Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Փոխվո՞ւմ է դասավորությունը

Փոխվո՞ւմ է դասավորությունը
25.04.2017 | 11:45

Թուրքիայի հանրաքվեին ընդառաջ` ԱՄՆ-ը փորձեց շատ արագ վերադասավորվել Սիրիայում, Հյուսիսային Կորեայի ափերում, Մերձավոր Արևելքում խաղը ձեռքից բաց չթողնելու համար: Օրվա քննարկման թեմա չէ, որ ԱՄՆ-ը վերջապես երևակեց Թրամփի բուն դերը, ինչի համար էլ վերջինս ընտրվել է, գերադասվել ամերիկյան իսթեբլիշմենտի կողմից: Այդ միայն միամիտներին էր հնարավոր «համոզել», թե Պուտինն այնքան հզոր տղա է, որ կարող էր իր հակերների միջոցով պարտության տանել աշխարհի կառավարմամբ զբաղվող ԱՄՆ-ի թեկնածուներից մեկին` հոգնած Հիլարի Քլինթոնին: Առավել աչքառուների համար հասկանալի էր` ԱՄՆ-ը ժամանակ է շահում, Թրամփի մեջ «Իվանուշկա-դուռաչոկ» խաղացնելով, վերջինիս Պուտինի բարեկամ ներկայացնելով: Հարաբերություններն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ահավոր հեռուն էին գնացել` սառը պատերազմի առումով, ապա և, որ հարկավոր պահին հարկավոր էֆեկտն ԱՄՆ-ի համար առավել «խորազնին» լինի:


Ինչն էլ արվեց: Սիրիայի` Իդլիբի ռմբակոծմամբ: Թրամփի հրամանով: Չխորանանք. ամերիկյան պետության համար չկա անհատ, Թրամփը կանի այն, ինչ կորոշի Պենտագոնը` մշտապես, ինչպես արձագանքեց ամերիկյան մաս-մեդիային` ապացուցելու, որ ինքն է պրեզիդենտը: ԱՄՆ-ը փորձեց փոխել խաղը Սիրիայում: Ստացվե՞ց: Ո՛չ: Այդքանն էր նրա ուզածը: Կարծես թե:
Դառնալով էլ Թրամփի, իրականում ամերիկյան վարչակազմի հաջորդական, Հյուսիսային Կորեայի ափերին իր երեք ավիակիրների մոտեցման «ձեռնարկին», դժվար է ասել, թե մկանունքի ցուցանքի այս մեծ խաղում որքան հեռուն կգնա ԱՄՆ-ը, սակայն պետք է հաշվի առնել նաև մեկ կարևոր հանգամանք. ԱՄՆ-ը արտիստիկ խաղացող է, նաև` զգուշավոր, և հետ-առաջը նրա սկզբունքներից գերագույնն է: Այնպես որ, այդ ամենը պետք է համարել պարզապես «ապրոբացիա»:


Դառնանք Ռուսաստանին: Հետաքրքիրն այստեղ, թերևս, ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Վլադիմիր Պուտինի հանդիպումն էր` վերը նշված վերադասավորության ֆոնին: Երկու ժամ տևած հանդիպումից այդպես էլ աշխարհը չհասկացավ` ինչպիսին է Ռուսաստանի վերջնական դիրքորոշումը, այդ թվում՝ Ասադի ճակատագրի առնչությամբ: Համենայն դեպս, «բարձրագոչ» հայտարարություն չեղավ այն մասին, որ Ասադը մեկընդմիշտ ու առհավետ «իրենց տղան» է:


Եղավ, գոնե մեզ վերաբերող, բավականին հետաքրքիր հայտարարություն` հանդիպումից դուրս. Պուտինը վերցրեց ու ասաց. «Թույլ չենք տա հետխորհրդային երկրներում գունավոր հեղափոխություններ լինեն»: Չնայած, խոշոր հաշվով, այդպիսի կայծեր դեռ «ակնառու» չեն, բայց որ Վլադիմիր Վլադիմիրովիչն ասել է, ուրեմն մի բան գիտի: Նշանակում է` այս «գետնին վրա» նույնպես դասավորություններ են ընթանում:
Տարածաշրջանային այս բոլոր զարգացումները գոնե մեզ համար «կտրեցին» Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեն, որին ուշի ուշով հետևում էր ողջ աշխարհը` լուռ «ադաբրյամսով»: Անգամ Ռուսաստանը, որ համարում է, թե դա Թուրքիայի ներքին գործն է, կարծում է` «սարսափելի է Թուրքիայի մասով»:


Իհարկե սարսափելի է. երկու միլիոն հայի արյուն թափած էթնոսի «զավակը» նոր նիշ է գծում ժամանակակից աշխարհում. Էրդողանը վերածվում է բոլորովին այլ կարգի բռնապետի, ինչպես ընդունված է ասել` «նյու Հիտլերի»` մինչև 2029 թիվը մնալով Թուրքիայի իշխանության ղեկին: Նա հեռանում է եվրոպական ընտանիքից, աշխարհիկ պետությունը վերածում իսլամական պետականության, վերականգնում մահապատիժը, Էրգենեկոնի, գյուլենականների «ոչնչացումից» հետո այսքան պայթյունավտանգ տարածաշրջանում ձեռք բերում նոր` անվերահսկելի իշխանություն:
Ինչն էլ Թուրքիայի ներքին գործն է համարում ոչ միայն Ռուսաստանը, այլև ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1485

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ