Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նոր պառլամենտի հմայքներն ու թշվառությունը

Նոր պառլամենտի հմայքներն ու թշվառությունը
28.04.2017 | 08:54

Որքան «անհոգ» անցան հետընտրական գործընթացները` միտինգ-բողոքների բացակայության պատճառով, նույնքան «տառապալից» է ուղին, որն այսօր անցնում են պատգամավորության թեկնածուները, որովհետև վերջնականապես չգիտեն` ընտրվել են, թե ոչ: ՈՒ քանի որ սույն «տառապանքը» դեռ երեք շաբաթ կշարունակվի, թողնենք նրանց իրենց «ցավի» հետ միայնակ, դառնանք նոր պառլամենտի հմայքներին ու թշվառությանը: Կարծել, որ նոր պառլամենտը դառնալու է խորհրդարանական հանրապետության անմար կաճառ, որ գեներացնելու է լուրջ գաղափարներ ու դրանց շուրջը համահավաքի, տանի հանրությանը, կարծում ենք, լուրջ չէ: Կարծել, որ բոլոր դեպքերում, ինչ-ինչ փոփոխություններ կլինեն, անհրաժեշտ է, քանզի պառլամենտի նոր կարգավիճակն ու իրադրային փոփոխությունները դա կպարտադրեն:


Բոլոր դեպքերում, անկասկած,
ա) մենք չունեցանք նոր որակի ներկայացուցչական մարմին: Դրվա՞ծ էր նման նպատակ, թե՞ ոչ, դժվար է ասել, բայց որ հասարակությունն ինքնին նույնական պահանջարկ-առաջարկի ծիրում է, և «նոր հեծանիվ» պարզապես հնարավոր չէր ստեղծել նոր պառլամենտի համար, նույնպես ճշմարտություն է:
բ) Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա այս պառլամենտն իր նախորդներից կառանձնանա նրանով, որ այնտեղ չի լինի Հովիկ Արգամիչը: Եվ ոչ միայն նա: Օդիոզների որոշակի փաղանգ: Ինչու ենք հատկապես շեշտում Հովիկ Աբրահամյանին, որովհետև նա այն եզակի ԱԺ նախագահն է հայոց մեջ, որ նախագահել է երկու անգամ: Ընդ որում` մեր քաղաքական կյանքն այնքան է խունացել, որ անգամ այդքան օդիոզների բացակայությունը «հոգու տոն» է առաջացնում:
գ) Այս պառլամենտում մասամբ լուծվել է սերնդափոխության հարցը: Ճիշտ է, խոսել օդիոզներին փոխարինած նոր գաղափարական փաղանգի մասին փոքր-ինչ ծիծաղելի կլինի, այնուհանդերձ, նոր, թարմ դեմքեր կան, հենց թեկուզ իշխող կուսակցության երիտասարդական թևից, որոնք պետք է պառլամենտ մտնեն ոչ այն մտայնությամբ, ինչ իր օրերին ՄԻԱԿ-ը, որի հետ նույնպես ինչ-ինչ հույսեր էինք կապում, սակայն վերջիններս լուռ «եկան» ու է՛լ ավելի լուռ «գնացին»:
դ) Նոր խորհրդարանի ամենամեծ դրական իմպուլսը պետք է համարել, թերևս, «Ելքը»: Իհարկե, լավ օրից չէ, որ մի քանի հոգանոց ֆրակցիան փորձելու է պահել օազիսը, որն արդեն իսկ «ցամաքեցվել» է գրեթե ամբողջական ընդդիմադիր դաշտի կողմից` «Ելքը» համարելով «հաճախորդ», այնուհանդերձ, ընդդիմության խորքում ընթացող այդ դիսկուրսը ոչ մի նշանակություն չունի. պառլամենտ մտած «Ելքը» գունեղ է, կրեատիվ, էներգետիկ առումով հագեցած, և «տեսարաններ ու հաց» «կռվում» կկարողանա Շեքսպիրին վայել գրագետ, շինիչ միզանսցեններ ապահովել:
Ինչ վերաբերում է «այլընտրանքային» ընդդիմություն ԲՀԿ-ին, ապա մշտապես «եզրային» խաղացող այս ուժը, որին ինքը` Ծառուկյանը, ընդդիմություն համարեց, եղել և մնալու է մասամբ հարցականների թնջուկ, չի իմանալու` «իր քո՞ւնն է տանում, թե՞ սոված է», մասամբ` բուտաֆորիա, մասամբ էլ, իր եզրային դիրքի շնորհիվ, մահակ` թե՛ պառլամենտում, թե՛ դրսում եղողների համար:
ե) Եվ վերջապես` կանայք, որ պետք է համարվեն այս պառլամենտի «գերագույն» հմայքը, որովհետև գենդերային քաղաքականությունը այս պառլամենտում հաղթանակ է նշում: Խորհրդարան թափանցած ՀՀԿ-ական կանանց մասին` կա՛մ` լավ, կա՛մ` ոչինչ, զի նրանց մեջ հիմնականում նստած է ոչնչապաշտության սինդրոմը, ինչպես և ՀՀԿ-ական տղամարդկանց մեջ` ունենալ պաշտոն, «ուտել հանձնաժողովի նախագահի միս», կաթ եղած դեպքում` «խմել այծի կաթ»:


Նոր դեմքեր էլ կան ոչ միայն ՀՀԿ-ում, այլև մյուս կուսակցություններում: Պետք է սպասել` ինչ դիսկուրսով են նրանք ոտնել քաղաքական դաշտ ու պառլամենտ:
Բոլոր դեպքերում, այստեղ ևս կրեատիվի պակաս կլինի` հաշվի առնելով, որ Զառան` Զարուհի Փոստանջյանը, իր «էքշընները» կշարունակի քաղաքապետարանում:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ