ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Ինչպե՞ս կհիշի Օլանդին Ֆրանսիան և ո՞ւմ կընտրի նախագահ

Ինչպե՞ս կհիշի Օլանդին Ֆրանսիան և ո՞ւմ կընտրի նախագահ
23.04.2017 | 22:59

Ֆրանսիայի նախագահը, որ ընտրվեց փոփոխությունների ու գործազրկության կրճատման խոստումների ալիքի վրա, մանդատն ավարտում է ծայրահեղ ցածր վարկանիշով՝ ֆրանսիացիների 70 %-ը համարում է, որ Ֆրանսիայի պատմության երկրորդ սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդը վատ նախագահ էր:


2012-ի մայիսի 6-ին Փարիզի Բաստիլի հրապարակում բազմահազար ֆրանսիացիներ տոնում էին Ֆրանսուա Օլանդի հաղթանակը: Օդ էին թռչում ճայթռուկները, շամպայնի շշերը շրջանաձև պտտվում էին, կարմիր վարդերը ձեռքներին՝ մարդիկ գրկախառնվում ու լաց էին լինում երջանկությունից: V Հանրապետության պատմության մեջ երկրորդ անգամ նախագահական ընտրություններում սոցիալիստն էր հաղթել: Առաջինը Ֆրանսուա Միտերանն էր 1981-ին: Հինգ տարի առաջ Ֆրանսուա Օլանդը իշխանության եկավ «Le changement c’est maintenant»՝ «Փոփոխությունները հիմա» կարգախոսով: Երկրում կատարված փոփոխությունները ֆրանսիացիներին դուր չեկան: 2017-ին Օլանդն ավարտում է նախագահական ժամկետը իբրև V Հանրապետության պատմության ամենացածր վարկանիշով նախագահ:

2016-ի դեկտեմբերին 62-ամյա Ֆրանսուա Օլանդը հրաժարվեց երկրորդ ժամկետով քվեարկվելուց՝ առաջինը V Հանրապետության պատմության մեջ, նրա նախորդները միշտ իրենց թեկնածությունն առաջադրել են երկրորդ ժամկետի համար:


Գործազրկություն. Ֆրանսուա Օլանդի նախընտրական գլխավոր խոստումներից մեկը գործազրկության մակարդակի նվազեցումն էր: Բայց տնտեսական հրաշք չեղավ: 2012-ի մայիսին Ֆրանսիայում կային 2,92 միլիոն գործազուրկներ: 2017-ի փետրվարի վերջին՝ 3,46 միլիոն: Միևնույն ժամանակ միայն 2016-ին երկրում ստեղծվել են 190 հազար նոր աշխատատեղեր (Insee-ի տվյալներով): Եվս 100 հազարը կստեղծվեն 2017-ի առաջին կիսամյակում: Դա Ֆրանսուա Օլանդի շնորհիվ է՝ նշում է Francetvinfo-ին՝ 2016-ի սկզբին նա փոքր ու միջին ձեռներեցների համար պարգևատրումներ սահմանեց (մինչև 250 աշխատակից) նոր աշխատատեղեր ստեղծելու դեպքում:


Ահաբեկչություն. Francetvinfo-ն հիշեցնում է, որ ահաբեկչության դեմ պայքարը գերակայություն չէր Օլանդի նախընտրական ծրագրում: 2012-ին ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Ֆրանսիան կհայտնվի ահաբեկչական մշտական սպառնալիքի տակ: Շրջադարձային դարձավ երգիծական «Շառլի Էբդո» թերթի խմբագրությունում ահաբեկչությունը՝ 2015-ի հունվարի 7-ին երկու դիմակավորված զինյալներ ներխուժեցին խմբագրություն և դիմահար կրակ բացեցին աշխատանքային խորհրդակցության հավաքված լրագրողների վրա: 12 զոհ եղավ, նաև երկու ոստիկան: Ահաբեկչությունը շոկի մատնեց ամբողջ երկիրը: «Ֆրանսիան պետք է մնա ուժեղ ահաբեկչության դեմ հանդիման»՝ ասաց Ֆրանսուա Օլանդը ահաբեկչութունից հետո՝ դիմելով ժողովրդին: Նա արագ օրենք ընդունեց հատուկ ծառայությունների լիազորությունների մեծացման մասին, որ կտրուկ քննադատեցին իրավապաշտպանները: Սակայն նոր ահաբեկչությունները կանխել չհաջողվեց: 2015-ի նոյեմբերի 13-ին Փարիզում մի քանի ահաբեկչությունների հետևանքով 130 մարդ զոհվեց, 350-ը վիրավորվեցին: Դա մեծագույն ահաբեկչությունն էր Ֆրանսիայի պատմության մեջ: Երկրում արտակարգ դրություն մտցվեց, որ մինչև հիմա գործում է: Սակայն այդ բոլոր արտակարգ միջոցառումները չօգնեցին կանխել մյուս ողբերգությունները: Ֆրանսիան արտակարգ դրության պայմաններում ցնցեց Նիցցայի ահաբեկչությունը հուլիսի 14-ին՝ ազգային գլխավոր տոնի օրը (86 զոհ), հարձակումը եկեղեցու վրա Նորմանդիայում (երեք զոհ), վերջին հարձակումը Ելիսեյան դաշտերում էր՝ ընտրություններից մի քանի օր առաջ (ոստիկան զոհվեց):


Ռազմական գործողություն Մալիում. Իշխանության գալուց մի քանի ամիս հետո Ֆրանսուա Օլանդը ռազմական գործողություն սկսեց Մալիի հյուսիսում «իսլամական Մագրիբում Ալ Քաիդայի դեմ»: Serval գործողությունը տևեց 2013-ի հունվարից 2014-ի հուլիս և ստացավ ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու աֆրիկյան պետությունների հավանությունը, ժամանակավորապես, բայց էականորեն բարելավեց սոցիալիստ նախագահի վարկանիշը:


Սիրիա. Ֆրանսուա Օլանդի գործողությունները Սիրիայում ֆրանսիական ԶԼՄ-ներն անվանում են «դիվանագիտական ձախողում». 2013-ի օգոստոսին սիրիական Գուտա քաղաքում՝ Դամասկոսի արվարձաններից մեկում, քիմիական հարձակումից հետո, Ֆրանսիայի նախագահը պատրաստ էր ԱՄՆ-ի հետ հարվածներ հասցնել Սիրիային: Սակայն Բարաք Օբաման վերջին պահին հրաժարվեց ռազմական միջամտությունից, թեպետ, ինչպես Le Monde-ն է նշում, ֆրանսիական «Ռաֆալները» պատրաստ էին թռիչքի, Ֆրանսիան հետևեց ԱՄՆ-ի որոշմանը: Օլանդն ընդունեց, որ իրավիճակը Սիրիայում կարող էր այլ զարգացում ունենալ, եթե Ֆրանսիան 2013-ին միակողմանի հարվածներ հասցներ Բաշար Ասադի վարչակարգին:


«Միստրալներ». 2015-ի սեպտեմբերին Ֆրանսիայի խորհրդարանը հաստատեց պայմանագրի վերջնական խզումը Ռուսաստանին երկու «Միստրալ» ավիակիրների վաճառքի մասին: «Միստրալների» վաճառքի պայմանագիրը 1,2 միլիարդ եվրո գնով, որ կնքվել էր Նիկոլա Սարկոզիի նախագահության ժամանակ, Փարիզը բեկանեց ուկրաինական ճգնաժամի պատճառով: Գործարքի ձախողումը էականորեն վատացրեց առանց այդ էլ սառը ֆրանս-ռուսական հարաբերությունները:


La Dépêche-ին տված կարճ հարցազրույցում նախագահական ընտրություններից երեք օր առաջ Ֆրանսուա Օլանդը հուսահատ պաշտպանում է իր նախագահության արդյունքները: «Հինգ տարում, իսկ դա չափազանց բարդ շրջան էր, ճգնաժամով, փորձություններով, որոնց մասին մենք բոլորս հիշում ենք, որովհետև ահաբեկչություններից բոլորն են տուժել, մեզ հաջողվեց ինքներս մեզ գերազանցել, միավորվել, եթե անգամ մենք տարբեր տեսակետներ ունեինք, ես անհրաժեշտն արել եմ, որ երկիրը պահպանի իր միասնությունը»՝ ասում էր Ֆրանսիայի նախագահը: «Նա, ով կգա Ելիսեյան պալատ, ավելի լավ վիճակում գտնվող երկիր կստանա, քան ես հինգ տարի առաջ: Մենք ավելի շատ աշխատատեղեր ունենք, գործազրկությունը նվազում է, ներդրումները մեծացել են, տնտեսական աճ կա՝ դա մեր ընդհանուր աշխատանքի արդյունքն է, այլ ոչ թե միայն կառավարության կամ նախագահի»՝ պնդում է Ֆրանսուա Օլանդը: Պաշտոնապես նա չի աջակցում ոչ սոցիալիստ Բենուա Ամոնին, ոչ անկախ թեկնածու Էմանուել Մակրոնի թեկնածությանը: Ֆրանսիայի վերլուծաբանները սպասում են, որ նա կաջակցի իր նախկին հովանավորյալ, 39-ամյա Մակրոնին, եթե նա երկրորդ փուլ դուրս գա: Առայժմ Ֆրանսիայի նախագահը ընդհանուր արտահայտություններ է անում. «Ես ուզում եմ, որ իմ հաջորդը չավերի այն, ինչի հասել ենք ընդհանուր ջանքերով: Իմ միակ խնդրանքն է՝ չփչացնել, ինչ արդեն արել ենք»:
Աննա ՍՏՐՈԳԱՆՈՎԱ, RFI


Հ.Գ. Այսօր Ֆրանսիան նախագահ է ընտրում 11 թեկնածուներից: Ընտրարշավում առանձնացել են չորս ֆավորիտներ, փորձագետների գնահատականով՝ նրանցից ոչ մեկը 50 %-ից ավելի ձայներ չի կարող հավաքել, այդ դեպքում հաղթողը կորոշվի երկրորդ փուլում՝ մայիսի 7-ին: Իր գոյության 15 տարիներին առաջին փուլում ամենաշատ ձայները կարող է ստանալ Մարին լը Պենի ուլտրաաջ «Ազգային ճակատը»: Երկրորդ առավել հավանական հաղթողը, դատելով սոցհարցումներից, կարող է դառնալ կենտրոնամետ Էմանուել Մակրոնը: Ընտրարշավի նախկին ֆավորիտ, աջկենտրոնամետ Ֆրանսուա Ֆիյոնը շարունակում է պայքարը, չնայած կնոջ աշխատանքին առնչվող սկանդալին: Լուրջ աճել է նաև ուլտրաձախ թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնի վարկանիշը: Այսօր ֆրանսիացիներն ունեն ընտրություն 11 թեկնածուների միջև՝ Մարին լը Պենի, Էմանուել Մակրոնի, Ֆրանսուա Ֆիյոնի, Ժան-Լյուկ Մելանշոնի, Բենուա Ամոնի, Նատալի Արտոյի, Ֆրանսուա Ասելինոյի, Ժակ Շեմինադի, Նիկոլա Դյուպոն-Անյանի, Ժան Լասալի, Ֆիլիպ Պուատուի միջև:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

炉/1556575821">Սերնդափոխության մեխանիկա
Սերնդափոխության մեխանիկա