Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Անեծք

Անեծք
25.04.2017 | 15:18

(նվիրվում է Մշո Գվարս գյուղի ցեղասպանությունից փրկված, բայց 1937-ին գնդակահարված պապիս՝ Ռուբեն Գալստյանի հիշատակին)

Որպես հիվանդապահուհի, նոր էի աշխատանքի անցել Չիկագոյի ծերանոցներից մեկում։ Խնամքիս տակ պետք է գտնվեին մի քանի ծերեր։ Բուժքույրը ինձ ներկայացրեց նրանցից երեքին։ Առանձնապես հիվանդներ չէին. երկուսը կին, մեկը տղամարդ էր, ուղղակի ծեր մարդիկ էին, որոնց պետք է օգնեի հագնվելիս, լվացվելիս, մյուս մանր-մունր հարցերում, հատկապես շատ կարևորեց նրանց հետ զրուցելը։ Այս երեքը ընթրում, ճաշում էին ընդհանուր ճաշարանում, բացի չորրորդից։ Նախքան չորրորդի մոտ մտնելը զգուշացրեց, որ ծերունին վաղուց ԱՄՆ-ում ապրող թուրք է, հարազատները շատ ուշադիր են, հաճախ են նրան այցելում։ Ծերունին, թեև առողջ էր, խնդիր չուներ, բայց հազվադեպ էր քայլում, միշտ պառկած էր, իսկ տարօրինակն այն է, որ ձեռքերը միշտ թաքցնում էր ծածկոցի տակ ու երբեք ինքն իր ձեռքով չէր ուտում, չէր ճաշում, նրան ես պետք է կերակրեի, բերանը մաքրեի։ Առաջին պահ ներսումս մի տեսակ տհաճ զգացում բարձրացավ, որ թուրք էր, բայց, ի՞նչ կարող էի անել, բուժքրոջ հետևից լուռ սենյակ մտա։ Մռայլ, բայց փառահեղ ծերունի էր։ Զգացվում էր, որ երիտասարդ ժամանակ բավականին թիկնեղ, հետաքրքիր տղամարդ էր եղել։ Բուժքույրը ինձ ներկայացրեց, ինչ պետք էր, հանձնարարություն տվեց ու դուրս եկավ։


Վարագույրները քաշեցի, պատուհանը բաց արեցի, մաքուր, գարնանային օդը ներս խուժեց։ Ծերունին փակեց աչքերը, խոր շունչ քաշեց.
-Լավ է։
Ճաշարանից սկուտեղի վրա բերեցի ընթրիքը։ Ծերունին պառկած տեղից քիչ վեր ձգվեց, հարմար հենվեց բարձին, բայց ձեռքերը շարունակեց ծածկոցի տակ պահել։ Մի երկու գդալ ուտելուց, թեյը խմելուց հետո փակեց աչքերը.
-Բավական է, հեռացրու։
Երբ, սկուտեղը ձեռքիս, պատրաստվում էի դուրս գալ, հարցրեց.
-Ի՞նչ ազգ ես։
-Հայ եմ,- պատասխանեցի կտրուկ։
-Հայ,- կրկնեց, ու աչքերում անհանգիստ բան տեսա։
-Դժգո՞հ եք,- հեգնանքով հարցրի,- ես հայ եմ, դուք՝ թուրք, բայց ես ընդամենը կատարում եմ իմ աշխատանքը։
Ինձ թվաց, թե ծերունին ուր որ է կբղավի, ներս կմտնի բուժքույրը, ինձ դուրս կհրավիրի սենյակից, ու ես կկորցնեմ աշխատանքս։ Բայց նման բան տեղի չունեցավ։
-Անունդ ի՞նչ է,- հարցրեց։
-Սեդա,- պատասխանեցի, բայց զգացի, որ ձայնիս մեջ ընդգծված հեգնանք կար։
-Սեդա,- կրկնեց ծերունին, քիչ լռելուց հետո շարունակեց,- հորս երկրորդ կնոջ անունն էլ Սեդա էր։
-Հա՞յ էր։
-Հայ էր, ես ատում էի նրան ու նրանից ծնված եղբորս։
Ես հետ դարձա, սկուտեղը դրեցի փոքրիկ սեղանին։
-Ատում էիք, որովհետև հա՞յ էին։

-Ոչ,- հայացքը պատուհանից դուրս ուղղեց ծերունին։


Նույն պահին ներս մտավ բուժքույրը։ Ես վերցրի սկուտեղն ու արագ դուրս եկա։ Մինչև հաջորդ օրվա իմ հերթապահության ժամը մտքերով թուրք ծերունու հետ էի։ Հետաքրքիր էր, կխոսե՞ր, կասե՞ր իր ատելության պատճառը։
Հաջորդ օրվա իմ հերթապահությունը համընկավ ճաշի ժամին։ Երբ մտա ծերունու սենյակը, թվաց, թե նա էլ ինձ է սպասել։ Դեմքը գունատ էր, լարված, շրթունքները դողդողում էին։ Անխոս կերավ ճաշը, խմեց, բայց երբ ցանկացա սկուտեղը վերցնել, աչքերով սաստեց.
-Թող, թող առայժմ մնա, իսկ դու նստիր։
Հասկացա` խոսել էր ուզում:
Նստեցի։
-Երեկ դուք ասացիք, որ ատում էիք Ձեր հոր երկրորդ կնոջը, բայց ոչ նրա համար, որ նա հայ էր։
-Այո,- քիչ լռելուց հետո սկսեց ծերունին,- ես այդ ժամանակ շատ փոքր էի, հազիվ 4-5 տարեկան, չգիտեի՝ հայն ո՞վ է, թուրքն ո՞վ է, իսկ Սեդայից ծնված եղբայրս ինձնից մի տարով փոքր էր։
-ՈՒրեմն ո՞րն էր ատելության պատճառը,- հետաքրքրվեցի ես։
-Հայրս իր երկրորդ կնոջն ու նրանից ծնված տղային ավելի շատ էր սիրում, քան ինձ ու մորս, ինչն էլ պատճառ էր դարձել մորս տանջանքին, արցունքներին ու խանդին։ Մայրս դարձել էր չար ու մռայլ, ամեն օր աղոթում էր, որ գյավուր Սեդան ու նրա տղան մեռնեն, բնականաբար այդ ատելությունը նաև ինձ էր անցել։ Մենք մեծացանք, տարիների հետ մեծացավ նաև այդ ատելությունը։ Հայրս միշտ գովասանքի խոսքեր էր ասում դպրոցում լավ սովորող եղբորս հասցեին, իսկ ինձ միշտ խիստ դիտողություններ էին բաժին հասնում, Սեդայի հետ միշտ հանգիստ ու մեղմաձայն էր խոսում, նրան փող էր տալիս, իսկ մորս միշտ խեթում էր, կոպտում, հրում։ Մի խոսքով՝ ես ատում էի իմ արյունակից եղբորը։ Դպրոցից հետո հայրս նրան ուղարկեց Եվրոպա՝ ուսումը շարունակելու, իսկ ես դարձա զինվորական, ամուսնացա, երեխաներ ունեցա։ Եվ ահա, այն օրերն էին, երբ մեր՝ թուրքական կառավարությունը որոշել էր հայերին վտարել, Թուրքիան մաքրել այդ խառնակիչ, դավաճան գյավուրներից։ Լուր եկավ, որ Պոլսի հայկական թաղերից մեկում Պողոս աղա անունով մեծահարուստը հրաժարվում է թողնել իր տունն ու ունեցվածքը, հեռանալ Պոլսից։ Ես մի քանի ասկյարների հետ շտապեցի հայկական թաղամաս։
Ծերունին լռեց, քանի որ ներս եկավ բուժքույրը, ու ես, վերցնելով սկուտեղը, արագ դուրս եկա, որ վերջինս չնկատի հուզմունքից արագացած իմ շնչառությունն ու կարմրատակած աչքերը։
Դուրս եկա։ Մինչև աշխատանքի ավարտն ու իմ տուն հասնելը ինձ մի դար թվաց։ Հասա տուն ու անմիջապես հեռաձայնեցի մորս։
-Մայրիկ, դու պատմում էիր, որ քո մոր հայրական տունը Պոլսում եղել է հայկական թաղամասում, պապդ էլ եղել է մեծահարուստ Պողոս աղան։
-Այո, աղջիկս, պապս եղել է մեծահարուստ Պողոս աղան, բազմաթիվ խանութներ, նույնիսկ կարի արհեստանոց է ունեցել։ Մայրս ամուսնու ընտանիքի հետ ամերիկյան նավով հեռացել, փրկվել են, բայց հայրական ընտանիքի ճակատագրից այդպես էլ անտեղյակ է մնացել, մինչև կյանքի վերջին օրերը փնտրում էր եղբայրներին, բայց այդպես էլ ոչ մի լուր չառավ նրանց մասին։


Հաջորդ երկու օրերը իմ հանգստյան օրերն էին, ես ծերանոց չգնացի։ Երրորդ օրը, երբ մտա թուրք ծերունու սենյակը, զգացի, որ ծերունին էլի սպասում էր ինձ։
-Ես գիտեմ, հասկացա, որ դու հենց այնպես չես հայտնվել այստեղ,- ուտելուց հետո ինձ դիմեց ծերունին,- քեզ Ալլահն է ուղարկել, որ մահից առաջ ես կարողանամ մաքրվել վերջապես այս արյունից։
Ես պապանձվել էի, ոչինչ չհարցրի, միայն լուռ նստեցի նրա կողքի աթոռին, աչքս ընկավ ծածկոցի տակ դողդողացող նրա ձեռքերին։
Ծերունին շարունակեց կիսատ թողած իր պատմությունը։
-Ասացի, որ մի քանի ասկյարների հետ շտապեցի հայկական թաղամաս։ Իրոք, Պողոս աղան իր երեք տղաների հետ փակվել էր մեծ, քարե տան առաջին հարկում գտնվող խանութում, ու զենքով դիմադրություն էին ցույց տալիս մեր ասկյարներին։ Երեկոյան կողմ ներսից եկող կրակոցները պակասեցին։ Մենք որոշեցինք գրոհել։ Կոտրեցինք ծանր, փայտե դուռն ու ներս մտանք։ Պողոս աղայի ու երկու որդիների դիակները փռված էին գետնին, բայց երրորդ, վիրավոր որդին դեռ կենդանի էր։ Աչքս ընկավ այդ գյավուրի երեսին, ու ես ցնցվեցի։ Տղան շատ նման էր եղբորս՝ Սեդայի տղային։ Անսպասելի բարձրացավ, կոկորդիս հասավ եղբորս դեմ հավաքված ողջ ատելությունը, արհամարհանքը, ու ես ասացի ասկյարին.
-Մորթիր դրան, ես պիտի խմեմ էս գյավուրի արյունը։
Ասկյարը բռնեց չոքած տղայի մազերից, գլուխը հետ գցեց, ու հաջորդ պահին նրա կտրված կոկորդից արյունը շատրվանի պես ցայտեց։ Ես ձեռքերս բուռ սարքեցի, պահեցի արյան տաք շիթի տակ, ագահորեն խմեցի այն, հետո արնոտ ձեռքերս քսեցի դեմքիս ու հանգստացա։ Հանգստացա՞, չէ, ես դեռ չգիտեի, որ հենց այդ պահից սկսվեց իմ կյանքի դաժանությունը, ինչն ուղեկցում է մինչև այս պահը, կշարունակվի ու միայն երևի գերեզմանում կհանգստանամ։
Լռեց։ Ես քարացել, պապանձվել էի, բայց ծերունին շարունակեց, նա ուզում էր անպայման պատմել, վերջացնել իր պատմությունը, ավելի ճիշտ, նա շտապում էր րոպե առաջ ազատվել իրեն տանջող պատմությունից, հավանաբար այդ պատճառով էր անընդհատ աչքը դռանը պահում, որ հանկարծ բուժքույրը չհայտնվի։ Ոչ էլ նկատում էր, որ ես դողում էի ողջ մարմնով, արցունքները առվակի նման հոսում էին այտերովս։


-Երեկոյան, երբ տուն գնացի, ողջ ընտանիքը հավաքված էր հացի սեղանի շուրջը։ Մայրս տեղից վեր թռավ, եկավ, համբուրեց ինձ, ասաց, որ արդեն լսել են, թե Պողոս աղայի տղայի հետ ինչ հաշվեհարդար եմ տեսել, ուրախ բացականչեց. «Գյավուրի արյունն է խմել, արյունը», ինձ ուղեկցեց սեղանի մոտ։ Սեղանի մյուս կողմում նստած Սեդան թեթևակի դարձավ մորս կողմն ու հեգնանքով նետեց. «Իմացանք, հրեն, ձեռքերը դեռ արյունոտ են»։ Այդ պահին ես ձեռքս մեկնել էի հաց վերցնելու, անկախ ինձնից, աչքս ընկավ ձեռքիս ու օ՜, սարսափ, ես տեսա, որ ձեռքս արյունոտ էր, նայեցի` մյուս ձեռքս էլ էր արյունոտ։ Բայց չէ՞ որ ես խնամքով լվացվել էի, ինչպե՞ս կարող էր նման բան լինել։ Արագ վեր կացա սեղանից, գնացի, նորից երկար ու խնամքով լվացվեցի։ Վերադարձա սեղանի մոտ, ձեռքս պարզեցի հացին, ու նորից ձեռքս արյունոտ էր։ Էլ ի՞նչ ասեմ, ահա, այդ պահից սկսվեցին իմ տառապանքները, ես չէի կարողանում դիպչել ուտելիքի, իմ աչքին ձեռքերս դառնում էին արյան մեջ թաթախված, ճիշտ այն օրվա պես, երբ ես խմեցի Պողոս աղայի տղայի արյունը։ Սկզբում տնեցիներից թաքցնում էի այդ երևույթը, բայց շուտով բոլորն իմացան, զարմացան, որովհետև իրենք չէին տեսնում այդ արյունը, նույնիսկ մտածեցին, որ ես խելագարվել եմ, թեև այդ միտքը ինձ էլ էր հաճախ այցելում։ Դիմեցի բժշկի։ Սկզբում նա ինձ խորհուրդ տվեց ճաշելիս ձեռնոց հագնել։ Ես այդպես էլ արեցի, բայց ավելի վատ, ձեռնոցի տակից դուրս էին գալիս արյան կաթիլներն ու կաթում իմ վերցրած հացի վրա։ Հետո բժիշկն ինձ ուղարկեց հոգեբույժի մոտ։ Պատմությունը լսելուց հետո հոգեբույժը խորհուրդ տվեց՝ հեռանալ երկրից, գնալ օտար միջավայր, օտար երկիր, մոռանալ տեղի ունեցածը։ Ես հավաքեցի ընտանիքս ու եկա Ամերիկա։ Արդեն 35 տարի է, ապրում եմ Ամերիկայում, շփվել եմ տարբեր ազգերի մարդկանց հետ, տարբեր աշխատանքներ կատարել, լավ գումար վաստակել, բիզնես դրել, որդիներ, թոռներ ամուսնացրել, և այդ բոլորը՝ արյունոտ ձեռքերով։ Մի քանի տարի առաջ, մետրոյի անցումում մի հնդկացի մուրացկան կին էր նստած։ Մոտեցա, հինգդոլարանոց դրեցի նրա թասի մեջ, անցա։ Հանկարծ կինը հետևիցս ձայն տվեց։ Հետ գնացի։ Հնդկացին ինձ մեկնեց իմ տված հինգդոլարանոցը, թե՝ հետ վերցրու, արյունոտ ձեռքից ինձ օգնություն պետք չէ։ Ես երկար, շփոթված ու քարացած կանգնել էի նրա դիմաց։ Կինը երևի հոգնեց իմ լուռ ներկայությունից, ասաց, թե՝ գնա, քեզ վրա անեծք կա, արդար անեծք, դու պետք է տառապես, հեռացիր։
Այո, հորս երկրորդ կնոջ՝ հայուհի Սեդայի անեծքն էր, ես միայն այդ պահին հիշեցի ու հասկացա դա։ Ահա, իմ ազգի վրա էլ մի ողջ հայ ժողովրդի անեծքն է ծանրացած, արդար անեծքը։ Ալլահը տեսել է իմ ժողովրդի արածը, նա չի ներում մեզ։
Երեք օր անց ծերունին մահացավ։ Մինչ մահանալը, երեք օր շարունակ, ես նրա ուտելիքին խառնում էի իմ աղի արտասուքը, իմ խեղճ քեռիների, իմ ընտանիքի, իմ ողջ հայ ազգի դառնությունը, տանջանքն ու տառապանքը, լացն ու կականը, գդալ առ գդալ կերակրում էի թուրք ծերունուն։ Նա չդիմացավ, մահացավ։

Մելանյա ՊԵՏՐՈՍՅԱՆՑ

Դիտվել է՝ 4372

Մեկնաբանություններ