Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Երկրի հայելապատկերը Ծիծեռնակաբերդում

Երկրի հայելապատկերը Ծիծեռնակաբերդում
21.04.2017 | 09:25

ՆԱԽԵՐԳ


Հոգեկերտվածքով ավելի աշխարհիկ մարդիկ համոզված են, որ որևէ երկրի (ու նրա ժողովրդի) մասին կարծիք կազմելու համար նախ պետք է հյուրընկալվել նրանց հանրային արտաքնոցներում։ Ավելի հոգևոր հոգեխառնվածքի տեր մարդիկ էլ կասկած չունեն, որ երկրի (ու նրա ժողովրդի) քաղաքակրթական մակարդակը որոշվում է սրբավայրերի գոյակերպով։
Ընթերցողներս, կասկած չունեմ, համամիտ են և՛ առաջին, և՛ երկրորդ տեսակետներին։ Միանում եմ նրանց տեսակետներին և առաջարկում եմ ինձ հետ շրջել Ծիծեռնակաբերդում։ Երեք օր հետո Մեծ եղեռնի 102-րդ տարելիցն է։

ԱՆՏԵՐՈՒՆՉ ՊԱՀԱԿԱԿԵՏՆ ՈՒ ԻՆՔՆԱԲՈՒԽ ՃԱՀԻՃԸ


Հուշաբլրի հարավային մուտքը ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նստավայրի դրկիցն է։ Տասը տարի առաջ պահակակետ կառուցվեց Հրազդանի կիրճին զուգահեռ ձգվող Ծիծեռնակաբերդի գլխավոր ճանապարհի սկզբում։ Բնականաբար, պահակակետը պետք է պահպանի ճանապարհի մուտքը դեպի հուշաբլուր` ավտոմեքենաների ներխուժումից։ Բետոնե թմբեր դրվեցին ճամփուղու աջ և ձախ կողմերում, և դրանց միջև արգելապատնեշ խողովակ դրվեց։ Խողովակը վաղուց ջարդուխուրդվել է և հավասարվել գետնին։ Պահակակետը, սև-սրբատաշ տուֆով է կառուցվել, սակայն երբեք պահակի երես չի տեսել։ Անդուռ և անլուսամուտ այս շինությունը բուն կոչմանը չծառայելով` վերածվել է արտաքնոցի։ Զարմանալի է իրավիճակը հուշաբլրի հարավային դարպասի մոտ։ (Մեծ եղեռնի 100-րդ տարելիցից առաջ հուշաբլուրը ենթարկվեց դիմահարդարային նորոգման։ Բազմաթիվ շոկոլադագույն աղբամաններ տեղադրվեցին, հիմնադրվեցին երկգլուխ ցայտաղբյուրներ, մեկի գլուխը քիչ ցածր, մյուսինը` ավելի բարձր։ Հասկանալի է ցայտաղբյուրակերտների առաքելական մտահղացումը` ցայտաղբյուրները պետք է խորհրդանշեն Մեծ և Փոքր Մասիսները, Մեծ և Փոքր Հայքը և այլն)։ Ցայտաղբյուր է տեղադրվել նաև նշյալ պահակակետի հարևանությամբ, 100-րդ տարելիցից առաջ կառուցված հանրային զուգարանի առջև։ Հանրային այս զուգարանը տարին բոլոր փակ է։ Եվ այստեղ պախարակելի ոչինչ չկա, քանզի տարին բոլոր գրեթե անմարդաբնակ է Ծիծեռնակաբերդի այս հատվածը, հասկանալի պատճառով, չէ՞ որ այն հուշաբլրի հետնամուտքն է։ Բայց ինչո՞ւ է այստեղ մշտահոս և կարկաչաձայն ցայտաղբյուր տեղադրվել, անմեկնելի է։ Գուցե ցայտաղբյուրը մի աննախադեպ ձո՞ն է... ի նվիրումն անգործ պահակակետի և ակամա դասալիք արտաքնոցի։

Ճանապարհով առաջ եմ ընթանում։ Աջից և ձախից տեղ-տեղ աչքս են շոյում ծաղկած ծառերը, դրանք ծիրանենի են և բալենի։ Աչքս շոյվում է, բայց սա վաղանցուկ զմայլանք է, քանզի ավելի շատ աչքս խոցվում է տասնամյակներ առաջ չորացած ծառ ու թփով և մշտնջենական աղբի բլրակներով։ 2015-ի դիմահարդարային նորոգման ժամանակ հարդարվեցին հուշաբլրի տեսանելի հատվածները, որոնք, հասկանալի է, հասանելի են հանրապետության բարձրագույն ղեկավարությանը և երկրի բարձրաշխարհիկ հյուրերին։ Ըստ էության, 1991-1995-ականների «կանաչ եղեռնից» հետո Ծիծեռնակաբերդի հուշաբլուրը մատնված է կատարյալ անտերության։ Հարդարուն և կանաչազարդ է հուշաբլրի վերնահարթակում փառահեղաբար ամրագրված հրաշակերտ հուշակոթողի, նրան հարակից Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի և «Ակոռի» պանդոկ-ակումբի շրջակայքը։ Վերջինը միաժամանակ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության ժամանցային նստավայրն է։ Ինչ խոսք, հրաշալի է բուն հուշակոթողի շրջակայքի քաղաքակիրթ վիճակը։ Այն չքնաղ օազիս է անգեղ անապատում։ Ի վերջո, Ծիծեռնակաբերդ այցելող բարձրաստիճան հյուրերն ու բարձրաշխարհիկ պատվիրակությունները ժամանում են, ծաղկեպսակ են դնում հուշակոթողի անմար կրակի մոտ, կրակոտ մի քանի խոսք են արտասանում, հուշագիր են թողնում ինստիտուտ-թանգարանի սգոմատյանում, նաև անվանական ծառ են տնկում և հանգիստ խղճով հեռանում։ ՈՒրիշ ի՞նչ անեն։

Դեռ խորհրդային ժամանակափուլից հուշաբլրի մշտայցելուներիս քաջ ծանոթ էր դեպի Հրազդանի կիրճը խորացող փարթամ անտառում ցայտող աղբյուրը... Այն ինքնաշեն է, բարեսիրտ մեկի նվիրաբերումը զբոսասեր այցելուներին։ Ինքնաշեն աղբյուրի ջուրը հոսում է օրնիբուն, քիչ այն կողմ գոյացնելով գողտրիկ մի ճահիճ։ Ջուրը հոսում է օրնիբուն, իմա` տարին բոլոր։ Այնինչ, վաղուց է հայտնի, որ լուցկու հատիկի հաստությամբ ծորացող ջրաշիթը 24 ժամվա ընթացքում շուրջ 200 լիտր ջուր է տանում։ Որքա՞ն է մեկդյույմանոց խողովակով հոսող ջրի քանակը մեկ օրում և մեկ տարում։ Հնարավոր չէ՞ որևէ փական տեղադրելով էապես սահմանափակել քաղցրահամ և կենարար հայոց ջրի այս դաժան կորուստը։ Սակայն սա մեկ այլ քննության նյութ է։ Այսօր ակնհայտ է, որ համազգային նշանակության հուշաբլուրը մատնվել է ակնհայտ անտերության, տիրոջ (իմա` պետության) հոգատար ձեռքը տեսանելի է միայն հուշակոթողի, ինստիտուտ-թանգարանի և «Ակոռի» պանդոկի միջավայրում։
Այժմ տեղազննենք Ծիծեռնակաբերդը նրա գլխավոր մուտքից։

ՇԱՐԺԱԿԱՆ ՍՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԾԱՌԱԿՄԱԽՔՆԵՐԸ


Քնարական դադարի հարմար պահն է, «ՈՒրբաթօրյա հողմաղացն» ունկնդրում է բանաստեղծ Հրանտին Ալեքսանյան։ Միանանք նրան.
Իմ նախնիները խարտյաշ,
շիկահեր էին-
նման արտաքինը լավագույնս էր
սազում
հայկական գունեղ
բնապատկերին,
ուր Արարատի գրավիչ սիլուետը
հուշում է կրել առինքնող գույներ.
Բայց երբ արևելքից հորդաց սև
հեղեղը,
իմ նախնիները մուգ գույներ
հագան
սևաչ-սևահեր կերպարանք առան
վայրագին ի տես
(նմանությունը փոքր-ինչ մեղմում է գազանությունը)։
«Անեմոնիա» (հուշամարզություն)

Արդյո՞ք մեր խարտյաշ ու ազնվազարմ նախնիները իրենց սրբավայրերում օազիսներ են հիմնել և անտերության անապատներ ձևավորել դրանց շուրջը։ Դժվար թե։ Համենայն դեպս, պեղումները նման բաներ մեզ չեն հուշում։
Այժմ եկեք քայլենք «Հրազդան» կամրջով դեպի Ծիծեռնակաբերդ։ Կիրճահայաց լանջի վրա վաղո՜ւց չորացած բարդիների փայտե կմախքներն են վեր խոյանում հպարտ մենության մեջ, կարծես մարտահրավեր նետելով կամրջի և հուշաբլրի հանգույցում գործող «Հավանա» զվարճանքի կենտրոնին։ (Ինչո՞ւ «Հավանա»։ Մի՞թե հայաշունչ անունները շատ ավելի համահունչ չեն հնչի հուշաբլրի ստորոտում տեղակայված այս օբյեկտի անվանման մեջ։ Ասենք «Առաքելոց վանք», «Արածանի» և այլ։ Սակայն օտարահունչ անուններին և անվանումներին մենք կանդրադառնանք առաջիկա համարում)։ «Հավանայի» շրջակայքում էլ ամեն բան կոկիկ է, աչք է շոյում, և ակնհայտ է, որ այստեղ էլ զգացվում է տիրոջ հոգածությունը։ «Հավանայի» տարածքը ծիծեռնակաբերդյան երկրորդ օազիսն է։ «Հավանայի» պարսպից այն կողմ անտերության թագավորությունն է, ամենուր անխնամ ծառ ու թփեր են և «Կանաչ եղեռնի» հուշարթնացման համառ վկա կոճղերը։


Բավականին ուշագրավ է գլխավոր մուտքի պահպանությունը։ Երկար եմ խորհել. ի վերջո, ավտոմեքենաների մուտքը արգելվա՞ծ է, թե՞ ոչ։ Հանելուկ է։ Չորս կարճ և սև սյուներ են տեղադրված այստեղ, ենթադրելի է, որ դրանք, այնուամենայնիվ, պետք է ծառայեն որպես արգելանք։ Սյուները ամրացված են բետոնե հիմքի վրա։ Բայց մեկը դրանցից հանովի-դնովի է, ցանկացողը կարող է այն մի կողմ դնել և մեքենայով բարձրանալ դեպի Ծիծեռնակաբերդ։ Մեքենաներն այստեղ ամենուր են և օրնիբուն հերկում են դեպի հուշակոթող տանող ճանապարհներն ու ծառուղիները։

«Հրազդան» կամրջից հիանալի տեսարան է բացվում դեպի հուշաբլրի բարձունքը։ Տեսանելի են Մարզահամերգային համալիրը և վառ կարմիր ու գողտրիկ մի շինություն։ Հանրային երկրորդ արտաքնոցն է, որը գործում է դեպքից դեպք, ցեղասպանության ոգեկոչման օրերի ընթացքում։ Ողջ տարին այն փակ է, լի է տարատեսակ աղբով։

Ծիծեռնակաբերդի անտառը հիմնադրվել է 1949-ին, համաքաղաքային շարունակական ծառատունկ-շաբաթօրյակների ընթացքում։ Խորհրդային շրջափուլում գործում էր մի համեստ սրճարան, որտեղ վաճառվում էին ոչալկոհոլային խմիչք, գաթա և պաղպաղակ։ Մեքենաների մուտքը արգելված էր խստիվ։ Անտառն էլ, ինչ խոսք, խնամվում էր պետական հոգածությամբ։

ՎԵՐՋԵՐԳ


Գալիք երեք օրերին անհրաժեշտ է հուշաբլուրը ձերբազատել աղբից, չորացած ծառ ու թփից և թափառական շներից։ Եվ մի անկեղծ հորդոր երեք օր անց հուշակոթող այցելող ՀՀ ԱԺ-ի մանդատակիրներին` մտորեք և գալիք նստաշրջանում օրենք ընդունեք հայոց սրբավայրեր հավուր պատշաճի պահպանելու մասին։
Զինչե՜ր ցուցանեցին առակներն այս Աստծո գառներին և մոլորյալներին։ Ի՜նչ իմանամ։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Լուսանկարը` Հայկ ԱՆԱՆՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2470

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ