«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Այո, Երկիր մոլորակն իմ տուն է․․․»

«Այո, Երկիր մոլորակն իմ տուն է․․․»
28.04.2017 | 17:24

«Երկրի միջազգային օրը» հաստատվել է 2009-ի ապրիլի 22-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեայի 63-րդ նստաշրջանի շրջանակներում և նշվում է ամեն տարի սկսած՝ 2010-ից: Ավելի քան 50 անդամ-պետություններ (ՄԱԿ) հանդես են եկել որպես համահեղինակներ: Ամեն տարի այդ օրն աշխարհի գիտնականները հավաքվում են կլոր սեղանի շուրջ՝ քննարկելու գլոբալ էկոլոգիական խնդիրները: Տարբեր երկրներում կազմակերպվում են միջոցառումներ, ակցիաներ, ցուցադրություններ, մեծ քաղաքների փողոցներում ավտոմոբիլային շարժման դադարեցում, տարածքների մաքրում, ծառատունկ և այլն:

Ներկա և ապագա սերունդների տնտեսական, սոցիալական և էկոլոգիական պահանջների միջև արդար հավասարակշռության հասնելու համար անհրաժեշտ է օժանդակել բնության և Երկիր մոլորակի հետ ներդաշնակությանը:

«Երկրի միջազգային օր»-ը ՀՀ բնապահպանության նախարարությունը և ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը մոտ 50 տարբեր ուսանողների համար կազմակերպել էին այց դեպի Հայաստանի բնաշխարհի եզակի անկյուններից մեկը՝ ‹‹Դիլիջան›› ազգային պարկ։ Տարածքը պատահական չԷր ընտրված՝ նպատակ ունենալով ուսանողներին, դպրոցականներին, մանկավարժներին, օտարերկրացիներին, դասախոսներին և Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերին ծանոթացնել մայր երկրի մի փոքր հատվածին՝ ‹‹Դիլիջան›› ազգային պարկին, որի տարածքը առանձնանում է հարուստ և յուրօրինակ կենսաբազմազանությամբ, բնության հուշարձանների բնապահպանական, գիտա-ճանաչողական, առողջապահական և ռեկրեացիոն բարձր արժեքներով։ Ինչպես նշեց ‹‹Դիլիջան›› ազգային պարկի գիտության գծով տնօրենի տեղակալ `Ռոբերտ Բեգլարյանը, Ազգային պարկը գտնվում է Փամբակի, Արեգունու, Միափորի լեռնաշղթաների լանջերին, Աղստև և Գետիկ գետերի ավազաններում, ծովի մակարդակից 1000- 2200մ բարձրությունների վրա։ Ազգային պարկի բուսաշխարհն ընդգրկում է 902 տեսակ ծաղկավոր բույս, որոնցից 40-ը՝ հազվագյուտ։ Դիլիջանի արգելոցում են գտնվում երրորդական դարաշրջանի մնացորդ կարմրածառի (մահիկի) պուրակները, որոնցից Աղնաբաթինը (Գետիկի ավազան) ամենախոշորն է Անդրկովկասում։ Ռոբերտ Բեգլարյանը սիրով պատասխանեց ուսանողների կողմից բարձրացված հարցերին:

Մասնակիցները մեծ ուշադրությամբ լսեցին ‹‹Օզոնային շերտը, դրա կարևորությունն ու պահպանությունը›› ինտերակտիվ դասընթացը, որն անցկացրեց ՀՀ Բնապահպանության նախարարության օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը։ Շատ հետաքրքիր էր նաև ‹‹Ջրային ռեսուրսների պահպանությունը›› թեմայով դասախոսությունը, որն անցկացրեց Լիանա Ալիխանյանը՝ Ջրային ռեսուրսների պահպանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետը։ Բնապահպանական գիտելիքներով հարուստ, ակտիվ մասնակիցները ՀՀ բնապահպանության նախարարության կողմից անակնկալ նվերներ ստացան, իսկ բոլոր մասնակիցները՝ տեղեկատվական գրքույկներ ՝ «Կենսական օզոնի գրաֆիկներ 2․0 կապը կլիմայի հետ» ։ ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, ներկայացրեց օրվա խորհուրդը։ Դրան հաջորդեց Երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանի ելույթը՝ նվիրված մարտի 22-ին տեղի ունեցած «Ջրի համաշխարհային օրը մշակույթների խաչմերուկում, 2017թ․» խորագրով միջոցառմանը: Ելույթը վերաբերում էր մասնակիցների աշխատանքների ամփոփմանը, մրցող թիմերի աշխատանքների և ելույթների վերաբերյալ հատուկ հանձնաժողովի կարծիքներին։ Դրան զուգահեռ տեղի ունեցավ նաև հավաստագրերի և հուշանվերների հանձնման արարողությունը։ Առանձնացվեցին ամենատպավորիչ, ամենաուրախ,համախմբող, ամենաերգեցիկ, ամենալուռ և այլ ելույթները։ Միջոցառման մասն էր կազմում նաև հաճելի ճաշի ընդմիջումը բնության գրկում։


Օրվա երկրորդ կեսին նախատեսված էր Պարզ լճի տարածքի մաքրման աշխատանքներ, սակայն տարածքն այնքան մաքուր էր ու խնամված, որ դրա կարիքը չկար։ Մասնակիցները ծանոթացան լճի երկրաբանական ծագմանն ու առաջացմանը: Տեղեկացան, որ լիճը սնվում է աղբյուրներից, ունի 300մ երկարություն և 100մ լայնություն, միջին խորությունը 3 մ է, առավելագույնը՝ 10 մ։ Լիճն ունի սողանքաարգելափակոցային ծագում։ Զարգացած են սողանքային երևույթները։ Այն գտնվում է 1400 մ բարձրության վրա և ունի տուրիստական նշանակություն: Ունի շուրջ 2 հա մակերես, շրջապատված է հաճարենու, կաղնու, բոխու, լորենու, հացենու, թեղու, սոճու և գիհու անտառներով։
Անմոռանալի և հիանալի օր էր մեզ համար, ճանաչեցինք և նորովի բացահայտեցինք մեր հայրենիքը , մեր տունը․․․
Անփոխարինելի է այն դասը որն անցկացնում ենք բնության գրկում, հաստատելով. «Այո, Երկիր մոլորակն իմ տուն է․․․»:

Գայանե ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի տնօրեն

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4503

Մեկնաբանություններ