Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քարոզարշավ. օր առաջին. իշխանությունները «գծել» են նոր ավագանու պատկերը

Քարոզարշավ. օր առաջին. իշխանությունները «գծել» են նոր ավագանու պատկերը
22.04.2017 | 12:58

Երեկ մեկնարկեց Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Ինչքան էլ խոսքը ներկայացուցչական մարմնի ընտրության մասին է, երևանցիների պատկերացմամբ` իրենք ոչ թե կուսակցություն կամ ծրագիր են ընտրում, այլ` քաղաքապետ: Նույնիսկ մասնագետները գործընթացն անձնավորում են: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ ՀՀԿ–ի քաղաքապետի թեկնածու, ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկատմամբ քաղաքացիների 2/3-ը վստահություն ունի: Ադիբեկյանն ընտրությանը մասնակից ուժերին դասակարգել է մարզական տերմինաբանությամբ: «Մենք ունենք գերծանրային խաղացող՝ ՀՀԿ-ն, թեթևագույն՝ Զարուհի Փոստանջյանն է, կիսաթեթև կամ կիսածանր՝ «Ելք» դաշինքը»,-ասել է նա: Ադիբեկյանն առանձնահատուկ է նրանով, որ իշխանության ցանկությունները կարողանում է մատուցել մասնագիտական հնարքներով: Կարելի է ենթադրել, որ, եթե չլինեն ֆորսմաժորներ, իշխանություններն այս ընտրություններում մտադիր են ապահովել 65-70% քվե: Հայաստանում իշխանությունը սովորաբար վերցնում է այնքան` ինչքան կարողանում է: Չկան նախադրյալներ, որ այս ընտրություններում լինելու է հանրային և քաղաքական դիմադրություն:

Չնայած այս հանգամանքին` «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մտադիր է այս ընտրություններով ՀՀԿ-ին ընդդիմադիր դարձնել գոնե մայրաքաղաքի մասշտաբով: «Ելքը» դարձյալ ոչ ստանդարտ ու կրեատիվ քարոզչություն է սկսել. կեսգիշերը թիմը դիմավորել է «Հաղթանակ» զբոսայգում, հետո ներկայացվել է տեսահոլովակը` «Էրեբունի Երևան» երգի կատարումը թիմի կողմից, Նիկոլ Փաշինյանը քարոզչություն է իրականացրել մետրոյում, դաշինքի երթը Երևանի կենտրոնում ավարտվել է Հյուսիսային պողոտայում` «Նեմրա» ռոք խմբի համերգով ու հանրահավաքով: Փաշինյանը երեկ անդրադարձել է հիմնականում տրանսպորտային խնդիրներին, քաղաքային գործող իշխանությունների չարդարացված ծախսերին ու խոստացել է, քաղաքապետ դառնալու պարագայում, մետրոյի առնվազն մեկ կայարան ավելացնել: «Ելքի» թեկնածուն նաև ծաղրել է գործող քաղաքապետին` բանավեճի իր առաջարկը մերժելու հանար: «Ես հասկանում եմ Շարմազանովին, որովհետև Տարոն Մարգարյանին ինձ հետ բանավեճի ուղարկելը նշանակում է նրան ուղարկել քաղաքական զոհաբերության, մատաղի՝ անլեզու գառան նման»,-ասել է նա: «Ելքի» հանրահավաքում հնչել է նաև հակակոռուպցիոն շեշտադրումը, որը, ըստ ամենայնի, առաջնային է լինելու «Երկիր ծիրանի» կուսակցության քարոզարշավում:


Զարուհի Փոստանջյանը Ազատության հրապարակում երևանցիներին ազդարարել է, որ իրենք գալիս են Արևի քաղաքին տալու մարդկային ջերմություն:
Հրապարակել է նաև իրենց ծրագրային դրույթները, որոնք պատրաստվում են իրականացնել հաջողության հասնելու դեպքում: «Քաղաքը կարոտ է մաքրության, մաքուր ձեռքերի, մաքուր սրտերի, մաքուր հոգիների: Եվ եթե միասին ու միակամ լինենք, ոչ ոք և ոչինչ ի զորու չեն լինի դեմ կանգնել մեր ցանկությանը, մեր երազանքին», – հայտարարել է Փոստանջյանը:
«Երկիր ծիրանիի» առաջնորդը բացօթյա ասուլիսին ներկայացրել է նախընտրական ծրագրի հիմնական դրույթները՝ կանաչ տարածքների կտրուկ ավելացումից մինչև տրանսպորտային խնդրի հիմնավոր լուծում։ Ի դեպ, նորաստեղծ կուսակցության քարոզարշավը նույնպես աչքի է ընկել նորարարությամբ` հեծանվաերթով, որն ուղերձ էր իշխանություններին, թե քաղաքի կենտրոնը չի կարելի ծանրաբեռնել միայն մեքենաներով:


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով դարձել է միանգամից ընդդիմադիր երկու ուժի քննադատության թիրախ, իր նախընտրական արշավի մեկնարկը տվել է Էրեբունի վարչական շրջանում` հումորով արձագանքելով իր ընդդիմախոսներին: «Նրանց հետ շատ ուրախ կլինի քաղաքապետարանում»,-ասել է գործող քաղաքապետը, իսկ նրա թիմակից, «Սինոփսիս» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Հովիկ Մուսայելյանն ընդդիմադիրներին խորհուրդ է տվել հանել «սև ակնոցները» և նկատել նաև դրականը: Քարոզարշավի առաջին օրն ամենաքննարկվող թեման եղել է քաղաքային տրանսպորտի անմխիթար վիճակը: «Ես վստահ եմ, որ եթե երևանցիները վստահեն մեզ, շատ կարճ ժամանակահատվածում կտեսնեն տրանսպորտի խնդրի լուծումը»,-ասել է գործող քաղաքապետը:


Հատկանշական է, որ երեկ, իրեն ընդդիմադիր համարող «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանն ասել է, թե իրենք առաջիկա ընտրություններում չեն սատարելու որևէ մեկին, բայց մեծ է համարել ՀՀԿ-ի հաղթանակի հնարավորությունը: Սա էլ համարենք քարոզչության «այլընտրանքային» տարբերակ:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1527

Մեկնաբանություններ