն է»: Այսպիսով, երկու դեպքում էլ նկատի է առնված «մարդու բնական ու անօտարելի իրավունքների» ողջ համակարգը, ընդգծվում է դրանց տրամաբանական ներքին կապն ու համալիր բնույթը` դրանցից չառանձնացնելով որևէ մեկը և չհակադրելով մյուսներին, ինչը փորձել են անել դիմումի հեղինակ խորհրդարանականները:
Սահմանադրական իրավունքում, այդ թվում` ֆրանսիական, անվիճելի է համարվում հայեցակարգային այն մոտեցումը, ըստ որի՝ առկա են մարդու ինչպես բացարձակ, այնպես էլ սահմանափակելի իրավունքներ: Այս տեսանկյունից հիշյալ հռչակագրի 4-րդ հոդվածն անվերապահորեն ու հստակ սահմանում է. «Ազատությունը հնարավորություն է անելու այն ամենը, ինչն ուրիշին չի վնասում», այսպիսով` «յուրաքանչյուր մարդու բնական իրավունքների իրացումն ունի միայն այն սահմանները, որոնք ապահովում են հասարակության մյուս անդամներին օգտվելու նույն իրավունքներից: Այդ սահմանները կարող են սահմանվել միայն օրենքով»: Այս հիմնադրույթը դարձել է արդի սահմանադրական իրավունքի անկյունաքարային արժեքներից մեկը:
Խոսքի ու կարծիքի ազատության սահմանափակման տեսանկյունից այս հիմնարար սկզբունքն իրացվել է հենց հռչակագրի 11-րդ հոդվածում, ինչի մասին նշել են Սահմանադրական խորհուրդ դիմողները: Սակայն, ցավոք, նրանք փորձել են վերը նշված դրույթը ներկայացնել բովանդակային լուրջ ձևախեղումներով:
-Անդրադառնանք դիմումի 1-ին կետի ձևակերպմանը, որքանո՞վ են դրանք համահունչ հռչակագրի դրույթներին:
-Դիմումում նշված է. «Մտքի և կարծիքի ազատ արտահայտումը, ինչպես նշված է 1789 թվականի Հռչակագրի 11-րդ հոդվածում, «մարդու ամենաթանկ իրավունքներից մեկն է», և հենց դրա համար յուրաքանչյուրը կարող է «խոսել, գրել և հրատարակել ազատ, բացառությամբ այդ ազատության չարաշահման` օրենքով նախատեսված դեպքերում»: Այս ձևակերպմամբ պատճառաբանությունն է դարձել դիմողների հետագա ողջ փաստարկների հիմքն ու նաև այս մեկնաբանությամբ է այն վերարտադրվել Սահմանադրական խորհրդի եզրահանգման մեջ:
Այժմ անդրադառնամ հռչակագրի 11-րդ հոդվածին. «Մտքի ու կարծիքի արտահայտման միջոցով ազատ հաղորդակցվելը մարդու ամենաթանկ իրավունքներից մեկն է, ուստի յուրաքանչյուր քաղաքացի կարող է ազատ խոսել, գրել ու տպագրել` կրելով պատասխանատվություն այդ ազատության չարաշահման համար` օրենքով սահմանված կարգով»: Այս հոդվածում հռչակագիրը հատուկ կարևորելով խոսքի ու արտահայտվելու ազատության իրավունքը, միաժամանակ առաջ է քաշում դրա չարաշահման համար պատասխանատվության անխուսափելիությունը: Ի դեպ, նման պատասխանատվության հանգամանքը հռչակագրում շեշտվում է միայն 11-րդ հոդվածով ամրագրված իրավունքների առնչությամբ: Այս կարևոր հանգամանքը, եթե դիմողները փորձել են քողարկված ձևով շրջանցել, ապա Սահմանադրական խորհուրդը, որոշման 5-րդ կետում մեջբերելով հռչակագրի 11-րդ հոդվածն ամբողջությամբ, ցավոք, եզրահանգումների ժամանակ արդեն բացահայտ անտեսել է խոսքի ու արտահայտվելու ազատության չարաշահման համար օրենքով անհրաժեշտ պատասխանատվություն սահմանելու հանգամանքը, ինչը եղել էր օրենքի հեղինակների հիմնական խնդիրը: Վեճի առարկա օրենքը նկատի է առել նաև, որ քրեական պատասխանատվություն է նախատեսվում այն անձանց համար, ովքեր «...վիճարկում են կամ վիրավորելու աստիճանի նվազեցնում են մեկ կամ մի քանի ցեղասպանության եղելությունը, ինչպես դրանք սահմանված են Քրեական օրենսգրքի 211-1 հոդվածում և որպես այդպիսին ճանաչված են Ֆրանսիայի օրենքով»: Խոսքն այստեղ օրենքով ճանաչված եղելության մասին է, որին համարժեք վերաբերմունք է անհրաժեշտ:
Եթե Սահմանադրական խորհրդի անդամներն առաջնորդվեին հռչակագրի էությունից բխող այս հայեցակարգով, համարժեք հաշվի առնեին նաև հռչակագրի 4-րդ հոդվածի պահանջները, անխուսափելիորեն կհանգեին այլ հետևության` խոսքի ազատության չարաշահման դեպքում իրավաչափ պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտության տեսանկյունից:
Օրենքի հեղինակները բացառապես առաջնորդվել են հռչակագրի 11-րդ հոդվածի պահանջներով և օրենքով պատասխանատվություն են սահմանել խոսքի ազատության չարաշահման համար` նկատի ունենալով, որ ցեղասպանության` որպես մարդկության դեմ կատարված ծանրագույն հանցագործության օրենքով ճանաչված եղելության վիճարկումը կամ վիրավորելու աստիճանի նվազեցումը դրա արդարացման ու նաև անուղղակի խրախուսման փորձ է, ինչն անհարիր է ֆրանսիական իրավունքի մշակույթի հիմնարար սկզբունքներին և մեծ վտանգ է ներկայացնում ներկա ու ապագա սերունդների համար:
Չպետք է անտեսել նաև, որ խոսքն ընդունված և իրավական ուժ ունեցող օրենքի մասին է, և որևէ դատական ատյան իրավասու չէ կամայականորեն գնահատելու դրա իրավաչափությունը և իր գնահատականները դնելու իր ընդունելիք որոշման հիմքում:
Ցավոք, Սահմանադրական խորհուրդը հանգել է տրամագծորեն հակառակ եզրակացության` ստեղծելով վտանգավոր իրավական նախադեպ: Ստվեր է գցվել նաև հռչակագրի նորմերի սահմանադրաիրավական բովանդակության վրա: Իրավունքի ցանկացած չարաշահում վտանգում է այլոց իրավունքները: Տվյալ պարագայում ոտնձգություն է կատարվել այն բազմամիլիոն մարդկանց ու նրանց սերունդների արժանապատվության նկատմամբ, ովքեր մարդկության դեմ կատարված ոճրագործության զոհ են դարձել: Ոտնձգություն է կատարվել նաև նրանց իրավունքների հանդեպ, ովքեր այսօր չեն ցանկանում մարդատյացության զոհ դառնալ կամ հանդուրժել իրենց հանրային կյանքում այդպիսի մտայնության գոյության իրավունքը: Նման հարցերի անդրադառնալիս, երբեք չպետք է մոռանալ հռչակագրի նախաբանի ելակետային դրույթը. «...մարդու իրավունքները հաշվի չառնելը, դրանց անտեսումը կամ արհամարհումը միակ պատճառն են հասարակական դժբախտությունների և կառավարությունների այլասերման»:
-Անդրադառնանք որոշակի արարքը ոչ թե օրենքով, այլ բացառապես օրենքով ստեղծված դատարանի կայացրած դատական ակտով հանցագործություն որակելու խնդրին: Մասնավորապես ի՞նչ կարող եք ասել Հայոց եղեռնի իրավական գնահատման անհրաժեշտության առնչությամբ եղած տեսակետների վերաբերյալ:
-Վերջին շրջանում, հատկապես, Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքը Սահմանադրական խորհրդի որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչելու առնչությամբ աննախադեպ արդիականություն է ձեռք բերել Հայոց եղեռնը դատական ակտով ճանաչելու հարցը: Մյուս կողմից` խնդրի հետազոտմամբ զբաղված գիտնականները (ոչ միայն հայրենական) պնդում են, որ Հայոց եղեռնը ճանաչված է նաև դատական ակտերով:
Դատելով Թուրքիայի հայատյաց քաղաքականությունից, վերջինս հազիվ թե իր նախաձեռնությամբ փորձեր պատասխանատվության կանչել եղեռնի կազմակերպիչներին ու իրականացնողներին: Այնուամենայնիվ, անցյալ դարասկզբին կայացած դատական գործընթացները եղել են բացառություն: Հետազոտողներից շատերը պնդում են, որ դրանցում վճռորոշ դերակատարում են ունեցել Առաջին համաշխարհայինում հաղթած գերտերությունները:
Այս հարցը նկատելիորեն չարչրկվածներից է, ինչի արդյունքում էլ այն անխուսափելիորեն և արդեն օրինաչափորեն դարձել է թուրքական քարոզչության հերթական կեղծիքների թիրախ: Թուրքամետ աղբյուրների պնդմամբ, Մուդրոսյան հաշտության համաձայնագրից հետո Թուրքիան հարկադրված ձեռնամուխ է եղել հիշյալ դատավարություններին, սակայն զրկված է եղել ինքնուրույն դատավարություն իրականացնելու նվազագույն հնարավորությունից և գործել է բացառապես գերտերությունների թելադրանքով:
Այսպիսով, մեկնակետ է ընդունվում այն գաղափարը, որ Թուրքիայի իշխանությունները դատավարություններ նախաձեռնելու հիմքեր չեն ունեցել, այն պարտադրվել է արտաքին ուժերի կողմից և իրականացվել է նրանց թելադրանքով: Ինչ խոսք, սա թուրքական գաղափարախոսության համար չափազանց գրավիչ մեկնաբանություն է և, որպեսզի այն առավել հավաստի թվա, հընթացս շեշտվում է, որ դատավարությամբ հետազոտված բոլոր ապացույցները (հայերի բնաջնջման վերաբերյալ հրամանները, հեռագրերը, նամակները, վկաների, այդ թվում` թուրք պաշտոնյաների ցուցմունքները, ռազմական գործողությունների սխեմաները և այլ գաղտնի փաստաթղթեր) հայերի կողմից միտումնավոր ոչնչացվել են, ինչը պարզապես անհեթեթ է, քանի որ ապացույցներն ասպարեզից հանելը ոչ թե թուրքերին, այլ հենց հայերին ձեռնտու չէր, բացի այդ, որևէ փաստ չի բերվում այդ ուղղությամբ:
Ինչևէ, վերադառնանք գերտերությունների, այսպես կոչված, ճնշումներին: Ներկայումս մատչելի փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ գերտերությունները հիմնականում պահանջել են դատավարություններ սկսել Թուրքիայի կողմից գերի վերցված իրենց զինվորների նկատմամբ կատարված ոճրագործությունների համար: Ինչ վերաբերում է հայերի բնաջնջմանը, ապա այն ներկայացվել է իբրև լրացուցիչ, երկրորդական հարց: Ընդ որում, Բրիտանիան սկզբնական շրջանում առաջ էր քաշում բացառապես բրիտանացի զինվորների նկատմամբ ոճրագործություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը, և միայն հետագայում համաձայնվեց, որ գոնե դրանից հետո քննության նյութ դառնա նաև եղեռնը կազմակերպողների հարցը:
Այլ կերպ ասած, հայերի զանգվածային բնաջնջման առնչությամբ ԱՄՆ-ը, Բրիտանիան, Ռուսաստանը և Ֆրանսիան, ցավոք, բացառապես բավարարվել են հայտնի իրադարձությունները դատապարտող հռչակագրերով: Մասնավորապես, 1915 թ. մայիսի 24-ին երեք պետություններ` Բրիտանիան, Ռուսաստանը և Ֆրանսիան, ընդունել են Թուրքիայի կողմից «մարդկության և քաղաքակրթության դեմ» ուղղված հանցագործությունները դատապարտող հռչակագիր: Սակայն, բոլոր դեպքերում հարկ է նկատել, որ այդ հռչակագրերում նշված պետություններն աներկբայորեն ճանաչել են նշված իրադարձությունները որպես Թուրքիայի կողմից էթնիկական հատկանիշով պայմանավորված զանգվածային բնաջնջումներ:
-Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը 2017 թ. հունվարի 17-ին ընդունել է գրեթե նույնաբնույթ որոշում, պատճառաբանությունները դարձյալ նո՞ւյնն են:
-Չեմ ուզում անդրադառնալ այդ որոշմանը, որովհետև դարձյալ խոսքի ազատության սահմանափակման նույն պատճառաբանություններն են դրվել օրենքը հակասահմանադրական ճանաչելու հիմքում, թեպետ այս դեպքում օրենքում որևէ անդրադարձ չի եղել Հայոց ցեղասպանությանը: Իմ խորին համոզմամբ, ինչպես Ֆրանսիայի խորհրդարան, այնպես էլ Սահմանադրական խորհուրդ պետք էր ներկայացնել ոչ թե պարզապես Հայոց եղեռնը փաստող ապացույցներ, այլ հենց այդ փաստերը հավաստող դատավճիռները. վերջին հաշվով, արարքը հանցագործություն է որակվում, իսկ դրա կատարման համար անձը մեղավոր է ճանաչվում բացառապես օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Այս դեպքում դժվար թե թուրքական ազդեցությունը դեր խաղար Սահմանադրական խորհրդի որոշումների վրա: Այնուամենայնիվ, այս մոտեցումը կարելի է նկատի ունենալ հետայսու, մանավանդ, որ Ֆրանսիայի օրինակը հուշում է, որ ընտրված քաղաքականությունն այնքան էլ իրատեսական ու հաջողություն երաշխավորող չէ:
-Որքանո՞վ են հետևողական եղել գերտերությունները հիշյալ դատավարությունների իրականացման հարցում:
-Հետևողականություն իրականում եղել է, սակայն այն ունեցել է բոլորովին այլ ուղղվածություն: Նախ, մինչև դատավարությունն սկսելը, ավելին` մինչև մինչդատական վարույթ նախաձեռնելը, նույն այդ գերտերությունների անմիջական աջակցությամբ Թուրքիան անարգել լքել են այն բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց նկատմամբ եղել է մահապատիժ սահմանելու հնարավոր վտանգ: Պատահական չէ, որ հենց գերմանական նավով հապճեպ փախուստի են դիմել եղեռնի գաղափարախոսներն ու անմիջական կազմակերպիչները` Թալեաթը, Էնվերը, Ջեմալը և Նազիմը: Դրանից հետո այս անձանց` իրենց հետ համագործակցելու տարաբնույթ ու սիրալիր առաջարկություններ են արել արդեն խորհրդային Ռուսաստանն ու մյուսները: ՈՒրիշ բան, որ այդ գործիչները հետագայում խորհրդային Ռուսաստանի իշխանություններին ևս խաբել են ու փորձել վստահությունը չարաշահելու միջոցով իրականացնել միայն իրենց հոգեհարազատ` պանթյուրքիզմի գաղափարները:
Ընդ որում` նշված պետությունների հատուկ ծառայությունները հոգացել են, որ Հայոց ցեղասպանության ոճրագործները հնարավորինս պաշտպանված լինեն, նրանց անգամ ապահովել են կեղծ անձնագրերով ու անուններով: Օրինակ, Էնվերը Գերմանիայում հանդես է եկել Ալի-Բեյ կեղծանվամբ: Այսինքն` գերտերությունների կողմից ի՞նչ թելադրանքի մասին կարող է խոսք լինել, երբ հիմնական ոճրագործներին պատժից զերծ պահելու և նրանց հետ համագործակցելու նախաձեռնությունը հենց իրենց` նշածս պետություններին է պատկանում: Ավելին, թուրքական բանակում բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ ազգությամբ գերմանացիներ կամ բրիտանացիներ էին:
(շարունակելի)

Հարցազրույցը`
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 2308

Մեկնաբանություններ