«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ո՞վ է փորձում ակտիվացնել ԼՂ կարգավորման գործընթացը

Ո՞վ է փորձում ակտիվացնել ԼՂ կարգավորման գործընթացը
27.04.2017 | 10:01

Ապրիլի 28-ին Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի քննարկման նպատակով: Պաշտոնական Երևանը երեկ հաստատել է այն տեղեկությունը, որ արդեն մի քանի օր ակտիվորեն շրջանառվում էր ադրբեջանական մամուլում:

Եռակողմ հանդիպման շահագրգիռ կողմը Բաքուն է, որը նման նախաձեռնությամբ հանդես է եկել հատկապես հունվար ամսից` Մոսկվային դրդելով ցուցաբերել նախաձեռնություն: Հայաստանը երկու անգամ, ըստ էության, մերժել է եռակողմ հանդիպման նախաձեռնությունը, սակայն այս անգամ տվել է իր համաձայնությունը: Քառօրյա պատերազմին հաջորդել էր մեր դիրքորոշման կարծրացումը, որը հանգում էր բանակցային գործընթացի դադարեցմանը, քանի Ադրբեջանը չի կատարել Վիեննայի պայմանավորվածությունները: Խոսքը, մասնավորապես, հրադադարի պահպանման, վստահության մեխանիզմների ներդրման մասին է:

Պաշտոնական Երևանի նման դիրքորոշումը, մեծ հաշվով, ըմբռնում էր գտնում համանախագահ երկրների մայրաքաղաքներում` հայկական կողմի համար ձևավորելով միջազգային բարենպաստ համատեքստ: Արդյո՞ք Երևանը հրաժարվում է վերջին տարվա իր արդյունավետ քաղաքականությունից, թե՞ պարզապես չի ուզեցել հերթական անգամ նեղացնել Մոսկվային: Արդյո՞ք վերադառնում ենք մինչև Քառօրյա պատերազմը գոյություն ունեցող վտանգավոր գործընթացին, երբ ռուս-թուրք-ադրբեջանական ջանքերով փորձ էր արվում գեներացնել կարգավորման այլընտրանքային, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին հակադրվող եռակողմ ֆորմատ, որտեղ, ըստ էության, զիջումներ էին պարտադրվում Հայաստանին: Հազիվ թե: Նախ, Քառօրյա պատերազմն իրողություն է, որն անհետևանք մնալ չի կարող: Երկրորդ, Մինսկի խումբը միակ ձևաչափն է, որում Մոսկվան և Արևմուտքը, մեծ հաշվով, կոնֆլիկտներ չունեն: Հետխորհրդային տարածքում առկա սառեցված հակամարտությունները, այդ թվում` ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերը չեն վրիպում պաշտոնական Մոսկվայի ուշադրությունից՝ երեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ: Սա ավելի քան պարզ ազդանշան է, որ Մոսկվան, գոնե այս պահին, չի գնա կարգավորման սեպարատ ձևաչափի ստեղծմանը, մանավանդ, չափազանց թաթախված է սիրիական և ուկրաինական հակամարտություններում: Ենթադրվում է, որ մոսկովյան հանդիպումն ավելի շուտ համաձայնեցված է մյուս համանախագահների հետ և ուղղված է իրավիճակի հարաբերական կայունության ամրապնդմանը:


Ադրբեջանը պատրաստ է առարկայական բանակցություններին, եկել է խոսքից գործի անցնելու ժամանակը: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից առաջ:


«Հույս ունենք, որ Մոսկվայում հանդիպումը կդառնա Սանկտ Պետերբուրգում նախագահների մակարդակով անցկացված կառուցողական բանակցությունների շարունակությունը: Եկել է խոսքից գործի անցնելու ժամանակը: Ադրբեջանը պատրաստ է առարկայական բանակցություններին, ինչի մասին մենք բազմիցս հայտարարել ենք»,- ասել է Մամեդյարովը։ Ադրբեջանի դիվանագիտությունը փորձում է պատրանք ստեղծել, թե վաղը Մոսկվայում բեկումնային ինչ-որ բան է լինելու: Իրականությունը միանգամայն այլ է: Նախ, Բաքվի և Երևանի դիրքորոշումները տրամագծորեն տարբեր ու չմեկտեղվող են մնում: Երկրորդ, Ադրբեջանը փորձում է վերակենդանացնել, այսպես կոչված, «Լավրովի պլանը», որը կամ դուրս է եկել շրջանառությունից, կամ էլ տարրալուծվել է մյուս համանախագահների ընդհանուր փաթեթում` դառնալով Մադրիդյան սկզբունքների հերթական մոդիֆիկացիա: Եվ երրորդ, համանախագահ երկրներից որևէ մեկը չունի բավարար ռեսուրսներ` ԼՂ խնդրի միակողմանի կարգավորման հասնելու, կողմերին ինչ-որ բան պարտադրելու համար:
Ըստ ամենայնի, վաղվա հանդիպումն արարողակարգային բնույթ կունենա` չհանգեցնելով նախագահական գագաթնաժողովի պայմանավորվածության: Այս օրերին հարկ է առաջնագծում ուժեղացնել զգոնությունը, որովհետև ադրբեջանական կողմը նման հանդիպումներից առաջ կամ հետո, որպես կանոն, դիմում է սադրանքների:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 601

Մեկնաբանություններ