Երեկ երկու բացահայտում է արել «Ելք» դաշինքի Երևանի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Երկուսն էլ կապ չունեն այս ընտրությունների ու քաղաքային կառավարման հետ, բայց, որպես կանոն, ավելի շատ են հետաքրքրում ընտրողներին: Շամպայն, գինիների գործարանի մոտակայքում Նիկոլը երեկ բացահայտել է այն շենքը, որտեղ չորս ամիս թաքնվել է 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո: Իսկ երեկոյան, ֆեսբուքյան իր էջում, քաղաքապետի թեկնածուն բացահայտել է խմիչքների սեփական հավաքածուն: «Ելք» դաշինքի քարոզարշավը երեկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ավտոտնակների տանիքների վրա է անցել: Քննադատության հիմնական թիրախը դարձյալ Տարոն Մարգարյանն էր:
Ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները երևանցիներին վստահեցրել են, որ իշխանության գալու դեպքում մայրաքաղաքում չեն լինի վթարային շենքեր, վտանգավոր վերելակներ ու անմխիթար բուժհաստատություններ: Այս ամենը դաշինքը մտադիր է իրականացնել «քաղաքի բյուջեի արդյունավետ կառավարման միջոցով»:
Լրիվ ռոմանտիկ մթնոլորտում է անցել Զարուհի Փոստանջյանի թիմի երեկվա քարոզարշավը, որի մեկնարկը տրվել է Ազատության հրապարակում և շարունակվել է Երևանի կենտրոնական փողոցներում, որտեղ շրջիկ երաժիշտները Զարուհու պատվին կատարել են «Երևանի սիրուն աղջիկ» երգը:
Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ հանդիպել է Աջափնյակի ընտրողներին: ՀՀԿ թեկնածուն ասել է, թե նախատեսում է օրենսդրական փոփոխություններ, որպեսզի շքամուտքերի, վերելակների, տանիքների, նկուղների վերանորոգումն ավելի հեշտ լինի: Մարգարյանին ուղեկցել է քաղաքապետի տեղակալ, ավագանու անդամության թեկնածու Կամո Արեյանը: Հանդիպումների ընթացքում նա նշել է, թե կարողացել են բարելավել քաղաքային տնտեսության բազմաթիվ ոլորտներ: Մասնավորապես ասել է, թե այսօր Երևանում ջեռուցմամբ ապահովված են բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ