«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Պարտավոր ենք հզորանալ բոլոր միջոցներով

Պարտավոր ենք հզորանալ բոլոր միջոցներով
21.04.2017 | 09:15

(սկիզբը` այստեղ)

Կաշառակերության, կոռուպցիայի հիմնախնդիրների պարզաբանմամբ փորձենք ինժեներական լեզվով բացատրել, թե հիշյալ երևույթներն ինչով են վատ ու վտանգավոր: Դրանք շատ են վտանգավոր ու դատապարտելի, եթե, որպես ելքային դրույթ կամ վերջնական նպատակ, դիտարկենք Հայ դատի, մեր հայրենիքի անկախության ու անվտանգության հիմնախնդիրները, արյան գնով ազատագրված Արցախի ճակատագիրն ու սեփական երկրում ազատ, բարգավաճ կյանքով ապրելու դարերով երազած մեր իրավունքը: Կոռուպցիայի կարևորագույն առանձնահատկություններից է շահութաբերության գերբարձր աստիճանը, դա հասկանալի է. կարճաժամկետ չնչին ներդրումների դիմաց (ընտրակաշառքների միջոցով պատգամավորական աթոռների զբաղեցում, կաշառքի միջոցով պետական պաշտոնների գրավում և այլն) հնարավոր է իրականացնել շարունակական երկարաժամկետ կոռուպցիոն գործունեություն ու բարձր եկամուտների ստացում (ատկատային ու ստվերային տնտեսությունների կազմակերպման, պաշտոնների ու պատգամավորական տեղերի վաճառքի, պետական միջոցների յուրացման, կենցաղային կաշառակերության ու բազմաթիվ այլ հանցավոր գործարքների միջոցով): Եթե կոռուպցիան ու կաշառակերությունը փորձենք դիտարկել որպես յուրահատուկ բիզնես, ապա այստեղ ևս հնարավոր է կիրառել տնտեսագիտական հայտնի դրույթները (դրա իրավունքը մենք ունենք, որովհետև այստեղ ևս աշխատում է փող-աշխատանք-փող մարքսիստական սխեման): Ի տարբերություն արտադրության կամ ծառայությունների հանրահայտ ոլորտների, որտեղ ներդրումների շահութաբերությունը գտնվում է ցածր սանդղակի վրա (հիմնականում աշխատում են «ցենտի» մակարդակով), կաշառակերության ու կոռուպցիայի ոլորտները հայտնի են իրենց գերշահութաբերությամբ, ներդրումների հետգնման ժամկետները կարող են հասնել սահմանափակ թվով տարիների, տարվա, անգամ ամիսների:


Մարքսը այսպիսի թվեր է հրապարակել. եթե արտադրության շահութաբերությունը գերազանցում է 70 տոկոսը, ապա բաժնետերերը կարող են գնալ ցանկացած հանցանքի: Չեմ կարծում, թե նման չափանիշներ սահմանելու ժամանակ Մարքսն ունեցել է եզակի նախիմացության այնպիսի բարձր մակարդակ, որը նրան թույլ տար գնահատել ոչնչից կամ «օդից» փող շինելու, գերշահույթներ ստանալու խորհրդային ու հետխորհրդային աննախադեպ պրակտիկան, երբ շարքային ուսուցչին, պատմաբանին, տնտեսագետին, գործարանի կուսկոմի քարտուղարին կամ կուսակցական լիդերներին հաջողվել է մի քանի տարվա ընթացքում սեփական ակտիվների մակարդակը հասցնել միլիարդավոր դոլարների, ինչպես դա տեղի ունեցավ հետխորհրդային բոլոր երկրներում՝ առաջին դեմքերի ու նրանց շրջապատի մակարդակով՝ առանց ինչ-ինչ նորագույն գիտական հայտնագործությունների, արտադրության մեջ զարմանալի նորարարության կամ գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառման: Մարքսի համար նման հաշվարկների հիմք կարող էր ծառայել Հյուսիսային Ամերիկայում, Հարավային Ամերիկայում, Ալյասկայում, Ավստրալիայում կամ Աֆրիկայի հարավում սկսված ոսկու տարերային արդյունահանման գործընթացը` ոսկու տենդը (անգլերենով՝ gold rush), որը բազմաթիվ մասսայական հանցագործությունների ու մարդկային զոհերի պատճառ դարձավ:


Ինչպես միշտ, այստեղ էլ մերն ուրիշ է, ավելի ստույգ՝ մեր ոսկու տենդն է ուրիշ, կարելի է հսկայական գումարներ աշխատել՝ առանց տնից կամ առանձնասենյակից դուրս գալու, այստեղ ուրիշ պետական, ավելի ճիշտ կլինի ասել, հակապետական թվաբանություն է, որի հակախաղը, թերևս, պետք է փնտրել ու գտնել, գտնել դրանց դեմ պայքարի ձևերն ու միջոցները, փորձել դրանք կիրառել մեր պայմաններում: Կանխապես ասեմ, որ նման վերականգնողական պրոցեդուրաները լինելու են դժվարին, ցավոտ ու, նույնիսկ, անհնարին, եթե մի քիչ էլ ուշանան: Խնդիրն այն է, որ առանց հասարակական լայն շերտերի ակտիվ մասնակցության նման հարցերը չեն կարող լուծվել: 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ մեր հասարակությունը դեռևս պատրաստ չէ միավորվելու ու նման խնդիրները միասնական ուժերով լուծելու: Ավելին, մեր հասարակությունը հիվանդ է, երկարատև բուժման կարիք ունի: Թող այնպես չթվա, թե նման հարցերում նորություն կամ զարմանալի որևիցե բան կա, պետք է հաշվի առնել, որ մեր հասարակության հիվանդությունը սկսվել ու քրոնիկական է դարձել դեռևս խորհրդային տարիներին, երբ մեր քաղաքացիները վաղուց արդեն անտարբեր էին դարձել իրենց երկրի ճակատագրի, ղեկավարող կոմունիստական կուսակցության իրականացրած տարատեսակ քաղաքական նորամուծությունների ու, վերջապես, «перестройка»-ի նկատմամբ:
Խորհրդային քաղաքացիներն առանց երկար-բարակ մտածելու, առանց ծանրութեթև անելու, բոլոր թեր ու կողմ փաստարկները կշռադատելու, անտրտունջ գնացին նոր ճանապարհով՝ Գորբաչովի գաղափարների հետևից՝ չհասկանալով կամ չգիտակցելով, որ խորհրդային քաղաքացիներին, ազգային-ազատագրական պայքարի լոզունգների քողի ներքո հոժար կամքով մարդկանց հետխորհրդային դժոխք են տանելու: Այս իրողությունը չհասկանալու, դրան առնչվող բոլոր բացասական էֆեկտների դեմ միասնական, համաժողովրդական պայքարից խուսափելու մեջ է թաքնված մեր (ազգային, թե անձնական) դժբախտությունների հիմնական պատճառը:


Մարդկության կարևորագույն խնդիրն այն չէ, որ Երկիր մոլորակը երկնային դրախտ դառնա բոլոր ժողովուրդների համար, ավելի կարևոր է, որ Երկիր մոլորակը չդառնա այն դժոխքը, որը կամաց-կամաց իրականություն է դառնում հայաստանցիներիս համար:
Մեր իշխանական վերնախավի համար էական է լինելու գերշահույթներ ստանալու հնարավորությունների պահպանումը. որքան երկար տևի այս քաոսային-կոռուպցիոն իրավիճակը, այնքան մեծ կլինի գերշահույթներ ստանալու հավանականությունը: Ստեղծված իրավիճակը կարող է ստանալ իր հանգուցալուծումը երեք պայմաններից մեկի դեպքում. 1) համաժողովրդական դիմադրողական շարժման կտրուկ ակտիվացում, 2) ղարաբաղյան պատերազմի ավարտ, 3) համաշխարհային պատերազմի սկիզբ: Եթե հայ ժողովրդի իրական դիմադրունակությունը՝ իշխանական հանցագործություններին հնարավոր եղավ կոտրել՝ 10-հազարական ընտրակաշառքներով՝ քաղաքացիներին կամազուրկ անելով ու այլասերելով, իսկ ղարաբաղյան պատերազմը դեռևս հաջողվում է պահել անընդհատ ծխացող, սպասողական ու պայթյունավտանգ վիճակում՝ վերահսկողության տակ, ապա գլոբալ համաշխարհային պրոցեսները կարող են դուրս գալ հսկողությունից ու անսպասելիորեն վերածվել 3-րդ համաշխարհային պատերազմի ու հենց մեր տարածաշրջանում: Իրադարձությունների նման զարգացման հավանականությունը չնչին է, բայց, համենայն դեպս, զրոյից տարբերվում է, նման դեպքերին միշտ պետք է կանխավ պատրաստ լինել, այն էլ՝ ազգովին, եթե, նույնիսկ, տեսականորեն բացառելու լինենք դրանց բոլոր հնարավոր տարբերակները:
Զենքի հետ մշտապես զգույշ վարվելու կանոնների մեջ կա այսպիսի մի արտահայտություն. տարին մեկ անգամ հրացանը կրակում է նաև առանց փամփուշտի:


2017 թվականի ապրիլի 7-ի Սիրիայի ավիաբազայի ռմբակոծությունը 59 թևավոր հրթիռներով՝ «Թոմահավկ» օպերացիայի շրջանակներում, ցույց տվեց, որ Ամերիկայի ղեկին կանգնած է հաջողակ արդյունաբերող Թրամփը, ով, ուրիշ հաջողակ արդյունաբերողների նման, պատրաստ է գնալու մեծ ռիսկի, որը, տվյալ դեպքում, կարող էր լուծել պրեզիդենտի ցածր վարկանիշի խնդիրը: Հարց՝ ի՞նչ կլիներ, եթե հանկարծ ռուսները պատասխան հարված հասցնեին ամերիկացիներին ու խորտակեին նրանց ռազմանավը. դա կլիներ 3-րդ համաշխարհային պատերազմի սկիզբը: Միջազգային լարվածությունն այսօր հասել է իր պատմական գագաթնակետին, ու ամեն ինչ սպասելի է՝ նույնիսկ առանց հիմնավոր պատճառներ ունենալու: Ռուսներն ու ամերիկացիները Սիրիայում առայժմ զբաղված են միմյանց նյարդերը փորձելու գործով: Լավ կլիներ, որ այս դատողությունները լինեին ֆանտաստիկայի ժանրից՝ կյանքից ու իրականությունից հեռու, բայց, ամեն դեպքում, նման զարգացումներին պետք է պատրաստ լինել:


Եթե ֆորմալ առումով 1-ին համաշխարհային պատերազմի համար առիթ դարձավ ավստրո-հունգարական գահի թագաժառանգ Ֆերդինանդի ու նրա կնոջ՝ Սոֆի Գոգենբերգի սպանությունը, ապա մեր օրերում դա կլիներ ամերիկյան ռազմանավի խորտակումը՝ ռուս-սիրիական ուժերի կողմից:
Ի միջի այլոց, դա կարող էր անել նաև Իրանը: «Թոմահավկ» օպերացիան դեռ չէր սկսվել, երբ Թուրքիան պաշտպանեց Ամերիկայի այդ «նախաձեռնությունը», Ռուսաստանից դարձյալ երես թեքեց ու համայն աշխարհին ցույց տվեց իր իրական դեմքերից մեկը: Թուրքիայի պարագայում միշտ էլ ճշմարիտ ու կիրառելի կլինի Տիրոջ խոսքը. «տՐպՋՊպ վպՋպսՌ տՐՏտՏպՑ տպՑցւ, ՏՑՐպփպՔՖրÿ ՏՑ Ծպվÿ ՑՐՌՋՊօ»։ Մեջբերումը կատարեցի ռուսերեն միայն մեկ պատճառով, որ ռուսները ի վերջո հասկանան, թե ում հետ գործ ունեն։ Հենց ռուսները հասկանան, մենք դրա կարիքը չունենք, որովհետև լավ ենք հասկացել ու մեր մաշկի վրա ենք զգացել, թե ինչ ասել է թուրք լինել։ Ցավոք, մեզանում դեռ կան մարդիկ, նույնիսկ քաղաքական գործիչներ, որոնք դեռևս լավ չեն ընկալել այդ երևույթի բնույթն ու դրա տակ թաքնված վտանգները: Նկատի ունեմ հայ լիբերալների այն նոր միջնախավի նորագույն գաղափարները, թե Թուրքիան այլևս 1915-ի Թուրքիան չէ, դարձել է ժամանակակից դեմոկրատիայի ու մարդասիրության օրինակելի օրրաններից մեկը: Ռուսները պարտավոր են տեսնել, ճանաչել ու լավ հիշել այդ դեմքը, նաև Ադրբեջանինը, Ղազախստանինը, և կարևոր եզրահանգումներ կատարել, որովհետև այստեղ ազգային անվտանգության խնդիր կա ինչպես ռուսների, այնպես էլ հայերիս համար, որովհետև թուրքական պատմությունները կրկնվելու սովորություն ունեն: Ի դեպ, միայն վերջին մեկ տարում Թուրքիան հասցրեց մի քանի անգամ ուրանալ Ռուսաստանին՝ դաշնակից-դաշնակից ու թշնամի-թշնամի խաղալով:


Աշխարհաքաղաքական ներկա զարգացումները ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամենուր ընթանալու են լարվածության խորացման ուղղությամբ։ Դրա համար կան օբյեկտիվ ու սուբյեկտիվ բոլոր պատճառները. արդյունաբերության զարգացում, առևտրի կազմակերպում, մարդկանց կենսապահովում, ահաբեկչության դեմ պայքար, բնական ռեսուրսների, առաջին հերթին էներգառեսուրսների, համար մղվող անզիջում պայքար։ Թվարկած առկա խնդիրների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկայում ականատես կլինենք առաջին էշելոնի երկրների` Ռուսաստանի, Ամերիկայի ու Չինաստանի գլոբալ բախմանը, որի շուրջ տեղի կունենա աշխարհի մյուս մեծ ու փոքր պետությունների բևեռացման պրոցեսը: Ի դեպ, արձանագրենք. հատկանշական էր այն հանգամանքը, որ Սիրիային աննախադեպ հրթիռային հարված հասցվեց այն պահին, երբ պաշտոնական այցով Ամերիկայում էր գտնվում Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը։ Վերջինիս համար ստեղծվեց քաղաքական պատանդի յուրահատուկ կարգավիճակ. մեսիջն այսպիսին էր` մենք ռուսներին խփում ենք, Չինաստանն ո՞ւմ հետ է, ի՞նչ ասելիք ունի: Սա ծայրահեղ ռիսկի կամ վաբանկ գնալու սովորական գործելաոճ է, որ հատուկ է ֆինանսական մեծ հաջողությունների հասած գործարարներին, ինչպիսին է Ամերիկայի նախագահ Թրամփը:
Ատոմային զենքի մեծ արսենալ ունեցող Ռուսաստանի նյարդերի հետ այդպես խաղալ չի կարելի, ամեն ինչ հնարավոր է... աշխարհը կարող է կանգնել իրական պատերազմի ու անխուսափելի կործանման վտանգի առաջ:


Մի պահ պատկերացնենք` ի՞նչ կստացվեր, եթե «Թոմահավկ» հրթիռներից մեկը պայթեր արձակման պահին ու ամերիկյան ռազմանավից ոչինչ չմնար՝ առանց արտաքին ուժերի ազդեցության: Այդպիսի իրական մի դեպք, օրինակ, տեղի ունեցավ 2000 թվականի օգոստոսի 12-ին Բարենցի ծովում, երբ բալիստիկ հրթիռի ուսումնական արձակման պահին կործանվեց ռուսական ստորջրյա ատոմային հրթիռային հածանավ Կ-141 «Կուրսկը»: Այդ թեմային կանդրադառնանք մեր հետագա քննարկումներում, բայց նշենք, որ կործանման առաջին պաշտոնական վարկածներից մեկն այն էր, որ հրթիռային հածանավի վրա հարձակում է իրականացրել անհայտ թշնամական սուզանավը: Իմ ելույթներից մեկում հերքել էի այդ վարկածի ճշմարտացիությունը, բայց ստեղծված իրավիճակում դա շատ ձեռնտու վարկած էր Ռուսաստանի համար, որովհետև համաշխարհային հանրության առաջ ցանկալի չէր ներկայանալ, որպես անհուսալի ռազմական տեխնիկա ունեցող երկիր, այնքան անհուսալի, որը կարող է ինքնուրույն կործանվել ու մասշտաբային աղետների պատճառ դառնալ:
Դրանից առաջ, 1989-ի ապրիլի 7-ին, Նորվեգական ծովում կործանվեց ԽՍՀՄ ստորջրյա նավատորմի հպարտությունը համարվող Կ-278 «Կոմսոմոլեց» ատոմային սուզանավը:
Ռազմական տեխնիկայի հուսալիության առումով լուրջ խնդիրներ կան և՛ Ռուսաստանում, և՛ Ամերիկայում, և՛ Չինաստանում, ամեն դեպքում ռազմական տեխնիկայի բարդությունը գնալով աճում է, որի պատճառով նվազում է հաշվարկային հուսալիությունը, որը հակադարձ կախվածություն ունի օգտագործված էլեմենտների թվից:


Ժամանակակից ռազմական տեխնիկայում օգտագործվող էլեմենտների թիվը գնալով աճում է, որ անխուսափելիորեն բերելու է դրանց հուսալիության նվազեցմանը՝ նաև անձնակազմի թույլ տված սխալներն ավելի հավանական դառնալու, մթնոլորտային ու բնական այլ անսպասելի իրադրությունների պատճառով: Ատոմային զենքի օգտագործման իրական վտանգները սկսվում են ռազմական բազաներում՝ արձակման պահերին ու վերջանում են, եթե հաջողություն լինի ու արձակված հրթիռը հասնի մինչև թիրախավորված երկրների տարածքները: Այնպես որ, ռազմական տեխնիկայի լայնամասշտաբ կիրառումը կարող է վտանգավոր ձեռնարկ դառնալ, առաջին հերթին, հարձակվող կողմի համար, իսկ թե ինչ կլինի մյուս երկրների համար, դժվար է պատկերացնել ու նախօրոք գուշակել, բայց, ամեն դեպքում, մենք՝ հայերս, պետք է միշտ պատրաստ լինենք:
Հարց՝ իսկ ի՞նչ կարող է անել փոքրիկ Հայաստանը, եթե, Աստված մի արասցե, օրերից մի օր աշխարհն իրարով խառնվի, ու բոլորս հայտնվենք համաշխարհային 3-րդ պատերազմի թատերաբեմի հարևանությամբ:


Մեր կարևորագույն խնդիրը մեկն է. արագորեն համախմբվել, բռունցքվել ու դիմակայել արտաքին ուժերին, թույլ չտալ, որ մեր ոխերիմ թշնամիների համար Հայաստանի վրայով անցնելը թեթև զբոսանք դառնա: Մենք պարտավոր ենք հզորանալ բոլոր միջոցներով։ Նաև` տնտեսապես։
(շարունակելի)


Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 5140

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ