Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նամակներ Նոր Ջուղայից-4

Նամակներ Նոր Ջուղայից-4
21.04.2017 | 09:19

(սկիզբը` այստեղ)

ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՐԵՐԸ


Մարդկանց միջով մոտենում եմ հոգևոր առաջնորդին, ներկայանում և հարցազրույց խնդրում` իրեն հարմար ժամանակ:
Լայն ժպտում է և ասում.
-Պաշտոնական հարցազրույց` ոչ, բարեկամական զրույց` խնդրեմ:
Բավարարված մի կողմ եմ քաշվում, և այդ ժամանակ` իմանալով, որ Հայաստանից եմ, ինձ է մոտենում միջին տարիքի մի մարդ և վրա-վրա պարսկերեն ինչ-որ բան ասում: Թարգմանում են, ու պարզվում է, որ գուրջի է` դարեր առաջ իսլամացած վրացի, որը հիմա խոսում է հայ-վրացական բարիդրացիության մասին: Առջևս հառնում է Առաքել Դավրիժեցին, մտաբերում եմ չորս դար առաջ գուրջիների հալածանքները հայերիս նկատմամբ և աշխատում րոպե առաջ ձերբազատվել այդ մարդուց: Արածս, անշուշտ, մանկամտություն էր, բայց ինձ հաղթահարել չկարողացա:

Օրվա երկրորդ կեսին անցնում եմ Վերգինե Միրզախանյանի առաջնորդության ներքո: Նրա ուղեկցությամբ այցելում ենք մի քանի ազգապատկան հաստատություններ:
Եթե Նոր Ջուղան կղզի է Սպահանում, ապա «Արարատ» մարզամշակութային միությունը կղզյակ է կղզում: Լայնատարած, բարեշեն տարածքի մուտքի վրա պարսկերեն գրություն ունի. «Մուտքը միայն հայերի համար»: Միությունը, որի արտոնատերը Պատգամավորական ժողովի ատենապետ, Հ. Յ. Դաշնակցության հեղինակավոր գործիչ, գրքերի ու հրապարակախոսական հոդվածների հեղինակ Պարույր Օհանյանն է, հիմնվել է 1955-ին: ՈՒնի ավելի քան 600 անդամ, որոնք ընդգրկված են երեցների, մարզական, մշակութային, ուսանողական, սկաուտական մասնաճյուղերում: Հատկապես տպավորիչ էին բասկետբոլի մարզադահլիճը, համերգասրահը, ֆուտբոլի խաղադաշտը: Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները համայնքի կրթամշակութային, մարզական պահանջմունքները, ազատ ժամանակը տնօրինելու համար:
Խոջա Նազարի պողոտայի վրա է գտնվում «Հայ կանանց գթության միությունը»: Այս հաստատությունը` այլ անվանումներով և գործառույթներով, հիմնվել է դեռևս 1915 թ., բայց նոր շունչ առավ, երբ մի բարեգութ կին` Մարգարիտ Խաչանյանը, 1972 թ. համայնքին նվիրաբերեց 816 քմ իր տարածքը: Այստեղ ամենայն հոգատարությամբ ու գուրգուրանքով ապրում են 19 զառամյալ տիկնայք և անչար մի խենթավուն տղամարդ, որը ձեռքս բաց չէր թողնում` ասելով. «Բարևձեզինչպեսեքլավեքբարևձեզ»…


Հասնում ենք Փոքր Մեյդան թաղամաս, ուր Հաքիմ Նեզամի պողոտայի վրա գտնվում է Սբ Գևորգ եկեղեցին: Հնում եկեղեցու փողոցը կոչվել է Ղարիբենց, եկեղեցին` «Ղարիբենց ժամ», ինչպես նաև «Մեծ Խոջենց եկեղեցի»: Մեծ Խոջենց, որովհետև 1611 թ. եկեղեցին կառուցել է խոջա Նազարը: Այն, ինչ տեսնում եմ, պարզապես ցնցող է: Այստեղ են գտնվում Սբ Էջմիածնի երեք քարերը` ծանրումեծ սյունապատվանդանները… Ձեռք եմ տալիս դրանց և, ասես, հպվում Պատմությանը:
Շարադրանքս շարունակեմ Առաքել Դավրիժեցու «ուղեկցությամբ»:

Պարսկաստան քշված հայերը չէին ցանկանում հիմնավորվել և հարմար առիթի էին սպասում հայրենիք վերադառնալու համար։
Ավանդության համաձայն, Շահ Աբասը` հագուստն ու կերպարանքը փոխելով, հաճախ շրջում էր ժողովրդի մեջ և հատկապես հայերին ասում. «Շահը հոգատար է հայ ազգի նկատմամբ, նրանց բոլոր գործերն ու խոսքերը ըստ հայերի կամքի է անում, բայց վերջիններս ջերմ ու հոժար չեն մնալու Սպահան երկրում, չէ որ սա շեն երկիր է և թիկունքային, իսկ Հայաստանը սահման է ու թշնամու բերան, միշտ ավար ու գերություն է սպառնում թուրքերի կողմից»։ Նման հորդորներին հայերը պատասխանում էին, թե Հայոց աշխարհում ամեն բարիքների լիություն է, առատություն ու էժանություն, իսկ այստեղ սղություն է ու թանկություն։ Բացի այդ, այնտեղ են իրենց նախնիների գերեզմանները, վանքերն ու սրբերի դամբարանները, մանավանդ մեծափառ Աթոռը՝ Սուրբ Էջմիածինը, որտեղ գտնվում է նաև Գրիգոր Լուսավորչի սուրբ Աջը։ ՈՒստի, «Եթե շահը կամենում է, որ հայոց ազգը Պարսից աշխարհում անխախտ մնա, նա պետք է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը Սպահան բերի և այնտեղ շինի նոր Էջմիածին, որ մեռոնօրհնեք լինի, և այնտեղ կաթողիկոս նստի, որ հայ ազգն այնտեղ կայունանա, մնա, որովհետև Աջի և Էջմիածնի հետ հայոց ողջ ազգն է կապված»։ Սա պատճառ է դառնում, որպեսզի Շահ Աբասը մտադրվի քանդել Սուրբ Էջմիածինը, վերացնել այնտեղի կաթողիկոսությունը, Լուսավորչի Աջն ու Մայր տաճարի հիմնաքարերը բերել Սպահան և այնտեղ շինել նոր Էջմիածին, որը պիտի դառնար կաթողիկոսի նստավայրը։ Այդ նպատակի համար շահը նույնիսկ տեղ է հատկացնում։


Մի անգամ Շահ Աբասը գնում է նոր Էջմիածնի կառուցման վայրը` անձամբ դիտելու։ Նրան ուղեկցում էր նաև ջուղայեցիների քալանթար խոջա Սաֆարի եղբայր, շահի բարյացակամությունը վայելող խոջա Նազարը։ Շահը նրան ասում է. «Ձեզ համար այստեղ Էջմիածին եմ շինում, որպեսզի այն Էջմիածնի համար ձեր սրտերը` կարոտ քաշելով, չճմլվեն. կհրամայեմ՝ բազմաթիվ ուղտեր, ջորիներ, սայլեր գնան, որպեսզի այն Էջմիածնի քարը, հողը քանդեն, բերեն այստեղ, որ այն քարով, հողով շինվի այս Էջմիածինը, որպեսզի առանց որևէ երկմտության ձեր սրտերը կպչեն այս նոր շինվածքին»։ Խոջա Նազարը, բնականաբար, չէր ցանկանում Սուրբ Էջմիածնի քանդումը և այսպես է պատասխանում. «Թագավորը ողջ մնա, եթե քո կամքն ուզի գեղեցիկ ու հաստատուն Էջմիածին շինել, կարող ես արծաթից ու ոսկուց շինել, ոչ թե քարից։ Ի՞նչ հարկ կա քարի ու հողի համար այդքան տառապանք կրել ու այդքան ծախս անել դրա վրա, հեռու և օտար աշխարհից քար ու հող բերել։ Այս աշխարհի քարն էլ, հողն էլ և՛ բավական են, և՛ լավ, եթե կամենում ես շինել, սրանցով շինիր, և մեզ ընդունելի է»:
Երբ Շահ Աբասը որոշում է քանդել ու տեղափոխել Էջմիածնի տաճարի քարերը, լուրը հասնում է հայ հոգևորականությանը, որոնք այդ վտանգից խուսափելու համար օգտվում են Պարսկաստանում ընդունված հնամենի սովորությունից, ըստ որի՝ շահի պատկերը կրող ոչ մի շինություն ենթակա չէր ավերման։ Արդյունքում, իբր մեկ գիշերվա ընթացքում քարագործ վարպետները շահի դիմապատկերը քանդակում են Մայր տաճարի պատին և փրկում վանքը:
Շահ Աբասն առժամանակ հետաձգում է իր մտադրության իրագործումը, բայց չի հրաժարվում պատեհ առիթի դեպքում այն իրականացնելու ցանկությունից։ Իսկ առիթը չուշացավ, ինչպես Դավրիժեցին է վկայում, այդ գործում մեղքի մեծ բաժին ունեցան հայոց կաթողիկոսները։ Պատմիչը մասնավորապես գրում է. «…որովհետև Էջմիածնի քարերի ու Լուսավորչի Աջի Սպահան տանելու պատճառը նրանց (կաթողիկոսների) հակառակությունն էր»։ Այդ հակառակությանը ես հիմա չեմ անդրադառնա, բայց ասեմ, որ ավելի ամոթալի, զազրելի էջ դժվար է գտնել հայոց եկեղեցու բազմադարյա պատմության մեջ:
Շահ Աբասը հասավ նպատակին: Նա իր զորապետ Թահմազղուլի խանին գրավոր հրամայեց քանդել Մայր տաճարի հիմնաքարերը և Լուսավորչի Աջի հետ ուղարկել Սպահան: Մտածելով, որ քարերը քանդելը և ուղարկելը երկար ժամանակ կխլի, խանը, նախ, բանակում գտնվող Շահ Աբասին ուղարկեց Աջը, մի ոսկեկազմ ավետարան և մի արծաթե խաչ. «Շահը մեկ առ մեկ վերցնում էր ձեռքը և նայում սկզբում ավետարանը, ապա խաչը և հետո Լուսավորչի Աջը։ Եվ հարցնում էր, թե իրոք այս է, ապա համբուրելով Աջը վայր դրեց»։ Հետո հրամայեց դրանք տանել Նոր Ջուղա: «Երբ մոտեցան Սպահան քաղաքին, ողջ հայ ժողովուրդը, որ Սպահանում էր, որին և հրամայել էր շահը, խաչվառով, ավետարանով, խնկերով, մոմերով և երգով, երաժշտությամբ ընդառաջ ելան Լուսավորչի աջին և մեծ պատիվներով բերին խոջա Սաֆարի տունը ի հանգիստ սրբուհի Հռիփսիմեի նշխարների և այլ սրբությունների հետ, որ այնտեղ էին գտնվում»։


Պատմիչն ասում է. «Արդ՝ քարերի տանելու թվականը գտանք և գրեցինք, իսկ Լուսավորչի Աջի թվականը չգտանք, որի պատճառով չգրեցինք. այս էլ այսպես»։
Թահմազղուլին հիմնաքարերը տարավ 1614 թ.: Դրանք էին` բեմի վեմ քարը սյունով, Իջման տեղի քարը, մեկական քար հյուսիսային և հարավային աստիճաններից, չորս քարեր Մայր տաճարի չորս անկյուններից, երկու քարե մեծ աշտանակներ և սեղանի սալահատակից երեք քար, ընդամենը` 15 քար: Մեկ տարի անց «ավարը» հասավ Նոր Ջուղա, և պատմիչը վկայում է. «Քարերը բերելու ժամանակ, երբ մոտեցան Ջուղային, առաջվա պես բոլոր եկեղեցականներն ու աշխարհականները խաչով, ավետարանով, խունկերով ու մոմերով, հոգևոր երգերով բերին, դրին Խոջենց եկեղեցին, որտեղ մինչև այսօր մնում են»։
Անհերքելի իրողություն է` հայերս այնքան «համբերատար» ենք, մինչև բանը բանից անցնի, դանակը հասնի ոսկորին, ապա միայն համախմբվենք և ծնենք անհատներ, որոնք կուսեն մեր հավաքական թուլամտության հետևանքները վերացնելը:


Այդպիսի անհատ էր Փիլիպոս Ա Աղբակեցին, ով հայոց հովվապետական աթոռակալ դարձավ 1633-ին: Նախ, նա ձեռնարկեց օտար նվաճողների և սեփական ապիկարների ավերները վերականգնելը: Ապա Էջմիածնում շինարարական գործերն ավարտելուց հետո, 1637 թ. ճանապարհվեց Սպահան` Լուսավորչի Աջը Էջմիածին վերադարձնելու առաքելությամբ։ Այստեղ Փիլիպոս կաթողիկոսը դիմեց ջուղայեցիներին, մանավանդ այդ ժամանակվա քալանթար խոջա Նազարին խնդրեց-աղաչեց, որ Լուսավորչի Աջը տան իրեն՝ Սուրբ Էջմիածնում իր տեղը դնելու համար։ Բայց ջուղայեցիները հակադարձեցին կաթողիկոսին, թե` օտար երկրում և տարբեր ազգերի, մանավանդ «նենգաժետ և օտարաբարո պարսից ազգի մեջ ենք բնակվում» և որևէ հնար չունենք հաստատ պահելու մեր հավատը՝ ո՛չ վանքեր, ո՛չ ուխտատեղիներ, ո՛չ քրիստոնյա սրբերի մասունքներ կամ հայրերի ու պապերի դամբարաններ, այլ միայն այս Սուրբ Աջն է, որի հրաշքները տեսնելով՝ հաստատ կմնանք քրիստոնյա հավատին։ «Իսկ եթե սա էլ տանեք, էլ ինչով մխիթարվենք այս երկրի պանդխտության մեջ, որում գտնվում ենք»։ Բացի այդ, կաթողիկոսի խնդրանքը մերժելու այլ պատճառներ էլ բերեցին. «Սուրբ Լուսավորչի այս Աջը, որ դու մեզնից խնդրում ես, պարսից արքան բերել, հանձնել է մեզ, իսկ մենք ինչպե՞ս կարող ենք սա քեզ տալ առանց թագավորական հրամանի, երբ վախենում ենք թագավորական պատժից և մատնիչների նենգությունից»։


Սակայն Փիլիպոս կաթողիկոսը չհանձնվեց, սկուտեղը լցնելով ոսկի դահեկաններով՝ դիմեց Շահ Սեֆիին, նրանից խնդրելով Աջը վերադարձնելու հրաման։ Շահը կատարեց նրա խնդրանքը և թագավորական կնիքով հրովարտակ տվեց։
Երբ կաթողիկոսը շահի հրամանը բերեց խոջա Սաֆարի թոռների մոտ, սրանք սկզբում մերժեցին, բայց վախենալով հայրապետի սրբությունից, անեծքի սպառնալիքից, ինչպես նաև շահի զայրույթից, վերջապես զիջեցին։ Կաթողիկոսը քահանաների ուղեկցությամբ գնաց խոջա Սաֆարի տուն և Լուսավորչի Աջը բերեց Խոջենց եկեղեցի։
Այդ լուրն առնելով, ջուղայեցիները հավաքվեցին և ընդդիմացան Աջը տեղափոխելու գործին։ Այս պահից սկսվում է մի իսկական դետեկտիվ պատմություն: Խոջենց եկեղեցուց Աջը գաղտագողի հանում են, բերում Սբ Ամենափրկիչ վանք, իսկ այնտեղից գիշերով նույնպես գաղտնի հասցնում երևանցոց թաղ:


Հաջորդ օրը կաթողիկոսը ճանապարհ է ընկնում: Աջը հասցնում են Բրինջլու իջևանատուն, ուր հավաքվում էին Արարատյան երկիր մեկնող ճանապարհորդներն ու մաքս վճարող վաճառականները։ Այստեղ փնտրելով գտնում են Մարգարա անունով մի վստահելի վաճառականի, որը Գողթան գավառի Ցղնա գյուղից էր։ Վերջինս Աջը թաքցնում է իր բեռների մեջ, ջուղայեցիներից գաղտնի հասցնում Թավրիզ։ Թավրիզ է հասնում նաև Փիլիպոս հայրապետը։ Մարգարայից վերցնելով Աջը՝ բերում-հասցնում է Էջմիածին և դնում իր նախնական տեղը: Դա տեղի ունեցավ 1638 թ. սեպտեմբերի 20-ին։
Եթե ես ունենայի ՈՒմբերտո Էկոյի տաղանդը, ապա այս ամենի մասին պատմական դետեկտիվ կգրեի: Հիմա ստիպված եմ բավարարվել Դավրիժեցու խոսքով. «Այս էլ այսպես»։
Հիշո՞ւմ եք, պատմիչն ասում էր, որ քարերը բերել են Խոջենց եկեղեցի` «բերին, դրին Խոջենց եկեղեցին, որտեղ մինչև այսօր մնում են»։ Այո, մնում են մինչև այսօր, և ես այդ եկեղեցում հպվում էի քարերից երեքին: Ի՞նչ եղան մյուս տասներկուսը` չգիտեմ:

Արդեն ուշ գիշեր է: Շնորհակալություն եմ հայտնում ու հրաժեշտ տալիս Վերգինեին: Ծանր օր էր, հոգնած-ջարդված մտնում եմ հյուրանոցի համար, ու քիչ անց զանգում է հեռախոսը: Նիկիտ Միրզայանցն է, որը հարցնում է. «Կտակի պատճենը ստացա՞ր»: Մոռացել էի, չէ, չէի ստացել:

(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Պատգամավորական ժողովի  ատենապետ Թաթուլ Օհանյան
  • «Հայ կանանց գթության միության»  նվիրատու Մարգարիտ Խաչանյան
Դիտվել է՝ 3614

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ