Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոհանին, անկասկած, քննության են առել Թուրքիայի ու Էրդողանի հարցը

Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոհանին, անկասկած, քննության են առել Թուրքիայի ու Էրդողանի հարցը
25.04.2017 | 12:27

Իրադարձություններն ավելի ու ավելի արագ են զարգանում: Եվ ահա արդեն թուրքական հանրաքվեն հետևում է: Դրա մասին դեռ կխոսենք: Բայց առայժմ մենք առաջարկում ենք վերադառնալ 2017 թվականի մարտի վերջը, որը, ինչպես ամբողջ մարտը, շատ հարուստ էր իրադարձություններով ու փաստերով, ընդ որում՝ ամբողջ աշխարհում: Մեզ, բնականաբար, առաջին հերթին հետաքրքրում են այն գործերը, որոնք գոնե անուղղակիորեն կապված են Հայաստանի և Արցախի հետ: Եվ այս առումով մեզ համար առաջնակարգ նշանակություն ունեն, իհարկե, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի գլխավորությամբ իրանական ստվարաթիվ պատվիրակության պետական այցը Ռուսաստան, ինչպես նաև վերստին Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների իբր «հանկարծակի» սրումը:

Սակայն ինչ-որ բան նաև հուշում է, որ 2017 թ. մարտի վերջին Մոսկվայի արտքաղաքական կապերում տեղի ունեցած իրադարձությունները, օրինակ, նույնիսկ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ Վլադիմիր Պուտինի բանակցությունները, նույնպես առնչություն ունեն Հայաստանի և «հայկական հարցերի» հետ, թեև դա ամենևին էլ «չի երևում» Պուտին-Վուչիչ բանակցությունների ընթացքից և դրանցում արծարծված թեմաներից:
Թող ինձ ներեն ընթերցողները. ես հայ-թուրքմենական բանակցությունները «շատ կարևոր» չեմ համարում Հայաստանի համար: Աշգաբադի հետ մեր երկկողմ հարաբերություններում ջուրծեծոցին միշտ էլ շատ է եղել, արդյունքն է քիչ եղել, և զուր չէ, որ, ասես «հընթացս», հայկական կողմը այդ իրադարձության ժամանակ շոշափեց այն հարցը, որ վատ չէր լինի երկկողմ հարաբերությունները «վերածվեին» եռակողմի, այսինքն, միանար նաև Իրանը, և օգտագործվեին իրանական կողմի հնարավորությունները հայ-թուրքմենական համագործակցության ընդլայնման համար: Ինչպես ֆրանսիացիներն են ասում, «սե լյա վի». քանի որ և՛ Հայաստանը, և՛ Թուրքմենստանը իրենք են խոստովանում, որ առանց Իրանի միանալու իրենց երկկողմ հարաբերությունները բանի պետք չեն, ապա տեղին է հետևցնել. եթե Իրանը «ձեզ հետ է», Հայաստան և Թուրքմենստան, ապա այդ դեպքում հնարավոր է «մի բան ստացվի»: Տեղին է նաև հետևյալ հարցը. իսկ Երևանն ու Աշգաբադը որքանո՞վ են հաշվի առնում այն, որ Ռուսաստանն ու Իրանը դաշնակիցներ են թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Անդրկովկասում, թե՛ նույնիսկ Միջին Ասիայում... Ավելին, Ռուսաստանն ու Իրանը կուլիսային դաշնակիցներ են նաև Կասպից ծովի կարգավիճակի հարցում, որից մեծագույնս կախում ունի Թուրքմենստանը: Այնպես որ, ես, օրինակ, համոզված եմ, որ թուրքմենական կողմը իր կախման մասին ¥ընդ որում՝ թե՛ Ռուսաստանից, թե՛ Իրանից¤ «անգիր գիտե»՝ հինգուխաչով: Իսկ այ Հայաստանի իշխանությունները գուշակո՞ւմ են, արդյոք, այդ թուրքմենական կախման մասին, երբ Աշգաբադում խոսակցություն են բացում «եռակողմ ձևաչափից», իսկ ես կավելացնեի՝ «չորրորդ հայտնիով», այսինքն և՛ Թուրքմենստանի, և՛ Իրանի, և՛ Հայաստանի վրա Ռուսաստանի «ստվերի» առկայությամբ, անկեղծ ասած, երբեմն սկսում ես կասկածել:
Իրանական թեման հարկավոր է լուսաբանել գերմանրամասնորեն, ուստի նախ այն մասին, ինչն աչքի է զարնում: Օրինակ, ԱՄՆ-ում աղմկալի իրադարձությունները սաստկանում են: Այո, դա, կարծես, վերաբերում է միայն ռուս-ամերիկյան հարաբերություններին: Բայց ո՞վ չգիտե, որ Ռուսաստան-ԱՄՆ կապերն ու հարաբերությունները վերաբերում են ամբողջ մոլորակին:

Երևի նույնիսկ տեղին չէ հիմնավորել և ապացուցել դա: Մի կողմից՝ ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփն ասես սկսում է «արդարանալ», թե հակառուսական պատժամիջոցների վերջին ծրարն ընդունել է Բարաք Օբամայի վարչակազմը, և Թրամփն ինքը ոչ մի կերպ չի կարող «մեկ օրում» չեղարկել դրանք: Մյուս կողմից՝ նա շարունակում է առաջ տանել հակաիրանական գիծը, և արդեն ընթացք է ստացել նոր օրինագիծը հակաիրանական պատժամիջոցների սաստկացման մասին: Օրինակ, նախագահ Ռոհանիի Ռուսաստան կատարած այցից անմիջապես առաջ Իրանը, ի պատասխան Թրամփի հիմար քայլերի, որոշեց իր պատժամիջոցներն ընդունել ամերիկյան 15 խոշորագույն կորպորացիաների նկատմամբ, ինչպես հաղորդում է «Tehran Times» թերթը, «Իսրայելի հանցանքներին ու ահաբեկչությանն աջակցելու համար»: Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ այդ ընկերությունները Իսրայելի վարչակազմի հետ ուղղակիորեն և/կամ անուղղակիորեն համագործակցել են օկուպացված Պաղեստինում նրա վայրենի հանցանքներն իրագործելու հարցում, իրենց կշիռն օգտագործել են սիոնիստական վարչակազմի ահաբեկչական ակտերին աջակցելու համար կամ իրենց ավանդն են ներդրել պաղեստինյան տարածքներում իսրայելական ռազմաբնակավայրերի ընդլայնման գործում, ինչը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի N2334 բանաձևի աղաղակող խախտում է: Այսպիսով, այդ ընկերությունների հետ ամեն տեսակի գործողություն արգելված է, այդ ընկերությունների ակտիվները ենթակա են սառեցման, և ոչ մի վիզա չպետք է տրվի այն անձանց, ովքեր պաշտոններ են զբաղեցնում դրանցում, կամ այն անձանց, ովքեր կապված են այդ կորպորացիաների հետ, նշվում է հայտարարության մեջ:


Պետք չէ հոռետեսորեն քմծիծաղել. ցուցակում, որին ազատ կարելի է ծանոթանալ, տեղ են գտել «United Technologies»-ը, «ITT Corporation»-ը, «Military Aruament Corporation»-ը և այլ ընկերություններ, ըստ էության ԱՄՆ-ի ամբողջ ռազմարդյունաբերական համալիրը՝ ամբողջ «սպասարկման» ձեռնարկություններով հանդերձ: Եվ այս ամենը ոչ պակաս կարևոր ու զարմանալի փաստերի ֆոնի վրա: Այսպես, Թրամփի նախագահ ընտրվելուց հետո առաջին անգամ մարտի 24-ին Պարսից ծոցի ջրատարածք վերադարձավ ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի ռազմանավերի ավիակրավոր հարվածային խումբը՝ «George H.W. Bush» ավիակրի գլխավորությամբ, հաղորդում է «NewsRu» լրատվական կայքը: Բայց ամերիկյան ռազմանավերին Հորմուզի նեղուցի ջրերում դիմավորեցին Իրանի ԻՀՊԿ-ի ծովային զորամասերի ռազմանավերը, որոնք ամերիկյան տորմիղին զգալի հեռավորության վրա ուղեկցեցին մի ամբողջ օր: Իսկ ԱՄՆ-ի նախագահն ավելի խելացի բան չգտավ ասելու, քան սպառնալը, որ եթե իրանցիները փորձեն խոչընդոտել ամերիկյան նավատորմին, ապա նրանց ռազմանավերը «տաշեղների կվերածվեն»: Ի պատասխան, մարտի 25-ին Իրանի զինված ուժերի շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Մասուդ Ջազաերին հայտարարեց, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը պետք է ձեռնպահ մնան Պարսից ծոցի շրջանում սադրիչ քայլեր ձեռնարկելուց. «ԱՄՆ-ը պետք է ավելի քան երբևէ հետևի ու վերահսկի իր ռազմանավերի վարքագիծը Պարսից ծոցում»: Նա նաև հերքել է Պարսից ծոցում իրանական ռազմանավերի «ոչ պրոֆեսիոնալ վարքագծի» մասին հաղորդագրությունները:

«Ամերիկյան աղբյուրների հրապարակած հաշվետվությունները իրանական ռազմանավերի իբր ոչ պրոֆեսիոնալ վարքագծի մասին ճշմարտության հատիկ իսկ չեն պարունակում»: Եվ հիշեցրել է, որ Պարսից ծոցում ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի ներկայությունը սպառնալիքի տակ է դնում այդ ամբողջ ռազմավարական տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը: Գերհետաքրքիր դինամիկա է, այնպես չէ՞, և այս ամենը իրանական պատվիրակության այցի և Մոսկվայում Ռոհանիի բանակցությունների նախօրեին:
Եվ սա էլ դեռ ամենը չէ: Երրորդ, Թրամփը վերցրեց և իր ավագ խորհրդականին ու փեսային՝ Ջերարդ Քուշներին, խորհուրդ տվեց... համաձայնել ու «Ռուսաստանի հետ կապերի մասին» ցուցմունքներ տալ ԱՄՆ-ի սենատի հետախուզության հատուկ կոմիտեում: Ընդ որում, ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղար Շոն Սփայսերը CNN-ին պատմել էր, թե Քուշներն ընտրությունների ժամանակ և հետո պաշտոնական շփումներ է ունեցել որոշ երկրների կառավարությունների հետ:

«Նա կամովին համաձայնել է շփվելու սենատորների հետ»,- ճշտել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Բայց, չորրորդ, Թրամփն անմիջապես ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ կոմիտեին խորհուրդ տվեց ստուգել Բիլ և Հիլարի Քլինթոնների կապերը Ռուսաստանի հետ: «Ինչո՞ւ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեն չի ուզում ուսումնասիրել Բիլի և Հիլարիի գործարքը, որից հետո «Uranium»-ի զգալի մասը գնաց Ռուսաստան, Հիլարիի «վերաբեռնումը», Ռուսաստանի գովերգումը Հիլարիի կողմից կամ Պոդեստայի ռուսական արշավը»,- գրել է Թրամփը «Twitter»-ի իր միկրոբլոգում: Ամերիկայի առաջնորդը պնդում է, թե իր ռուսական կապերի պատմությունը խաբեություն է, ու Բիլ Քլինթոնին մեղադրել է ռուսական կողմից փող ստանալու մեջ, առանց ճշտելու, թե հատկապես ինչ միջոցներ են նկատի առնվում: Անգամ անզեն աչքերով երևում է, որ թե՛ Թրամփի, թե՛ ԱՄՆ-ում նրա ընդդիմախոսների գործողությունները միտված են ամերիկյան հասարակության պառակտմանը: Եվ ուրեմն, արտացոլում են ԱՄՆ-ի ամբողջ ներքաղաքական ներկապնակում տիրող իրավիճակը. չէ՞ որ հակաթրամփյան հանրահավաքներն ու ակցիաները առայժմ չեն դադարում, թեև չեն էլ վերաճում «տարերային հեղափոխության»: Սակայն եթե ամերիկյան հասարակության ներսում այս բոլոր փոխադարձ մեղադրանքները (իսկ Իրանը նույնպես մտնում է Օբամայի ու Քլինթոնի հասցեին Թրամփի «մեղադրանքների ցուցակի» մեջ) ավելացնենք Ռուսաստանի ու Իրանի հետ ԱՄՆ-ի կոնկրետ հարաբերություններին, ապա անկասկած, կհամոզվենք, որ ԱՄՆ-ի համար ևս Մոսկվան ու Թեհրանը գլխավոր արտքաղաքական և աշխարհառազմավարական գերակայությունն են: Գերակայություն, որտեղ ԱՄՆ-ը չունի ոչ մի պատրաստի, նախապես ծրագրված լուծում:
ՈՒստի և հինգերորդ. ԱՄՆ-ի խամաճիկները «սիրիական չափավոր ընդդիմության» տեսքով Ժնևի բանակցություններում ավանակի համառությամբ շարունակում են պահանջել նախագահ Բաշար Ասադի հրաժարականը և երկրից դուրս բերել իրանցի ռազմական խորհրդականներին ու շիա կամավորականներին: Եվ, իհարկե, այդ իսկ պատճառով էլ՝ վեցերորդ. կարծես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական Հայաստան կատարած այցելության, մարտի 27-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի ժամանակավոր պաշտոնակատար, թուրքական լոբբիստ Ռիչարդ Հոգլանդը ուղղակի հասնում է պարոն Նալբանդյանի հետ առանձնազրույցի: Եվ ինչի՞ մասին:

Եթե դատելու լինենք պաշտոնական լրատվությունից, ապա խոսվել է «Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին նվիրվածության» մասին: Իսկ եթե նաև հիշենք, որ մարտի 25-ին Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով եղավ Արցախո՞ւմ... Ես փորձ չեմ անի փոխանցելու Ստեփանակերտում Ս. Սարգսյանի քննարկումների թեմաների մասին գրեթե ոչինչ չասող պաշտոնական հաղորդագրությունները: Բայց չեմ կարող նրա արցախյան այցը չկապել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Երևան կատարած այցելության և Նալբանդյանի ու Հոգլանդի առանձնազրույցի հետ: Եվ որպես արդյունք, իբր միայն «Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ» ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի միջև շնորհակալական նամակների փոխանակման շրջանակներում պետքարտուղար Թիլերսոնը նշեց, որ «ԱՄՆ-ը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորմամբ»: Նա ընդգծեց, որ իր երկիրը շահագրգռված է Ադրբեջանի հետ սերտ համագործակցությամբ, հատկապես էներգետիկայի ոլորտում: Հայեր, պա՞րզ է ամեն ինչ, թե՞ դեռ ոչ...


(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1611

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ