Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«…4-5 կով պահելով մենք առաջ չենք գնա»

«…4-5 կով պահելով մենք առաջ չենք գնա»
25.04.2017 | 12:44

«Իրատեսին» տված հարցազրույցում (թիվ 4, 2017 թ.) գյուղատնտեսության նախարարը նոր ռազմավարությունը բնորոշում է տնտեսությունների խոշորացմամբ, հավելելով, որ այն այս տարվանից փորձարկվում է տավարաբուծության, մասնավորապես տոհմային տնտեսության ոլորտում, և որ բնագավառի զարգացման պարտավորությունները դրվելու են խոշոր ընկերությունների վրա, ակնկալելով նաև պետական միջոցների ավելացում:

Կավելանա՞ն այդ միջոցները, թե՞ ոչ, հարց է. իրողությունն այն է, որ այդ միջոցները այս տարվանից արդեն նվազում են, որովհետև տոհմային տնտեսությունների ձևավորումը և խոշորացումը կատարվում են պետբյուջեի հաշվին:
Եվ, ելնելով ոչ հեռու անցյալի դառը փորձից, արժե անդրադառնալ այս նոր ռազմավարության հեռանկարային օգուտներին և վնասներին:
Սկսենք օգուտներից: Ինչ խոսք, օգուտ է, որովհետև մինչև այժմ Եվրոպայից ներկրվող, միջին հաշվով 3000 եվրո արժողությամբ երինջները փոխարինվելու են տեղականով. փողը կմնա հանրապետությունում, կստեղծվեն նոր աշխատատեղեր, գյուղացին ավելի ցածր գնով ձեռք կբերի տեղական պայմաններին հարմարված բարձր մթերատու երինջներ:
Այս երինջներն էլ կլուծեն կաթի ու մսի արտադրության խնդիրները. մենք կհեռանանք աշխարհում մթերատվության ամենացածր ցուցանիշներն ունեցող երկրներից, հանրապետությունը լիարժեք կապահովենք տեղական արտադրության կաթնամսամթերքով, գուցե կարողանանք կասեցնել դրանց «սողացող» գնաճը, ինչը աղքատության բարձր շեմի պատճառով մարդկանց ստիպում է արտագաղթել:


Ես ուզում էի շարունակել նոր ռազմավարության առավելությունների թվարկումը, բայց հիշեցի, որ դրանց մասին ինչ-որ տեղ արդեն կարդացել եմ. այո, դա 2007-ին էր, երբ կառավարությունը նույն հիմնավորումներով որոշեց Եվրոպայից ներկրել հոլշտենյան, շվից, սիմենթալ ցեղերի երինջներ` 4500-5000 լիտր կաթնատվությամբ, ինչի իրացումը կառավարության որոշման համաձայն թույլ կտար գյուղացուն միջին կաթնատվությունը բարձրացնել 2-3 անգամ (2000 լիտրի փոխարեն 4000-6000 լիտր), ստացված շահույթի հաշվին 5 տարում փակել վարկային պարտավորությունները:
Բայց ծրագրի ավարտին պարզվեց, որ այն ձախողվել է. ինչպես նշում է Փաստ.info-ն. ներկրված 2000 երինջներից առաջին 1-2 տարում 800-ը սատկել են, մնացած գլխաքանակը չի ապահովում նախատեսված կաթնատվությունը:
Անկումներն ու ցածր մթերատվությունը փաստում են նաև այլ լրատվամիջոցներ, «Ագրոհոլդինգի» տնօրենությունը, Ազգային ժողովի մասնագիտական հանձնաժողովի 2016-ի քննարկումները:
Պետության կրած վնասը այս ծրագրի պատճառով 2,4 միլիոն եվրո է, գյուղացին չի կարողացել փակել վարկը և խոստացված բարգավաճման փոխարեն հայտնվել է դատարանում:
Կառավարության որոշման տեսքով բարի ցանկությունների այսպիսի ավարտ: ՈՒ հիմա նոր կառավարություն, նոր նախարար… հրաժարվում ենք Եվրոպայի երինջներից, դրանք կբուծենք տեղում… Ճիշտ է, նոր նախարարը զգուշավորությամբ է խոսում նոր քայլերի մասին… ծրագիրը փորձնական է…, ասել կուզի՝ հնարավոր են ձախողումներ:
Մեր կողմից վստահեցնենք նախարարին՝ այս նոր ծրագիրը ևս ձախողման է դատապարտված:


ՈՒշագրավ է նաև մեկ այլ հանգամանք. նախորդ ծրագրի (2007-2016 թթ.) միջնամասում արդեն հայտնի էր, որ այն ձախողվում է: Բայց ինչն է անհասկանալի. գյուղնախարարությունը, քննարկելով անկումների, վարկային պարտավորությունները չկատարելու համար գյուղացիներին դատարան ուղարկելու հարցը, որոշում է, որ ծրագիրը, այնուամենայնիվ, պետք է շարունակել, ներկրված երինջների քանակը` 2000 գլուխ, պետք է հասցնել ծրագրով նախատեսվածին` 13000 գլխի: Այսինքն, 800 գլուխ սատկած երինջները քիչ էին, դրանց գլխաքանակը պետք է հասցնել կլոր թվի` 5000-ի, պետության վնասն էլ` կլոր 15000000 եվրոյի: Այսպիսի հանելուկներ:
Հանրահայտ է, որ մեր երկրի կառավարիչները խուսափում են ծրագրի (ծրագրերի) ձախողման պատճառների մասին բացահայտ խոսելուց, որովհետև այդ դեպքում պետք է պատժեն մեղավորներին, իսկ անցյալի սխալների համար, ինչպես գիտեք, մեզանում բարձրաստիճան մեղավորներ չեն հայտնաբերվում: ՈՒ հիմնական մեղավորը և պատիժ կրողը դառնում է գյուղացին:


Իսկ գյուղնախարարությո՞ւնը. չէ՞ որ դուք եք կազմել այդ ծրագիրը, ձեր հարյուրների հասնող խորհրդատուներով համոզել գյուղացուն, որ գնեն այդ երինջները: ՈՒ գյուղացու մեջ ձևավորվեց այն թյուր կարծիքը, որ եթե ունես կենդանու այդ տեսակը, ապա ինչպես ասում են, գրպանդ լայն բաց արա՝ տարեկան 4500-5000 լիտր կաթը քոնն է:
Գյուղատնտեսության պատասխանատուներին հիշեցնեմ այդ օրերի իրարանցումը. պատկառելի գումարներ վճարելով, վարկային բեռի տակ մտնելով, ատկատներ ու ծանոթներ մեջ գցելով՝ գյուղացին ձեռք բերեց այդ երինջները… Մնացածը արդեն հայտնի է:
Մինչդեռ դժվար չէ կռահել, որ կաթնատվության 4500-5000 լիտր ցուցանիշը հնարավորություն է, որը կդառնա իրողություն, եթե դու կարողանաս բավարարել կենդանու պահանջները հատկապես անասնակերի, անասնաշենքի հիգիենիկ պայմանների, պահվածքի առումով:
Իսկ մեր այսօրվա գյուղացիները դրանք մեծ մասամբ չեն կարողանում ապահովել. անասնակերը հիմնականում փայտանյութի վերածված չոր խոտն է, անասնաշենքում գոմաղբի կուտակումներ են` կենդանին շնչում է ազոտի անթույլատրելի քանակ պարունակող օդը, օրը 4-5 ժամ պարտադիր զբոսնելու պահանջն էլ երազանք է, որովհետև չկա զբոսաբակ, անասունն էլ ամուր կապված է հենասյանը:


Ստացվում է՝ եթե մենք այսօր կարողանանք բուծել բարձր մթերատու երինջներ (եթե դա կարողանում ենք, ինչո՞ւ էինք ներկրում), ապա դա չի նշանակում, որ մենք կկարողանանք դրանց վերածել բարձր մթերատու կովերի` իրացնել երինջներից եկած մթերատվության գենետիկ բարձր պոտենցիալը` տարեկան 4500-5000 լիտր կաթը, ինչը պիտի լինի ծրագրի հիմնական նպատակը:


Բայց, ինչպես տեսանք, նպատակը չի իրագործվում, չկան պայմաններ:
Հետևաբար, ծրագիրը ժամանակավրեպ է, այն պետք է կասեցվի, քանի դեռ չեն ստեղծվել այդ պայմանները, այլապես բյուջետային հատկացումները կփոշիացվեն:
Այս պահանջի հրամայականի ապացույցը մենք արդեն ունենք. Եվրոպայից ներկրված, մեզանում սատկած երինջներն են, կենդանի մնացածների ցածր մթերատվությունը:
Սակայն, պարզվում է՝ վերը նշված պայմանները կարելի է ստեղծել և ունենալ ցանկալի արդյունք, եթե մենք ներդնենք ժամանակակից տեխնոլոգիաներ, մեքենասարքավորումներ, որոնք կապիտալ ներդրումների առումով կարդարացվեն կաթի ու մսի արտադրության որոշակի, խոշորացված ծավալների դեպքում:


Իսկ դա նշանակում է, որ պետք է խոշորացնել ֆերմաները, մեծացնել անասնագլխաքանակի կենտրոնացումը մասնավորի անասունների հաշվին, այլ ռեսուրս մենք չունենք:
Պետք է պարզ, հստակ ասել, որ գյուղատնտեսության, մասնավորապես տավարաբուծության առկա վիճակի հիմնական պատճառն այն է, որ, մասնատելով, մանրացնելով կաթի ու մսի արտադրությունը, նրանց սպասարկող կառույցները, մենք, փաստորեն, կնքեցինք նրանց մահկանացուն, գիտենալով հանդերձ, որ արտադրության փոքր ծավալների դեպքում օբյեկտիվորեն հնարավոր չէ դրանց արդյունավետ մեքենայացումը, ինչը շահութաբեր արտադրություն ունենալու նախապայմանն է:
Վիճակագրության համաձայն, տավարաբուծությամբ զբաղվողների 80 %-ը ¥մոտավորապես 160 հազար տնտեսություն¤, միջին հաշվով ունի 3 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որից` 1,5 կով:
Կովերի կաթնատվության և տավարի մսի քաշաճով աշխարհում վերջին տեղերում ենք և բավական հեռու ենք կաթի ու մսի ինքնաբավ ապահովվածության մակարդակից, ինչը մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքի պատճառով վերածվում է ազգային անվտանգության խնդրի:


Այս խնդիրն ավելի է բարդանում, երբ այն դիտարկում ենք կաթի ու մսի արտադրության շահութաբերության տեսակետից. որոշ ուսումնասիրությունների համաձայն, հանրապետությունում 3-4 կով ունեցողը որևէ շահույթ չի ստանում, և զբաղմունքը պատճառաբանվում է ներտնտեսական խնդիրներ լուծելու անհրաժեշտությամբ:
Թերևս այս իրողությունով է պայմանավորված գյուղացիների այդ խավի` մոտավորապես 160 հազար տնտեսության, աղքատության բարձր շեմը, և որպես ելք` արտագաղթը:
Այս առումով ուշագրավ են վարչապետի մարզային հանդիպումների դիտարկումները` «…4-5 կով պահելով մենք առաջ չենք գնա, ֆերմերներ չունենք, ժամանակակից կոոպերատիվ տեխնոլոգիաներ չունենք, …թե չէ բաբոյի, դեդոյի տնամերձը սարքել ենք ինդուստրիա: Չի դառնում, այ մարդ, էդ տիպի ինդուստրիա…»:
Ստացվում է, որ առավել էականը նոր ռազմավարությունում կաթնապրանքային տնտեսությունների խոշորացումն է, և դա ճիշտ է:
Հաջորդ էական հարցադրումը այդ տնտեսությունների խոշորացման չափն է:
Տարօրինակ կարող է թվալ, բայց այս հարցադրման ճիշտ պատասխանով է նաև պայմանավորված հասարակական կյանքի ներքին լարվածության թուլացումը: Պետք է ընտրել խոշորացման այն չափը, որը թույլ կտա ստեղծել բարեկեցիկ ապրող, միջին շահութաբերություն ունեցող միջին խավ, որը, գտնվելով հարուստների և աղքատների միջակայքում, ներքին ցնցումների զսպանակի դեր կարող է կատարել:
Մասնավորապես, հարկային և այլ օրենքներով կարելի է ձևավորել կաթնապրանքային ֆերմաների խոշորացման այն չափը, որը թույլ կտա գյուղացիական հասարակությունում շահութաբերության չափաբաժնով միջին խավը հասցնել 70-80 տոկոսի, հարուստներինը և աղքատներինը՝ 10-15-ական տոկոսի:


Մեր դիտարկումներով այս հարաբերակցությունը համահունչ է մարդկանց պոտենցիալ «բան» ստեղծելու ունակություններին, և հետևաբար, կարող է ներքին լարվածությունից զերծ անցնցում հասարակություն ստեղծելու իրատեսական նախադրյալ լինել:
Հասկանալի է, որ հասարակությունը դինամիկ կառույց է և պետք է թույլատրի խավերի շարժը աղքատությունից միջին խավ, ապա հարուստ և հակառակը:
Հասկանալի է նաև, որ այս ամենը հնարավոր կլինի իրագործել տնտեսության և հասարակության զարգացման օբյեկտիվ օրենքների գերակայությամբ ապրող երկրում:
Այսօր շատ է խոսվում 1990-ականների երկրի թալանի մասին, ակնարկելով նաև պետության ղեկավարի «կյանքից կտրված» մասնագիտական ունակությունները: Բայց չէ՞ որ նրա կողքին էին գյուղին «մոտիկ» կանգնած, այդ թվում՝ գիտական կոչումներով, մերձավորները, որոնց քաջ հայտնի էին տնտեսության զարգացման օբյեկտիվ օրենքները:
Ինչո՞ւ էին նրանք լռում, և ինչո՞ւ թույլ տվեցին, որ մեքենայացման բարձր մակարդակ և տավարի բարձր կենտրոնացվածություն (100-200 գլուխ) ունեցող, 1000-ի հասնող կոլեկտիվ սեփականություն կաթնապրանքային ֆերմաները փոշիացվեն, լուծարվեն:
Երևի ավելի ձեռնտու էր ոչ մասնագետ ղեկավարին հաճոյանալը, քան օբյեկտիվ օրենքները հիշեցնելով, տնտեսությունը փրկելը: Չէ՞ որ դա այն էր, ինչ այսօր ուզում ենք վերականգնել, բայց չգիտենք, ինչպես անել:


Սա նաև բարոյականության և արժանապատվության խնդիր է, որով հիվանդ է մեր հասարակության մեծ մասը, և երկարատև տիտանական աշխատանք է պետք այն բուժելու համար: Իրավիճակը գրեթե նույնն է նաև հիմա: Գյուղատնտեսության նոր նախարարը չունի ոլորտին համապատասխան մասնագիտական կրթություն, չի աշխատել այդ բնագավառում, իսկ տեղակալները հավատարիմ ձևավորված ավանդույթին` ինչպես կասի շեֆը: Նրանցից մեկն էլ «առաջընթաց քայլ» է կատարել: Ի պատասխան ոլորտին վերաբերող մեր մի քանի քննադատական հոդվածների, թյուրիմացության մեջ է գցել նախարարին, «սև ցուցակի» մեջ ներառելով ոլորտին խիստ անհրաժեշտ, ներդրման համար պրակտիկորեն պատրաստ մեր առաջարկությունները, այդ թվում՝ տավարաբուծության կենտրոնացմանը վերաբերող: Դրա մասին մանրամասն կխոսենք մեկ այլ հոդվածում:
Սակայն վերադառնանք նոր ռազմավարությանը` տավարաբուծության խոշորացմանը, մասնավորի կովերով գլխաքանակի կենտրոնացմանը:
Սա մեր օրերի և, ըստ երևույթին, առաջիկա տարիների կառավարության առաջնահերթ լուծումների հրամայականն է:


Սակայն շատ են նաև հարցականները. ո՞րն է կաթնապրանքային ֆերմաների խոշորացման օպտիմալ չափը, ի՞նչը պետք է ստիպի գյուղացուն իր միջին վիճակագրական երեք գլուխ խոշոր եղջերավոր անասունը բերելու խոշորացվող ֆերմա, ինչպե՞ս է լուծվելու անասնակերով ապահովվածության խնդիրը, որը ակադեմիկոս Թամամշևի հավաստմամբ, «մնում է Հայաստանի տավարաբուծության գլխավոր չարիքը…», որո՞նք են այն նոր տեխնոլոգիաները, որոնք կապահովեն կաթի ու մսի արտադրության բարձր շահութաբերությունը, ո՞րն է այս ամենում հայրենական գիտատեխնիկական մտքի տեղը, ի՞նչ չափով է իրատեսական, բնագավառի զարգացման պարտականությունը խոշոր ընկերությունների վրա դնելու գյուղատնտեսության նախարարի ռազմավարական պահանջը, ի՞նչ են անելու այդ դեպքում նախարարության տասնյակների հասնող գիտական և գյուղատնտեսությանն աջակցող կենտրոնները:


Ցանկալի կլիներ՝ այս և հարակից հարցադրումների քննարկումներին մասնակցեին ոլորտի պատասխանատուները, մասնագետները, առավել ևս, որ դրանք պարզ չեն նաև գյուղնախարարությունում, ինչը աղճատում է ռազմավարությունը, չի տալիս առաջընթացի հստակ պատկերը:


Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ

Դիտվել է՝ 4014

Մեկնաբանություններ