Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փորձագետները վերլուծում են ՀՀ արտաքին քաղաքականության մի շարք հարցերի իրավական ասպեկտները

Փորձագետները վերլուծում են ՀՀ արտաքին քաղաքականության մի շարք հարցերի իրավական ասպեկտները
26.04.2017 | 11:05

Միջազգային իրավունքի մասնագետներն այս օրերին աշխատում են ՀՀ արտաքին քաղաքականության մի շարք հարցերի իրավական ասպեկտների վերլուծության շուրջ։ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպությունն այս նախաձեռնությունը կյանքի է կոչել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին հատկացվող դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր, տնօրեն, փորձագիտական խմբի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Եղիշե Կիրակոսյանը նշում է, որ փորձագիտական խումբն աշխատում է թիրախային չորս թեմաների շուրջ։ Այդ չորս թեմաներով փորձագիտական խմբի պատրաստած հուշագրերը երկու նպատակ ունեն՝ հանդիսանալ որպես ուղեցույց ավագ դիվանագետների, դեսպանների, որոշումներ կայացնողների համար։ Բացի այդ, այս եզրակացության հիման վրա կարող են կազմվել այլ հուշագրեր, իրավական փաստաթղթեր և շրջանառել տարբեր միջազգային հարթակներում։


Թեմաներից առաջինն ուժի կիրառման իրավաչափության հարցն է։ Այս թեմայով նախապատրաստվող հուշագիրն արդեն ամփոփման փուլում է։ Եղիշե Կիրակոսյանը նկատում է, որ 2008թ. սկսած՝ ուժի կիրառման իրավաչափության հարցը քննարկվում է տարբեր ասպեկտներով ու հարթակներում, մասնավորապես, ՄԱԿ-ում, քանի որ Ադրբեջանի կողմից այդ հարցերը պարբերաբար բարձրացվում են։ Այս հարցերով առավել հիմնավոր դիրքորոշում ունենալու նպատակով անհրաժեշտ է տարբեր միջազգային հարթակներում հանդես գալ իրավական տեսանկյունից հիմնավոր և ամուր փաստարկներով։


«Փորձագիտական խմբի անդամներս՝ որպես ոլորտի մասնագետներ, տարբեր առիթներով նախաձեռնել ենք միջազգային-իրավական հարցերի վերաբերյալ հուշագրերի նախապատրաստում, փորձել ենք դրանք ներկայացնել արտաքին քաղաքականության ոլորտի անձանց, սակայն մեծ արդյունքի չենք հասել։ Ողջունելի է, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «ՀՀ արտաքին քաղաքականության իրավական ուղղությունների զարգացումը» անվանակարգով մրցույթ հայտարարվեց։ Սա հավանաբար մեր երկարատև հետևողական աշխատանքի արդյունքն էր. խնդիրը մենք կարևորեցինք, ընդգծեցինք, և որոշումներ կայացնողները համոզվեցին, որ իրոք կարևոր հարց է, և անհրաժեշտ է ավելի լուրջ ուշադրություն դարձնել»,- ասում է Եղիշե Կիրակոսյանը։


Երկրորդ հուշագրի թեման ընդգրկում է չճանաչված պետությունների կամ դե ֆակտո պետությունների քաղաքացիների՝ իրենց պետությունների սահմաններից դուրս իրավունքների պաշտպանության երաշխավորմանը վերաբերող հարցեր` ցույց տալու համար, որ միջազգային հանրությունը և յուրաքանչյուր պետություն ունի պատասխանատվություն և պարտականություն՝ ապահովելու այդ մարդկանց իրավունքները, անկախ նրանից, ինչ երկրի քաղաքացի են՝ ճանաչված թե չճանաչված։
Երրորդ թեման վերաբերում է Արցախի խնդրին՝ արտաքին ինքնորոշման իրավունք կամ անջատում։ Խոսքը իրավական տեսանկյունից Արցախի հիմնախնդրի կարգավորման համատեքստում Հայաստանի դիրքորոշման հիմնավորման մասին է՝ սկսած արտաքին ինքնորոշման իրավաչափությունից, մինչև Արցախի ժողովրդի կողմից ուժի կիրառման, Հայաստանի կողմից միջամտության իրավաչափություններ։


Եվ չորրորդ թեման վերաբերում է փակ սահմանների իրավաչափությանը միջազգային իրավունքում։ Այստեղ երկու ասպեկտ կա. Առաջինը Թուրքիայի հետ փակ սահմանի առկայության, չհամագործակցելու խնդիրն է։ Քննարկվում է՝ որքանով է իրավաչափ 21-րդ դարում ունենալ փակ սահմաններ պետությունների միջև։ Դրանից ածանցվում է ազատ առևտրի խնդիրը, պետությունների միջև առևտրային սահմանափակումների անթույլատրելիությունը ըստ միջազգային իրավունքի։ Բացի այդ, դիտարկվում է Հայաստանի շրջափակման ոչ իրավաչափությունը։
Սրանք առաջնային չորս թեմաներն են, որ դրամաշնորհի շրջանակներում քննարկվելով համապատասխան կառույցների, մասնագետների հետ, կստանան անհրաժեշտ առաջարկները։


Առաջին երկու հուշագրերով որպես ավագ փորձագետներ են ներգրավվել իրավաբանական գիտությունների թեկնածու, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն ՀԿ համահիմնադիր, փաստաբան Լևոն Գևորգյանը և իրավաբանական գիտությունների թեկնածու, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ համահիմնադիր, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը, իսկ որպես փորձագետներ ներգրավվել են նաև փաստաբան Արաքս Մելքոնյանն ու Մարգարիտա Թովմասյանը։

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ