Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Այցեր, մանևրներ, բառեր

Այցեր, մանևրներ, բառեր
22.04.2017 | 23:51

ԵՄ Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը այցելել է Բաքու և պատրաստվում է ապրիլի վերջին մեկնել Երևան: Ոչ ոք չգիտի՝ ինչո՞ւ էր նա եկել: Ընդհանրապես, նրա նախորդ այցերը և հանդիպումները երկու պետությունների նախագահների, ԱԳ նախարարների հետ ուղեկցվում էին պաշտոնական մեկնաբանություններով, որ անցել են «անկեղծ մթնոլորտում», «զրուցակիցները մտքեր են փոխանակել ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին իրադարձությունների շուրջ՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից հետո, վերլուծել են ստեղծված իրավիճակը»: Բայց հիմա Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերաբերյալ մշուշ է: Ճիշտ է, տեղեկություններ են հաղորդվել, որ իբր ապրիլի 27-ին Մոսկվայում կարող է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:

Ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հաղորդում են, որ խոսքը Մամեդյարովի Մոսկվա այցի մասին է, իսկ եռակողմ հանդիպում կարող է լինել միայն ռուսական նախաձեռնությամբ: Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման նախաձեռնություն էր դրսևորել Ֆրանսիան՝ իբրև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ: Բայց հիմա Ֆրանսիան նախագահ է ընտրում, Ղարաբաղի ժամանակ չունի, թեպետ նախագահի թեկնածուները հասցրել են այդ հարցում իրենց տեսակետները բարձրաձայնել: Հանրապետականների թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ Ղարաբաղը «Ստալինն ինքնակամ անջատեց Հայաստանից ու 1921-ին տվեց Ադրբեջանին» ու «հիմա այլընտրանք չկա, բացի խաղաղ ու հաստատուն կարգավորում գտնելուց ՄԱԿ-ի միջոցով»:

Ազգային ճակատի նախագահ Մարին լը Պենը կարծում է, որ լավագույն ելքը Լեռնային Ղարաբաղի միացումն է Հայաստանին: ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահի դիրքորոշումը դեռ չկա և հազիվ թե առաջիկայում ի հայտ գա: Այդ պատճառով էլ ԵՄ ներկայացուցչի Բաքու այցից ոչ ոք էական ոչինչ չէր սպասում, եթե հաշվի չառնենք նրա բանավոր աջակցությունը ադրբեջանական կողմի դեկտեմբերին հայտարարած նախաձեռնությանը՝ «Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պլատֆորմին», որ սոսկ հռչակում է «Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդների հաշտեցման քայլեր», որի հետևում միայն բառակույտ է և ռազմավարական դատարկություն: Պատահական չէ Զալբերն ընդգծել, որ «ԵՄ-ն ուղիղ միջնորդ չէ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցում, բայց լիովին աջակցում է Մինսկի խմբի ջանքերին այդ ուղղությամբ»: Նրա այցը Բաքու այլ պատճառներով է հետաքրքիր: ԵՄ պատվիրակին ընդունելով՝ Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևը նշել է «գործընկերային լավ կապերը, որ տարիների ընթացքում հաստատվել են Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև», ընդգծելով, որ «այդ համագործակցության հիմնական ուղղությունները որոշարկված են»:

Ադրբեջանի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «Բաքվի ու Բրյուսելի համագործակցության հիմնական թեմաներից մեկը վիզաների չեղարկումն է»: Հերբերտ Զալբերն ասել է, որ «նախքան առանց վիզաների ռեժիմը ձեռք բերվի, պետք է բազում հարցեր լուծվեն, այդ թվում՝ տեխնիկական», և «կողմերը պետք է մի շարք ընթացակարգերով անցնեն, եթե բոլոր հարցերը կարգավորվեն ու պայմանավորվեն»: Առաջ թվում էր, որ Ադրբեջանի ու ԵՄ-ի փոխհարաբերություններում գլխավոր թեման այն է, որ նշել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը. «2015-ին Բաքվին հրավիրելով ասոցացման համաձայնագիր ստորագրելու՝ ԵՄ-ն փաստաթղթում չէր ճանաչում մեր երկրի տարածքային ամբողջականությունը: Մի կողմից՝ ԵՄ-ն առաջարկում է ասոցացման համաձայնագիր ստորագրել, մյուս կողմից օրակարգից բացառում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը: Եվ ինչպե՞ս պիտի մենք գնահատենք ԵՄ-ի այս դիրքորոշումը: Անկասկած, դա Բաքվին հարկադրում է լրջորեն մտածել»: Ադրբեջանը մտածեց և ամեն ինչ հանգեցրեց ԵՄ-ի հետ վիզաները չեղարկելուն՝ հավելելով «համագործակցության զարգացումը քաղաքականության, առևտրի ու էներգետիկայի մեջ»: ԵՄ-ի ու Բաքվի բանակցությունները ասոցացման համաձայնագրի շուրջ երկար տարիներ են ձգվում, Ադրբեջանը նախընտրում է անհատական համագործակցությունը: Եթե վերադառնանք ղարաբաղյան կոնֆլիկտին, ռազմական ճանապարհով լուծումը շատ դժվար է թեկուզ այն պատճառով, որ Բաքուն ձևավորված աշխարհաքաղաքական տարածաշրջանային կոնյունկտուրայում կարող է բախվել լուրջ հակախաղի ոչ միայն Մոսկվայի, երբ որոշակի շրջանակներում շրջանառվող «հինգ շրջաններ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման դիմաց» կամ այս կարգի այլ բանաձևերը միայն խայծ են: Ճիշտ է, Լավրովը ապրիլի սկզբին, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտին, ասել է, որ «շատ հարցերի վերաբերյալ հաջողվել է պայմանավորվել, մնացել է մի քանի հարց, թեպետ առավել բարդերը», որ «աշխատանքի արդյունքները առաջին հերթին կախված են կողմերի քաղաքական կամքից, ճկունություն դրսևորելու և փոխզիջումային լուծումների գնալու նրանց պատրաստակամությունից»: Գլխավորը հիմա՝ միջանկյալ ստատուս քվոն տարածաշրջանում պահպանելն է և լուծումը գտնել ոչ թե հյուսիսից, այլ՝ հարավից: Մինչ այդ կարելի է և պետք է բանակցել: Առավել ևս որ տարբեր պատճառներով դա ձեռնտու է Բաքվին ու Երևանին:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Իսկ ի՞նչ է նշանակում լուծումը գտնել ոչ թե հյուսիսից, այլ՝ հարավից: Եվ ո՞վ է այդ «հարավում»: Ալեքսանդր Դուգինը, օրինակ, առաջարկում է տարածքները հանձնել սահմաններին կայունության դիմաց, այլ ոչ կարգավիճակի: Բնականաբար, կայունության երաշխավորը կլինեն ռուս խաղաղապահները, իսկ թե ինչով դա կվերջանա, դժվար չէ պատկերացնել: Սպասենք Հերբերտ Զալբերի՞ն: Թեպետ ԵՄ-ն լիովին ապավինում է Մինսկի խմբին: Ինչ ուզում եք, մտածեք, ամենաճիշտը Մարին լը Պենն է:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2400

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ