Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ֆրանսիայի քաղաքական ռուլետկան

Ֆրանսիայի քաղաքական ռուլետկան
21.04.2017 | 09:58

Եվրոպայում շարունակվում է ընտրական բուռն տարին՝ կիրակի օրը Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլն է, որը կորոշի՝ կդիմանա՞ն կենտրոնամետները, թե՞ «արյունով ու հողով» ազգայնականը կդիմակայի սոցիալիստ-հետադիմականին՝ գրում է The Wall Street Journal-ը: Մի քանի ամիս փորձառու ներդրողները մտածում էին, որ առաջին փուլի արդյունքը կդառնա աջ «Ազգային ճակատի» նախագահ Մարին լը Պենի և բարեփոխիչ կենտրոնամետի մենամարտը՝ նշելով, որ այդ դերում կարող է լինել ձախկենտրոնամետ Ֆրանսուա Ֆիյոնը կամ աջկենտրոնամետ Էմանուել Մակրոնը: Բայց երկու բարեփոխիչներին անսպասելի կարող է շրջանցել ծայրահեղ ձախ անկախ թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը, որ ֆրանսիացիներին ասում է՝ դուք կարող եք հարստանալ՝ քիչ աշխատելով և շատ ծախսել՝ քիչ վաստակելով: Արտաքին քաղաքականության մեջ նա դեմ է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին, աջակցում է Պուտինին ու գիրք է գրել «Գերմանական թույն» անունով: Հասարակական կարծիքի հարցումով բոլոր չորս թեկնածուներն էլ ստանում են մոտ 20 %, բայց Մելանշոնը թափ է հավաքում և վայելում է անձնական մեծ համակրանք: Ֆինալը, որտեղ Լը Պենը կմնա Մելանշոնի դեմ, քաղաքական շոկ կլինի շուկաների և գուցե ԵՄ-ի ու եվրագոտու համար: Օլանդի սոցիալիստները Ֆրանսիայի տնտեսությունը դարձրին ԵՄ մեծ երկրների ամենաթույլ տնտեսությունը: Հավելեք իսլամիստական ահաբեկչության սպառնալիքները և զանգվածային արտագաղթը Սիրիայից ու պատրաստ է այն թեկնածուների ոտքի տակի հողը, որ հղում են անում շովինիզմին կամ անվճար սոցիալական պետությանը: Հուսանք, որ ֆրանսիացիների մեծամասնությունը հեռու կմնա քաղաքական անդունդի եզրից:

The Wall Street Journal


Հ.Գ. Ֆրանսիացի փիլիսոփա Շանտալ Դելսոլը Die Zeit-ում գրում է, որ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների արդյունքը կարող է ֆրեկզիտը դառնալ: Եվրոպական գաղափարը երկրում կորցնում է նախկին ձգողականությունը և մեղավորը էլիտան է, որ կտրված է իրականությունից: Նախագահի ընտրությունները լավագույնս արտացոլում են ֆրանսիացիների վերաբերմունքը Եվրոպային: Որոշակի թեկնածուի յուրաքանչյուր ձայնը վկայում է աջակցությունը միասնական Եվրոպայի նրա դիրքորոշմանը և նույնիսկ հպանցիկ հայացքը հարցումների արդյունքներին բավական է՝ հասկանալու, որ եվրոպական գաղափարը Ֆրանսիայում նախկին ձգողականությունը չունի: Խոսքը հենց եվրոպական գաղափարի ինստիտուցիոնալ բաղադրիչի մասին է: Մարին լը Պենի կուսակցությունը, ում կանխատեսում են 25 % -ից ոչ պակաս ձայներ, ԵՄ-ն լքելու կոչ է անում: Ժան-Լյուկ Մելանշոնի ձախերը՝ մոտ 15 %, նույնն են ցանկանում, թեկուզ այլ պատճառներով: Սոցիալիստ Բենուա Ամոնը, նույնպես 15 %, ուզում է նորից բանակցել Ֆրանսիայի պարտքերի հարցով, որ ոչ այլ ինչ է նշանակում, եթե ոչ հրաժարում եվրոյից: Ընդհանուր առմամամբ՝ ֆրանսիացիների 50 %-ը այս կամ այն կերպ ցանկանում է հրաժարվել Բրյուսելի գերակայությունից: Մյուս կողմում են կենտրոնամետ Էմանուել Մակրոնը և հանրապետական Ֆրանսուա Ֆիյոնը՝ երկուսն էլ եվրոպամետ են: Առաջին հայացքից եվրոպական հարցը նախընտրական արշավի կենտրոնական թեման չէ: Մակրոնը հրապուրում է երիտասարդ ընտրողներին, որ հմայված են սկանդինավյան հասարակական մոդելով, Ֆիյոնը դիմում է նրանց, ովքեր կառուցվածքային բարեփոխումներ են ցանկանում, Մելանշոնն ու Ամոնը կողմնորոշվում են «իսկական» սոցիալիզմ որոնողներով, Լը Պենը միավորում է ֆրանսիացիներին, որ ցանկանում են ավելի քիչ միգրանտներ ու մզկիթներ տեսնել: Բայց այս մակերեսային ցանկությունների խորքում եվրոպական պրոբլեմներն են: Ֆրանսիացիները լրջորեն մտահոգված են, խարխլվել է վստահությունը և Փարիզի, և Բրյուսելի նկատմամբ:

Այնքան, որ ոմանք պատրաստ են ձայն տալ Լը Պենին, այսինքն՝ ֆրեկզիտին: ԵՄ-ից ֆրանսիացիների բողոքները՝ միգրանտների առաջ սահմանը բացելու պատճառով, կապիտալի շրջանառության բացասական գնահատականները, չափազանց ազատականացումը, պարտադրված գաղափարախոսությունը, միավորվում են մեկ հիմնական մեղադրանքի շրջանակներում՝ ԵՄ-ն դառնում է հակաժողովրդավարական ապագայի խորհրդանիշ: 2005-ին ֆրանսիացիները դեմ քվեարկեցին եվրոպական Սահմանադրությանը, որ հետո ներմուծվեց Լիսաբոնի պայմանագրով: Ստացվում է՝ նրանց ձայնը չլսվեց: Շատ ֆրանսիացիներ բարկանում են, երբ նրանց համարում են հիմար, որ չեն ներգրավվում եվրոպական գաղափարի համընդհանուր մեդիա-աջակցության մեջ, որ հաճախ հիստերիկ ձևեր է ընդունում: Հաճախ քաղաքական էլիտան համարում է, որ մեկուսացվածության հասարակ մարդկանց ձգտումի պատճառը տնտեսական բարդ իրավիճակն է: Այսօր նորից բանավիճում են՝ ինչով է ԵՄ-ն շահավետ քաղաքացիներին տնտեսական առումով, սակայն հակաեվրոպական կուսակցությունները անկյունաքար են դարձնում ինքնիշխանությունը, որ փողով չի հաշվվում: Նրանք, ովքեր կարող են քվեարկել ԵՄ-ից դուրս գալու օգտին, ցանկանում են, որ իրենց որոշումների հետ հաշվի նստեն: Նրանք այլևս չեն ցանկանում կյանքի չափորոշիչների բարելավման համար վճարել իրենց ինքնիշխանությամբ: Նրանք ԵՄ-ի դեմ են ոչ այն պատճառով, որ իրենց չեն հերիքում Բրյուսելից հատկացված ֆինանսները, այլ՝ որ Բրյուսելն իրենց անտեսում է, իսկ քննադատությունը որակում է ձախողակների բարբաջանք: Այս չհասկացվածության մեջ քայլ առ քայլ կորչում է եզակի պատմական շանսը՝ ստեղծել իսկապես միասնական Եվրոպա: Միայն մեկ հնարավորություն կա այդ շանսը չկորցնելու՝ բարձրագույն վարչական մակարդակին դիմել միայն այն դեպքում, երբ ավելի ցածրում չեն կարողանում հարցը լուծել: Այլ խոսքով՝ նախ շրջանը, հետո՝ կոնկրետ պետությունը, հետո միայն ԵՄ-ն: Հնարավոր չէ ժողովրդավար լինել և անտեսել հասարակական կարծիքը: Հենց այդ հակասությունից է ծնվել ԵՄ-ի արմատական ժխտումը: Եվրոպական վարչական ինստիտուտները պետք է բարեփոխումների լուրջ փուլ անցնեն, այլապես նրանցից կհրաժարվեն: Դա աղետալից խայտառակություն կլինի, եթե մենք կորցնենք գանձը ի դեմս Եվրոպայի միայն այն պատճառով, որ բյուրոկրատները երևակայել են, որ կարող են կառավարել՝ հասարակական կարծիքը հաշվի չառնելով:


Եվ այնուամենայնիվ, ո՞վ է հաղթելու Ֆրանսիայի նախագահական ընտրություններում: Կիրակի օրը կմնան երկու թեկնածուներ, սովորաբար նախագահ դառնում է այն թեկնածուն, ով երկրորդն է առաջին փուլում: Ֆրեկզիտի, թե ԵՄ-ի կողմնակիցները կհաղթեն Ֆրանսիայում, Բրյուսելը լուրջ բարեփոխումների պատճառ ունի: Երբ անցյալ հունիսին Մեծ Բրիտանիան քվեարկեց հօգուտ բրեկզիտի: Երբ ԵՄ-ն չկարողացավ լուծել միգրանտների հարցը ու գործարքի գնաց Էրդողանի հետ: Երբ եվրոպական մայրաքաղաքներում ահաբեկչություններ են լինում: Երբ ԵՄ-ն չի կարողանում ապահովել իր անվտանգությունը՝ կախված լինելով ՆԱՏՕ-ից ու ԱՄՆ-ից: Երբ մայր ցամաքը կորցնում է տնտեսական հզորությունը: Երբ ձախողվեց բազմամշակութայնության քաղաքականությունը: Երբ Եվրոպան դեմ առ դեմ է իսլամացման վտանգի հետ: ՈՒ բազում «երբ»-եր կան, որ ժամանակին չստացան իրենց լուծումը: Ընտրությունների ժամանակ բոլոր այդ հարցերը դառնում են առավել տեսանելի ու առավել վիճելի՝ առաջարկվող լուծումների մեջ, երբ մեկ տոկոսն էլ կարող է վճռորոշ լինել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1974

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ