Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ճշմարտությունը սատանայի ծառա սուտ մարգարեների մասին

Ճշմարտությունը սատանայի ծառա սուտ մարգարեների մասին
25.04.2017 | 10:21

«Եհովայի վկաներ» անվանյալ աղանդի ղեկավարության հրատարակած գրականությունը իրական հեքիաթի է նման, իր հավիտենական երջանիկ կյանքի խոստումներով, կյանք, որ պիտի հաստատվի Երկիր մոլորակի վրա:
Սակայն այդ հեքիաթի պատրանքը ցնդում է, երբ բացում ես Սուրբ գիրքը (ո՛չ նրանց կողմից նենգափոխված) և հասկանում, որ մեր մոլորակը արդեն չափազանց մոլորված է, և մարդիկ, որ դուրս են Եկեղեցուց` փրկության տապանից, շեղվել են ճանապարհից, կորցրել են ճշմարտությունը և դադարել են ապրելուց:


Դեռևս Եկեղեցու հիմնադրումից առաջ, երբ Տերը երկրի վրա էր, չէր փառավորվել և չէր առաքել Իր Սուրբ Հոգին, Նա զգուշացնում էր մեզ. «Սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ պիտի ելնեն և մեծամեծ նշաններ պիտի ցույց տան` Աստծո ընտրյալներին անգամ մոլորեցնելու աստիճանի, եթե հնար լինի» (Մատթ. 24.24): «Բայց դուք զգո՛ւյշ եղեք, ահա սկզբից ձեզ ամեն ինչ ասացի» (Մարկ.13.23):


Իսկ Եկեղեցու հիմնադրումից հետո աստվածատես Պողոս առաքյալը, որ սկզբում նախանձախնդրորեն հալածում էր Սուրբ Եկեղեցին, իսկ մեր Տեր Հիսուսի մի հայտնությունից հետո նույն նախանձախնդրությամբ հալածվում նրա Եկեղեցու թշնամիների և հակառակորդների կողմից, մարգարեանում է բաներ, որ մեր ժամանակներում արդեն անժխտելի իրականություն են. «Եվ Սուրբ Հոգին հայտնապես ասում է, թե վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հավատից և իրենց ուշադրությունը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների և դևերի վարդապետությունների վրա» (Ա. Տիմ. 4.1), «քանզի պիտի գա ժամանակ և չպիտի անսան ողջամիտ վարդապետությանը, այլ ականջները պիտի դարձնեն ճշմարտությունից ու պիտի մոլորվեն գնան առասպելների հետևից» (Բ. Տիմ. 4.3-4):
Իսկ առաքյալի այս խոսքը կարծես վերաբերում է «Եհովայի վկաներին». «Նրանց մեջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն և գերում մեղքերով ծանրաբեռն կանանց» (Բ. Տիմ. 3.6):
Մեր դռները ծեծող Եհովայի վկաների մեծ մասը «գերված» կանայք և աղջիկներն են: Համաձայն սուրբ առաքյալի, այն մարդը, որ դեմ է Եկեղեցու դավանությանը, «գոռոզամիտ է և ոչինչ չգիտի, այլ բռնված է մտքով ապականված և ճշմարտությունից հեռացած մարդկանց միջև հակառակություն և խնդիրներ առաջացնելու հիվանդությամբ, մարդիկ, որոնք շահի աղբյուր են համարում աստվածապաշտությունը» (Ա. Տիմ. 6.4-5): Այդպիսին են մեր ժամանակների բոլոր աղանդների հիմնադիրները:


Եհովայի վկաները հակառակ են մեր Սուրբ Եկեղեցու դավանած բոլոր հիմնարար ճշմարտություններին. Սուրբ Երրորդությանը, Սուրբ Հոգուն, Հիսուս Քրիստոսի Աստվածությանը և հենց Եկեղեցուն: Մենք մտադիր ենք շարունակել նրանց գաղափարների լուսաբանումը մեր հետագա հրապարակումներում (Աստծո Անունը, Սուրբ Հոգին, Հոգու անմահություն, խաչ և այլ խորագրերով)` ներկայացնելով նրանց դիրքորոշումները, իսկ մեկնաբանության համար կդիմենք Սուրբ գրքին, նրա ճշմարիտ վկայությունների լույսով մերկացնելով և դատապարտելով նրանց խավարամիտ դատարկաբանությունները: Մեր խոսքը ավարտենք սուրբ Պողոս առաքյալի հորդորներով. «Իսկ դու, ո՛վ մարդ Աստծո, փախի՛ր այդ բաներից և գնա՛ արդարության, աստվածապաշտության, հավատի, սիրո, համբերության և հեզության հետևից, հավատի բարի մա՛րտը մղիր և պի՛նդ կառչիր հավիտենական կյանքից, որին կանչվեցիր» (Ա. Տիմ..6.11):

Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 1707

Մեկնաբանություններ