Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մի՛ կարծեք, թե եկա խաղաղություն հաստատելու երկրի վրա. չեկա հաստատելու խաղաղություն, այլ՝ սուր» Մատթ.10.34

«Մի՛ կարծեք, թե եկա խաղաղություն հաստատելու երկրի  վրա. չեկա հաստատելու խաղաղություն, այլ՝ սուր» Մատթ.10.34
28.04.2017 | 08:03

Շատերը, Ավետարանում կարդալով «փոթորիկներ խաղաղեցնողի» այս խոսքերը, տարակուսում ու երկմտում են՝ ինչպե՞ս: Իսկ Աստվածաշնչում հակասություններ փնտրողները բացահայտ ցնծում են ու հաղթականորեն չարախնդում:


Այո՛, Նա հայտարարում է. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ», բայց և՝ «ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենաք» (Հովհ.14.27): Տիրոջ խոսքում խաղաղություն բառին հակադրվող «սուր» բառը չի նշանակում պատերազմ, այլ «հակառակություն և բաժանում» (Ղուկ.12.51): Այդ հայտարարությունը արմատախիլ է անում ցանկացած փոխզիջում, փոխհամաձայնություն, որ կարող է մեզ խանգարել Խաչի ճանապարհով ընթանալու: Միայն Սուրբ պատարագի գնացող և դրանով իրենց հոգևոր ընթացքը տնից Եկեղեցի ձգվող ճանապարհով սահմանափակող մարդկանց համար Տիրոջ հայտարարությունը շատ անհարմար է. չէ՞ որ նրանք անցնցում ընտանեկան երջանկություն են ուզում վայելել ու գոհանալ Աստծուց: Բայց չէ՞ որ քրիստոնյայի կյանքը վայելք չէ, այլ խաչակրություն. «Եթե մեկը Ինձ մոտ գա և չնախընտրի Ինձ իր հորից ու մորից, կնոջից ու որդիներից, եղբայրներից ու քույրերից, նույնիսկ իր անձից անգամ, չի կարող Իմ աշակերտը լինել, որովհետև ով որ չվերցնի իր խաչը և Իմ հետևից չկա, չի կարող Իմ աշակերտը լինել» (Ղուկ.14.26-27):

Սակայն խաչակրությունը կորագլուխ ու գետնաքարշ բեռնակրություն չէ, այլ պայքար՝ ամենայն զգոնությամբ ու զգաստությամբ: Իսկ պայքարի համար սպառազինություն է անհրաժեշտ. «Եվ առե՛ք փրկության սաղավարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծո Խոսքը» (Եփ.6.17): Այդ սուսերը մեղքի ստրկացնող կապանքների դեմ ազատարար պայքարի երաշխավորն է. «Հիշի՛ր մեռելներից հարություն առած Քրիստոս Հիսուսին՝ Դավթի ցեղից, իմ քարոզած Ավետարանի համաձայն, որի համար չարչարվում եմ և շղթայված իսկ եմ, ինչպես չարագործը. բայց Աստծո Խոսքը շղթայված չէ» (Բ Տիմ. 2.8-9):


Բոլորին հայտնի է «հանգուցալուծում» բառի ծագումը, որ գալիս է «գորդյան հանգույցի» առեղծվածին Ալեքսանդր Մակեդոնացու տված լուծումից: Հոգևոր կյանքում ևս պրկված այլազան հանգույցների դեմ միայն մեկ միջոց կա. «Կենդանի է Աստծո Խոսքը, ազդու և ավելի հատու, քան ամեն մի երկսայրի սուր. և կտրում անցնում է մինչև ոգու և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է սրտի մտածումներն ու խորհուրդները» (Եբր. 4.12): Փաստորեն հոգևոր սուրը հոգևոր ինքնապաշտպանության միջոց է. «Եվ նրանց ասաց. «Երբ ուղարկեցի ձեզ առանց քսակի, մախաղի և կոշիկների, մի՞թե որևէ բանի կարոտ մնացիք»: Եվ նրանք ասացին՝ և ո՛չ մի բանի: Ապա ասաց. «Իսկ այժմ՝ ով որ քսակ ունի, թող վերցնի այն, նույնպես և՝ մախաղ. իսկ ով որ չունի, թող վաճառի իր վերարկուն և իր համար սուր գնի: Բայց ասում եմ ձեզ, այս ևս, որ գրված է, պետք է, որ կատարվի Իմ վրա, թե՝ «Անօրենների հետ դասվեց», որովհետև, ինչ որ ինձ համար է գրված, կատարելու վրա է»: Եվ նրանք ասացին. «Տե՛ր, ահավասիկ այստեղ երկու սուր կա»: Եվ նրանց ասաց. «Բավական են» (Ղուկ.22.35-38): «Երբ նրա շուրջը գտնվողները տեսան եղածը, նրան ասացին. «Տե՛ր, սրով նրանց հարվածե՞նք»: Եվ աշակերտներից մեկը հարվածեց քահանայապետի ծառային և կտրեց, դեն գցեց նրա աջ ականջը: Հիսուս պատասխանեց և ասաց. «Թո՛ւյլ տվեք, բավ է եղածը»: Եվ դիպչելով ականջին՝ այն բժշկեց: Եվ իր վրա եկած քահանայապետերին, տաճարի իշխանավորներին և ծերերին ասաց. «Ինչպես ավազակի՞ վրա եք գալիս սրերով ու մահակներով. միշտ ձեզ հետ էի տաճարում, և դուք ինձ վրա ձեռք չերկարեցիք. սակայն ա՛յս է ձեր ժամը և խավարի իշխանության զորությունը» (Ղուկ..22.49-53):


Այսպես պիղծ և աստվածընդդեմ խոսքերը մահաբեր ախտի ու համաճարակի նման լափում ու կլանում են տատամսող մարդկանց հոգիները և կործանում. «Բայց պիղծ բաներից և սնոտի խոսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները ավելի ու ավելի առաջ են գնում ամբարշտությունների մեջ, և նրանց խոսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում» (Բ Տիմ. 2.16-17): Խաղաղությունը պետք է հաստատված լինի Եկեղեցում, բայց Եկեղեցին պետք է զատվի աշխարհից, զտվի աշխարհի ապականությունից և ինքնապաշտպանական պայքարով պահի իր սրբությունը. «Աղը լավ բան է, բայց եթե աղը անհամանա, ինչո՞վ պիտի համեմվի. արդ, դուք ձեր մե՛ջ ունեցեք աղը և իրար հետ խաղաղությա՛մբ ապրեցեք» (Մարկ. 9. 49):
Աշխարհի դեմ պետք է պայքարենք, որովհետև Աստծո հետ կնքված հաշտության պայմանագիրը այդ է պահանջում. «Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ սերը այս աշխարհի հանդեպ՝ թշնամություն է Աստծու դեմ, քանի որ, ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի» (Հակ. 4.4):

«Հնազանդվեցե՛ք, ուրեմն, Աստծուն և դիմադրեցե՛ք Սատանային, ու նա կփախչի ձեզանից: Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ: Մեղավորնե՛ր, մաքրեցե՛ք ձեր ձեռքերը. երկմիտնե՛ր, ուղղեցե՛ք ձեր սրտերը. տառապեցե՛ք, սգացե՛ք և լացե՛ք. ձեր ծիծաղը սուգի թող վերածվի, և ձեր ուրախությունը՝ տրտմության: Խոնա՛րհ եղեք Տիրոջ առաջ, և նա ձեզ կբարձրացնի» (Հակ.4. 7-10): «Քանզի Աստված էր, որ Քրիստոսով աշխարհը հաշտեցրեց Իր հետ և հաշվի չառավ նրանց մեղքերը ու տվեց մեզ հաշտության Խոսքը» (Բ Կորնթ. 5.19):


Քրիստոսի տված խաղաղությունը մեր ներաշխարհի փոթորիկները խաղաղեցնելու համար է: Քրիստոնյան պայքարի երկու ասպարեզ ունի՝ մեղավոր աշխարհը և իր մեղսահակ հոգին: Երկրորդ ասպարեզում պայքարը ավելի հետևողական պետք է լինի, որովհետև ներքին պայքարի ելքից է կախված արտաքին պայքարի հաջողությունը: Մեր ներաշխարհում է սկսվում արտաքին աշխարհի փոփոխությունը, մեր շուրջը կատարվող ամեն բան մեր ներաշխարհի արտացոլումն է: Հայտնի խոսք է. «Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»,- իսկ մեր հավատի պայքարը անդադար է, մինչև իսկ «արյուն թափելու չափ մեղքին հակառակվելու» հրամայականով, հաղթանակի պսակը՝ խաղաղությունը՝ հավիտենական:

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 2455

Մեկնաբանություններ