Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կան սահմաններ, որոնք խախտել չի կարելի

Կան սահմաններ, որոնք խախտել չի կարելի
28.04.2017 | 09:21

Բոլորովին վերջերս հայաստանյան ԶԼՄ-ները անդրադարձան «Ֆլեշ Մոթորս» ՍՊԸ-ից խոշոր չափի հափշտակության փաստին, որի առանցքում նույն ընկերության տնօրենն է։
«Իրատեսն» իր ընթերցողին է ներկայացնում հասարակական հնչեղություն ստացած այս թեմային առնչվող լրագրողական իր հետաքննությունը, ինչը, համոզված ենք, լույս կարող է սփռել մինչ այժմ մշուշոտ քողով ծածկված շատ հարցերի վրա։


Ըստ միանգամայն հավաստի տեղեկությունների, մի քանի տարի առաջ ճանաչված գործարար, «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին է դիմել նրա գործընկեր Սուրեն Մխիթարյանը, առաջարկելով խոշոր գումար ներդնել ու նոր բիզնես հիմնել, ստեղծել մի նոր ընկերություն, որը կզբաղվի ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ, անվադողեր, մարտկոցներ և ավտոմեքենաների համար անհրաժեշտ այլ ապրանքներ կներկրի ու կիրացնի: Բեգլարյանը Մխիթարյանին ասել է, որ այդ ոլորտը ծանոթ չէ իրեն, ինչպես նաև ժամանակի սղության պատճառով ինքը նոր ընկերության ղեկավարմամբ զբաղվելու ցանկություն չունի, սակայն եթե Ս. Մխիթարյանը համոզված է, որ նոր բիզնեսը հաջողություն է ունենալու, պատրաստ է առաջարկությունն ընդունելու՝ պայմանով, որ ընկերության ղեկավարումը և ամբողջ պատասխանատվությունը ստանձնի ինքը՝ Մխիթարյանը: Ընդ որում, ասել է նաև, որ սկզբնական շրջանում, մինչ այդ ընկերության կայանալը, շահույթ չի ակնկալում: Այսպես հիմնվել է «Ֆլեշ Մոթորս» ՍՊԸ-ն, հիմնադիրը Բարսեղ Բեգլարյանի որդին է, իսկ գլխավոր տնօրեն նշանակվել է հենց նույն Սուրեն Մխիթարյանը: Վերջինիս ներկայացմամբ, 2012 թ. հունիսից ընկերության կոմերցիոն տնօրեն է ընդունվել, որքան տեղյակ ենք, Ս. Մխիթարյանին ոչ անծանոթ Արման Մկրտումյանը:


Անցել է մի քանի տարի, տեսնելով, որ այդ ընթացքում ընկերությունը որևէ շահույթ չի ապահովում, Բեգլարյանները հետաքրքրվել են այդ հարցով ու ստացել պատասխան, թե ընկերությունը շուկայում դեռ կայացման փուլում է, ներդրումները ծառայեցնում է շրջանառությունն ընդլայնելու ուղղությամբ և այլն, և այլն։ Ի դեպ, անցած շուրջ 5 տարում «Ֆլեշ Մոթորս»-ն այդպես էլ շահույթ չի ապահովել իր հիմնադրի ու սեփականատիրոջ համար, աշխատել է միայն վնասով, ինչը, իհարկե, շա՜տ տարօրինակ է: Եվ, ահա, անցյալ տարի շատ հանկարծակի բացահայտվել է վնասով աշխատելու պատճառը: ՊԵԿ-ի խոշոր հարկ վճարողների տեսչությունից զանգահարել են «Ֆլեշ» ընկերության տնօրեն Յաշա Խաչատրյանին, հարցրել` «Ֆլեշ Մոթորս» ՍՊԸ-ն կապ ունի՞ «Ֆլեշ» ընկերության հետ։ Մանրամասնել են` այդ հարցն առաջացել է, քանի որ «Ֆլեշ Մոթորս» ընկերությունից մեծ գումարի անվադողեր են գնել բազմաթիվ ընկերություններ, որոնցից հարկային տեսչությունը որևէ հաշվետվություն չի ստացել։ Ասել է` դրանք ձևականորեն հիմնված ընկերությունների տպավորություն են թողնում, «Ֆլեշ Մոթորս»-ի և այդ ընկերության միջև ձևակերպված գործարքն էլ թվում է կասկածելի, հետևաբար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան տեղեկություններ:


Այս մասին իմանալուց հետո Բեգլարյանը Սուրեն Մխիթարյանից համապատասխան պարզաբանումներ է պահանջել: Վերջինս ասել է, որ «Ֆլեշ Մոթորս» ՍՊԸ-ի աշխատակիցներից մեկը` կոմերցիոն բաժնի կորպորատիվ հաճախորդների մենեջեր Կոնստանտին Կոստանյանը, մոտ 65 մլն դրամի տարբեր տեսակի ավտոպահեստամասեր է տարել ընկերությունից, բայց գումարը չի փոխանցել: Զարմացել ու բարկացել են` ինչպե՞ս թե, բա որ նման բան կար, ինչո՞ւ այսքան ժամանակ մեզ չէիր ասում: Տրվել է անհամոզիչ պատասխան:
Հետո հարց է հնչել` գուցե նման ուրիշ բանե՞ր էլ կան, որոնց մասին չի բարձրաձայնվել:
«Հա, մեկն էլ կա, որ մոտ 46 միլիոնի ապրանք է տարել ու փողերն էլի չի բերել»,- ասել է Սուրեն Մխիթարյանը և այդպիսով ուրվագծել կինո նկարահանելուն արժանի սցենար: Սակայն մենք համեստ կլինենք` կինո նկարահանելու համար պարոն Մխիթարյանին չենք անհանգստացնի և առայժմ կբավարարվենք այս հոդվածով:


Հասկանալով, թե ինչ է կատարվել, «Ֆլեշ Մոթորս» ընկերության հիմնադիրը դիմել է իրավապահներին: Հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացրել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունը:
Պարզվել է, որ «Ֆլեշ Մոթորս» ՍՊԸ-ի կոմերցիոն բաժնի կորպորատիվ հաճախորդների մենեջեր Կոնստանտին Կոստանյանը և նույն ընկերության կոմերցիոն բաժնի մեծածախ վաճառքի մենեջեր Միշա Վարդանյանը, օգտվելով ընկերության գլխավոր և կոմերցիոն տնօրենների թողտվությունից (մեր կարծիքով, խիստ կասկածելի և հեռուն գնացող ենթադրությունների տեղիք տվող), 2014-2015 թթ. ընթացքում, ընկերությունից խարդախության և յուրացման եղանակով շարունակաբար հափշտակել են ավելի քան 112 միլիոն դրամի ապրանք ու դրամական միջոցներ:


Ըստ նույն քրեական գործի նյութերի, Կ. Կոստանյանի և Մ. Վարդանյանի կողմից ընկերության դրամական միջոցների և նյութական արժեքների յուրացումները հնարավոր են դարձել «Ֆլեշ Մոթորս»-ի գլխավոր տնօրեն Սուրեն Մխիթարյանի և կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանի` իրենց գործառույթները և պարտականություններն անփութորեն, պատշաճ չկատարելու պատճառով, ինչի հետևանքով էլ հայցվոր «Ֆլեշ Մոթորս» ՍՊԸ-ին պատճառվել են առանձնապես խոշոր չափերի վնասներ: Մասնավորապես` նշված անձանց կողմից ընկերության սխալ ղեկավարման հետևանքով անհիմն կերպով կտրուկ աճել են ընկերության դեբիտորական պարտքերը, պատշաճորեն չի ստուգվել գնորդների վճարունակությունը, հիշյալ մենեջերները գնորդներից, տնօրենության գիտությամբ, շարունակաբար ստացել են կանխիկ գումարներ, ինչի իրավունքը չեն ունեցել, քանի որ այդ գումարները գնորդ կազմակերպությունները, օրենքի համաձայն, պարտավոր էին վճարել ընկերության բանկային հաշվեհամարին: Նրանք` Կ. Կոստանյանը և Մ. Վարդանյանը, գնորդ կազմակերպություններից ստացված գումարները և հետ ստացված (չվաճառված) ավտոպահեստամասերը պարբերաբար թաքցրել են և, օգտվելով պատշաճ հսկողության բացակայությունից և անպատժելիության մթնոլորտից, դրանք յուրացրել:


Դարձյալ ըստ քր. գործի նյութերի, մենեջերներ Կ. Կոստանյանի և Մ. Վարդանյանի կատարած խախտումների առաջացմանը նպաստող խախտումներ են թույլ տվել ընկերության կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանը և գլխավոր տնօրեն Սուրեն Մխիթարյանը, որոնք էլ իրենց գործողություններով և անգործությամբ նպաստել են վերոհիշյալ հափշտակությունների և այլ վնասների առաջացմանը: Դա մասնավորապես արտահայտվել է հետևյալում:
Ա. Մկրտումյանը, հանդիսանալով «Ֆլեշ Մոթորս» ՍՊԸ-ի կոմերցիոն տնօրեն, ընկերության հետ 31.05.2012 թ. կնքված թիվ 17 աշխատանքային պայմանագրի «2.1» կետի համաձայն, իրականացնելով մարքեթինգային վերլուծությունների գործընթացի կազմակերպման, տնտեսական վերլուծությունների և գնագոյացման գործընթացների ապահովման գործառույթներ, ղեկավարելով ընկերության կոմերցիոն բաժնի աշխատանքները, որի գործառույթներն են ապրանքների պատվերը, ներմուծման կազմակերպումը, ապրանքների բաշխումը, վերաբաշխումը և վաճառքը, տեղյակ է եղել, որ ընկերության կոմերցիոն բաժնի աշխատակից Կ. Կոստանյանի կողմից վաճառքների գծով խախտվել է իրացման և վճարման հարաբերակցությունը՝ իրացումն աճում է, իսկ դրա դիմաց դրամական միջոցների մուտքը նվազում:


Բացի վերը նշվածից, Ա. Մկրտումյանը կոմերցիոն բաժնի վերահսկիչից տեղեկացված է եղել, որ գնորդներին մատակարարված ապրանքների դիմաց նրանց կողմից կոմերցիոն բաժնի մեծածախ վաճառքների մենեջեր Մ. Վարդանյանին կանխիկ վճարած գումարները վերջինս ամբողջությամբ ընկերության դրամարկղ կամ բանկային հաշվին չի մուտքագրում, ինչի արդյունքում էլ գնորդների հանդեպ ընկերության դեբիտորական պարտքերը զգալիորեն աճում են: Որքան էլ «տարօրինակ» է, սա իմանալով հանդերձ, Ա. Մկրտումյանը չի կարգադրել, որ Մ. Վարդանյանին իրացման համար ապրանքների տրամադրումը այդուհետ դադարեցվի, և վերջինս ենթարկվի գոնե կարգապահական պատասխանատվության:


Սակայն, ըստ քր. գործի նյութերի, նշված հանգամանքներն ի հայտ չբերելու, իր և իր աշխատակիցների աշխատանքը դրական ներկայացնելու, իր աշխատանքից ու վարձատրությունից՝ աշխատավարձից և հավելավճարներից չզրկվելու շարժառիթներով, ընկերության շահերի նկատմամբ դրսևորած անփութության հետևանքով, իր պարտականությունները և գործառույթներն անբարեխիղճ կատարելով կամ, ըստ էության, չկատարելով, բավարար և անհրաժեշտ շրջահայացություն չդրսևորելով, Ա. Մկրտումյանը միջոցներ չի ձեռնարկել իր անմիջական ենթակայության ներքո գործող հիշյալ աշխատակիցների վաճառքների մասով դեբիտորական պարտքերի արժանահավատությունը և համապատասխան գնորդ ընկերությունների վճարունակությունը և հուսալիությունը պարզելու, դրանց վերաբերյալ հավաստի տեղեկություն ստանալու ուղղությամբ: (Ի դեպ, մեր տեղեկություններով, «Ֆլեշ Մոթորս» մուտք գործելուց առաջ, Արման Մկրտումյանն աշխատել է «Կարկոմավտո» ՍՊԸ-ում, որտեղից նրան պարզապես վռնդել են, ժողովրդական լեզվով ասած, «ձեռքից մաքուր չլինելու», ինչպես նաև ոչ բարի համբավի համար)։
Ըստ քր. գործի նյութերի, Ս. Մխիթարյանն իրականությունը չափազանցելու և ընկերության հիմնադրի մոտ հմուտ և արհեստավարժ ղեկավարի համբավ ձեռք բերելու, հիմնադրի կողմից ներդրումների կատարմանը հասնելու, ընկերությունն ավելի ընդլայնելու և իր համար առավելություններ ձեռք բերելու՝ ավելի բարձր աշխատավարձ և հավելավճարներ ստանալու շարժառիթներով, «Ֆլեշ Մոթորս»-ի ընթացիկ գործունեությունն ընկերության հիմնադրի ներկայացուցչին ներկայացրել է արդյունավետ, իսկ դեբիտորական պարտքերը՝ հուսալի:
Այս պայմաններում ու նշվածի հետևանքով էլ Ա. Մկրտումյանը և Ս. Մխիթարյանը, կամա թե ակամա, հնարավորություն են ստեղծել, որ ընկերության մենեջերներ Կ. Կոստանյանը և Մ. Վարդանյանը 2014-2015 թթ. ընթացքում «Ֆլեշ Մոթորս» ՍՊԸ-ից կարողանան հափշտակել ավելի քան 112 մլն դրամ:
Հենց այստեղ անդրադառնանք շատ ուշագրավ և ոչ անհիմն կասկածներ ծնող մի հանգամանքի. չնայած ըստ քր. գործի նյութերի, Մ. Վարդանյանը մոտ 47 մլն դրամ գումար է հափշտակել, իսկ Կ. Կոստանյանն ավելի շատ՝ մոտ 65 մլն դրամ, այդ բոլոր տարիների ընթացքում նրանցից որևէ մեկը բնակարան, թանկարժեք ավտոմեքենա կամ թանկարժեք այլ գույք ձեռք չի բերել: Այստեղից այն տպավորությունն է առաջանում, որ հափշտակված գումարների հիմնական մասն այլ անձի կամ անձանց մոտ է, այսինքն՝ նախաքննական մարմնին չի հաջողվել բացահայտել «շնաձկներին»:


Անկեղծ ասած, անձամբ ես դժվարանում եմ հավատալ, թե Արման Մկրտումյանն իր աշխատանքից ու վարձատրությունից՝ աշխատավարձից և հավելավճարներից չզրկվելու, Սուրեն Մխիթարյանն ավելի բարձր աշխատավարձ և հավելավճարներ ստանալու և քր. գործում նշված այլ շարժառիթներով են ընկերության շահերի նկատմամբ անփութություն դրսևորել, իրենց պարտականությունները և գործառույթները ոչ պատշաճ կատարել, բավարար և անհրաժեշտ շրջահայացություն չդրսևորել, փոխարենը՝ դրսևորել անգործություն: Պարզ տրամաբանության խնդիր է, հո երեխաներ չէի՞ն, չէի՞ն հասկանում, որ իրենց այդ արարքի կամ գործելակերպի հետևանքները մի օր մեծ աղմուկով պայթելու են։
Բա քիչ թե շատ խելամիտ մարդն իր և իր աշխատակիցների աշխատանքը դրական ներկայացնելու, իր աշխատանքից ու վարձատրությունից չզրկվելու, Ս. Մխիթարյանի պարագայում` ավելի բարձր աշխատավարձ և հավելավճարներ ստանալու և նշված այլ շարժառիթներով կդրսևորե՞ր այդպիսի խիստ ռիսկային անփութություն և անգործություն՝ աչքի առաջ ունենալով քրեական հետապնդման ենթարկվելու, մեղադրվելու ու դատվելու վտանգը, առնվազն՝ քաղաքացիաիրավական կարգով հսկայական վնասը փոխհատուցելու հեռանկարը, երբ մի օր սուտը և իրականությունը, ի վերջո, ջրի երես դուրս գային: Այս ամենից ելնելով, արդյոք իրավունք չունե՞նք եզրակացնելու կամ առնվազն ենթադրելու, որ կատարված հափշտակության գործում Արման Մկրտումյանի և Սուրեն Մխիթարյանի մատը խառն է եղել՝ հաշվի առնելով նաև Միշա Վարդանյանի դատաքննական այն ցուցմունքը, որ 46794452 դրամից ինքն իրականում հափշտակել է մոտ 2 մլն դրամ: ՀԿԳ քննիչի կայացրած «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշումից բխում է, որ այդ իրավունքը չունենք: Շատ լավ, թող առայժմ այդպես լինի, սակայն դա չի վերացնում նրանց կողմից նաև իրենց մեղքով ընկերությանը պատճառված վնասի փոխհատուցման պարտականությունը:


Կատարված նախաքննության ընթացքում օրենքով սահմանված կարգով ձեռք բերված բոլոր ապացույցների (պատասխանողների և բազմաթիվ այլ անձանց ցուցմունքներ, նախաքննության մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով նշանակված դատա-ապրանքագիտական փորձաքննության եզրակացություն և այլն) գնահատման արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Կ. Խանումյանի կողմից 22.12.2016 թ. կայացված «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշմամբ (որը, ընդգծենք, պատասխանողների կողմից չի բողոքարկվել և գտնվում է օրինական ուժի մեջ) հաստատվել են այն փաստերը, որ Սուրեն Մխիթարյանը, հանդիսանալով «Ֆլեշ Մոթորս» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար, իսկ Արման Մկրտումյանը՝ կոմերցիոն տնօրեն, ընկերության շահերի նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չեն կատարել, ինչն անզգուշությամբ «Ֆլեշ Մոթորս» ՍՊԸ-ի համար առաջացրել է 112411452 դրամի չափով վնաս, որից պատասխանող Կ. Կոստանյանի հափշտակած գումարի և նյութական արժեքների չափը 65617 500 դրամ է, իսկ Միշա Վարդանյանի կողմից հափշտակվածի չափը՝ 46794452 դրամ:
Չնայած այն հանգամանքին, որ նախաքննության մարմնի որոշմամբ Ս. Մխիթարյանի և Ա. Մկրտումյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ վերջիններիս արարքներում ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված հանցակազմի բացակայության պատճառով, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ վերոգրյալ փաստերի առկայության պայմաններում նրանց արարքներում առկա է քաղաքացիաիրավական մեղքը, որով «Ֆլեշ Մոթորս» ՍՊԸ-ին պատճառվել է վերը նշված հսկայական նյութական վնասը:
Նկատի ունենալով, որ նշված վնասի մասով ինչպես Կոնստանտին Կոստանյանը և Միշա Վարդանյանը, այնպես էլ Արման Մկրտումյանը և Սուրեն Մխիթարյանը կրում են ամբողջ ծավալով համապարտ գույքային (նյութական) պատասխանատվություն, «Ֆլեշ Մոթորս» ընկերությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի, 1058-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 231-րդ և 232-րդ հոդվածների, «Սահմանափակ պատասխանատվության ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի իրավական հիմքերով և հիմնավորումներով, մոտ 1 շաբաթ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան համապատասխան հայցեր է ներկայացրել հիշյալ պատասխանողների դեմ:


Հիմա գանք այս պատմության թերևս ամենակարևոր հատվածին: Այն ժամանակ, երբ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Կ. Խանումյանը «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշում դեռ չէր կայացրել, և քր. գործի նախաքննությունը դեռ ընթացքի մեջ էր, Արման Մկրտումյանը, գուցե մտածելով, որ ինքը նույնպես քրեական պատասխանատվության է կանչվելու, և հուսալով, որ իր կողմից ընկերությանը պատճառված վնասի թեկուզ մասնակի հատուցման պարագայում նախաքննության մարմինը կամ դատարանն իր նկատմամբ մեղմ կվարվեն, կամ նշված խախտումների մեջ իր մեղքի բաժինը գիտակցելով, գրավադրել է իր տունը, բանկից ստացել որոշակի գումար և կամավոր կերպով կատարել տուժած ընկերությանը պատճառված վնասի մասնակի հատուցում՝ 9,7 մլն դրամի չափով: Սակայն հիմա, այն բանից հետո, երբ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Կ. Խանումյանը նաև իր նկատմամբ «Քրեական հետապնդում չիրականացնելու մասին» որոշում է կայացրել, այսինքն՝ չկա քրեական պատասխանատվության ենթարկվելու վտանգ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, գրավոր դիմել է նախագահական և այլ մարմինների, ընկերությանը որպես մասնակի հատուցում վճարած 9,7 մլն դրամը հետ բերելու նպատակով հայտնել, թե ինքը չէր ուզում այդ գումարը վճարել, իրեն ստիպել են, դրա համար տունը հարկադրված գրավադրել է, բանկից գումար ստացել ու վճարել:


Նախ, բնականաբար, հարց է առաջ գալիս՝ եթե ինչ-որ մեկը կամ ոմանք Արման Մկրտումյանին իսկապես ստիպել են այդպես վարվել, ապա նա ինչո՞ւ է մինչև հիմա, այսինքն՝ նշված հատուցումը կատարելուց հետո մոտ 1 տարի լռել, չի դիմել իրավապահ մարմիններին, ինչպես ասում են նման դեպքերում, քնել-քնել, նո՞ր է զարթնել։ Այս հանգամանքն արդեն իսկ կասկածի տակ է դնում ստիպելու վերաբերյալ նրա ներկայացրածի արժանահավատությունը:
Երկրորդ` ո՞վ կամ ովքե՞ր են նրան ստիպել։ Որքան տեղյակ ենք, Ա. Մկրտումյանն իր դիմումում անուններ չի նշել, սակայն, հաշվի առնելով, որ տվյալ դիմումում թերևս կա հաղորդում հանցագործության մասին, նախագահականից, կարծում ենք, այս դիմումը կուղարկեն ՀՀ քննչական կոմիտե կամ գլխավոր դատախազություն, և Ա. Մկրտումյանն այնտեղ հրավիրվելով, արդեն պարտավոր կլինի ցուցմունք տալ, թե ով կամ ովքեր են իրեն ստիպել։ Եթե նա հիմնավորի, ապացուցի, որ իրեն իսկապես ստիպող կամ ստիպողներ են եղել, ապա վերջինս կամ վերջիններս, օրենսդրության համաձայն, պետք է անպայման պատասխան տան, հակառակ պարագայում Ա. Մկրտումյանը պետք է քրեական պատասխանատվության կանչվի սուտ մատնության համար:


Իրոք, եթե պարզվի, որ նա «ստիպելու» պատմությունը հորինել է, կստացվի, որ Ա. Մկրտումյանը նաև իր մեղքով ընկերությանը հսկայական վնաս պատճառելուց բացի, ոտնահարել է Բարսեղ Բեգլարյանի, նրա որդու կամ ընկերության ինչ-որ աշխատակցի (աշխատակիցների) պատիվը, հեղինակությունը, բարի համբավը, ավելին՝ վնասել նաև ընկերության հեղինակությանը: Վերը նշված արարքն արդեն ոչ միայն իրավական, այլև բարոյական խնդիր է առաջ բերելու: Եթե կարելի է նյութական վնասն ինչ-որ ժամանակ, ինչ-որ կերպ ամբողջությամբ հատուցել, ներել, ապա սա, չզղջալու ու ճշմարտությունը հրապարակայնորեն չխոստովանելու դեպքում, անհատուցելի և աններելի է լինելու:
Հավանաբար, հաշվի առնելով, որ Բեգլարյանները մարդկային արժեքները կարևորող, բարձր գնահատող մարդիկ են, Ա. Մկրտումյանը փորձում է այդ կերպ հոգեբանական ճնշում գործադրել նրանց նկատմամբ և հետ ստանալ իր վճարած՝ վնասի մասնակի հատուցման գումարը: Այս ամենի առնչությամբ համապատասխան պարզաբանումներ ստանալու խնդրանքով փորձեցինք կապ հաստատել «Ֆլեշ Մոթորս» ՍՊԸ-ի հիմնադրի հետ, սակայն, երբ դա չհաջողվեց, դիմեցինք «Ֆլեշ» ընկերության հիմնադրին: Վերջինս, նշելով, որ այդ հարցն իր համար առանձնակի կարևորություն չի ներկայացնում, և հաշվի առնելով, որ գործը քննվում է իրավական հարթությունում, առաջարկեց դիմել այդ գործերով զբաղվող իրավաբաններին, քր. գործը քննած իրավապահ մարմնին կամ սպասել գործերի դատաքննության ավարտին:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4465

Մեկնաբանություններ