Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Զրոյական վարկանիշի ջղաձգումները

Զրոյական վարկանիշի  ջղաձգումները
28.04.2017 | 10:00

Երևի ոչ ոք այնպես լավ և բազմակողմանի չի ճանաչում Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչպես ես: Երևի ոչ ոք այնպես խոր և օբյեկտիվ երբևէ չի վերլուծել նրա էությունը, անցած քաղաքական ճանապարհը, թաքնված, վերամբարձ մտքերը, ինչպես ես: Հավանաբար, Լևոնի, որպես քաղաքական գործչի վերջնական ֆիասկոն է ինձ թույլ տվել թաղել նրան (այդ արարողությունը ես կատարել եմ 2008 թվականի փետրվարին նրա իսկ սև շենքի մոտ): Այդ թվականին և ցուրտ փետրվարի այդ օրերին ես հասկացա, որ ժողովուրդը դեռևս 1992 թվականից նրան չի ընդունում, որ ժողովուրդն իր զգայական ճանաչողությամբ մեկընդմիշտ խաչ է քաշել քաղաքական այն գործչի վրա, որի անունն է Լևոն Տեր-Պետրոսյան:

Ասվածի վառ ապացույցն են Ազգային ժողովի վերջին ընտրությունները, որտեղ նրա թիմը հավաքեց ձայների ողորմելի քանակ: Դա վառ ապացույց է այն բանի, որ ժողովրդի երբեմնի անսահման սերն ու հարգանքը, լիակատար վստահությունը վայելող քաղաքական գործչի հանդեպ նույն ժողովուրդը մեկընդմիշտ շրջվել է մեջքով: Եթե մինչև ընտրությունները ինչ-որ ընտրազանգված դեռ համակրում էր նախկին նախագահին, ապա նրա հակազգային ելույթը, քարոզարշավը նման թեմայով, ընդմիշտ զրոյացրին նրա վարկանիշը: Չորսօրյա պատերազմի տարին դեռ չլրացած, մայրերի արցունքը դեռ չչորացած, հանկարծ հայտնվում է մեկը, որը փորձում է խաղարկել խաղաղությունը, որով իսկ անարգում է ազատագրված հողերի համար արյուն տված հերոսների հարազատներին:
Ասել է` միանգամայն տեղին ժողովուրդը նրան պատասխանեց մեջքով շրջված: Եվ այդ մարդը, զգալով իր անվերադարձ քաղաքական մահը, փորձում է մնալ քաղաքականության մեջ` Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները բողոքարկելով Սահմանադրական դատարանում:


Քաղաքական գործիչ կոչված Լևոնին զարմացրել, գուցե ավելի զայրացրել է այն փաստը, որ ընտրություններից հետո մայրաքաղաքի փողոցները լուռ ու հանգիստ են, բախումներ չկան, և յուրաքանչյուր քաղաքական ուժ, հասկանալով իր քաղաքական կշռի արժեքը, համակերպվել է սեփական քաղաքական ճակատագրի հետ: Այս ընտրությունները լի էին դրամատիկ պահերով: Հենց սկզբից ոմանք փորձեցին վարկաբեկել դրանք` շրջանառության մեջ դնելով ֆանտաստիկ ընտրակաշառքի թեման: Եվ երբ այդ պրովոկացիան չիրականացավ, նույն ուժերը պարտությունից հետո սկսեցին մեղադրել իշխանություններին եղած և չեղած բոլոր մեղքերի մեջ: Կարող եմ ասել, որ Արարատի մարզի Այգեստան գյուղը, հանրապետության մասշտաբով, մշտապես եղել է իսկական հայելի բոլոր ընտրությունների ժամանակ: Այս ընտրությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ դա այդպես է: Որևէ կեղծիք չի եղել երկու տեղամաս ունեցող գյուղում, և քաղաքական որևէ ուժ չի կարող առարկել ասածիս: ԲՀԿ-ն 10 ձայնով հաղթեց հանրապետական կուսակցությանը: Թե ինչն էր դրդել հազիվ քայլող, ավելին, բարեկամների թևերին ապավինած ծերերին գալ ընտրատեղամաս, թողնում եմ ընթերցողին: Ասեմ, որ նման ընտրողները քիչ չէին: Գյուղում նրանց թիվը երբեք չի անցել 1250-ը, այդ օրը քվեարկության է մասնակցել 1468 մարդ:

Ասել, թե քաղաքացիական պարտքի գիտակցումով լցված մարդկանց թիվը աճել է, չարաչար սխալված կլինեմ: Կարծում եմ` նման պատկեր էր ամենուրեք: Եվ իշխող քաղաքական ուժը ո՛չ ահաբեկել է, ո՛չ խաբել, բայց հաղթել է: Ասել, թե ժողովուրդը գոհ է իշխող քաղաքական ուժից, և, ինչպես բանաստեղծը կասեր, օրհնում է իր գահն ու իրեն, երիցս սխալ կլինի: Հետևաբար, ինչո՞ւ և ինչպե՞ս հաղթեց իշխող քաղաքական ուժը: Բացատրեմ: Բազմաթիվ ընտրողների հետ զրուցելիս միշտ ասել եմ. «Չկարծեք, թե ես, որպես Հայաստանի քաղաքացի, որպես ընտրող գոհ եմ գործող նախագահից, բայց ցույց տվեք ներկա պահին գործող քաղաքական ուժերի մեջ որևէ գործչի, որն ավելի արժանավոր է, ես կընտրեմ նրան»: Ասածիս ոչ ոք գրեթե չէր հակադրվում: Այնպես որ, գործող նախագահի թիմն արժանի հաղթանակ է տարել, և դրանում համոզվել են բոլոր քաղաքական ուժերը, հենց այդ պատճառով էլ անգամ պասիվ հետընտրական գործընթացներ չեղան: Եվ այսօր օրինական հաղթանակը վիճարկել Սահմանադրական դատարանում, առնվազն անհեթեթություն է, ինչը կարելի է բացատրել որոշ գործիչների` քաղաքական կլիմաքսի շրջան «թևակոխելու» իրողությամբ:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 2985

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ