Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ռեալը» ֆանտաստիկ թիմ է, սակայն «Բարսելոնն» է մեծագույնը

«Ռեալը» ֆանտաստիկ թիմ է,  սակայն «Բարսելոնն» է մեծագույնը
25.04.2017 | 13:42

Բնավ չստվերելով մնացած թիմերի մասնակցությամբ հանդիպումները՝ ասենք, որ հանգստյան օրերի ֆուտբոլային աշխարհի ամենամեծ սպասումը կապված էր «Սանտյագո Բեռնաբեուում» կայանալիք «Ռեալ»-«Բարսելոն» դիմակայության հետ: Թող ներվի ասելը, սակայն աշխարհի այս մեծագույն թիմերի վերջին տարիների առճակատումը շվաքի տակ է պահում անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչները, եթե դրանք, իհարկե, նրանց մասնակցությամբ չեն:

ԻՍՊԱՆԻԱ


Բացի այն, որ «Ռեալ»-«Բարսելոն» դիմակայությունը համաշխարհային ակումբային ֆուտբոլի խաղերի խաղն է, այս անգամ այն առանձնահատուկ էր ևս երկու դիտանկյունից. կատալոնցիների հաղթանակի դեպքում, նախ, չեզոքացվում էր «սերուցքայիններից» ունեցած երեք միավորի տարբերությունը՝ չեմպիոնության համար պայքարում «արքայականի» միակ առավելությունը թողնելով պակաս անցկացրած խաղը և, երկրորդ, ի վերջո երկրպագուների սիրտը պիտի սիրաշահվե՞ր Չեմպիոնների լիգայում ունեցած անփույթ վարքագծի համար:
Հանդիպման հաշիվը հավասարվեց «Սանտյագո Բեռնաբեուում» «Ռեալին» պատժելու նկատմամբ առանձնակի թուլություն ունեցող Մեսիի հարվածից հետո, ու կողմերը գնացին հանգստի: Երկրորդ խաղակեսում Ռակիտիչը գեղեցիկ հարվածով առաջ մղեց կատալոնցիներին: Հանդիպման ելքը սկզբունքորեն կարելի էր վճռված համարել Սերխիո Ռամոսին կարմիր քարտ ցույց տալուց հետո, որովհետև սկզբունքորեն դժվար էր հավատալ, որ թվային գերազանցություն ունեցող հյուրերից կարելի էր խաղը փրկել: Սակայն «Ռեալը» ևս մեկ անգամ հաստատեց, որ կա ու մնում է համաշխարհային մակարդակի թիմ: Փոխարինման ելած Ռոդրիգեսը կարողացավ հավասարեցնել հաշիվը: Թվում էր, թե «արքայականի» համար վատագույնն արդեն հետևում է, սակայն անդուլ Մեսին, այնուամենայնիվ, կարողացավ իր թիմին պարգևել հաղթանակ: Սա լեգենդար արգենտինացու 500-րդ գոլն էր «Բարսելոնի» կազմում ու 22-րդը՝ էլ կլասիկոյում: Ավելորդ չհամարենք նշել, որ սեփական հարկի տակ «արքայականը» վերջին անգամ պարտվել էր 2016 թ. փետրվարին:


Լա լիգայում դաժանագույն մրցակցություն է ծավալված նաև մրցանակային եռյակի երրորդ սանդղակի համար: Ինչ-որ փուլում «Սևիլիայի» անհաջողություններից օգտված «Աթլետիկոն» այդպես էլ չի թուլացնում տեմպերը՝ անդալուզցիներին հարկադրելով լինել շնչահատ հետապնդողի դերում, նրանց տոնած հաղթանակներին պատասխանելով նույնքան հաղթական համազարկերով: «Էսպանյոլի» հետ արտագնա խաղում «Աթլետիկոն» բավարարվեց մեկ գոլով ու հերթական երեք միավորով: Նույնքան միավորի տեր դարձավ և «Սևիլիան»՝ հաղթահարելով «Գրանադայի» համեստ արգելքը՝ 2:0:
«Ռեալն» ու «Բարսելոնն» ունեն հավասար՝ 75-ական միավոր: 68 միավորով «Աթլետիկոն» երրորդ հորիզոնականում է՝ երեք նիշով գերազանցելով «Սևիլիային»: Եվրագոտում են նաև «Լեգանեսին» 2:1 հաշվով պարտության մատնած «Վիլյառեալն» ու «Դեպորտիվոյի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակ տոնած «Ռեալ Սոսիեդադը»:

ԱՆԳԼԻԱ
«Բյոռնլիի» հետ արտագնա մրցավեճի առաջին խաղակեսում երկու անգամ գրավելով մրցակցի դարպասը՝ առանց Հենրիխ Մխիթարյանի հանդես եկող «Մանչեստր Յունայթեդը» հանդիպման մնացած ժամանակահատվածում կարողացավ պահպանել առավելությունն ու խաղը հասցնել ցանկալի հանգրվան:
Միանգամայն անակնկալ հանգուցալուծում ունեցավ «Լիվերպուլ»-«Կրիստալ Պալաս» դիմակայությունը: Մեդալների համար պայքարող մերսիսայդցիները վերջնահաշվում զիջեցին հյուրերին՝ նրանց կամային հաղթանակի հնարավորություն տալով (2:1), հընթացս բարդացնելով մրցանակային եռյակում հայտնվելու իրենց շանսը:
Մառախլապատ Ալբիոնի ընթացիկ տուրը բավականին կիսատված ստացվեց, որովհետև մեկտեղվել էր գավաթային խաղերի հետ, իսկ դրանցում ընդգրկված էին առաջին վեցյակի երեք թիմ: Դրանցից մեկում զույգ էին կազմել «Չելսին» ու «Տոտենհեմը», մյուսում՝ «Արսենալն» ու «Մանչեստր Սիթին»: Առաջին մրցակցությունը հետաքրքրական էր նաև նրանով, որ եզրափակչի իրավունք նվաճելու համար ուժերը չափում էին չեմպիոնության համար կենաց-մահու կռիվ մղող, մրցաշարային աղյուսակի առաջին երկու հորիզոնականները 75 ու 71 միավորով գլխավորող ակումբները: Այս մրցավեճում «ազնվականները» բավական արագ հաշվի մեջ առաջ անցան ու մի պահ նրանց թվաց, թե հանդիպման հաղթական ելքի հարցը կանխորոշված է: Սակայն «Տոտենհեմը» կարողացավ երկու գոլով պատասխանել ու մրցակցության ելքը դնել հարցականի տակ: Ի բարեբախտություն «Չելսիի» երկրպագուների, թիմը կարողացավ վերակազմավորվել ու հանդիպումը հասցնել հաղթական ավարտի՝ 4:2:
Դրամատիկ զարգացումներ էին և երկրորդ դիմակայությունում: «Արսենալին» տիտանական ջանքերի գնով հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը, իսկ լրացուցիչում նաև տոնել հաղթանակ՝ 2:1: Այսպիսով, երկրի գավաթի եզրափակիչը ստացվեց բացառապես լոնդոնյան:

ԳԵՐՄԱՆԻԱ
Չեմպիոնների լիգայի մեկ քառորդում երկու դիմակայությունների արդյունքում «Ռեալից» կրած պարտության շորշո՞փն էր «Բավարիայի» վրա, թե՞ մրցակցին էր թերագնահատել, հստակ ասելը դժվար է, սակայն այն, որ «Մայնցի» հետ ողջ խաղում մյունխենցիները եղան հետապնդողի դերում ու խաղավարտից ոչ լրիվ քսան րոպե առաջ միայն կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը (2:2)՝ խուսափելով երեք միավոր կորցնելուց, փաստ է: Եվ այսուհանդերձ, 70 միավոր ունեցող բավարացիները զգալիորեն են առաջ մերձակա հետապնդող «Լայպցիգից», ու նրանց չեմպիոնությունն աներկբա է:
Խաղաղ ավարտ ունեցավ և «Շալկե»-«Լայպցիգ» դիմակայությունը՝ 1:1: Առաջնության նորեկն ունի 62 միավոր:
Քյոլնում տեղի համանուն թիմի հետ ծանր հանդիպում ունեցավ «Հոֆենհայմը»՝ վերջին վայրկյաններին սոսկ կարողանալով խուսափել պարտությունից՝ 1:1: Մյոնխենգլադբախցիների հետ մրցավեճում սույնից փայլուն օգտվեց Դորտմունդի «Բորուսիան»՝ խաղավարտին մոտ կարողանալով երեք միավոր կորզել տանտերերից (3:2) ու տեղափոխվել երրորդ հորիզոնական: Դորտմունդցիներն ունեն 56, «Հոֆենհայմը»՝ 55 միավոր:
«Վոլֆսբուրգի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակը պահպանեց «Հերտայի» տեղը չորրորդ հորիզոնականում: Եվրագոտում այս անգամ նրան ընկերակցողը «Բայերին» 2:1 հաշվով հաղթած «Ֆրայբուրգն» է:


ԻՏԱԼԻԱ
Սկուդետեի հերթականում ոչ-ոքի խաղալով «Սասուոլոյի» հետ (2:2)՝ «Նապոլին» երեկ ուշ երեկոյան «Պեսկարայի» հետ մրցած «Ռոմային» մինչև իսկ պարտվելու, բայց և երկրորդ հորիզոնականը չկորցնելու հնարավորություն տվեց: Ինչ վերաբերում է աղյուսակը վստահաբար գլխավորող «Յուվենտուսին», «Ջենովան» այն թիմը չէր, որ կարող էր «ծեր սինյորայի» նյարդերը քայքայել: Այստեղ գրանցվել է 4:0 հաշիվը, ինչը թուրինցիների չեմպիոն չմնալու անգամ տեսական հնարավորությունն է սկզբունքորեն բացառում:
Շարունակում է եվրագոտիական հավակնություններն ամրապնդել «Պալերմոյի» նկատմամբ առանձնահատուկ դաժան վերաբերված «Լացիոն»՝ 6:2: Նույնպիսի գրաֆիկով է առաջնորդվում և «Ատալանտան»: Վերջինիս հետ մրցակցությունում «Բոլոնիան» որքան էլ համառեց, ստիպված էր պարտված լքել խաղադաշտը՝ 2։3:

ՖՐԱՆՍԻԱ
Դիվիզիոնում տուրի հանդիպումներն այնպիսի ընթացք ունեն, որ, ի տարբերություն ընթացիկ մրցաշրջանում փայլուն հանդես եկող «Մոնակոյի», երկրի գործող չեմպիոն «Պարի Սեն Ժերմենը» միշտ մեկ օր առաջ է անցկացնում հանդիպումները: Որոշակի անհաջողություններից հետո վերջնականապես երկրորդ հորիզոնականում ամրապնդված մայրաքաղաքացիները հաղթում ու դուրս են գալիս առաջին հորիզոնական, սակայն դա առայժմ տևում է ընդամենը մեկ օր, քանզի «Մոնակոն» էլ իր հերթին իր շանսը բաց չի թողնում, չհաշված, որ դեռ պակաս անցկացրած խաղ էլ ունի պահուստում: Այս առումով հերթական 34-րդն էլ բացառություն չեղավ: ՊՍԺ-ն սեփական հարկի տակ հեշտությամբ լուծեց «Մոնպելիեի» հարցերը (2:0) ու հուսավառ սպասում էր, որ վառ մրցելույթներով աչքի ընկնող «Լիոնը» սեփական հարկի տակ չի թողնի «Մոնակոյի» կյանքը խաղաղ անցնի: Սկզբունքորեն տանտերերը իրենց խնդիրը լուծեցին, բայց ոչ այնչափով, որչափով ակնկալում էր երկրի գործող չեմպիոնը: Ֆալկաոյի ու Մբապեի գոլերին լիոնցիները պատասխանեցին միայն մեկով, իսկ դա նշանակեց, որ մոնեգասկները հերթական երեք միավորը վաստակեցին ու, թեպետ միավորներով հավասար են ՊՍԺ-ն (80-ական միավոր ունեն), այդուհանդերձ, դարձյալ աղյուսակի գլխամասում են: Ինչ վերաբերում է «Նիցցային», այն, կարծես, վերջնականապես համակերպվել է երրորդը լինելու հետ (արտագնայում ոչ-ոքի՝ 1:1 է խաղացել «Թուլուզի» հետ) ու նվազագույնը բրոնզե մեդալները նրա ձեռքից խլող թիմ այս մրցաշրջանում Ֆրանսիայում պարզապես չկա: Այստեղ շարունակում են եվրագոտում մնալ «Բորդոն» ու «Լիոնը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1102

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ