Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լեգիտիմության անպտուղ վեճը

Լեգիտիմության անպտուղ վեճը
26.04.2017 | 16:22

Օրեր առաջ «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանը Պետրոս Ղազարյանի եթերում լեգիտիմ էր համարել Հայաստանի իշխանությունը: Իրականում` Ալենը որևէ արտառոց բան չի ասել, նույնիսկ բարձրաձայնել է ճշմարտությունը` քաղաքական և իրավական առումով, սակայն նրա այդ արտահայտությունը բավարար էր, որ «Ելքը» քննադատների կողմից համարվի Բաղրամյան 26-ի «հաճախորդ»: Նիկոլ Փաշինյանը փորձեց փրկել իրավիճակը` պարզաբանելով, թե խոսքը «նեգատիվ լեգիտիմության» մասին է: Հաջող ձևակերպում չէ, որովհետև լեգիտիմությունը չի կարող նեգատիվ կամ պոզիտիվ, լավ կամ վատ, գունավոր կամ անգույն լինել: Լեգիտիմությունը կարող է լինել բնական կամ ձեռքբերովի: Մեր պարագայում` ձեռքբերովի, որովհետև ընդդիմության ու հասարակության մի հատվածը կանխավ համոզված են, որ ընտրությունները կեղծվելու են:

Ավարտված ընտրական ցիկլի առանձնահատկությունն այն էր, որ ընտրական լեգիտիմության ֆոն ամենից շատ ստեղծում էր ընդդիմադիր կուսակցություններից մեկը` ՀԱԿ-ը, որն իդեալականացնում էր ԸՕ-ն: Ճակատագրի հեգնանքով` հիմա միայն ՀԱԿ-ն է վիճարկում ընտրությունների արդյունքները, որոնք ՍԴ-ի կանխատեսելի վճռից հետո կդառնան լեգիտիմ` առնվազն իրավական առումով, մանավանդ, միջազգային բարենպաստ արձագանքի ֆոնին:
Սակայն Հայաստանի տիպի երկրներում, որոնցում օրենքը, մեղմ ասած, խաղի կանոն չէ, ավելի կարևոր է քաղաքական լեգիտիմությունը, որով ապրիլի 2-ի ընտրություններն ու դրանց արդյունքում ձևավորված իշխանությունը, անշուշտ, օժտված են: Այդ լեգիտիմությունը ձեռք է բերվում, երբ չեն լինում հետընտրական զարգացումներ, երկրորդ ուժը (տվյալ դեպքում` «Ծառուկյան» դաշինքը) չի վիճարկում ընտրությունների արդյունքը, հասարակությունն ու միջազգային հանրությունը ճանաչում են իշխանությանը` որպես գործընկեր: Այս ամենը Հայաստանում կա, ըստ այդմ, լեգիտիմության շուրջ վեճը նույնիսկ անպտուղ է:


Գործող խորհրդարանը իր քաղաքական լեգիտիմությունը մասամբ կարող է կորցնել 2018-ի գարնանը, եթե վարչապետի պաշտոնում չվերանշանակվի Կարեն Կարապետյանը, որովհետև ՀՀԿ-ի ողջ քարոզարշավը կառուցվել է նրա անձի, խոստումների հենքով: «Բրեքզիթից» հետո ինտեգրացիայի կողմնակից Դևիդ Քեմերոնը լքեց վարչապետի պաշտոնը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պահպանողական մեծամասնությունը կաբինետի ղեկավար նշանակեց Թերեզա Մեյին, ով, հավանաբար, քաղաքական առումով իրեն կաշկանդված է զգում, չնայած նույն մեծամասնության ներկայացուցիչն է, և որոշեց հունիսի 8-ին արտահերթ ընտրություններ նշանակել: Տրամաբանությունը հուշում է, որ նույն բանը պետք է անի ՀՀԿ-ն, եթե 2018-ի ապրիլին որոշի փոխել Կարեն Կարապետյանին:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1141

Մեկնաբանություններ