«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Նախարարները փոխվում են, նախարարության աշխատաոճը` ոչ»

«Նախարարները փոխվում են, նախարարության աշխատաոճը` ոչ»
21.04.2017 | 09:35

Քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տալու մշակույթի նախարարության առաջարկած մրցութային քաղաքականությունը դժգոհության մեծ ալիք բարձրացրեց և՛ հասարակության, և՛ մասնագետների շրջանում: Մինչ այժմ քարանձավագետները դժգոհում էին, որ երկար տարիներ մասնագետներին չի հաջողվում վարձակալել ու այդպիսով ավերումից փրկել հայաստանյան քարանձավները, քանի որ մշակույթի նախարարությունը ամենատարբեր ու ամենաանհեթեթ պատճառաբանություններով մերժում է ներկայացված նախագծերը: Ցավոտ այս թեմայի շուրջ զրուցեցինք «Ինկար» ՍՊԸ-ի ներկայացուցիչ ՍՄԲԱՏ ԴԱՎԹՅԱՆԻ հետ։ Մեզ մասնավորապես հետաքրքրում էր, թե մրցութային պայմաններն ինչով չեն բավարարում այս տարի, ինչ պահանջներ ունեն քարանձավագետները:

-Մինչ Ձեր հարցին պատասխանելը նշեմ, որ Մագիլի քարանձավը վարձակալության տրամադրելու նպատակով իրականացվել է երեք մրցույթ՝ 2014, 2016 և 2017 թվերին: 2014-ի մրցույթին կանդրադառնամ առանձին,- մանրամասնում է Սմբատ Դավթյանը:- Ստորև կվերլուծեմ 2017-ի պահանջները` համեմատելով 2016-ի պահանջների հետ: Ըստ էության, մրցութային փաթեթում միայն պահանջներ են, այն էլ այնպիսիք, որ խոչընդոտում են տեղական մասնագիտական կազմակերպությունների առանձին մասնակցությունը: Եթե համեմատում ենք նախորդ տարվա մրցույթի փաթեթի հետ, ապա այս տարվա փաթեթում անհեթեթություններն ավելի են շատացրել ու բազմազան դարձրել: Սկսեմ ֆինանսական պայմաններից: Անտրամաբանական այնպիսի պայմաններ են առաջարկվել, որ ես, համապատասխան ֆինանսական միջոցներ ունենալով հանդերձ, չեմ կարող մասնակցել այդ մրցույթին, քանի որ պահանջվող գումարը պետք է վաստակած լինեմ վերջին երեք տարիներին: Ինչպես ես, այնպես էլ այն մասնագետները, ովքեր իրենց կազմակերպությունը բացել են մրցույթի վերաբերյալ հայտարարությունը լսելուց հետո կամ սեփական ֆինանսական միջոցներ են ձեռք բերել իրենց գույքի գրավադրման միջոցով, չեն կարող մասնակցել հիշյալ մրցույթին: Ի դեպ, նման պայմաններ չկային անցած տարվա մրցույթում: Պարզից էլ պարզ է. այս կետի շնորհիվ միանգամից մրցակցային դաշտը «մաքրվում» է իսկական մասնագետներից, և գործը քարանձավի օգտագործման ծրագրի քննարկմանն անգամ չի հասնում:
Երկրորդը մասնագետներին վերաբերող կետն է: Տեսեք, ինչ է ստացվում. ներկայացվում է մասնագետների ցանկ, որոնք պետք է մասնակցեն քարանձավների օգտագործման ծրագրերը կազմելու աշխատանքներին: Նշեմ, որ այս պահանջը 2016 թ. մրցութային փաթեթում չկար: Սա նորամուծություն է, որը, ըստ էության, ոչնչով չի բարելավում մրցույթի որակը: Դուք կարող եք ցանկացած հայտնի մասնագետի հետ կնքել պայմանագիր, իսկ հաղթելուց հետո նրան հեռացնել: Ի՞նչ է՝ մշակույթի նախարարությունը չեղյա՞լ է համարելու մրցույթի արդյունքները, թե՞ միջամտելու է ձեր կազմակերպության աշխատանքներին: Կամ ո՞ւմ ինչ գործն է, թե ես ինչ որակի մասնագետներ կընդունեմ աշխատանքի, կարևորը արդյունքն է, այսինքն` քարանձավի օգտագործման ծրագիրը: Իսկ ծրագիրը ո՞վ կկազմի՝ խնդրին լավատեղյակ 1-ին կուրսի ուսանո՞ղը, թե՞ դոկտորի կոչում ունեցողը, որը անգամ չգիտի էլ, թե ինչ է քարանձավը:
Քանի որ խոսվեց քարանձավի օգտագործման ծրագրի մասին, ներկայացնեմ նաև դրան առնչվող խնդիրը. ՀՀ կառավարության 2015 թ. դեկտեմբերի 10-ի թիվ 54-30 արձանագրային որոշման մեջ գրված է, որ հայտարարվող մրցույթում չափանիշ է քարանձավի օգտագործման ծրագիրը: Սակայն հայտ կազմողները մի կողմ են դրել կառավարության որոշման այդ կետը, առաջ են քաշել, այսպես կոչված, «ներդրումային ծրագիր» հասկացությունը, որում ներառել են այնպիսի կետեր, որոնք որևէ առնչություն չունեն քարանձավի օգտագործման հետ: Այսպես, օրինակ, գրում են առցանց դիտարկման, համայնքի ներգրավվածության, բացվող աշխատատեղերի քանակի, վիրտուալ տուրերի և այլ պահանջների մասին, որոնք ստուգման ենթակա չեն։ Ասել է` կարող ես ներառել (խոստանալ, որ կիրականացնես) ծրագրում, սակայն հետագայում չիրականացնել: Ընդ որում, պարզ էլ չէ, թե այդ կետերն ինչպես պետք է ազդեն մրցույթի արդյունքների վրա: Նշեմ, որ 2016 թ. ծրագիրը ներկայացվել է ճիշտ անվանումով՝ քարանձավի օգտագործման ծրագիր, իսկ 2017 թ. այն արդեն դարձել է ներդրումային ծրագիր:
Չորրորդ խնդիրն առնչվում է ծրագրի կազմման չափորոշիչներին: Քանի որ դրանք սահմանված չեն, ապա սուբյեկտիվ գործոնի դերը մեծ է, անկախ այն հանգամանքից, որ ներկայացված ծրագրերը քննարկվելու են մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովում: Իսկ հետաքրքիր է, այդ հանձնաժողովում կա՞ն քարանձավագետներ կամ այնպիսի մասնագետներ, որ ծանոթ են քարանձավների օգտագործման միջազգային փորձին կամ ոլորտում առկա նորմատիվային փաստաթղթերին: Որքան տեղեկացված եմ, նման մասնագետներ նախարարությունում չկան: Կարծում եմ` ներկայացված այս խնդիրները բավական են, որ մերժվի նման պայմաններով և պահանջներով մրցույթի անցկացումը:
-Զբոսաշրջության նպատակով քարանձավներն օգտագործման հանձնելու հարցը նախարարությունը քննարկել է համապատասխան կառույցների ու մասնագետների հետ: Մի՞թե քննարկման մասնակիցները չեն նկատել բացթողումները։ Իսկ գուցե նրանց դիտողություններն ու առաջարկները հաշվի չի առել նախարարությո՞ւնը:
-Ես տեղյակ եմ, որ մի քանի անգամ քարանձավագիտության ոլորտի մասնագետները (Ս. Շահինյան, Բ. Գասպարյան, Հ. Բաղդասարյան), որոնք փորձագիտական մակարդակով տիրապետում են խնդրին, մասնակցել են քննարկումներին և պայմանավորվածություն են ձեռք բերել, որ հայտի փաթեթի վերջնական տարբերակը մինչ մշակույթի նախարարի հաստատմանը ներկայացնելը համաձայնեցվի իրենց հետ: Ընդ որում` թե՛ Գասպարյանի, թե՛ Շահինյանի ներկայացրած դիտողությունները և առաջարկությունները կազմել են մի քանի էջ, որոնք, ըստ էության, անտեսել են հայտ կազմողները։ Ավելի ճիշտ` հաշվի չեն առել: Այսպիսով, իրականում տեղի է ունեցել շոու, իրենց անհրաժեշտը ներկայացվել է իբր բոլորի հավանությանն արժանացած փաստաթուղթ: Թե իրականում ինչո՞ւ փաթեթը չի համաձայնեցվել մասնագետների հետ, այդ մասին հավանաբար կասեն փաթեթ կազմողները:
-Մտահոգության տեղիք է տվել հատկապես Թռչունների քարանձավի ճակատագիրը` վարձակալության դեպքում:
Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն իր հայտարարության մեջ նշել է, որ շուրջ երկամսյա քննարկումների ընթացքում մասնագետները քարանձավներն օգտագործման հանձնելու վերաբերյալ մտահոգություն չեն հայտնել. միայն հանձնման պայմանների վերաբերյալ են առաջարկություններ արել:
-Բանն էլ հենց այն է, որ օգտագործման հանձնման պայմանները, այդ թվում` օգտագործման նկատմամբ սահմանափակումները, պետք է ներկայացվեն համապատասխան չափորոշիչներով: Այդ չափորոշիչների ներկայացման անհրաժեշտության մասին է խոսվել ՀՀ վարչապետի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի 2016 թ. օգոստոսի 19-ի Եղեգնաձորի արտագնա նիստում (նիստը վարում էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Մելքոնյանը), որտեղ Բ. Գասպարյանը հանգամանալից ներկայացրել է Թռչունների քարանձավի (Արենի-1) առանձնահատկությունը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Թռչունների քարանձավում պեղումները դեռևս երկար տարիներ կշարունակվեն, Բ. Գասպարյանը առաջարկեց, որ քարանձավի ստորին հատվածում՝ մուտքի մոտ, կառուցվի թանգարան՝ գինու ստացման համալիրի պատճենի ցուցադրումով: Առաջարկն ընդունվեց, և տարօրինակը ոչ միայն այն է, որ այս պահանջները տեղ չեն գտել մրցույթի պայմաններում, այլև հետագայում Բ. Գասպարյանի ներկայացրած կարծիքն էլ հաշվի չի առնվել:
-Մրցույթին կարող են մասնակցել նաև օտարերկրյա իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը։ Առաջարկվող պայմանները, ըստ ամենայնի, թույլ չեն տալիս բիզնես օբյեկտի վերածել քարանձավը: Այդ դեպքում ինչո՞վ են հետաքրքիր քարանձավները ոչ մասնագետներին:
-Կարծում եմ` մրցույթի պայմանները նպատակաուղղված են նրան, որ դրանք իսկապես վերածվեն դասական բիզնես օբյեկտների: Մինդեռ մեր պահանջն այն է, որ այդ քարանձավները դառնան ճանաչողական զբոսաշրջության օբյեկտներ, ոչ թե վերածվեն քեֆ-ուրախության վայրերի: Նման օբյեկտների համար միջազգային անձավագիտական և բնապահպանական կազմակերպությունները սահմանել են համապատասխան նորմատիվային փաստաթղթեր, որտեղ ներկայացվել են պահանջներ դրանց օգտագործման նկատմամբ: Քանի որ մրցույթի փաթեթում պակասում են նման պահանջները, ապա ցանկացած տնտեսավարող կարող է այդ քարանձավը տնօրինել այնպես, ինչպես թույլ են տալիս իր ճաշակն ու աշխարհայացքը: ՈՒ ոչ ոք էլ չի կարողանալու բռնել նրա ձեռքը:
-Հնարավոր չէ՞ քարանձավները պահպանել, գիտական ուսումնասիրություններ անել, հարկ եղած դեպքում նաև զբոսաշրջիկների այց ապահովել պետական մակարդակով, առանց բիզնես ծրագրերի, քարանձավը վարձակալելու անհաջող փորձերի:
-Տեսեք, պետությունը, հանձին մշակույթի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, իրականացնում է նաև այդ քարանձավների պահպանությունը: Նման պահպանության արդյունքը տեսանելի է բոլորին՝ ավերված կարստային գոյացություններ, մշակութային փորփրված շերտեր, աղբավայրի վերածված սրահներ և այլն: Քարանձավների պահպանության խնդիրը լրջագույն հարց է նաև արտասահմանյան երկրների համար: Անգամ 24-ժամյա ծառայության կազմակերպումը զինված պահակների միջոցով այդ խնդիրը չի լուծում: Այդ պատճառով է, որ տարբեր երկրներում դրանք (ինչպես նաև բնական և մշակութային ժառանգության շատ այլ օբյեկտներ) հանձնվում են օգտագործման տարբեր սուբյեկտների, որոնց առջև խնդիր է դրված՝ օգտագործման եղանակով հայթայթել ֆինանսական միջոցներ և կազմակերպել դրանց պահպանությունն ու պաշտպանությունը: Մեր պարագայում նույնպես պետությունը չի կարող նման բեռ վերցնել իր վրա՝ անընդհատ նվազող ֆինանսական հոսքերի պայմաններում. երկիրն այդ ֆինանսական միջոցները ծախսելու այլ, շատ ավելի կարևոր տեղեր ունի:
Այս ամենից զատ կուզեի նշել նաև մի այլ կարևոր հանգամանք. քարանձավները, գիտնականներից բացի, պետք է ծառայեն հանրության բոլոր շերտերին՝ անկախ տարիքից ու մասնագիտությունից: Նույնիսկ մեկանգամյա այցելությունը քարանձավների ֆանտաստիկ աշխարհ մարդկանց մեջ անջնջելի տպավորություններ է թողնում: Այցելությունները առաջացնում են հետաքրքրություն՝ ծանոթանալու իր երկրի աշխարհագրությանը և պատմությանը, որն էլ իր հերթին կրթում և դաստիարակում է մարդկանց:
-Բնապահպանները մտավախություն ունեն, որ Մագիլի քարանձավից էնդեմիկ չղջիկներին (որոնք հայտնվել են Կարմիր գրքում, և օրենքով է սահմանված նրանց պահպանությունը) տեղափոխելու են այլ վայր` տվյալ քարանձավում զբոսաշրջություն զարգացնելու համար: Եթե չեմ սխալվում, Ձեր նախագծերից մեկը նախկին նախարարը մերժել էր հենց չղջիկներին չվնասելո՞ւ պատճառաբանությամբ:
-Ոչ ոք որևէ չղջիկի չի պատրաստվում տեղահանելու: Եվ որպեսզի չղջիկներին որևէ վտանգ չսպառնա, շահագրգիռ միջազգային տարբեր կազմակերպություններ՝ Զբոսաշրջային քարանձավների միջազգային միությունը (ISCA), Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN) և Անձավագիտության համաշխարհային միությունը (UIS), ընդունել են նորմատիվային փաստաթղթեր (ցուցումներ, կարգեր, հրահանգներ, ուղեցույցներ և այլն), որոնց հիման վրա էլ դրանք վերածվում են էքսկուրսիոն քարանձավների: Այդպիսի նորմատիվային փաստաթղթեր են հետևյալները (ցավոք, դրանք հայտնի են միայն անգլերեն տարբերակներով) ՝ Guidelines for Cave and Karst protection, ISCA management guidelines, Agreement on the Conservation of Populations of European Bats, EUROBATS, Recommended international guidelines for the development and management of show caves: Նման նորմատիվների պահպանումով է, որ ներկայումս աշխարհի ավելի քան 120 երկրներում գործում են 1400 զբոսաշրջային քարանձավներ: Անգամ «ամենականաչ» օրենսդրություն ունեցող երկրներում (ինչպիսիք են Գերմանիան, Շվեյցարիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Ճապոնիան, ԱՄՆ-ը, Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան և այլն) կան տասնյակ քարանձավներ, որտեղ ապաստանում են ոչ թե Կարմիր գրքում գրանցված մի քանի տեսակներ, այլ տասնյակ տեսակներ, ոչ թե մի քանի հարյուր, այլ տասնյակ հազարավոր, անգամ միլիոնավոր չղջիկներ։ Սակայն հիշյալ հանգամանքը չի խանգարում այդ քարանձավներն օգտագործելուն զբոսաշրջության ոլորտում: Մեր կազմած Մագիլի քարանձավի օգտագործման ծրագրում, որը մշակվել է վերոհիշյալ միջազգային կազմակերպությունների ընդունած փաստաթղթերի պահանջների համաձայն, ռիսկի բոլոր գործոնները հասցված են նվազագույնի:
Ինչ վերաբերում է մշակույթի նախկին նախարարի դիրքորոշմանը, մի քիչ այլ բան էր տեղի ունեցել: Պարզաբանեմ. Մագիլի քարանձավի ոդիսականը սկսվել է դեռևս 10 տարի առաջ՝ 2007-ի սեպտեմբերին, երբ մենք քարանձավը վարձակալելու նպատակով դիմեցինք մշակույթի նախարարին: Եվ ինչպես բնորոշ է այդ նախարարությանը, սկսվեց «կռուտիտների» տարիներ տևող մի ժամանակաշրջան: Ինչ անհեթեթ պատճառաբանություն ասես, որ չեն ներկայացրել, ընդ որում, դրանցից շատերի վերաբերյալ համապատասխան հոդվածներ կան ՀՀ վարչական իրավախախտումների, անգամ քրեական օրենսգրքերում: Նշեմ, որ գործող օրենսդրությունը թույլ էր տալիս առանց մրցույթ հայտարարելու քարանձավը տրամադրել վարձակալության, եթե վարձակալը ներկայացնում էր պահանջվող փաստաթղթերը: Սակայն պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո էլ մշակույթի նախարարությունը դրժեց իր խոստումը և քարանձավը վարձակալության չտրամադրեց: Այդ ամենաթողությունը անվերջ չէր կարող շարունակվել, և մշակույթի նախարարությունը ստիպված եղավ մրցույթ հայտարարել: Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին 2015-ի մայիսին: Ինչպես միշտ, մշակույթի նախարարությունն «իր բարձրության վրա» էր՝ չեղյալ համարեց բնապահպանական փորձաքննության վերաբերյալ բնապահպանության նախարարության տված տեղեկանքը: Սա Հայաստանի իրավական փաստաթղթերի պատմության մեջ իր տեղը պետք է ունենա. մշակույթի նախարարի տեղակալը չեղյալ է համարում բնապահպանության նախարարի տված տեղեկանքը: Հենց նման պատճառաբանությամբ էլ մեր կազմակերպությունը («Ինկար» ՍՊԸ) հաղթող չճանաչվեց: Դրանից հետո մենք նորից դիմեցինք բնապահպանության նախարարություն, որտեղից ստացված պատասխանը վկայում էր, որ իրենց տված տեղեկանքն ուժի մեջ է: Տեղեկանքը ութ անգամ ներկայացրինք մշակույթի նախարարություն՝ վերանայելու իրենց իսկ ընդունած սխալ որոշումը, սակայն ամեն անգամ ստանում էինք մերժումներ՝ տարբեր անհեթեթ պատճառաբանություններով: Ստիպված եղանք հարցը բարձրացնել Հայաստանի անձավագետներին միավորող հասարակական կազմակերպությունում՝ «Անձավագիտական կենտրոնում», որն էլ այն ներկայացրեց ՀՀ կառավարություն: Վերջինս էլ 2015-ից դեկտեմբերի 10-ին ընդունեց «Զբոսաշրջության նպատակով քարանձավների արդյունավետ օգտագործումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» թիվ 54-30 արձանագրային որոշումը: Կառավարության այս որոշումից հետո սկսվեցին մշակույթի նախարարության հերթական խաղերը. նախ 2016-ին հայտարարվեց մրցույթ Մագիլի քարանձավի վարձակալության համար՝ հերթական անհեթեթ պայմաններով, իսկ 2017-ի մրցույթում այդ պայմաններն ավելի անհեթեթ դարձան: Նախարարները փոխվում են, իսկ նախարարության աշխատաոճը՝ ոչ: Իսկ թե ե՞րբ վերջ կտրվի այս «բեսպրեդելին», հուսով ենք, մշակույթի նախարարը մի օր կպատասխանի:
-Ի՞նչ կասեք վերջում:
-Քարանձավները պետք է ունենան հոգատար տերեր: Եվ կարևոր չէ` պետությո՞ւնն է այդ տերը, համա՞յնքը, թե՞ մասնավորը: Մշակույթի նախարարությունն այդ օբյեկտներին բավարար ուշադրություն չի դարձնում: Հիմա պատկերացնում եմ մշակույթի նախարարության աշխատակիցների զայրույթը այս տողերը կարդալուց հետո: Սակայն զայրանալու փոխարեն թող պատասխանեն կամ պատասխանատվության ենթարկեն այն մարդկանց, ովքեր Արջերի քարանձավից հափշտակել են երկրագնդի մասշտաբով հազվագյուտ կարստային գոյացությունը՝ անսովոր չափեր և մորֆոլոգիա ունեցող հելիկտիտը (նկ.), ամբողջությամբ ավերել և ոչնչացրել են Մագիլի քարանձավի մշակութային շերտը, թալանել են Մոզրովի քարանձավի ստալակտիտներն ու կորալները:
Մշակույթի նախարարության անտարբերության մասին ևս մեկ շատ խոսուն օրինակ: Նախորդ տարվա սեպտեմբերին հայ-իտալական անձավագիտական արշավախումբը ուսումնասիրությունների ժամանակ Եղեգնաձորի կարստային քարանձավներից մեկում հայտնաբերեց ժայռանկար, որի մասին նույնիսկ տեղեկություն տպագրվեց «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Աշխարհի բազմաթիվ վայրերից, մեր արտասահմանյան գործընկերներից ստացել ենք խնդրանք՝ օգնելու իրենց այդ քարանձավը և ժայռանկարներն ուսումնասիրելու համար, սակայն մշակույթի նախարարության արձագանքը այս անգամ էլ ապշեցուցիչ էր. ինչպես ռուսը կասեր` «ՑՌՔպ ՉՏՊօ վՌՋպ ՑՐՈՉօ», ո՛չ ձայն մի, և ո՛չ ծպտուն:
Հայաստանի քարանձավները մեզ տրված բնության պարգև են: Դրանք նման ձևով տնօրինելու իրավունք մենք չունենք:

Զրույցը վարեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Հ. Գ. -Եթե կան ներկայացված տեսակետին հակադրվող կարծիքներ, «Իրատեսը» պատրաստ է հրապարակելու նաև դրանք:

Լուսանկարներ

. .
  • Նկարը՝ Արջերի քարանձավի այլևս գոյություն չունեցող հելիկտիտը
Դիտվել է՝ 3560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ