Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Բրյուսելը բարձրացնում է գավաթները, իսկ Փարի՞զը

Բրյուսելը բարձրացնում է գավաթները, իսկ Փարի՞զը
25.04.2017 | 14:53

Եվրոպան գավաթներն է բարձրացնում, իսկ Կրեմլը դառը հաբն է կլլում ու պահեստային տարբերակներ որոնում Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար՝ գրում է Անդրեա Բոնանին La Repubblica-ում: Եթե նախնական հաշվարկները հաստատվեն, Էմանուել Մակրոնը՝ միակ իրոք եվրոպամետ թեկնածուն, թեկուզ քիչ, բայց առաջ է անցել հակաեվրոպական տրամադրությունների աստղ ծայրահեղ աջ Մարին լը Պենից քվեարկության առաջին փուլում: Մակրոնի հաղթանակի հավանականությունը ընտրություններում Եվրոպայի համար նշանակում է պարզապես ապրելու հնարավորություն, որովհետև եթե Մարին լը Պենը մտնի Ելիսեյան պալատ, դա կլինի Եվրամիության վերջը:

Նույնիսկ եթե նա չունի խորհրդարանական մեծամասնություն, որ ընդունի ԵՄ-ից Ֆրանսիայի դուրս գալու որոշումը, «Ազգային ճակատի» նախագահը կարող է արգելակել աշատանքը Եվրոպայում ու խորտակել եվրոն: ԵՄ-ն, որ առանց լուրջ վնասվածքների տարավ Մեծ Բրիտանիայի հեռանալը, առանց Ֆրանսիայի չի կարող գոյություն ունենալ, ինչպես չի կարող առանց Գերմանիայի: Այդ պատճառով էլ եթե ընտրությունները ֆրանսիական ենթատեքստից դուրս դիտարկվեն, ԵՄ-ի գոյության թեստ են: Աշխարհագրական քարտեզներից ԵՄ-ն վերացնելու գաղափարը շատերին է գայթակղում: Նախ և առաջ Վլադիմիր Պուտինի Ռուսաստանին, որ պատահաբար չէ ֆինանսավորում Մարին լը Պենին ու «Ազգային ճակատը»: Իր կազմի մեջ ներառելով Արևելյան Եվրոպայի երկրները և հանելով ռուսական ազդեցության դաշտից, ԵՄ-ն սպառնալից տարր դարձավ ամենաավտորիտար քաղաքական մոդելի համար, որ Պուտինը պարտադրել է Ռուսաստանին: Եթե նա կարողանար, ինչը անդադար փորձում է, երկկողմ բանակցություններ վարել եվրոպական յուրաքանչյուր երկրի հետ առանձին, նրա քաղաքական իշխանությունը նշանակալից չափով կուժեղանար: Բոլոր նրանց, որ Եվրոպան համարում են արգելակ, պետք է Մարին լը Պենի հաղթանակը, իսկ Էմանուել Մակրոնի հաղթանակը, անկասկած, սաստիկ նյարդայնացնում է: Մակրոնի հաղթանակի հետևանքը, թերևս, կդառնա երկու արագություններով այն Եվրոպայի արագացումը, որ Մերկելը նոր միայն ուրվագծել է: Իսկ ավելի ուժեղ, տնտեսապես, քաղաքականապես ու ռազմականապես ավելի ինտեգրված Եվրոպան կարող է հանգեցնել համաշխարհային ուժերի հավասարակշռության ոչ մակերեսային փոփոխությունների ի վնաս նրանց, ովքեր երազում են թույլ կամ գոյություն չունեցող ԵՄ: Այդ պատճառով այսօրվանից մինչև ընտրությունների երկրորդ փուլ Եվրոպայի բազմաթիվ արտաքին մրցակիցները փորձելու են շրջել կանխատեսումները: Հուսանք՝ ապարդյուն:
Անդրեա ԲՈՆԱՆԻ, La Repubblica


Հ.Գ. Ֆրանսիայի «Ազգային ճակատի» նախագահը Էմանուել Մակրոնին զիջում է 2 % և նրան հաղթելու համար կամ պետք է ձախերի ու Ֆրանսուա Ֆիյոնի ընտրողները նրա մրցակցի համար կործանարար շրջադարձ անեն, կամ պետք է բոլոր չքվեարկածների տոտալ զորահավաք կազմակերպի իր օգտին: Բայց դա մարտահրավեր է ֆրանսիական քաղաքական կյանքի բոլոր տրամաբանական փաստարկներին՝ գրում է Slate.fr պորտալի գլխավոր խմբագիր Ժան-Մարի Պոտիեն:


Կարո՞ղ է Մարին լը Պենը, որ առաջին փուլում հավաքել է 21,5 %՝ Մակրոնի 23,8 %-ի դեմ, հաղթել մայիսի 7-ին երկրորդ փուլում: Կարո՞ղ է նա երրորդ քաղաքական երկրաշարժը հարուցել արևմտյան աշխարհում 2016-ի հունիսին բրեկզիտից ու 2016-ի նոյեմբերին Թրամփի հաղթանակից հետո: Այս հարցը շուտով դառնալու է բոլորինը, այդ թվում՝ արտասահմանցի դիտորդների: Այս պահին հապճեպ դատողություններ են արվում երկրորդ փուլի մասին՝ հիմք ընդունելով հասարակական կարծիքի հարցումները առաջին փուլից հետո, որ արել են Ipsos Sopra-Steria-ն և Harris Interactive-ը: Էմանուել Մակրոնին կանխատեսվում է ձայների 62-64 %-ը: Խնդիրը կարելի է դիտարկել այլ տեսանկյունից՝ ելնելով քվեարկության արդյունքներից և քաղաքական դեմքերի առաջին արձագանքներից: Մակրոնն առաջին փուլում Մարին լը Պենից առաջ է անցել 2 %-ով, որ նշանակում է 700 հազար ձայն, նշանակում է՝ հաղթելու համար Մարին լը Պենին պետք է այդ խզումը փակել կամ նախկին թեկնածուների, կամ չքվեարկածների ձայներով: Աջերից Ֆրանսուա Ֆիյոնը շատ արագ արձագանքեց՝ հայտարարելով, որ իր ձայնը կտա Էմանուել Մակրոնին, նրան հետևեցին իր կուսակցության շատ ղեկավարներ: Երկու հարցումների տվյալներով՝ հանրապետականների ընտրողների 47-48 %-ը պատրաստ է քվեարկելու Մակրոնի օգտին, 23-33 %-ը՝ Մարին լը Պենի, 19-20 %-ը ձեռնպահ կմնան: Վերջին հարցումները ցույց են տալիս, որ «Ազգային ճակատը» առաջվա նման վախեցնում է ֆրանսիացիների մեծամասնությանը՝ 55 %-ը «բոլորովին չի սիրում նրա թեկնածուին»: Les Echos-ին տված հարցազրույցում, որ հրապարակվել է ընտրարշավի ժամանակ, Ժիլ Ֆինկելշտեյնը՝ Ժան Ժորեսի հիմնադրամի տնօրենը, ասել է, որ «Մարին լը Պենը մնում է ամենաատելի քաղաքական գործիչը: Եվրագոտուց դուրս գալը մերժում է «Ազգային ճակատին» չանդամակցող ընտրողների 85 %-ը»: Կարևոր է միայն մեկ հարց՝ կարո՞ղ է նա ընտրվել անփութության հետևանքով՝ ընտրողների թվի պակասելու:


Նման տեսությունները ենթադրում են երկրորդ փուլում մրցապայքարից դուրս մնացած թեկնածուների ընտրողների ակտիվության նվազում: Եթե ելակետ ընդունենք ձայների փոխանցման հիպոթեզը, որ նշել են Ipsos Sopra-Steria և Harris Interactive ինստիտուտները, անհրաժեշտ է, որ Մելանշոնի, Ամոնի ու Ֆիյոնի ընտրողների ակտիվությունը նվազի 30, 40 և 15 %, իսկ Ֆիյոնի ու Դյուպոն-Էնյանի ձայներն անցնեն Լը Պենին 50 և 60 %-ով, այդ դեպքում Լը Պենը կանցնի 50 %-ը: Վերջապես՝ վերջին հիպոթեզը այս ծայրահեղ բարդ հավասարման մեջ «Ազգային ճակատի» համար բազում անհայտներով՝ առաջին փուլում չքվեարկածների տոտալ զորահավաք՝ հօգուտ Մարին լը Պենի: Եթե ձայների փոխանցումը լինի Ipsos-ի և Harris Interactive-ի կանխատեսումներով, Մարին լը Պենին 50 %-ը գերազանցող մակարդակի բարձրացնելու համար անհրաժեշտ է, որ առաջին փուլում չքվեարկածների 65 %-ը երկրորդ փուլում քվեարկի նրա օգտին, իսկ դա 7 միլիոն է: Բոլոր այս տարբերակները ուրվագծում են Մարին լը Պենի դժվար ճանապարհը Ելիսեյան պալատ: Ֆրանսիայի պատմության մեջ նման պահեր եղել են. Ժորժ Պոմպիդուն 1969-ին հաղթեց, ստանալով 37,5 %, բայց այս անգամ ընտրությունների ելքը որոշվելու է բոլոր ֆրանսիացիների ձայների համամասնությամբ:
Ժան-Մարի ՊՈՏԻԵ, Slate.fr
Երեկ Փարիզում Էմանուել Մակրոնը հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իր հարգանքի տուրքը մատուցեց Կոմիտասի արձանի մոտ ծաղկեպսակ դնելով և կարճ ճեպազրույցում ասաց, որ ջանալու է համախմբել բոլոր ֆրանսիացիներին ու հաղթանակի դեպքում Հայոց ցեղասպանությունը ֆրանսիացիների օրացույցի մեջ մտցնել որպես հիշատակի օր, ժխտողականությունը մերժող օրինագիծն էլ նորից օրակարգ բերելը չմոռացավ: Արցախին էլ անդրադարձավ՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ապագա նախագահ ու ասաց, որ հարցի լուծման համար հնարավորը կանի հօգուտ հայերի: Թեկնածուները այդպիսին են, նախագահները՝ ուրիշ:


39-ամյա Էմանուել Մակրոնը բոլոր շանսերն ունի Ֆրանսիայի ամենաերիտասարդ նախագահը դառնալու: Նա երբեք պատգամավոր չի եղել, չի մասնակցել ընտրարշավների, ոչ մի կուսակցություն չի ներկայացնում: Նրա քաղաքական կարիերան սրընթաց էր: Փայլուն ուսանող՝ համալսարանն ավարտելուց հետո ընտրեց ներդրումային բանկիրի կարիերան: Մակրոնին առաջարկվեց նախագահ Ֆրանսուա Օլանդի խորհրդականի պաշտոնը, 2014-ին նա ստացավ ֆինանսների նախարարի պորտֆելը: 2016-ի ապրիլին նա հիմնեց իր «Առաջ» շարժումը, որ ինքն էլ բնորոշեց՝ «ոչ աջ, ոչ ձախ» և հրաժարական տվեց սոցիալիստների կառավարությունից, կարճ ժամանակ անց հայտարարելով նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին: Էմանուել Մակրոնն առաջարկում է 50 միլիարդ եվրո բյուջետային ներդրումներ ինֆրակառույցների նորացման մեջ: Հարյուրտոկոսանոց փոխհատուցում՝ քաղաքացիների ծախսերին՝ ակնոցի, ատամի պրոթեզների ու լսողական սարքերի համար: Բիզնեսի հարկի կրճատում ու մենեջմենտի մեծ ազատություն աշխատանքային ճկուն շաբաթի համար: Գործազրկության կրճատում մինչև 7 % (9,7%-ից): Դպրոցներում մինչև 15 տարեկան երեխաներին բջջային հեռախոսներից օգտվելու արգելք և անչափահասների համար աբոնեմենտներ տարեկան 500 եվրոյի չափով թատրոններ ու ցուցասրահներ գնալու համար: Ինչքան քիչ է պետք ֆրանսիացիներին երջանկության համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1532

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ