«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Տեղահանումները նույնպես համարվել են հայերին կազմակերպված եղանակով ոչնչացնելու միջոց»

«Տեղահանումները նույնպես համարվել են հայերին կազմակերպված եղանակով ոչնչացնելու միջոց»
28.04.2017 | 09:24

(սկիզբը` այստեղ)

Հայոց ցեղասպանության, դրա միջազգային ճանաչման ու դատապարտման տարաբնույթ ու ցայսօր քիչ արծարծված խնդիրների շուրջ է ստորև ներկայացվող մեր հարցազրույցի երրորդ ու վերջին մասը Սահմանադրական դատարանի խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոն» խորհրդի նախագահ, սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ հետ:


-Թուրքիայի դատարանների 1919-1920 թթ. կայացրած նշված դատական ակտերն ի՞նչ չափով և ի՞նչ իրավական եզրույթներով են անդրադարձել Հայոց եղեռնի փաստին, ինչպե՞ս են բացատրել զանգվածային սպանությունների պատճառները և այլ իրողություններ:
-Եթե անցյալ դարի սկզբներին միջազգային իրավական փաստաթղթերով ցեղասպանությունը ճանաչված լիներ որպես մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություն` դրանից բխող բոլոր քաղաքական-իրավական հետևանքներով հանդերձ, ապա Թուրքիան ոչ մի պայմանով այդպիսի, իր շահերի տեսանկյունից, սխալ չէր գործի և չէր նախաձեռնի հայտնի դատավարությունները: Մյուս կողմից՝ դրան նպաստել է Թուրքիայի ներքաղաքական բարդ իրավիճակը, մասնավորապես` նոր ձևավորված կառավարությունը դրանով փորձել է է՛լ ավելի ամրապնդվել իր դիրքերում, միաժամանակ արհեստականորեն ձեռք բերել արտաքին աշխարհում անհրաժեշտ հեղինակություն և միջազգային հանրությունում հնարավորինս արագ ինտեգրվելու հիմքեր:
Ինչ վերաբերում է դատավճիռներում արտացոլված իրավական գնահատականներին, ապա դրանք նույնությամբ համընկնում են ցեղասպանության հանցակազմին, պարզապես, հասկանալի պատճառներով, այդ եզրույթը չի օգտագործվել: Այսպես, արդեն 1919 թ. մայիսի 3-ին գլխավոր դատախազը դատարան է ներկայացրել փաստեր, որոնք վկայել են այն մասին, որ հայ բնակչության զանգվածային սպանությունները հիմնականում իրականացվել են խիստ կազմակերպված եղանակներով: Ավելին, դատարանում, անկասկած, հերքվել է պաշտպանական կողմի այն դիրքորոշումը, թե հայ բնակչության, այսպես կոչված, տեղափոխություններն իբր բխել են ռազմական գործողությունների անհրաժեշտությունից: Դատարանն ապացուցված է համարել այն, որ դրանք եղել են բռնի տեղահանումներ, դատարանի նշած տեղահանումները նույնպես համարվել են հայերին կազմակերպված եղանակով ոչնչացնելու միջոց, իսկ բռնի տեղահանումների եղանակն ինքնին, մի կողմից, դիտվել է որպես հնարավոր դիմադրությունը բացառելու, մյուս կողմից` միջազգային հանրությանը շփոթության մեջ գցելու, չակերտավոր կերպով, լավագույն հնարք:
Ընդ որում՝ բացառապես էթնիկական հատկանիշով անձանց զանգվածային սպանությունների իրական ծրագրերը թաքցնելու նպատակով, ըստ վերը նշված դատական ակտերի, ինչպես նաև մեղադրական դատավճիռների, պարբերաբար տրվել են «գաղտնի» գրավոր ու բանավոր հրահանգներ: Բնականաբար, բոլոր գրավոր փաստաթղթերը ենթակա են եղել ոչնչացման, սակայն դրանց մի մասը պահպանվել ու հետագայում հետազոտվել է դատարանում:
-Ամփոփելով նշված դատավճիռներում արտացոլված իրավական գնահատականները, ի՞նչ հիմնական եզրահանգումներ կարելի է առանձնացնել:
-Առաջինն այն է, որ հայազգի անձանց` էթնիկ հատկանիշով պայմանավորված զանգվածային սպանություններն ու բռնի տեղահանումները կազմակերպել և իրականացրել են իրավասու իշխանությունները, դա չի եղել սոսկ առանձին կուսակցության կամ առանձին պաշտոնյաների հատվածական նախաձեռնություն:
Երկրորդ՝ զանգվածային սպանություններն ու բռնի տեղահանումներն իրականացվել են «գաղտնագրված» հրամանների, հրահանգների, ծրագրերի ու բանավոր կարգադրությունների հիման վրա, որպեսզի չբացահայտվեն դրանց իրական նպատակն ու ուղղվածությունը:
Երրորդ՝ երիտթուրքերը նշված հանցագործության կատարմամբ փորձել են մեկընդմիշտ «լուծել» Հայկական հարցը, որը, նրանց գնահատմամբ, մեծ վտանգ է ներկայացրել իրենց պետական անվտանգությանը:
Չորրորդ՝ բռնի տեղահանումները, որոնց պատճառով մեծաքանակ անձինք մատնվել են սովամահության ու այլ անմարդկային տանջանքների, ոչ մի առնչություն չեն ունեցել ռազմական անհրաժեշտության հետ (ի դեպ, ռազմական անհրաժեշտության վարկածը ներկայումս բավականին հաճախ են թմբկահարում թուրքական քարոզիչները): Ընդ որում՝ հայերին տեղահանել են անգամ այնպիսի բնակավայրերից, որոնք որևէ առնչություն չեն ունեցել ռազմական իրադարձությունների հետ, և որոնց բնակչությունը դրսևորել է ակնհայտ լոյալ վարքագիծ:
Հինգերորդ՝ կատարված հանցագործությունները ոչ միայն ոտնահարում են քրեական օրենսդրությունը և, այսպես կոչված, իսլամի «պատվիրանները», այլև ուղղված են «մարդկության ու քաղաքակրթության» դեմ և այլն:
Բազմաթիվ երկրների խորհրդարաններ, իսկ Ֆրանսիայի պարագայում` սահմանադրական վերահսկողություն իրականացնող մարմինը` Սահմանադրական խորհուրդը, իրավաչափ չեն համարում օրենսդիր մարմնի կողմից Հայոց եղեռնը ճանաչելը, առավել ևս` այն ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանելը, պատճառաբանելով, որ այդպիսի քաղաքական որոշման հիմքում պետք է լինի համապատասխան դատական ակտ: Մինչդեռ, համապատասխան դատական ակտ, ավելի ճիշտ, ակտեր կան:
Ավելին, ինչպես արդեն նկատեցինք, թուրքական կողմն արել է ամեն ինչ, որ վերը նշված դատավճիռները լայն քննարկման նյութ չդառնան, պարզապես չհայտնվեն տեսադաշտում, փորձելով միջազգային հանրության ուշադրությունից հեռու պահել այն իրողությունը, որ հենց իր ազգային դատական ատյաններն են անցյալ դարասկզբին դատապարտել հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը: Բավական է՝ որևէ հետազոտող փորձի այդ թեման արդիականացնել, անմիջապես գործի է դրվում Լևիի նման հերքողներին կանաչ ճանապարհ հարթելու մեթոդաբանությունը:
Վերջին հաշվով, Հայոց եղեռնի փաստն արձանագրվել է նաև Ռուանդայի ցեղասպանության գործով Միջազգային դատարանի 2012 թ. դատավճռում (այս գործով դատարանը կայացրել է մի շարք դատավճիռներ): Մասնավորապես, այս դատական ակտը` 2012 թ. դատավճիռը, անդրադառնալով ցեղասպանության, այդ թվում` Ռուանդայում արձանագրված նույնաբնույթ դեպքերի պատճառներին, նույնպես փաստել է, որ միջազգային հանրությունը համարժեք հետևություններ չի արել Հայոց եղեռնի իրողությունից, ինչն էլ նպաստել է այդպիսի երևույթների տարածմանը:
-Այսպիսով, Հայոց ցեղասպանության միջազգային լիակատար ճանաչման հիմնախնդրի, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության սահմանումը խոսքի և արտահայտման ազատության իբր թե անհիմն սահմանափակում համարելու կապակցությամբ եղած հարցադրումներին սպառիչ պատասխաններ տալու նկատառումով, որպես ելակետ ի՞նչ եզրահանգումներ կարելի է կատարել:
-Առաջին՝ Հայոց եղեռնի իրագործման փաստը, ըստ էության, հիմնավորել ու ճանաչել են թուրքական դատական ատյանները 1919-1920 թթ. իրականացրած դատավարությունների արդյունքում կայացված դատավճիռներով: Վերջիններս օրինական ուժի մեջ են մտել և երբևէ չեն բեկանվել:
Երկրորդ՝ Հայոց եղեռնի իրավական գնահատականը տրված է նաև Ռուանդայի ցեղասպանության գործով Միջազգային դատարանի 2012 թ. դատավճռով:
Երրորդ՝ իրավական որևէ արժեք չունի այն փաստարկը, որ իբր դատաքննության փուլում հետազոտված բոլոր ապացույցները հետագայում հափշտակել ու ոչնչացրել են հայերը, քանզի դրանք արդեն իսկ հետազոտվել և իրավական գնահատման նյութ են դարձել իրավասու դատական ատյաններում:
Չորրորդ՝ դատական ակտերով Հայոց եղեռնի ճանաչման փաստը հարկ է դնել այդ ցեղասպանության միջազգային լիակատար ճանաչման ուղղությամբ հայրենական դիվանագիտության հիմքում:
Հինգերորդ՝ նպատակահարմար է նախաձեռնել դատական ակտերից բխող Թուրքիայի պետության պատասխանատվության հարցը` նախապես հանգամանորեն մշակելով բոլոր հնարավոր տարբերակներն ու իրավական հետևանքները:
Ամփոփելով Հայոց եղեռնի միջազգային ճանաչման իրավական ասպեկտները, ընդգծեմ, որ ցեղասպանության առնչությամբ նախորդ դարասկզբի դատավարությունների վերաբերյալ փաստաթղթերը, տեղեկությունները լայն շրջանառության մեջ դնելու և հայրենական դիվանագիտության կողմից որպես կարևոր խաղաքարտ օգտագործելու անհրաժեշտությունն անհատ քաղաքացիների տարրական գույքային իրավունքները պաշտպանելու տեսանկյունից ունի նաև զուտ գործնական նշանակություն: Խնդիրն այն է, որ միջազգային ապահովագրական ընկերությունները, որոնք մոտ 7-9 տարի առաջ նախաձեռնել էին Թուրքիայում Հայոց եղեռնի ընթացքում զոհված, ինչպես նաև հարկադրաբար գաղթած ազգությամբ հայ անձանց ապահովագրական վճարները նրանց ժառանգներին հատկացնելու գործընթացը, ակնհայտ անհիմն պատճառաբանություններով, սոսկ թուրքական լոբբինգի ազդեցությամբ կտրուկ դադարեցրել են վճարումները: Ընդ որում, Միացյալ Նահանգներում «Աքսա» ապահովագրական ընկերությունը վճարումները դադարեցրել է այդ երկրի դատական ատյանների անհիմն միջամտությամբ: Այսինքն` կարող ենք արձանագրել, որ անգամ դատական ատյաններում անտեսվել են մեկ այլ երկրի դատական ատյանում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատավճիռները:


Հարցազրույցը`
Արթուր
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1775

Մեկնաբանություններ