Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բարի լույս, Այդին

Բարի լույս, Այդին
21.04.2017 | 00:28

Քո ծննդյան օրը, Այդին ջան, ծաղկեց իմ այգու ծիրանենին: Առավոտյան իր ծաղկածիծաղ ժպիտով ավետեց իմ այգում էլ վերջնական գարուն գալը:
Հիշեցի քո ԲԱՐԼՈՒՍ-ը` առավոտ լիներ, ցերեկ, երեկո, թե գիշեր, դու զանգելիս ասում էիր ԲԱՐԼՈՒՍ, ու դա նշանակում էր, որ դու ուզում էիր զրուցել, իսկ քո զրույցները... իմաստո՜ւն, տակտո՜վ, ոչ մի ավել բառ..., ու, ափսոս, նաև կարոտներով, որոնք քեզ մոտիկից իմացողն էր հասկանում, որ (ներողություն, իմ լավ ընկեր) դու քո ապրելու օրերն էիր հաշվում: Ի՜նչ ուժեղ էիր` գիտեիր, որ շուտ ես գնալու, գիտեիր մնացյալ օրերիդ հաշվարկը, բայց և էլի կենսախինդ էիր ու դեռ մեզ էիր հորդորում, թե` պարապ մի թողեք ձեր օրերը, թե կյանքը հրաշք է, թե...


…Հինգշաբթի` մայիսի 14-ի ուշ երեկոյան, հեռախոսային այս նամակն ուղարկեցիր. «Չէ, մեկ է, խմբագրելու եմ»: ՈՒրեմն այդ գիշերն ես վատ զգացել: Վատ ես զգացել ու ինքդ քեզ թասիբի գցել` «Չէ, մեկ է, խմբագրելու եմ»: Հիմա ո՞ր գրողի ծոցը գնամ ես, որ այդ պահին չըմբռնեցի այդ նամակի իմաստը. գուցե պատասխանել էր պետք, ինչ-որ բան գրել ու տրամադրությո՞ւն ստեղծել: Ինչո՞ւ չեկա` նստեի քո կողքին, զրուցեի անցած-գնացած օրերից, որոնց մեջ այնքա՜ն լուսավոր բաներ կան: Ո՞ր մի բժշկի խոսքը հիշեցի հիմա. «Հիվանդի համար մեկ տրամադրությունն ավելին է, քան տասը դեղամիջոցը»: Երանի Մեսրոպին, որ վերջին պահին հիվանդանոցում հանդիպել-խոսել է հետդ, և զարմացել էր, թե՝ ինքն է ինձ սփոփում. «Լավ եմ, Մեսրոպ, լավ եմ»: Տեսնես ի՞նձ ինչ կասեիր: Տերյանի՞ց կխոսեիր, նախորդ օրացույցը խմբագրելու նման ընկերավարի դիտողությո՞ւն կանեիր ինձ ու Շուշանիկին. «Տերյանի լուսավոր, լավատեսական գործերից քիչ եք դրել»: Ընդունել էինք դիտողությունդ ու հիմա բոլորովին ուրիշ Տերյան էինք տվել քեզ, ու դու էլ սիրով վերցրել ու տարել էիր, որ տեղը տեղին խմբագրես:


...Հիմա ի՞նչ: Ի՞նչ պիտի ասեմ, որ մեղավոր հոգիս ինձ չքրքրի: Մխիթարվե՞մ, որ ժուռնալիստիկայի ճամփեն ելած նորեկները դասագիրք են դարձրել «Ժուռնալիստիկա. ինչ, ինչպես, ինչու» գիրքը, որի հեղինակն է Այդին Մորիկյանը` խաղաղ, մաքուր մի տղա, որ այդպես խաղաղ ու մաքուր էլ գնաց իր ժամանակների հետ հաշտ ու անխռով, որոնք «մեր ժամանակներից տարբեր են»:
...Շնորհավոր ծնունդդ, ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ, և լույս, լույս քո երկնային ճանապարհներին:


Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 2226

Մեկնաբանություններ