Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Թուրքիայում միանշանակ հերոսացվել ու շարունակում են հերոսացվել իրենց ազգային դատական ատյանների կողմից մահապատժի դատապարտված անձինք»

«Թուրքիայում միանշանակ հերոսացվել ու շարունակում են հերոսացվել իրենց ազգային դատական ատյանների կողմից մահապատժի դատապարտված անձինք»
25.04.2017 | 11:51

Հայոց ցեղասպանության, դրա միջազգային ճանաչման ու դատապարտման տարաբնույթ ու ցայսօր քիչ արծարծված խնդիրների շուրջ է ստորև ներկայացվող մեր հարցազրույցի շարունակությունը Սահմանադրական դատարանի խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:

(սկիզբը` այստեղ)

-Վերադառնանք հիմնական հարցին. որոշ հետազոտողներ ի՞նչ նկատառումներով են Թուրքիայի ռազմական տրիբունալի կողմից 1919-1920 թթ. իրականացված դատավարությունները գնահատում իբրև մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին հակասող:
- Այդ գնահատականի, թերևս, ամենահետևողական հեղինակը Լևի Գյունտերն է, սակայն վերջինիս աշխատությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք պարզապես թուրքական պաշտոնական գաղափարախոսության բառացի կրկնություններն են, որոնք իրենց համակարգված արտացոլումն են ստացել թուրք պատմաբաններ Սինասի Օրելի և Սուրեյ Յուկայի աշխատություններում, չունեն որևէ փաստական հիմք և համոզիչ չեն նաև հեղինակի մասնագիտական ունակությունների տեսանկյունից: Վերջին հանգամանքի վրա իր ուշադրությունն է բևեռել նաև հայ մեծագույն պատմաբան, ակադեմիկոս Վահագն Դադրյանը: Մասնավորապես, վերջինս ստույգ փաստերով ոչ միայն հիմնավորել է Լևի Գյունտերի դիրքորոշումների սնանկությունն ու միտվածությունը, այլև բացահայտել է այն, որ այդ սուբյեկտը պարզապես բավարար չափով չի տիրապետում թուրքերենին, հատկապես օսմանյան թուրքերենին, թեպետ հղումներ է կատարել այդ լեզվով աշխատություններին: Հայտնվել է այն կարծիքը, որ Լևին ոչ միայն չի տիրապետում լեզվին, այլև միտումնավոր խեղաթյուրում է անգամ թուրքական աղբյուրները, փորձելով է՛լ ավելի համոզիչ դարձնել իր սին գաղափարները: Ընդ որում` Վահագն Դադրյանի գնահատականներին միանգամայն իրավացիորեն իրենց համաձայնությունն են հայտնել միջազգային քաղաքագիտության բազմաթիվ ներկայացուցիչներ` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Դադրյանը ծնվել և մեծացել է Օսմանյան Թուրքիայում, փայլուն տիրապետել է գրավոր ու բանավոր արաբատառ թուրքերենին` օսմաներենին, այնուհետև տևական ժամանակ դասավանդել է աշխարհի լավագույն ու բարձր վարկանիշ ունեցող բարձրագույն ուսումնական հաստատություններում:
-Այնուամենայնիվ, ի՞նչ իրավական խնդիրների է անդրադարձել Լևի Գյունտերը:
-Այդ ակնհայտ ուղղորդված հեղինակին չակերտավոր կերպով մտահոգել է այն, որ նախաքննության ընթացքում կասկածյալները զրկված են եղել պաշտպանների օգնությունից: Մինչդեռ դատավարության արձանագրությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ կասկածյալներն ամեն օր ազատ շփումներ են ունեցել միմյանց հետ (հատկապես զբոսանքի ժամերին) և ունեցել են պաշտպանական միասնական տակտիկա մշակելու լավագույն հնարավորությունը, բացի այդ, պարբերաբար օգտվել են կարճատև արձակուրդներից, լքելով մեկուսարանները, ինչն ազատ հնարավորություն է տվել տևական ժամանակով շփվելու իրենց պաշտպանների հետ:
Նույն այդ հեղինակը, մեջբերելով Ստամբուլում Բրիտանիայի գերագույն հանձնակատար Դը Ռոբեկայի խոսքերը, փորձել է պնդել, որ անգամ պատվիրատու (իրականում որևէ պատվեր չտված) պետություններն են դժգոհել դատավարությունից: Դը Ռոբեկան, իրոք, դժգոհություններ հայտնել է, սակայն Լևին դարձյալ չակերտավոր կերպով մոռացել է հստակեցնել, որ այդ դժգոհությունը պայմանավորված է եղել կասկածյալների նկատմամբ թուրքական իշխանությունների կողմից իրականացվող բացահայտ հովանավորչությամբ: Օրինակ, Թուրքիային առաջարկվել է, հաշվի առնելով դատավարության միջազգային բնույթը, դատարանի կազմում մասնակից դարձնել այլ պետությունների ներկայացուցիչների, սակայն այդ և նմանաբնույթ բոլոր այլ առաջարկությունները կտրականապես մերժվել են, ինչն էլ իրավաչափորեն դժգոհության տեղիք է տվել: Այսպիսով, Լևին փորձել է պարզունակ խորամանկություն բանեցնել և, որպես իր պնդումների հիմնավորում, հատվածաբար հղումներ կատարել հավաստի աղբյուրի վրա, ինչպիսին Դը Ռոբեկան է:
Ի դեպ, տեսնելով ակնհայտ հովանավորչության դրսևորումները, անգլիական հրամանատարությունը, հարկադրված, երիտթուրքերի առաջնորդների և նախարարների գործով 1919 թ. ապրիլի 27-ին սկսված դատավարությամբ անցնող թվով 77 կալանավորվածների տեղափոխել է Մալթա, որտեղ դատավարությունը շարունակվել է մինչև 1919 թ. հունիսի 26-ը (այս առանցքային գործով դատավճիռն արձակվել է 1919 թ. հուլիսի 5-ին):
Մյուս կողմից` այդ դատավարություններում, հասկանալի պատճառներով, որևէ ողջամիտ միջոց չի ձեռնարկվել տուժողների (բացառությամբ` Անտանտայի պետություններից գերեվարված զինվորների) շահերի պաշտպանության ուղղությամբ: Բնորոշ է այն, որ դատավարություններին մասնակցած սակավաթիվ հայ փաստաբանների բոլոր միջնորդությունները մերժվել են:
Հավելենք, որ այդ դատավարությունների արձանագրություններն ու մեղադրական ակտերն առայսօր հասանելի չեն լայն հետազոտողներին, դրանց որոշ հատվածների մասին կարելի է պատկերացում ունենալ` հիմք ընդունելով միայն թուրք հետազոտողների կամայական որոշ հղումներ:
Շատ կարևոր է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ բոլոր այն անձինք, ովքեր այս կամ այն պատճառով չեն հասցրել փախուստի դիմել, ստացել են ցեղասպանության համար ակնհայտ անհամաչափ, խորհրդանշական պատիժներ: Խիստ սահմանափակ դեպքերում է սահմանվել 10, 15 տարվա ազատազրկում: Օրինակ, երիտթուրքերի կուսակցության Խարբերդի տեղական կոմիտեի քարտուղար Ռեսնելի Նազիմը մի քանի տասնյակի հասնող բնակչության սպանությունը, գույքի զանգվածային հափշտակությունը և բռնաբարությունները կազմակերպելու համար դատապարտվել է 15 տարվա տաժանակիր աշխատանքի: Ընդ որում, դեռևս ոչ բավարար ծավալով իմ կատարած ուսումնասիրությունները վկայում են, որ պատժվածները հիմնականում չեն կրել իրենց պատիժների նույնիսկ կեսը կամ կեսի կեսը` ազատ արձակվելով անգամ մինչև 1923 թվականի համաներման ակտը:
Այնուամենայնիվ, ստացվում է, որ կան դատավճիռներ, սակայն չեն պահպանվել դրանց հիմքում դրված արխիվային փաստաթղթերը: Ընդ որում, թուրքական կողմն ու նրանց համակիրները պնդում են, որ դրանց ոչնչացման մեջ մեղավոր են հենց հայերը: Որևէ լուրջ հետազոտող ի վիճակի չէ անգամ ենթադրելու, որ այդ արխիվային փաստաթղթերը ոչնչացրել են հայերը, դա այնքան անհեթեթ դատողություն է, որին չարժե անդրադառնալ: Վերջին հաշվով, քրեական գործերում առկա և պետական խիստ պահպանության ներքո գտնվող փաստաթղթերը, մեծագույն ցանկության դեպքում, չէին կարող հափշտակվել ու ոչնչացվել մասնավոր անձանց կողմից, մանավանդ ցեղասպանությունից հետո Թուրքիայում ստեղծված իրավիճակում:
Ինչ վերաբերում է արխիվային փաստաթղթերին, ապա ներկայացնեմ որոշ նկատառումներ: Նախ, դրանց հիմնական ու առավել առանցքային նշանակություն ունեցող հատվածի կորուստը (ես սա պայմանական եմ ասում, որովհետև դեռևս վստահ չեմ, որ դրանք գոյություն չունեն) պետք է որ սթափեցներ մեր այն որոշ ազգային գործիչներին, որոնք մի պահ հրապուրվել ու պատմական փաստաթղթերը համատեղ ուսումնասիրելու համար հանձնաժողովներ ստեղծելու քայլեր էին փորձում ձեռնարկել:
Մյուս կողմից` դատավճիռների հիմքում դրված փաստաթղթերի գոյության փաստը չի կարելի ժխտել. վերջին հաշվով, դատավարության մասնակիցները հանգամանորեն հետազոտել են որոշակի փաստաթղթեր, ինչի առնչությամբ կազմվել են արձանագրություններ, իսկ հետագայում դրանց բացակայությունը չի կարող որևէ կերպ խոցելի դարձնել բուն դատավճիռների իրավաչափությունը: Ի՞նչ է ստացվում. թուրքական կողմը խայծ է նետում, հիմքում ունենալով իբր թե դատարանների հետազոտած պատմական փաստաթղթերի կորուստը, մասնավորապես հայերի կողմից իբր թե դրանց հափշտակությունն ու ոչնչացումը: Արդեն անդրադարձա այդ վարկածի սնանկությանը, սակայն առավել անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ այդ վարկածը ոչ միայն չպետք է քննարկման հատուկ նյութ լինի իր ակնհայտ անհեթեթության պատճառով, այլև գլխավորապես այն պատճառով, որ որևէ իրավական նշանակություն ու արժեք չունի, պարզապես չպետք է «կուլ տալ» հիշյալ խայծը: Վերջին հաշվով, խոսքը դատական ատյաններում սահմանված կարգով հետազոտված ապացույցների մասին է, որոնց գերակշիռ մասը, այդ թվում` դատավարությունների արձանագրությունները հանգամանորեն արտացոլվել են թուրքական մամուլում: Իսկ եթե դրանք հետագայում կորսվել են, ապա դա զուտ տեխնիկական արժեք ունեցող հարց է:
Մի կարևոր հանգամանք ևս. եթե թուրքական կողմը, արդեն երկու տարի անց, եկել է այն համոզման, որ դատավարություններում քննարկման նյութ դարձած փաստաթղթերը, վկաների ու կասկածյալների ցուցմունքները և այլ ապացույցներ իբր բավարար չափով հավատ չեն ներշնչում, ապա կարող էր անդրադառնալ կայացված դատական ակտերին ու նախաձեռնել դրանց բեկանման գործընթաց, մինչդեռ, ինչպես արդեն նկատեցինք, 1923 թ. ընդունել է համաներում հայտարարելու մասին օրենք, որով բնավ չեն հերքվել դատական ակտերով արձանագրված փաստերը, այլ պարզապես հաշվի առնելով «միջազգային բարենպաստ իրավիճակը» հապճեպ նախաձեռնել է պատժված անձանց սոսկ պատժի կրումից ազատելու գործընթաց: Ընդգծեմ, որ մահապատժի դատապարտված բոլոր անձինք, որոնք հետագայում հերոսացվել են, և որոնք անգամ հանրակրթական դասագրքերում են ներկայացվում որպես Թուրքիայի ազատության ու անկախության համար զոհված նահատակներ, դատական որևէ ակտով չեն արդարացվել:
Վերջապես, փաստաթղթերի շրջանակը չի սահմանափակվում միայն դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով: Իհարկե, տրամաբանական կլիներ, որ բոլոր վերաբերելի ու թույլատրելի ապացույցները պահանջվեին ու հետազոտվեին 1919-1920 թթ. դատավարությունների ընթացքում, սակայն, բարեբախտաբար, դրանց մի հատվածը չի դարձել դատաքննության առարկա և, հավանաբար, հենց այդ պատճառով պահպանվել է: Բայց այս հարցն առայժմ առկախենք: ՈՒղղակի նկատենք, որ ապացույցները ոչ լիարժեք ուսումնասիրելը ևս վկայում է դատական գործընթացներում մեղադրյալների հանդեպ հովանավորչության և ակնհայտ իրողություններն աղավաղելու փաստերի մասին: Բոլոր դեպքերում, առկա են միանգամայն օրինական ուժ ունեցող դատավճիռներ:
-Այդ դատավճիռներին ինչպե՞ս են վերաբերվում թուրքական կողմը և բոլոր այն պետությունների օրենսդիր իշխանության մարմինները, որոնք դեռևս մերժում են Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը:
-Նախ, վերջին քաղաքական զարգացումները մեկ անգամ ևս եկան հաստատելու այն, որ թուրքական կողմը դրանց վերաբերվում է այնպես, ինչպես Ալիև-կրտսերը վերաբերվեց Ռամիլ Սաֆարովի կապակցությամբ Հունգարիայի դատավճռին. միանշանակ հերոսացվել ու շարունակում են հերոսացվել իրենց ազգային դատական ատյանների կողմից մահապատժի դատապարտված անձինք, հիմքում ունենալով այնպիսի ցինիկ ու սնանկ պատճառաբանություններ, որպիսիք մեր օրերում պաշտպանվում են իրենց անաչառ հետազոտող հռչակած լևիների, պրոխանովների, հեյդար-ջեմալների կողմից: Ըստ հավաստի աղբյուրների, խորհրդային իշխանության փլուզումից հետո, Էնվերի աճյունը 1996 թ. փոխանցվել է Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելին: Այդ ոճրագործների անուններով Թուրքիայում կարելի է հանդիպել բնակավայրերի, ուսումնական և այլ հաստատությունների: Թուրքական կողմը պարզապես ձգտում է անտեսել շուրջ 100 տարի առաջ իր ազգային դատական ատյանների կայացրած դատական ակտերը:
Ինչ վերաբերում է արտասահմանյան երկրների խորհրդարաններին, ապա, ցավոք, այդ հարցում դեռ չի ձևավորվել դատական ակտերով ղեկավարվելու անհրաժեշտ փորձ ու պրակտիկա: Անգամ Հայոց ցեղասպանությունը ճանաչած բազմաթիվ պետություններ հիմնվել են միայն պատմական փաստերի վրա, մինչդեռ իրավական տեսանկյունից արժեր, առաջին հերթին, հիմքում դնել դատական ակտերը:
(շարունակելի)


Հարցազրույցը`
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1680

Մեկնաբանություններ