ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Խոսո՞ւմ է Երևանը, ոչ

Խոսո՞ւմ է Երևանը, ոչ
22.04.2017 | 23:17

Gallup International Association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց «Երևանի հիմնախնդիրները/ քաղաքապետի թեկնածուների վարկանիշերը ապրիլի 20-ին» հարցման արդյունքները: Եթե հավատում եք հարցումներին, հավատացեք, որ երևանցիների մեծամասնությունը կարծում է, որ ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար պայքարող թեկնածուներից Տարոն Մարգարյանն ունակ կլինի լուծել քաղաքացիների բարձրացրած հիմնախնդիրները: 1044 մարդու դեմ առ դեմ հարցեր են տվել ապրիլի 12-20-ին, 12 վարչական շրջաններում: «Քաղաքացիների 63,3 %-ը կարծում է, որ Տարոն Մարգարյանը կկարողանա լուծել քաղաքի հիմնախնդիրները, 12,1 %-ը նույն հարցում վստահում է Նիկոլ Փաշինյանին, իսկ 4,2 %-ը՝ Զարուհի Փոստանջյանին, 8,6 %-ը՝ ոչ մեկին»՝ ավագանու ընտրության «նախնական արդյունքները» տվեց Արամ Նավասարդյանը:

Կպատկերացնեի՞ք, որ «Ինչպե՞ս կգնահատեք ընդհանուր առմամբ Երևանի փոփոխությունները վերջին 4 տարիներին» հարցին 9,4 %-ը կպատասխանի «լիովին դրական», և միայն 14 %-ը՝ «ընդհանրապես բացասական»: Կպատկերացնեի՞ք, որ 55,2 %-ը «ավելի շուտ դրական» են գնահատում փոփոխությունները վերջին 4 տարիներին: Այսինքն՝ կեսից ավելին գոհ են հին Երևանի պայթեցումներից ու ավերումից, իրենց բնակարանային ու կենցաղային պայմաններից, քաղաքի տեսքից, տրանսպորտից ու ընդհանրապես Երևանում իրենց կյանքից: Գործնականում սա նաև IQ թեստ է, որից պարզվել է, որ 55,2 %, մեղմ ասած, անխելք կա մայրաքաղաքում: Կամ էլ՝ անտեղյակ, որ երբեք չի եղել այլ մայրաքաղաքներում ու պատկերացում չունի, որ աշխարհում լինում են Երևանի պես ու Երևանից մեծ քաղաքներ՝ մեգապոլիսներ, որ մաքուր են, կանաչապատ, շատրվաններով ու հանրային զբոսայգիներով, շուրջօրյա սառն ու տաք ջրի խնդիր չունեն, հինգ տարին մեկ են նոր ասֆալտ տեսնում, բայց ծանոթ չեն փոսերին ու քանդված ճանապարհին կոտրվող մեքենաների մասին գիտեն կինոֆիլմերից, որտեղ մի կաթիլ անձրևն ու կեսժամանոց ձյունը խցանումների ու վթարների պատճառ չէ ու ընդհանրապես անձրևն էլ, ձյունն էլ գալիս ու գնում են: ՈՒ եթե իսկապես 55,2 %-ը «ավելի շուտ դրական» է գնահատում փոփոխություննները վերջին 4 տարիներին, ինչո՞ւ ներկա պահին երևանցիների համար տարածքի/ համայնքի հիմնական խնդիրների շարքում գերակշռող է մաքրության խնդիրը՝ 33,5 %, որին հաջորդում են մուտքերի վատ վիճակը, տրանսպորտի խնդիրները, աղբահանության խնդիրը, ասֆալտապատումը, վերելակների խնդիրը, ծառահատումները, կոյուղու վատ վիճակը, կանաչապատ տարածքների սակավությունը:

Այսինքն՝ վատ է, բայց գոհ են, այդ դեպքում ե՞րբ են դժգոհ լինում: Երբ լա՞վ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Հարցվածների 54,3 %-ը նշել է, որ անպայման մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին: Երևանցիների 61,2 %-ը նշել է, որ քվեարկելու է Տարոն Մարգարյանի, 11,5 %-ը՝ Նիկոլ Փաշինյանի, 3,9 %-ը՝ Զարուհի Փոստանջյանի օգտին, իսկ 12,7 %-ը հրաժարվել է պատասխանել:


Հարց՝ եթե 63,3 %-ը կարծում է, որ Տարոն Մարգարյանը կկարողանա լուծել քաղաքի հիմնախնդիրները, ինչո՞ւ է միայն 61,2 %-ը մտադիր նրան ձայն տալ, եթե 12,1 %-ը վստահում է Նիկոլ Փաշինյանին, ինչո՞ւ է 11,5 %-ը պատրաստվում նրան ձայն տալ, եթե Զարուհի Փստանջյանի օգտին քվեարկելու է 3,9 %-ը, ինչպե՞ս է 4,2 %-ը ձայն տալու: Սոցիոլոգիական թվաբանությունը խորախորհուրդ է՝ ինչպես ընտրողի նախապատվությունը: Ոչ մի տրամաբանություն, ոչ մի հետևողականություն, ոչ մի պատասխանատվություն:
Գուցե դա է պատճառը, որ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, դարձյալ մեղմ ասած, ցրել էր քաղաքապետի թեկնածուների նախընտրական բանավեճի հարցը:

«Ելք» դաշինքից Ալեն Սիմոնյանն առաջարկել էր բանավեճ կազմակերպել Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի միջև։ «Եթե կարիք լինի, մենք ունենք շատ լայն ցուցակ՝ գուցե 50 համարին, 60 համարին կամ 15-20 համարին խնդրենք՝ «Ելքի» ղեկավարների հետ հանդիպեն»՝ պատասխանել էր Շարմազանովը ու պարզաբանել, որ ոչ թե Տարոն Մարգարյանն արժանի չի համարում անձամբ հանդիպել քաղաքապետի թեկնածուներին, այլ. «Տարոն Մարգարյանն արժանի համարում է հանդիպել ավելի շատ երևանցիների հետ և պարոն Մարգարյանը հարգանքով է վերաբերվում իր բոլոր քաղաքական ընդդիմախոսներին»։ «Տարոն Մարգարյանը պատրաստ է ավելի ուղիղ աշխատել և իր ծրագրերը ներկայացնել երևանցիներին»։ Փաստորեն՝ եռակողմ սեր է՝ երևանցիները ավելի շատ վստահում են, քաղաքապետը ավելի շատ հանդիպում է, Հայաստանի Gallup International Association-ը` ավելի շատ գնահատում: Եվ այդ բուռն ու անպատախան սերը միայն օրենքով կարելի է կարգավորել՝ ընտրարշավում թեկնածուների բանավեճը օրենքով սահմանելով: Ով-ով, բայց մրցակիցներն իրար կասեն ճշմարտությունը:

Դիտվել է՝ 1625

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ