Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրանն ու Ռուսաստանը ամրապնդում են գործակցությունը

Իրանն ու Ռուսաստանը  ամրապնդում են գործակցությունը
21.04.2017 | 08:52

Սակայն մեզ հասկանալու մեծ նյութ տվեցին Իրանի և Ռուսաստանի շատ ինտենսիվ շփումները Թիլերսոնի Մոսկվա կատարած այցի նախօրեին և հենց այցի օրերին: Իսկ ապրիլի 12-ին՝ հենց Լավրովի հետ ԱՄՆ-ի պետքարտուղարի բանակցությունների և Պուտինի հետ հանդիպման օրը, Իրանը թե՛ ԱՄՆ-ին, թե՛ ամբողջ աշխարհին մի այնպիսի տհաճ անակնկալ մատուցեց, որ հիմա այն բոլոր ուժերը, որոնք մտադիր էին շանտաժով ու սպառնալիքներով «ճնշում գործադրել» Ռուսաստանի վրա, որպեսզի Ռուսաստանն էլ «ճնշում գործադրեր» Իրանի վրա, հարկադրված կլինեն Մոսկվայի ու Թեհրանի վրա ճնշում գործադրելու փորձ անելուց առաջ հարյուր անգամ ծանրութեթև անել:


ՈՒշադրության առնենք. Թիլերսոնի գալուց դեռ 2-3 օր առաջ մամուլի քարտուղար Պեսկովը կոշտ պատասխանում էր, թե հանդիպում չի լինի. այդպիսի բան նախատեսված չէ Ռուսաստանի նախագահի քաղաքական օրացույցում: Այդուամենայնիվ, հանդիպումը կայացավ, ճիշտ է, Լավրովի և Պուտինի հետ բանակցություններից հետո ԱՄՆ-ի պետքարտուղարը մի տեսակ ճնշված տեսք ուներ: Բոլորը գիտեին, և նույնիսկ գրում էին, որ Թիլերսոնը Մոսկվա է գնում, որ սկիզբ դնի «Պուտինի հետ հարաբերությունները հարթելու» ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ցանկության իրականացմանը: Ինձ համար հաճելի չէ հայտնել, որ դեռ փետրվարին հայ հասարակայնությանը իմ ներկայացրած կանխատեսումն արդարացավ. ԱՄՆ-ը մտադիր էր հասնել այն բանին, որ Ռուսաստանը «հրաժարվի» Իրանից, և ինչպես հիմա դարձյալ տեսանելի է, այնուամենայնիվ, նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադից, ինչի համար էլ Ամերիկայի ու Իսրայելի խամաճիկները Խան Շեյխուն բնակավայրում «քիմիական հարձակման» հետ կապված կրկեսը սարքեցին: Այնտեղ ամեն ինչ խաղարկված է, ներկայացում. զարին մարտական գազի փոխարեն եղել է քլոր, որ բերվել է Թուրքիայից, բազմիցս կրկնվող կադրեր են՝ միևնույն երեխաներով, նպատակ ունենալով ստեղծել թունավորման զանգվածայնության տպավորություն, բացի այդ, փառք Աստծո, հիմա պարզվում է, որ երեխաների մի մասը ողջ է և բուժումներ է ստանում և այլն, և այլն...
Սակայն ապրիլի 11-ին, երբ Թիլերսոնը նոր էր եկել Մոսկվա, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհանը հեռախոսային խոսակցություն են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի իրավիճակը, այս մասին տեղեկացրել են Ռուսաստանի ռազմական գերատեսչությունից: Նախարարները քննարկել են ԱՄՆ-ի կողմից «Շայրաթ» օդանավակայանի հրթիռակոծությունից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Կողմերը ԱՄՆ-ի գործողությունները որակել են որպես միջազգային իրավունքին հակասող, «Իսլամական պետության» (ԻՊ) և մյուս ահաբեկչական կազմակերպությունների ակտիվացմանը նպաստող: Նրանք քննարկել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարի նպատակով Սիրիայում գործողությունների համակարգման հարցերը: Հեռախոսային խոսակցությունը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ: Այդ խոսակցության մասին հաղորդագրությունների բոլոր ձևակերպումները թեև կոշտ ու միանշանակ հակաամերիկյան են, միևնույն ժամանակ ծայրաստիճան լղոզված են ու դիվանագիտական: Հարցն այն է, որ նույն օրը Իրանի նախարարը շտապ հեռախոսային բանակցություններ է ունեցել... Սիրիայի պաշտպանության նախարար գեներալ Ֆահդ Ջասեմ ալ-Ֆրեջի հետ: Նախարարները համաձայնության են եկել մերձավորարևելյան տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դեմ համատեղ պայքարում գործողությունների էլ ավելի համակարգման շուրջ: Դեհանն ու Ալ-Ֆրեջին մատնանշել են նաև, որ «անհրաժեշտ է ստեղծել «քննչական կոմիտե», որը լույս սփռեր Միացյալ Նահանգների կողմից Դամասկոսի կառավարությանը վերագրվող քիմիական հարձակման հանգամանքների վրա»: Սիրիայի ավիաբազային ԱՄՆ-ի հասցրած հրթիռային հարվածը կարող է խաչ քաշել այն երկրների ջանքերի վրա, որոնք գտնվում են ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի առաջին շարքերում, ընդգծել են պաշտպանության նախարարները:


Առաջին հայացքից արտասովոր ոչինչ չկա: Իրանի և Ռուսաստանի միջև համաձայնեցումից հետո Իրանն ու Սիրիան համադրում են իրենց տվյալներն ու հնարավորությունները, պայմանավորվում են համակարգման և փոխգործակցության շուրջ, առաջին հերթին՝ մարտադաշտում: Չէ՞ որ Սիրիայում ահաբեկիչների դեմ իրականում կռվում են հենց Սիրիայի և Իրանի զինվորականները, իսկ ահաբեկիչներին ակտիվորեն օգնում են ԱՄՆ-ը, Իսրայելը, Թուրքիան և այլ երկրներ: Առավել ևս, որ Սիրիայի, Իրանի, Ռուսաստանի համատեղ գործողությունների շտաբը, որը պատասխանատու է Սիրիայում իրականացվող ռազմավարության ու գործողությունների համակարգման համար, ապրիլի 9-ի հայտարարությամբ նախազգուշացրել էր, որ Սիրիայի դեմ Վաշինգտոնի ցանկացած նոր ագրեսիայի կտրվի մահացու պատասխան: «Մենք կարձագանքենք ցանկացած ագրեսիայի, քանի որ Ռուսաստանն ու Իրանը երբեք թույլ չեն տա, որ ԱՄՆ-ը գերիշխի աշխարհում»,- ասվում է հայտարարության մեջ: Ընթերցողները պետք է առանձնակի ուշադրություն դարձնեն հետևյալ ձևակերպմանը. «Ռուսաստանն ու Իրանը երբեք ԱՄՆ-ին թույլ չեն տա գերիշխել աշխարհում»: Բայց... ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Այդ երկու շտապ հեռախոսային խոսակցությունից հետո Իրանում տեղի ունեցավ անկարելի, առնվազն քիչ հավանական մի բան:


Ապրիլի 12-ին Իրանի նախագահի թեկնածու գրանցվեց... երկրի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Եվ հաշվի առնելով, թե հատկապես ինչ աղբյուր է հաղորդել այդ մասին (խոսքը ISNA գործակալության մասին է), պետք է շատ հնարավոր համարել, որ դա եղել է ոչ միայն հենց Ահմադինեժադի որոշումը: «Իրանի նորությունների ուսանողական գործակալությունը» մի յուրահատուկ կառույց է, հաշվի առնելով, որ հենց ուսանողներն էին այն ուժերի կորիզը, որ ժամանակին գրոհեցին Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան վրա: Եվ, ի վերջո, Ահմադինեժադը մեկն է այն ուսանողներից, որոնք գրավեցին ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը: Մայիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար թեկնածուների բուն գրանցումը Իրանի ՆԳՆ-ում սկսվել է ապրիլի 11-ի երեքշաբթի օրը: Համաձայն Իսլամական Հանրապետության սահմանադրության, նախագահ կարող է դառնալ 40-ը լրացած ցանկացած տեղաբնիկ քաղաքացի, որը իսլամի ու իսլամական կարգերի ակտիվ կողմնակից է: Հայտերն ընդունվում են հինգ օրվա ընթացքում, իսկ առաջին օրն արդեն գրանցվել էր ավելի քան 100 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այսպիսի ակտիվության կարելի է ականատես լինել ամեն չորս տարին մեկ. ընտրություններից առաջ նախագահ դառնալու ցանկություն ունեցողների թիվը հասնում է հարյուրների, երբեմն էլ անցնելով հազարից: Բայց Ահմադինեժադի դեպքն առանձնահատուկ է: Այլ որակի: Նա Իրանում կոշտ պահպանողականության խորհրդանիշ, դրոշ է, նա մեծ այաթոլլահների և հենց իր՝ Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի հետ առանձնակի մերձավորության նշան է:


Այստեղ մենք կանդրադառնանք անհրաժեշտ մի նախապատմության: Անցած տարվա կեսերին Ահմադինեժադը, իրոք, խոսեց իր թեկնածությունն առաջադրելու ծրագրերի մասին, սակայն այաթոլլահ Ալի Խամենեին այդ ծրագրերը «ոչ խելամիտ և ոչ նպատակահարմար» համարեց: Սեպտեմբերին նա հայտարարեց, որ Ահմադինեժադին խորհուրդ չի տվել մասնակցելու ընտրություններին, քանի որ դա իրանական հանրությանը «կպառակտի երկու հակադիր բևեռների»: Եվ դրանից հետո Ահմադինեժադը հայտնեց, որ հրաժարվում է նախագահի պաշտոնի համար առաջադրվելու մտադրությունից, հարգելով Գերագույն առաջնորդի կարծիքը: Իսկ հիմա, հաշվի առնելով, որ Ահմադինեժադի քայլի մասին հաղորդագրությունը տարածել է հենց ISNA գործակալությունը, կարելի է ենթադրել, որ այաթոլլահ Ալի Խամենեիի տեսակետն արմատապես փոխվել է: Արդյոք այդ բանը չէ՞ր նկատի ունենում Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին, երբ ապրիլի 10-ին հրաժարվեց լրատվամիջոցներին հայտարարել՝ իր թեկնածությունն առաջադրելո՞ւ է այս տարվա մայիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում, թե՞ ոչ, խնդրեց մի 2-3 օր սպասել:

Անշուշտ, այն բուն փաստը, որ նախկին նախագահ Ահմադինեժադը գրանցվել է որպես նախագահի թեկնածու, դեռ չի ենթադրում որևէ մեկի հաղթանակ կամ որևէ մեկի պարտություն իրանական ընտրություններում: Եվ հասկանալի է, որ նման որոշումները, և այն էլ ժամանակի առումով ԱՄՆ-ի պետքարտուղարի Մոսկվա կատարած այցին զուգադիպող, առաջին հերթին ուղղված են ԱՄՆ-ի դեմ, Արևմուտքի դեմ, ինչպես նաև Իսրայելի և Թուրքիայի դեմ, Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ու Իսրայելի այլ մանր-մունր գործընկերների դեմ: ՈՒ սա էլ է շանտաժ, բայց արևելյան:
Իրանի, Ռուսաստանի ու Սիրիայի շտապ բանակցությունները ոչ այլ ինչ էին, եթե ոչ ազդանշան Իրանի և Սիրիայի թշնամիներին: Եվ հասկանալի է, թե ինչու այդ հեռախոսային խոսակցությունից հետո Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Դեհանը նախազգուշացրեց ամերիկացիներին, որ նրանց հանցավոր գործողություններն անպատասխան չեն մնա, եթե նրանք Սիրիայի վրա հարձակվեն նորից, և դիմադրության ճակատը կշարունակի հակաահաբեկչական միջոցներ ձեռնարկել: Ահմադինեժադի հանկարծակի վերադարձը ընտրարշավի դաշտ արդեն ավելի քան ազդանշան է, դա ակնբախորեն ապացուցում է, որ Իրանը պատրաստ է կտրուկ փոխելու «բարեփոխական» ռելսերը և բռնելու ԱՄՆ-ի և Իսրայելի նկատմամբ կոշտ քաղաքականության ուղին, և եթե հարկ լինի, նաև Թուրքիայի ու ամեն տեսակ «սաուդարաբների» նկատմամբ: Ի դեպ, ապրիլի 11-ին Արաբական թերակղզում ԱՄՆ-ի և Իսրայելի հավատարիմ դաշնակից Օմանի հետ համատեղ Պարսից ծոցում սկսված զորախաղերը նույնպես Արևմուտքին ու սիոնիստներին ուղղված ազդանշանների կարգից են: Այսպիսով, Թեհրանը պարզորոշ հասկացնում է, որ մազաչափ անգամ մտադիր չէ զիջման գնալու՝ ո՛չ Արևմուտքի հետ իր հարաբերություններում, ո՛չ էլ Մերձավոր Արևելքում: Իրանն ավելի քան հասկանալ է տալիս, որ պատրաստ է ԱՄՆ-ի կողմից «հակաիրանական պատժամիջոցների» հերթական փուլին:


Նշեմ, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Դարձյալ, ի դեպ, Թիլերսոնի Մոսկվա գալու օրը: Եվ Լավրովը կոչ է արել մանրամասն ու անաչառ հետազոտել սիրիական Իդլիբի նահանգում տեղի ունեցած միջադեպը, այսինքն, սա արդեն Իրանի և Ռուսաստանի որոշումն է, ոչ թե սոսկ Թեհրանից արված և Սիրիայի կառավարության հավանությանն արժանացած առաջարկություն: Շատ օգնեց նաև ինքը Պուտինը՝ իր ԱԳՆ-ին ու Իրանին:

Ցանկացողները կարող են տեսնել Թիլերսոնի այցից 3-4 օր առաջ նրա արած հայտարարությունների մասին հրապարակված հաղորդագրությունները: Իսկ ՌԴ առաջնորդի հայտարարություններից որոշ բաներ, իմ կարծիքով, կարելի է հրապարակել. 1) «Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև վստահության մակարդակը աշխատանքային և հատկապես ռազմական ասպարեզում չի բարելավվել, ավելի շուտ վատթարացել է» և «ԱՄՆ-ի կողմից միջազգային իրավունքի խախտումը ակնհայտ փաստ է», 2) Սիրիային ԱՄՆ-ի հասցրած հարվածներին հավանություն տվող երկրների մասին. «Բոլորը չինական արձանիկների նման տմբտմբացնում են գլուխները՝ չկարողանալով վերլուծել այն, ինչ տեղի է ունենում: Ո՞Ւր են սիրիական զորքերի կողմից քիմիական զենքի օգտագործման ապացույցները: Չկան»: Դա նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների մասին է, առավել ևս և առաջին հերթին՝ Թուրքիայի, նաև արաբական վարչակազմերի, և, ուշադրություն, Իսրայելի մասին: Բոլոր նրանք, ովքեր գիտեն չինական արձանիկների «ճոճման սկզբունքը», պետք է ընդունեն. նման գնահատական տալով ՆԱՏՕ-ին, արաբներին ու Իսրայելին, Պուտինը հստակորեն ասել է, որ նրանց ընկալում է միայն իբրև ԱՄՆ-ի խամաճիկների, 3) Ռուսաստանը թույլ չի տա «գունավոր հեղափոխություններ» և այլ «տարատեսակ տեսություններ, որոնք իրականացվում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում և հանգեցնում այդ տարածաշրջանների լուրջ ապակայունացման»՝ ո՛չ իր մոտ, ո՛չ «ՀԱՊԿ-ի գծով իր գործընկեր երկրներում»: Կարծում եմ, որ այդ նախազգուշացումն ուղղված է ոչ միայն ներռուսաստանյան արևմտամետ ընդդիմությանը, և ոչ միայն Թիլերսոնին ու «թիլերսոններին», այլև, օրինակ, ԱՊՀ երկրների, ուրեմն և մեր Հայաստանի ամեն տեսակի մերձքաղաքական գործիչներին:
Թեման թերի կմնա, եթե ես մեջբերում չանեմ Թիլերսոնի հետ բանակցություններում Լավրովի արած մի հայտարարությունից. «Ես համարում եմ, որ ձեր այցելությունը ճիշտ ժամանակին է: Դա հնարավորություն է ընձեռում փորձելու անկեղծ ու ազնվորեն ճշտել այդ բոլոր հարցերում, նախ և առաջ հակաահաբեկչական լայն ճակատի ձևավորման հարցում, փոխգործակցության հեռանկարները... Մենք պատրաստ ենք կառուցողական, իրավահավասար երկխոսության և համագործակցության՝ միմյանց օրինական շահերը հաշվի առնելու հիման վրա: Դա մեր հետևողական գիծն է, այն ձևավորվում է բացառապես միջազգային իրավունքի հունում և ոչ թե պահի թելադրանքի կամ «դուք կամ մեզ հետ եք, կամ մեր դեմ» կեղծ ընտրության ազդեցությամբ... Արդյունավետ չենք համարում ներփակվելը փակ ալյանսների ու մեզալյանսների շրջանակներում... Մեզ համար, իր հերթին, շատ կարևոր է հասկանալ ԱՄՆ-ի դիրքորոշումը, ձեր վարչակազմի իրական մտադրությունները»: Եվ այսպես, ընտրությունն ԱՄՆ-ինն է, ոչ թե Ռուսաստանինը կամ Իրանինը: Ի դեպ, արդեն ապրիլի 12-ին բրիտանական BBC-ն ընդգծեց, որ Սիրիային աջակցություն ցուցաբերելուց Ռուսաստանի հրաժարմանը հասնելու Թիլերսոնի ջանքերը «կարող են ապարդյուն լինել»: Միաժամանակ անգլիացիները հիշեցնում են. ինքը Թրամփը Լուկկայում (Իտալիա) կայացած G7 գագաթնաժողովում այն հարցին, թե հրթիռակոծությունից հետո Սիրիայում իրադարձությունների զարգացման ի՞նչ տարբերակներ է տեսնում, պատասխանել է. «Մենք Սիրիա չենք գնա»: Ճիշտ է, նա չի հստակեցրել, թե դա ինչ է նշանակում:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1640

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ