Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մենք չենք արել մեր գործը

Մենք չենք արել մեր գործը
25.04.2017 | 11:48

Երեկ ապրիլի 24-ն էր՝ ցեղասպանությունից անցավ 102 տարի: Պայմանական, որովհետև ցեղասպանությունը չի եղել հենց 1915-ի ապրիլի 24-ին, ձգվել է ժամանակի մեջ՝ 1909-1923, գուցե ավելի երկար: Բնականաբար՝ Ծիծեռնակաբերդը Երևանի կենտրոնն էր, աշխարհի հայերի կենտրոնը՝ ծաղիկները, որ դրվում էին հուշահամալիրին, միլիոնուկես սրբերի հիշատակն էին հարգում ու հավերժացնում: ՈՒ՝ ի՞նչ: Նորից ազգովին հիշեցինք, ուղերձեցինք ու գնացինք տուն՝ թախծոտ, կարոտած, անհույս հայացք նետելով Արարատին:
Ես դա չեմ հասկանում: Չեմ հասկացել երբեք: ՈՒ միշտ հարցերն ավելին են եղել պատասխաններից: Հարցերն ավելի համառ են դառնում ժամանակի հետ, պատասխաններն ավելի հեռու: Ինչո՞ւ ու ինչպե՞ս հնարավոր դարձավ մեկուկես միլիոն հայի սպանությունը: Հազարավոր պատմական ու գեղարվեստական գրքեր են գրվել, արխիվներ են ուսումնասիրվել, արդեն Հոլիվուդն է ֆիլմ նկարել, պատասխանը նույնքան պայմանական է, որքան Ցեղասպանության օր 1915-ի ապրիլի 24-ը համարելը: Պատճառը մեկն է՝ մենք չենք արել մեր գործը, մենք սպասել ենք, որ աշխարհն անի, մեր կարծիքով՝ իր, իրականում մեր գործը: Բնավ ու ոչ մի վայրկյան կասկածի տակ չեմ դնում ցեղասպանության ճանաչման կարևորությունը, անհրաժեշտ է, որ միջազգային կազմակերպություններն ու ՄԱԿ-ի անդամ երկրները ճանաչեն ու դատապարտեն ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ոճիր, որ ժամանակի մեջ վաղեմության ժամկետ չունի ու չունի ներում:

Իսկ մեզ համար դրանից ի՞նչ է փոխվում: Շոյվո՞ւմ է մեր ցեղասպանվածի ինքնասիրությունը: Կողոպտվածի: Հայրենազրկվածի: ՈՒ՝ ի՞նչ: Մենք ի՞նչ ենք արել անցած մեկ դարում: Լավ, խորհրդային տարիները մի կողմ թողնենք, անցած քառորդ դարում, երբ Հայաստանի Հանրապետությունը դարձել է անկախ պետություն ու սուբյեկտ միջազգային իրավահարաբերություններում: Մենք հարմարվել ենք իրավիճակին, փորձել ենք պատասխան քայլեր անել՝ ստեղծված հանգամանքներում հնարավորինս անկորուստ դուրս գալու համար: Ընդամենը: Չենք ունեցել ու չունենք ոչ հրապարակային, ոչ ազգային ծրագիր: Համազգային Հռչակագրի երկու տարի առաջ բարձրաձայնված խորհրդավոր «Թղթածրարը» մնաց ինչ-որ գզրոցում՝ լավագույն ժամանակներին սպասելով: Լավագույն ժամանակներ գոյություն չունեն՝ չեն եղել երբեք ու չեն լինելու: Դա իդեալական պատկերացում է, որ երբեք չի համապատասխանում իրականությանը: Ոչ մի ազգի համար, ոչ միայն հայերիս, բայց այդ ազգերը հասել են իրենց նպատակին, մենք՝ ոչ: Մենք աշխարհում մեզ հաշվում ենք տասը միլիոն: Մի քիչ շատ, մի քիչ քիչ: Որևէ մեկը գիտի՞՝ որքան է մեր ընդհանրական կապիտալը: Որևէ մեկը երբևէ խնդիր դրե՞լ է այդ ընդհանրական կապիտալի մեկ տոկոսը օգտագործել ազգային հարցերը լուծելու համար: Ոչ հրապարակային, ոչ համաձայնագրերով ու միջպետական արարողակարգերով: Ոչ:


Ինչո՞ւ: Սփյուռքի ամբողջ ներուժն ուղղվել է իրենց բնակության երկրներում հայապահպանությանը և պետությանը ցեղասպանությունը ճանաչելուն մղելուն: Ինչո՞ւ ազգային գիտակցության մակարդակում չի դրվել վերադարձի խնդիրը: Լավ, կան հայկական համայնքներ Արևմուտքում ու Արևելքում, հասել են որոշակի հաջողությունների, ինտեգրվել են բնակության վայրերի քաղաքական, հասարակական, ֆինանսական կյանքում, հասել են մեծ ու փոքր հաջողությունների, սիրում են Հայաստանը, շատ են սիրում, օգնում են՝ ինչքան ու ինչով կարող են, այցելում են, լուսանկարվում են, երջանիկ են, որ կա Հայաստանը: Վե՞րջ: Հարցը փակվե՞ց: Մեկ-մեկ էլ կգնան Թուրքիա, կգտնեն իրենց պապական տան տեղը, հիշատակ մի բուռ հող կվերցնեն, կիսավեր մի եկեղեցում գաղտնի կաղոթեն, ստացվի՝ մոմ կվառեն, կլուսանկարվեն, Վանա տառեխը կուտեն ու ցմահ համը չե՞ն մոռանա: Սա չէ՞ պատմական իրավիճակի մեր ընկալումը: Հողը պահում է հողի վրա ապրողը: Աբսուրդ եք համարելու արտագաղթի վիճակագրությունն ու իմ հարցերը: Չկա աբսուրդ, կա ազգային հարմարվողականության ու նույնականությունից նահանջի աննահանջ ձգտում: «Որտեղ հաց՝ էնտեղ կացի» գերակայություն: Սուտ ու սխալ: Աննպատակ:

«Ազնիվ Օքիոփերիձեն (հորենական ազգանվամբ՝ Խաչթովմասյանը) փնտրում է հորը՝ Համազասպ, մորը՝ Արուսյակ, եղբայրներին՝ Անդրանիկ, Պռոշ, Անուշավան, Մանուկ, Հարություն, Համբարձում, Գառնուկ (Ազնիվը Գառնուկի իսկական անունը լավ չի հիշում, ընտանիքի երեխաները նրան Գառնուկ էին ասում), քույրերին՝ Արփեն, Մարիամ, Շուշան Խաչթովմասյաններին (ծնված 1895-1913 թվականներին, Արևմտյան Հայաստանի Բիթլիս քաղաքում), հորեղբայրներին՝ Արշակ, Սարգիս, Խաչատուր, նրանց զավակներին՝ Աշոտ, Արտաշես, Արտավազդ, Հակոբ, Գալուստ, մյուս Շուշան, Գուրգեն, Սուրեն, Աղավնի, Ոսկի, Թուխմանուկ Խաչթովմասյաններին, ծնված նույն քաղաքում: Անհետ կորել են 1915-ին: Ազնիվին փրկել է մի լեհ սպա: Լուրեր կան, որ Ազնիվի հարազատները կենդանի են ու ապրում են Արգենտինա, Ավստրալիա կամ գուցե Ռուսաստան: Ազնիվենց տունը վանքի հետևն էր, տան ու վանքի արանքում այգին էր, այգում ջրհոր կար» (Հրանտ Մաթևոսյան, «Մեծամոր»): Մեկը փնտրում է 36-ին ու չգիտի՝ ո՞ղջ են, որ փնտրում է: Հիշում է ու փնտրում է հարազատներին, բայց ոչ վանքի հետևի տունը, որի այգում ջրհոր կար: Հրանտ Մաթևոսյանը հանճարեղ էր ու հանճարեղ էլ ձևակերպել է. «Այս այսպես է ու կմնա այսպես, քանի դեռ բետոնը տասը կանգուն շերտով մինչև վերջին թիզը չի ծանրացել այս ցնորական երկրի կավին: Եվ ինձ վրա: Եվ ձեզ վրա»:


Բայց չի ծանրանում, չէ՞, 20-30, 100-1000 կանգուն բետոնի շերտի տակից ծլում է խոտը, ու Ազնիվ Խաչթովմասյանը ինչ-որ մեկին փնտրում է, ուրեմն ինչո՞ւ չի փնտրում իր տունը: Ինչո՞ւ չի մտածում տուն վերադառնալ ու իր տանը ապրել: Մեկ դար ու ավելի սփյուռքի ամբողջ ներուժը ուղղվել է ինչի՞ն: Վախը հաղթահարելո՞ւն, նորից սպանվելու վտանգը իր ներսում ոչնչացնելո՞ւն, տան բանալիները սերնդից սերունդ որպես սրբություն փոխանցելո՞ւն: Թուրքիայում ապրող հայերի հարկադրական դավանափոխությունից խուսափելո՞ւն: Ինչի՞ն: Ցեղասպանությունը, եթե կուզեք, այն չէր, ինչ երիտթուրք փաշաները ծրագրեցին ու իրականացրին՝ Առաջին համաշխարհային պատերազմը օգտագործելով, իրական ցեղասպանությունը ժամանակի մեջ շարունակվեց, երբ հայերի ժառանգները տուն չվերադարձան, երբ սպանված Էնվերը, Թալեաթը, Ջեմալը հասան իրենց նպատակին՝ կենսատարածք ազատեցին օսմանների համար: Պարզվեց՝ քրդերի: Օսմանները վախեցան անիծված հողերում ապրել, օսմանները այդքան շատ չէին, որ բնակեցնեն «գյավուրների» հայրենիքը: Հիմա էլ քրդերն են խանգարում՝ միատարր ու միակամ Թուրքիա ունենալու՝ թուրք իշխանությունների հավերժական երազանքին: Եկվորների ու քոչվորների նրանց ցեղը այդ իդեֆիքսից կառչած է իր ամբողջ պատմության մեջ, որտեղ հաստատվել է՝ ջանացել է մաքրել տարածքը այլազգիներից՝ վտանգ զգալով իր գոյությանը: Նրանց հետագիծը շարունակական ցեղասպանությունների հետագիծ է աշխարհի քարտեզին: Հայերի, հույների, հրեաների, սերբերի, բուլղարացիների, ասորիների, քրդերի՝ այլադավանների: Նրանք սպանել են ու սեփականել բնիկների պատմությունը, մշակույթը, ունեցվածքը, հողը: Ջեմալ փաշայի թոռը եկել էր Երևան ու հայերին ասում էր՝ դուք 100 տարի ապացուցում եք աշխարհին, որ ձեր հայրենիքում ձեզ սպանել են, քրդերը, որ ապրում են: Ասում էր՝ ցեղասպանություն եղել է, հետո՞ ինչ: Փաստացի՝ մեր ազգային օրացույցում այդպես էլ չի գալիս 1916-ը: Մենք խրվել-մնացել ենք մեր պատմության այդ կետում ու չենք կարողացել շոկը հաղթահարել: Մեզ մտահոգել է միայն ֆիզիկական գոյությունը: Մենք մտածել ենք ցեղասպանության զոհ դարձած մարդկանց մասին, իսկ դա նաև անարգանք է նրանց հիշատակին, որովհետև նրանց սպանել են իբրև տեղաբնիկի՝ նպատակ ունենալով տարածքը սեփականել: Ոչ մի սրբադասում նրանց հոգիներին հանգիստ չի բերի, քանի նրանց տանը դեռ օտարն է: Մեր պատմության դասագրքերում չի եղել ու հիմա էլ չկա հարցի պատասխանը՝ ինչպե՞ս ստացվեց, որ Առաջին աշխարհամարտում պարտված Օսմանյան կայսրությունը փլուզվեց, կորցրեց տարածքները, նոր պետություններ ձևավորվեցին՝ մեկը չէ, մի քանիսը, բայց արագ ստեղծվեց Թուրքիայի Հանրապետություն, ու Հայաստանը կորցրեց անգամ ոչ Օսմանյան, այլ Ռուսական կայսրության մաս կազմող իր տարածքները: ՈՒ՝ ընդհանրապես ի՞նչ դեր է ունեցել Ռոմանովների Ռուսաստանը ու Լենինի Ռուսաստանը դարասկզբի թուրքական պատմության մեջ: Ինչո՞ւ հանկարծ «թուրք ասկյարը» հռչակվեց «հեղափոխական թուրք ասկյար», որ պայքարում էր իբր թե համաշխարհային իմպերիալիզմի դեմ, իսկ իրականում Հայաստանի ու հայերի հաշվին հանրապետություն ստեղծեց՝ Ռուսաստանից վագոններով տեղափոխվող հացահատիկի, ոսկու ու զենքի շնորհիվ:


Ե՞րբ ենք այդ հարցերին պատասխանելու, ե՞րբ ենք ձևավորելու մեր իրավական ու քաղաքական «Թղթածրարը»: Գոնե գիտակցության մակարդակով: Որ երբևէ անցնենք իրականությանը՝ ՀՈՂԸ պահում է հողի վրա ապրողը: Իշխանությունները գալիս ու գնում են, կայսրությունները փլուզվում են, պատերազմները նոր սահմաններ են հաստատում՝ աշխարհի պատմությունը հենց այդ է պատմում, աշխարհի պատմության էջերը տողատակերով կարդալու կարողությունը սովորելու հնարավորություն է: Ես չեմ ուզում, որ մենք անցյալի բեռի տակ կքած ապրենք, ցեղասպանվածի սինդրոմը մեր մեջ մնայուն պահելը թուրք փաշաների հետմահու հաղթանակն է, մեզ մեր տան զգացողությունն է պետք՝ այստեղ, հիմա և ընդմիշտ:
Հայրենիքը ոչ միայն տարածք է, այլև ժամանակ: Ժամանակի մեջ տարածքը կարող ես կորցնել, կարող ես հետ բերել, պարտադիր պայմանը քո ԼԻՆԵԼՆ է քո հողի վրա: ՈՒ դա վերաբերում է աշխարհի բոլոր հայերին, եթե իրենց երակներում ցեղի արյունը զգում են: Եթե ցեղի արյունը ոչ թե օտարալեզու հայտարարությունների մակարդակով է խոսում, այլ հայերեն:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Իսկ դուք ուսումնասիրեք հրեաների պատմությունը: Երուսաղեմից վտարված հրեաների, որ երկու հազար տարի հետո Քանանում վերականգնեցին Իսրայել պետությունը, որ մինչ օրս խաղաղության ու պատերազմի մեջ են պաղեստինցիների, արաբների, բոլոր նրանց հետ, ովքեր չեն ընդունում իրենց պետություն ունենալու իրավունքը: Որ նավթ ու գազ չունեին, միայն նոր են Միջերկրականում ինչ-որ պաշարներ գտել, որ ջուր չունեն, անապատում ու Միջերկրականի բարակ ծովեզերքին պետություն ստեղծեցին, որ այսօր հզոր տնտեսություն ունեն ու զենք են արտահանում՝ ամենաժամանակակից: Երկու հազար տարի: Քանի՞ սերունդ փոխվեց Դավթի տանը՝ չկորցնելով հողի զգացողությունը: Քանի՞ սերունդ ապրեց «Կհանդիպենք Երուսաղեմում» ասելով: Հոլոքոստը հիշեք: Քանի՞ կայսրություն քանդեցին՝ իրենց պետությունը ստեղծելու համար: Միայն Օսմանյանն ու Ռոմանովների՞նը: Ինչո՞ւ նրանք կարողացան: Ինչո՞ւ առանց հրովարտակների, համաձայնագրերի, կոնֆերանսներում հրեական հարցի քննարկումների, սուսուփուս գնացին ու բնակություն հաստատեցին իրենց երբեմնի հայրենիքում, ամբողջ աշխարհից հավաքվեցին ու գնացին իրենց ինքնության հետևից՝ հավատալով, հույսով: Կռվելով: Կարողացան, չէ՞:

ՈՒ այնպես չէ, որ ամբողջ աշխարհը սիրով ու շունչը պահած սպասում էր, որ Իսրայել ստեղծվի: Ինչո՞ւ է փողը հրեաների ձեռքում պտտվում, ինչո՞ւ է իշխանությունը հրեաներին սիրում: Ինչո՞ւ ամեն հրեա մյուս հրեայի մեջ միայն բարեկամ է տեսնում՝ թշնամիներով շրջապատված աշխարհում: Համեմատեք նրանց պատմությունը ու մեր պատմությունը: Նմանությունները մի կողմ դրեք, կենտրոնացեք տարբերությունների վրա: Նրանք ունեին Երուսաղեմ, որ Սուրբ Հող է, ու վերադարձրին իրենց սրբությունները: Եթե կուզեք Սողոմոնի ավերված տաճարը, որ հրեաները չեն կարող կառուցել, որովհետև այնտեղ Ալ Աքսա մզկիթն է, ու մի քանի հազարամյակ Լացի պատի տակ ողբում են իրենց կորուստը, վաղուց վերականգնել են: Սողոմոնի իրական տաճարը Իսրայելն է: Եվ այդ սրբությունը որևէ հրեա այլևս չի ուրանա: Իսկ մենք նայում ենք Արարատին ու…

Դիտվել է՝ 1687

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ