ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Ի՞նչ է խոստացել Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին

Ի՞նչ է խոստացել Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին
25.04.2017 | 14:48

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկու անգամ հայտնվել է հրապարակային հարթակում` «նկատվելով» լրագրողների կողմից: Կարեն Դեմիրճյանի տարեդարձի առթիվ Պանթեոն այցելած Հովիկ Աբրահամյանն արդեն իսկ տողատակերով մի քանի ուշագրավ հայտարարություններ էր արել` արժևորելով խորհրդարանական ընտրությունների որակն ու իշխանության քաղաքականությունը: «Նեղացած» Արգամիչից հետք անգամ չէր մնացել, ու անզեն աչքով էլ նկատելի էր, որ նախկին վարչապետը «մարսել» է իր մասով «ժառանգորդ» օպերացիայի ձախողումը և մտածում է նոր պլանների, պայմանական ձևակերպենք` «պոլիտբյուրո» վերադառնալու մասին:

Երեկ Հովիկ Աբրահամյանն այցելել է Ծիծեռնակաբերդ և հանդես եկել, կարելի է ասել, սենսացիոն հայտարարությամբ: Հարցին, թե իր՝ ՀՀԿ–ն լքելուց հետո մե՞ծ բան է կորցրել կուսակցությունը, Աբրահամյանը պատասխանել է. «Ես չեմ լքել Հանրապետականը և, կարծում եմ, որ անփոխարինելի մարդիկ չկան»։ Արգամիչն ապարատային մեծ փորձառություն ունեցող, ինտրիգների հարուստ զինանանոցին տիրապետող անձնավորություն է և վստահաբար պատահական կամ վաբանկային արտահայտություններ չի անում: Եթե նա ասում է` չի լքել ՀՀԿ-ն, ապա անուղղակի իրեն նույն հարթության մեջ է դնում իշխանությունների հետ:

Գուցե Հովիկ Աբրահամյանը ծանր ու թեթև է արել իրավիճակն ու ապարատային հոտառությամբ հասկացել է, որ ինքը պահանջարկված է դարձել Սերժ Սարգսյանի համար ու պատեհ առիթն օգտագործում է` նրան հրապարակային մեսիջներ ուղարկելու համար: Բայց Աբրահամյանը զգուշավոր մարդ է, հաստատ շուտ ոգևորվող տեսակ չէ, ու տրամաբանական կլինի ենթադրել, որ հանրության աչքից հեռու ինչ-որ բան է կատարվել, «խորհրդավոր» ինչ-որ հանդիպում է եղել, որի ժամանակ Աբրահամյանին խոստումներ են տրվել: Նրան երաշխիքներ կարող էր տալ միայն Սերժ Սարգսյանը: Մնացած դեպքերում Հովիկ Աբրահանյանի «քաղաքական կերպարանափոխության» ականատեսը չէինք դառնա: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը դժվար է «լեզու գտնում» Գագիկ Ծառուկյանի հետ, և դարձյալ պահանջարկված է դարձել Հովիկ Աբրահամյանի «առաքելությունը»: Կամ գուցե Սերժ Սարգսյանն արդեն կողմնորոշվել է իր քաղաքական հեռանկարի հարցում և որոշել է իշխանության ներսում հակակշիռներ ստեղծել Կարեն Կարապետյանին ու դիմել է նախկին վարչապետի «ծառայություններին»: Ի դեպ, թերթերից մեկը գրել էր, որ Հովիկ Աբրահամյանը կարող է նշանակվել ԱԽ քարտուղարի պաշտոնում:


Վարկածներից ու ենթադրություններից դուրս` ակնհայտ է Հովիկ Աբրահամյանի ակտիվացման և «պոլիտբյուրո» վերադառնալու հայտը: Մնացած հարցերի պատասխանը կտա ժամանակը:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1996

Մեկնաբանություններ