Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Տե՛ր, տո՛ւր բանականություն աշխարհի տհաս տերերին

Տե՛ր, տո՛ւր բանականություն աշխարհի տհաս տերերին
21.04.2017 | 08:56

(մտորումներ աշխարհի ներկայիս հզորների, նրանց էության, Դմիտրի Վոլկոգոնովի «Յոթ առաջնորդներ» գիրքն ընթերցողների և այդ գրքի վերաբերյալ ամեն կարգի փիլիսոփայողների մասին…)

ԱՄՆ-ը հզոր պետություն է: Իր ռազմական զինանոցում այնքան ատոմային զենք ունի, որ կարող է Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացու վեց անգամ սպանել, խորհրդային տարիներին այդ թիվը հասնում էր երեքի, քանի որ այդ երկիրը հիմա չկա, և Ռուսաստանի բնակչությունն էլ կրկնակի պակասել է, ուստի Ամերիկայի հզորությունն էլ ավելացել է երկու անգամ: Եթե նկատենք, որ հետխորհրդային տարիներին Ամերիկայի հզորությունը, բնականաբար, էլ ավելի է մեծացել, կարող ենք ասել, որ Ռուսաստանի ցանկացած բնակչի ամերիկացիները կարող են սպանել վեցից ավելի անգամ: Իսկ խորհրդային տարիներին ռուսները հայտարարում էին, որ մենք այդքան անգամ չենք կարող սպանել ամերիկացիներին, բայց մեկ անգամ, այն էլ հիմնովին, կարող ենք:


Ռուսները, որոնք հաճախ են դաշնակիցներ փնտրում (իսկական դաշնակիցներին էլ հաճախ են ծախում) ու ոգևորված դատողություններ անում (ռուսները քանի անգամ լիզեցին թուրքերին, հայհոյեցին, հետո նորից լիզեցին և այսօր անորոշ նայում են նրանց), բայց երբ սխալվում են` արջի պես մռնչում են, և երբ կատաղում են, դիմում են վճռական քայլերի... և ՆԱՏՕ կոչված հզոր դաշինքը տեղի է տալիս, հասկանալով, որ արջն իսկականից կատաղել է և իր կենսական տարածքներից չի պատրաստվում հեռանալու:


Սիրիայի հարցում Թրամփի վճռական քայլերին Ռուսաստանը դեռևս գիտակցաբար հապաղում է պատասխան տալ, և սխալ է այն տեսակետը, թե Ամերիկայի ճնշման տակ Ռուսաստանը հարկադրաբար կլքի Ասադին: Արդեն հինգ տարի է, ինչ Արևմուտքը Սիրիայի հարցում նույն երգն է երգում՝ Ասադի հրաժարականը, մինչդեռ Ասադի բանակը ռուս-պարսկական հաջողված օժանդակության շնորհիվ ոչ միայն Թուրքիայի նկատառումների, այլև իսլամական ահաբեկչության դեմ է կռվում: Միակ ռեալ ուժը, որ կանգնած է այդ ժանտախտի ճանապարհին, Ասադի կառավարական զորքն է: Եթե Ասադը չվայելեր իր երկրի ժողովրդի ճնշող մեծամասնության համակրանքը, ապա վաղուց Սադամի բախտին արժանացած կլիներ:
Ամերիկայի այն մեղադրանքները, թե Ասադը քիմիական զենք է օգտագործել ժողովրդի դեմ, չի դիմանում որևէ քննադատության: Սիրիայի քիմիական զենքը վաղուց ոչնչացված է: Եթե նույնիսկ կա նման զենք, Ասադն ինչո՞ւ պիտի այն օգտագործեր, երբ սիրիական բանակը համարյա ազատել է երկրի մեծ մասը և օգտագործումով պիտի վարկաբեկեր իրեն:
Պատմությունից բազմաթիվ փաստեր կարելի է բերել, որ դեմոկրատիայի Արևմտյան ջատագովները համաշխարհային հանրությանը մոլորեցնելու, ավելի ճիշտ խաբելու համար, ամեն ստոր հնարքի դիմում են: Կոմունիստներին մեղադրելու համար Հիտլերը հրկիզեց ռայխսթագը: Ավելին, ի տարբերություն ներկայիս դեմոկրատների (սրանց մասին ավելի կոնկրետ` փոքր-ինչ հետո) ցուցադրական դատ կազմակերպեց իր կատարած և կատարելիք հանցագործություններն արդարացնելու համար: Բայց ցուցադրական այդ դեմոկրատիան կոմունիստ Գեորգի Դիմիտրովի շնորհիվ դատարանում փշրվեց: Ի տարբերություն Հիտլերի, ներկայիս դեմոկրատները դատ էլ չեն անում: Օգտագործում են ՄԱԿ կոչված կազմակերպության բարձրագույն ամբիոնը (հիշենք ԱՄՆ-ի պետքարտուղար Քոլին Փաուելին), ցուցադրում են ինչ-որ սրվակի մեջ լցված հեղուկ, որն իբր Սադամի զինանոցում արտադրված քիմիական զենք է: Անցել է ավելի քան տասը տարի, ավերվեց Իրաքը և ավերվում է առայսօր, կախեցին Սադամ Հուսեյնին, բայց որևէ քիմիական զենք այդպես էլ չգտան Իրաքում, իսկ Քոլին Փաուելն այդպես էլ ոչ մի պատասխան չտվեց իր կատարած կեղծիքների համար: Այսօր աշխարհում սուտն ու կեղծիքն են թագավորում: Այսօր ցանկացած հզոր երկիր խաբում է աշխարհին դեմոկրատիայի անվան տակ: Քոլին Փաուելից իր ավանտյուրայով հետ չմնաց ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Թրամփը, որի ընտրվելու կապակցությամբ ռուս քաղաքական գործիչները քիչ էր մնում ոտաբոբիկ Բերինգի նեղուցով Ամերիկա հասնեին նրա հաղթանակը ողջունելու համար: Թրամփի դեմքի արտահայտությունից երևում է, որ նա Ջոն Քենեդի չէ, որը աշխարհի համար կրիտիկական պահին կարողանա մեկուսանալ իրեն շրջապատող քաղաքական գործիչներից և սողոմոնյան իմաստուն որոշում կայացնի: Թրամփն իսկ և իսկ այն նախագահն է, որը ձեռնտու է ամերիկյան քաղաքական հետնախորշերում գործող «ճուռակներին»:


Այսօր կապիտալիստական աշխարհը խոր ճգնաժամի մեջ է: Այն ճգնաժամի մեջ էր խորհրդային պետության գոյության վերջին տարիներին, սակայն վերջինիս կործանումը լայն շուկա բացեց արևմտյան կապիտալի համար: Այսօր այդ շուկան ևս զբաղված է: Խորհրդային պետության կործանումից հետո աշխարհը միայնակ հերկելու և ուզած ձևով հերկելու ամերիկյան պլանը մեկընդմիշտ թաղված է: Այժմ ոչ միայն ԱՄՆ-ը, այլև համաշխարհային շուկայական (չասենք կապիտալիստական, այդ բառը ժամանակակից տնտեսագիտության մեջ խնամքով թաքցնում են) հասարակարգն է ճգնաժամի մեջ: Այսօր կարծես ոչ կապիտալիստ կա և ոչ էլ բանվոր դասակարգ, ոչ շահագործող և ոչ էլ շահագործվող, աշխատող և աշխատանք տվող: Այս հարաբերությունները խոր ճգնաժամ են ապրում, այսինքն` կապիտալիզմին հատուկ ցիկլային լճացումը ցցուն երևում է, և հիմնական խաղացողները մեկմեկու դեմ բացահայտ չեն կռվում (որովհետև այդ կռիվը կլինի երրորդ համաշխարհային պատերազմ, և էական չէ, թե պատերազմի ժամանակ ով ում քանի անգամ կսպանի, բայց մի բան հաստատ կարելի է ասել, որ այդ պատերազմից հետո ոչ շահագործող կլինի և ոչ էլ շահագործվող):


Կողմերից յուրաքանչյուրը, քաջ գիտակցելով սեփական անձի մահվան անխուսափելիությունը, իրար նկատմամբ (նկատի ունեմ սեփական տարածքները) բացահայտ առճակատման չեն գնում, փորձում են օտար հողերում ռազմական բլոկներից դուրս, ռազմականապես թույլ երկրներում ճնշել և դուրս հանել պոտենցիալ հակառակորդին: Ներկա պահին բացահայտ պոտենցիալ հակառակորդներ են ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Չինաստանի ներկայիս կառավարողները լավ են յուրացրել իրենց առաջնորդ Մաո Ցզեդունի հայտնի միտքը. «Դու նստած ես հանգիստ քեզ համար բլրի վրա: Ներքևում՝ հովտում, երկու վագրեր կատաղի պայքար են մղում իրար դեմ, չես խառնվում այդ կռվին և սպասում ես այնքան, մինչև նրանք խելահեղ պայքարից արյունաքամ լինեն և ի վիճակի չլինեն ոտքի կանգնելու»:
Բարձրաստիճան բանակցությունների ժամանակ ովքեր ուշադիր հետևել են Չինաստանի ներկա նախագահի դեմքի արտահայտությանը (իհարկե, եթե որևէ կանխատեսելի արտահայտություն կա նրա դեմքին), ապա նկատած կլինեն, որ բանակցողի համար այդ արտահայտությունը ոչինչ չի ասում: Չինաստանը որևէ մեկին ոչինչ չի խոստանում և որևէ մեկից ոչինչ չի ակնկալում: Նա սպասում է հզոր վագրերի իրար բզկտելուն և արյունաքամ լինելուն: Հիշում եմ, երբ 1977-1978 թթ. վատացել էին սովետա-չինական հարաբերությունները, և Արևմուտքը փորձում էր օգտվել դրանից, խորհրդային «ԼջՉպրՑՌÿ» թերթում մի հոդված տպագրվեց, որտեղ մոտավորապես այն միտքն էր արտահայտվում, թե աշխարհը պիտի զգուշանա Ասիայի քնած դեղին առյուծից: Այսօր այդ քնած առյուծը ամենևին էլ քնած չէ: Նա գիտակցում է, որ դեռևս չի եկել իր ժամը, և հանգիստ սպասում է այդ պահին: Իսկ ԱՄՆ-ն իր տնից հազարավոր կիլոմետրեր հեռու փորձում է համարյա Ռուսաստանի քթի տակ տապալել մի կառավարություն (Ասադի կառավարությունը), որի տապալմանը կհետևի ռուսական ռազմածովային ուժերի հեռացումը Միջերկրական ծովի տաք ջրերից: Հինգ տարի Արևմուտքը փորձում է, փորձում, բայց այդպես էլ չի կարողանում հասնել իր բաղձալի նպատակին: Արևմուտքը կռվում է ոչ թե Իսլամական պետության դեմ, այլ հանուն Ասադի վարչակարգի տապալման: Փաստերը ցույց են տալիս, որ որքան էլ «Հըզբոլլահը», Իրանը, Ռուսաստանը օգնեն Ասադին, միևնույն է, նա վաղուց (կրկնեմ) Սադամի բախտին արժանացած կլիներ, եթե սեփական երկրում չունենար մեծ հենարան: Արևմուտքի ավանտյուրան` Ասադը քիմիական զենք է օգտագործել, զուրկ է որևէ հիմքից: Եթե Ասադի համար ծանր տարիներին, երբ իսլամիստները գրավել էին Սիրիայի երկու երրորդը, և Դամասկոսի գոյությունն էր վտանգի տակ, Սիրիան չօգտագործեց նման զենք, ապա այժմ, երբ ազատագրված է պետության տարածքների մեծ մասը, Ասադն ինչո՞ւ պիտի գնար նման քայլի: Ասադը դահիճ չէ և ոչ էլ մորթապաշտ, նա իր երկրի նվիրյալն ու իսկական քաղաքացին է: Միայն այն փաստը, որ ընտանիքը չի հեռացրել Սիրիայից, խոսում է նրա, որպես պետական պաշտոնյայի, բարձր որակների մասին: Որքան էլ Թուրքիան` Արևմուտքի անհավատարիմ շունը, լինի անհավատարիմ, նա երբեք չի եղել և չի լինի Ռուսաստանի բարեկամը, անգամ լավ ընկերը: Թե վերջին մի քանի տարում Էրդողանը քանի անգամ կերպարանափոխվեց Պուտինի մոտ, հայտնի փաստ է:
Հետխորհրդային երկրի պետությունները պետք է ջանան միավորվել նոր պետության ստեղծման մեջ, որովհետև դա է նրանց փրկությունը, իհարկե, նախապես պետք է համոզված լինեն, որ ռուսական արջը կուլ չի տա իրենց անկախությունը, և ամեն պատեհ առիթով Պուտինը չի կրկնի, թե ինքը գործում է` ելնելով Ռուսաստանի շահերից, որով էլ անտեսում է իր դաշնակից պետությունների շահը:


ԽՍՀՄ-ում Ռուսաստանի շահը բոլոր հանրապետությունների շահն էր և հակառակը: Եթե Ռուսաստանը զիջի Սիրիայի հարցում, դա նշանակում է, որ հաջորդ թեժ կետը լինելու է Իրանը, հետո Հյուսիսային Կորեան:
Հանուն ճշմարտության պետք է ասել, որ Իրանը, առավել ևս Հյուսիսային Կորեան, այնքան էլ հեշտ մարսվող կտոր չեն: Այստեղ տեղին է հարցնել, մի՞թե վատ կլիներ, որ Սադամ Հուսեյնը իր երկրի համար գործեր ինչպես Կիմ Չենը: Իրաքյան դեպքերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ավելի լավ է կայուն բռնապետությունը, քան քաոսը: Իրաքն այսօր իսկական քաոսի մեջ է: Եվ Սադամի բռնապետության տարիներին այնքան մարդ չի զոհվել, որքան «դեմոկրատական» քաոսի մեջ, իսկ Արևմուտքը նման քաոս միշտ էլ կարողանում է ստեղծել:


Հիմա անդրադառնանք Դմիտրի Վոլկոգոնովի հայտնի գրքին և նրա փիլիսոփայական վերլուծություններին «Իրատեսի» էջերում: Ասեմ, որ ես այդ գիրքը չեմ կարդացել և չեմ էլ ցանկանում կարդալ, որովհետև քառորդ դարից ավելի հետխորհրդային տարիները ցույց են տալիս, որ աշխարհում Հիտլերի, ֆաշիզմի մասին այնքան թունոտ գրքեր չեն գրվել, որքան Լենինի, Ստալինի և սոցիալիզմի մասին: Ինչու: Որովհետև սոցիալիզմը հարվածում էր կապիտալիզմի սրբություն սրբոց մասնավոր սեփականությանը, որը, ով ինչ կուզի թող ասի, մարդկային ագահության, ընչաքաղցության հիմքն է և վերջին հաշվով մարդկային բոլոր դժբախտությունների հիմքը: Մարդկության ողջ պատմությունը պատերազմների պատմություն է, թալանի և ուրիշի ունեցվածքին տիրելու պատմություն է, որը վերջին հաշվով բերում է մարդկային մեծ ողբերգությունների: Հայերիս ցեղասպանությունը դրա վառ ապացույցն է: Կարելի է նման շատ օրինակներ բերել: Այն ատելությունը, որ կա Վոլկոգոնովի գրքում յոթ առաջնորդների մասին, կուզենայի հարցնել` այդ յոթ առաջնորդներից ո՞վ է միլիարդներ կուտակել ժողովրդի արյան հաշվին: Թող թույլ տրվի հարցնել` աշխարհի «ամենամեծ բռնակալը» ի՞նչ ուներ իր անձնական հաշվին, և մի՞թե նա երբևէ մտածել է իր սերնդի, հետնորդների նյութական ապահովության մասին:


Փաստերը վկայում են` երբ մեկ անգամ նրա աղջիկը քսանհինգ ռուբլի է խնդրել, հայրը չի մերժել, և երբ մեկ շաբաթ հետո նորից այդքան փող է խնդրել, հայրը հարցրել է, այդ ո՞ւմ հաշվին ես ցանկանում այդքան առատորեն ծախսել: Եվ վերջապես, ցույց տվեք համաշխարհային պատմության մեջ նման մի օրինակ, որ բռնակալի առաջնային նպատակը անձնական հարստություն կուտակելը չի եղել: Նույնը կարելի է ասել Լենինի մասին: Խրուշչովը որքան էլ հիստերիկ է եղել, նույնպես զուրկ է եղել ընչաքաղցությունից: Ցույց տվեք Ստալինի ժամանակների համաշխարհային համբավի որևէ քաղաքական գործչի, որը չի հիացել նրա հաստատակամությամբ, նրա պետականամետությամբ: Այդ խոշոր անհատը անսահման մեծ հետաքրքրություն է ցուցաբերել դեպի գրականությունը: Երբ Չարենցի «Գիրք ճանապարհին» մեծ աղմուկ հանեց Հայաստանում, բանը հասավ մինչև Մոսկվա։ Հատկապես մեծ աղմուկ հանեց նրա «Աքիլլես, թե Պիերո» և «Պյուռոս» պոեմները։ Ստալինն անձամբ է կարդացել այն և իր դրական գնահատականն է տվել, ասելով` հաջողված գործ է, սակայն նպատակահարմար չէ այժմ նրա հրատարակությունը: Մարդ, որն իր բոլոր բացասական գծերով ուներ մեկ նպատակ՝ տեսնել հզոր և կրթված հայրենիք:


Սոցիալիզմի ատելությունը ոմանց մեջ հասել է այնտեղ, որ այսօր արդարացնում են Ճապոնիային ատոմային հարված հասցնելու Տրումենի որոշումը: Թող թույլ տրվի հարցնել` Տրումենն ու Ստալինը, որպես պետական մտածողներ, համեմատելի՞ են: Քննադատում են Խրուշչովին Կարիբյան ճգնաժամի համար: Թող թույլ տրվի հարցնել` Կուբայում տեղադրված խորհրդային հրթիռները իրենց հզորությամբ կարո՞ղ էին համարժեք համարվել ամերիկյան այն բոլոր հրթիռներին, որոնք ուղղված էին ԽՍՀՄ-ի վրա: Թող թույլ տրվի հարցնել` Ջորջ Բուշի նման քանի՞ խելագար առաջնորդ է ունեցել ԽՍՀՄ-ը:


Բրեժնևն այն անհատն էր, որ ոչ միայն ստիպեց Արևմուտքին հաշվի նստել ԽՍՀՄ-ի հետ, այլև հարգալից խոսել: Այսօր ինչի՞ հասցրին լիբերալ-դեմոկրատները Ռուսաստանը: Կործանման եզրին, և կարելի է ասել, միայն Պուտինի նման անհատը փրկեց Ռուսաստանը Խորհրդային Միության օրն ընկնելուց:


Եթե Ստալինի ժամանակ չվերացվեին նման լիբերալ դեմոկրատները, ԽՍՀՄ-ի տապանաքարը պատերազմի առաջին տարում կքաշեին նրա վրա: Հակամարտ դասակարգային պետությունների դաժան պայքարում ԽՍՀՄ-ը քանդեցին հենց նման լիբերալները:
Եթե Տյանանմեն հրապարակում չինական ղեկավարները դաժանորեն չճնշեին հակապետական ցույցերը, Չինաստանը վաղուց ԽՍՀՄ-ի օրը կընկներ: Հանրահայտ փաստ է. ցանկացած պետություն իր թշնամի պետությունը (եթե, իհարկե, նա թույլ չէ) փորձում է քանդել ներսից:
Եթե Գորբաչովը Արևմուտքի դրածոն չլիներ, ԽՍՀՄ-ը չէր փլուզվի:


Բոլորը խոսում են ստալինյան ժամանակաշրջանի զոհերի մասին, մեկը չկա հարցնի, ԽՍՀՄ-ի փլուզումից առայսօր քանի՞ մարդ է սպանվել: Ստալինը բռնակալ էր, բայց թող թույլ տրվի ասել. պատերազմ, միլիոնավոր զոհեր, ստալինյան բռնության զոհեր և էլի ինչ-ինչ պատճառներով զոհեր, բայց 1959 թվականի մարդահամարով երկրի բնակչությունն արդեն 200 միլիոն էր, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից առաջ մոտ 300 միլիոն: Տեղին է հիշել մի հանճարեղ փիլիսոփայի միտք` եթե հովիվն ամեն տարի չի ավելացնում իր հոտի քանակը, ուրեմն նա գիշատիչ է: Հետաքրքիր է, ի՞նչ կասեր այդ փիլիսոփան, եթե տեսներ, որ երկրի փլուզման պահին մոտ չորս միլիոն բնակիչ ունեցող Հայաստանի բնակչությունը ոչ միայն չի ավելացել, այլև պակասել է: Թող իմ երկրի տերերն էլ Ստալինի պես բռնակալ լինեին և մոտ 400 հազար հայ փախստականների հոսքն ուղղեին ազատագրված տարածքների բնակեցմանը, որով մեկընդմիշտ լուծված կլիներ այդ հարցը հօգուտ մեզ: Բայց իմ երկրի տերերը «դեմոկրատ» էին հանուն իրենց շահի, հանուն իրենց գրպանի, հանուն իրենց հետևորդների: Նրանց ես կբնութագրեի փիլիսոփայի խոսքերը յուրովի ձևակերպելով` նրանք ոչ թե գիշատիչներ են, այլ հրեշներ: Ես փառաբանում եմ բռնապետին, եթե նրա նպատակներն ուղղված են մեկ բանի՝ երկրի հզորացմանը: Տեղին է հիշել Մաքիավելուն` հանուն պետության շահի բռնապետը պետք է դիմի նաև ստորության: Ստալինը ստոր բռնապետ էր, որը գործում էր հանուն պետության շահի: Պատմությունը նման բռնապետի մեկ այլ օրինակ չի հիշում: Նա գաղափարին նվիրված բռնապետ է եղել:


Թրամփը բռնապետ չէ, նա ընդամենը հզոր երկրի երեքամսյա նախագահ է, բայց նրա դեմքից երևում են իսկական բռնապետի ականջները: Իր, աշխարհի համար Իսլամական պետությո՞ւնն է վտանգավոր, թե՞ Ռուսաստանի դաշնակից, իդիշի դեմ կռվող Ասադը: Պարզ է` Ասադը: Հիմա հարցնենք` Թրամփը դեմոկրա՞տ է, թե՞ բռնապետ: Հյուսիսային Կորեայի ղեկավարը բռնապե՞տ է, թե՞ դեմոկրատ: Իհարկե բռնապետ է, որովհետև այդ բռնապետության շնորհիվ ստեղծել է իր երկրի պաշտպանության հզոր վահանը՝ ունի ատոմային ռումբ: Հյուսիսային Կորեան իր ոչ մեծ ռազմական հզորությամբ որևէ մեկի անկախությանը սպառնո՞ւմ է, թե՞ ոչ: Անկասկած՝ ոչ: Այդ դեպքում Թրամփն ի՞նչ է ուզում նրանից: Պատերազմ: Երանի՜ այն պահը, երբ Թրամփը կհարվածի Չենին և որպես պատասխան Չենի երկրից թեկուզ ոչ մեծ հզորությամբ ատոմային ռումբ կպայթի ամերիկյան որևէ քաղաքի վրա, և նման պայմաններում ամերիկյան ժողովուրդն ինքը կորոշի իր երկրի բռնապետի ճակատագիրը:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. Անկեղծ ասած, այսօր աշխարհի մեծ ու փոքր բոլոր տերերը կարծես սատանայի դրդմամբ մղվում են մեկ բանի՝ չարության, որի վերջը պատերազմն է: Պատերազմը կանխող բանակ-ուժը բացակայում է աշխարհում: Ժողովուրդները ավելի շատ թնդանոթի միս են, քան պատերազմ կանխողներ:
Տե՛ր, տո՛ւր բանականություն աշխարհի տհաս տերերին:

Դիտվել է՝ 4027

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ