Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոհանին, անկասկած, քննության են առել Թուրքիայի ու Էրդողանի հարցը

Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոհանին, անկասկած, քննության են առել Թուրքիայի ու Էրդողանի հարցը
02.05.2017 | 12:32

(սկիզբը՝ այստեղ)

Հասկանում եմ՝ 2017 թ. մարտի վերջի նկարագրվող դրվագը միանգամայն արժանի է, որ նույնիսկ միայն հիշատակված մանրամասները հետազոտվեն տարածաշրջանային իրադարձությունների ու փաստերի ընդհանուր ֆոնից զատ: Բայց այստեղ ինչպե՞ս չփորձես ամեն ինչ կապակցել: Օրինակ, մի՞թե հասկանալի չէ, թե այդ ինչու հանկարծ Հայաստանը հենց հիմա «ձգվեց» դեպի Թուրքմենստան: Բնականաբար, «էներգետիկայի ոլորտի» պատճառով, ավելի ճիշտ՝ էներգակիրների խնդրի պատճառով: ՈՒղղակի, ինչպես ասում են, փառք Աստծո, երկու կողմին էլ խելքը հերիքել է հրապարակայնորեն խոստովանելու, որ առանց Իրանի հայ-թուրքմենական համագործակցությունը դատարկ խոսակցություն կլիներ: Եվ այստեղ ինչպե՞ս «Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ ու խաղաղ կարգավորման գործում» ԱՄՆ-ի շահագրգռությունը չկապես այն բանի հետ, որ թե՛ Թրամփի, թե՛ Թիլերսոնի բիզնեսները խոր «արմատներ ունեն» հենց Ադրբեջանում: Առավել ևս, որ նույնիսկ Արցախի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարություններն ու «շարժումները» անխզելիորեն կապված են ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի ու Իրանի հանդեպ Վաշինգտոնի քաղաքականության և քայլերի հերթականության հետ: Հենց այդ պատճառով էլ ես որոշեցի մի տեսակ քիչ թե շատ ժամանակագրական հետևողականությամբ ներկայացնել նկարագրվող իրադարձություններն ու փաստերը, որպեսզի հնարավորինս շատ ընթերցողներ կարողանան անձամբ զգալ ներքին լարվածությունն ու դինամիկան:


Եվ հենց վերոհիշյալի կապակցությամբ պետք է, ըստ էության, ընկալել և քննել պաշտոնական Մոսկվայի հասցեին Թուրքիայի հերթական վերջնագիրը: Ես էլի ու էլի եմ զարմանում մոսկվացիների վրա. երբ Թուրքիան Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման երրորդ տարեդարձին նվիրված տոնախմբությունների ժամանակ քաղաքական շառաչուն ապտակներ հասցրեց անձամբ ՌԴ նախագահ Վ. Պուտինին, ինչպես և ամբողջ ռուս ժողովրդին (հիշեցնեմ. «Ղրիմի բռնակցման» վերաբերյալ հայտարարությունը, Ղրիմի հետ լաստանավային հաղորդակցության դադարեցումը և այլն), ապա Կրեմլը լռեց, իսկ ռուսական լրատվամիջոցներն էլ իրենց առանձնապես «նեղություն չտվեցին»: Իսկ այստեղ, երբ Անկարան հրապարակայնորեն «ճիպոտի քաշեց» ռուս դիվանագետներին (մարտի 23) քուրդ դիպուկահար աշխարհազորայինի կողմից մի թուրք զինվորի սպանության պատճառով, և երբ դրանից հետո թուրքական իշխանությունները Ռուսաստանի ղեկավարությունից ուղղակի պահանջեցին անմիջապես (մարտի 25-ին) փակել «Սիրիայի ժողովրդավարական միություն» կուսակցության Մոսկվայի գրասենյակը, ռուսական լրատվամիջոցներում «հանկարծ» սկսեցին հայտնվել այսօրինակ վերնագրեր. «Պուտինն ու Էրդողանը բախման շեմին. Թուրքիան նորից զայրացրել է Ռուսաստանին» և այլն, և այլն: Այո, Պուտինի ու Էրդողանի միջև մարտի 10-ին Մոսկվայում կայացած բանակցությունները ևս ցույց տվեցին, որ «թուրքական թագավորությունում ամեն ինչ չէ, որ հարթ է». տեսակադրերում Էրդողանը մռայլ էր և նույնիսկ՝ ավելի քան մռայլ:


Սիրիացի քրդերի ներկայացուցչությունն իրոք գրանցված է և գործում է Մոսկվայում հասարակական ոչ կառավարական կազմակերպության մակարդակով, և օտարերկրյա ոչ մի պետություն իրավունք չունի պահանջելու դրա փակումը: Մոտավորապես հենց նման պայմաններով էլ Ռուսաստանում աշխատում է նաև Իրաքի քրդական տարածաշրջանային կառավարության (KRG) ներկայացուցչությունը: Ռուսական իշխանություններն ու հասարակությունը հնարավորություն ունեն առաջին ձեռքից տեղեկություն ստանալու Սիրիայի ու Իրաքի քրդական շրջաններում տիրող իրադրության մասին, նրանց ցուցաբերելու անհրաժեշտ մարդասիրական և այլ օգնություն: Ինչ վերաբերում է սիրիացի քրդերի վրա Մոսկվայից Անկարայի ակնկալած ճնշմանը, ապա Ռուսաստանի ղեկավարությունը նրանց վերաբերվում է նույն կերպ, ինչպես Սիրիայի բոլոր քաղաքացիներին: Մոսկվայում այն կարծիքին են, որ նման կարգի բոլոր վեճերն ու հակամարտությունները պետք է լուծել Սիրիայի կառավարության և տեղի քրդական կազմակերպությունների հետ՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Բայց այն բանից հետո, երբ սիրիացի քրդերը վերականգնեցին համագործակցությունը Բաշար Ասադի հետ և սիրիական բանակին հանձնեցին Մանբիջ քաղաքը, Ռուսաստանին առհասարակ «ձեռք չի տալիս» կորցնել սիրիացի քրդերի վրա ազդեցության իր, թող որ ոչ այնքան նշանակալի, լծակները:


Տվյալ դեպքում տեղին է վերապահությունը. թեման այնպիսին է, որ կարելի է և պետք է դրա մասին գրել առանձին: Եվ այն էլ երկար, որովհետև քրդական խնդիրն իր այսօրվա տեսքով անսպառ է: Բայց, մեկ անգամ էլ ընդգծեմ. այս հոդվածում իմ շոշափած թեմաներից միայն մեկի առանձնացումը ընդգրկման տեսակետից սխալ մոտեցում կլիներ: Ամեն ինչ պետք է դիտարկել փոխկապակցված: Դա լիովին վերաբերում է Քրդական հարցին ու ռուս-թուրքական հարաբերությունների սրման ենթադրվող նոր փուլին: Բացահայտորեն չափն անցնելով Ռուսաստանին ուղղված նոր պահանջների հարցում, Էրդողանն ակնկալում էր, որ իր վերջին ցուցադրական հակաեվրոպական ու հակաամերիկյան քայլերն ու հայտարարությունները «կլսվեն» Մոսկվայում և հնարավորություն կտան Ռուսաստանից որոշ նոր արտոնություններ պոկելու սիրիական ուղղությամբ, Անդրկովկասում, Միջին Ասիայում և երկկողմ հարաբերություններում: 2016 թ. ամռանը Թուրքիայում ձախողված զինվորական հեղաշրջման փորձի ժամանակվանից ի վեր նա իրեն հմտորեն ներկայացնում է իբրև «Վաշինգտոնի ու Արևմուտքի զոհ» և «Մոսկվայի բարեկամ»: Բայց խնդիրն այն է, որ Ռուսաստանը առանց այն էլ շատ բան է թույլ տվել սուլթանական հակումներով այդ նորաթուխ «բարեկամին». առանց Դամասկոսի հավանության թուրքական ցամաքային զորքերը ներխուժել են Սիրիայի հյուսիսային շրջաններ և 100 կմ լայնությամբ ու 60 կմ խորությամբ թուրքամետ հենատարածք են ստեղծել սիրիական Ջերաբլուս և Աազազ բնակավայրերի միջև: Ավելին, Մոսկվան չտեսնելու է տվել այն հանգամանքը, որ Անկարայի խոստացած «Եփրատի վահան» գործողությունը վնաս է պատճառել ոչ այնքան ահաբեկչական խմբավորումներին, որքան սիրիացի քրդերին: Այդ գործողության հետևանքով, որը շուտով ռազմականից վերաճեց պատժիչ գործողության, խափանվեց հաղորդակցությունը քրդաբնակ Աֆրին և Այն ալ-Արաբ (Քոբանի) տարածաշրջանների միջև, հրթիռակոծվեցին, ռմբակոծվեցին, ականակոծվեցին ու հրետակոծվեցին քրդական աշխարհազորայինների դիրքերը և քրդական խաղաղ բնակավայրերը: Ռուսաստանից հետո, մեծ հաշվով, Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ձեռնարկած ավազակային գործողությունների առնչությամբ լռել են նաև Բաշար Ասադի կառավարությունն ու Իրանը: Թեև, իհարկե, ինչպես քանիցս գրել ենք, Իրանը թուրքերին երբեմն-երբեմն հիշեցրել է, որ Թեհրանի համբերությունն անսահման չէ:


Պուտինն առայժմ իրեն «պինդ ընկույզ» է ձևացնում՝ լռում է: Իսկ չէ՞ որ Անկարան Սևաստոպոլ, Կերչ, Յալթա, Թեոդոսիա ու Եվպատորիա մեկնող ռուսական բոլոր նավերին մարտ ամսից արգելել է մտնել թուրքական նավահանգիստներ: Էրդողանը, ինչպես նշել եմ ավելի վաղ, փաստորեն, ձախողել է Սիրիայի հարցով Աստանայում կայացած հաշտության բանակցությունների փետրվարյան ու մարտյան ռաունդները, արգելափակիչ տուրք է սահմանել ռուսական ցորենի արտահանման վրա և այլն: Նշենք՝ Թուրքիան լկտիանում է Ռուսաստանի և Մերձավոր Արևելքում նրա ռազմավարության նկատմամբ ինչպես Իսրայելի (հիշենք մարտի 9-ին Մոսկվայում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հակաիրանական փորձերը և իսրայելական ավիացիայի գրոհը Պալմիրայում ռուս զինվորականների տեղակայման վայրերի վրա), այնպես էլ ԱՄՆ-ի երկերեսանիության ֆոնին: Ոմանց լրացուցիչ ապացույցնե՞ր են պետք, որ թուրքերի մերձավորագույն դաշնակիցները հենց ԱՄՆ-ն ու Իսրայելն են, իսկ Թուրքիան, իր հերթին, Իսրայելի ու ԱՄՆ-ի նվաճողականության և մարդատյաց քաղաքականության գործիքն է:


Ընդունենք, թե Մոսկվան շուտով Անկարային նորից «տեղը կդնի»: Ռուսաստանը ոչ ոքի թույլ չի տվել իր հետ խոսել վերջնագրերի ու սպառնալիքների լեզվով և երբեք չի ձգտել իր ազգային անվտանգության հարցերը լուծելու այլ ժողովուրդների անվտանգության հաշվին, տվյալ դեպքում՝ Սիրիայի քրդերի: Ընդունենք նույնիսկ, թե այս անգամ Պուտինը հրապարակայնորեն կհանդիմանի Էրդողանին այն բանի համար, որ նա ինչ-որ բան է «որոշել պոկել» Իսրայելից կամ Իսրայել-ԱՄՆ դաշնազույգից: Բացառված չէ, որ դրանից հետո Էրդողանը նորից մի «մեղայական նամակ» գրի Պուտինին, «վիզ ծռելով», թե իրեն այնպես չեն հասկացել, և ինքը նորից ուզում է բարեկամություն անել Ռուսաստանի հետ, շտապ անդամակցել ՇՀԿ-ին, ԵԱՏՄ-ին, Մաքսային միությանը և նման այլ կազմակերպությունների՝ ի հեճուկս ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի: Ժամանակը չէ՞, արդյոք, որ Ռուսաստանը Իրանի և դաշնակիցների հետ մեկտեղ Սիրիայում ու Իրաքում սկսի լուծել թուրքական խնդիրը, ըստ որում՝ արմատապես, փակելով Մերձավոր Արևելքի գործերին Անկարայի մասնակցության բոլոր ուղիները: Համոզված եմ՝ մարտի 27-28-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում իրանցիները ինչ-որ նման բան հաստատ խնդրած կլինեն Պուտինի հետ հույժ գաղտնի բանակցություններում, բայց մենք հազիվ թե իմանանք, թե Թուրքիայի և տարածաշրջանում էլի մի երկու-երեք երկրների առնչությամբ ինչ են խոսել Պուտինն ու Ռոհանին և ինչքան բան են կարողացել համաձայնեցնել:


Բայց, այնուամենայնիվ, նախքան ռուս-իրանական բանակցությունների մասին գոնե համառոտակի խոսելը, հիշատակեմ ևս մեկ բան. առավել ևս, որ դա վերաբերում է անմիջականորեն մեզ: Ինչպես հայտնի է, Ֆրանսիան ընդառաջ է գնում իր նախագահական ընտրություններին, որտեղ «հեռացող» նախագահ Ֆրանսուա Օլանդն ու նրա սոցկուսակցությունը հետնապահներ են: Եվ ահա այս պայմաններում Պուտինը Մոսկվայում ընդունում է ընդդիմադիր «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լը Պենին: Ժան-Մարի լը Պենի դուստրը Մոսկվա էր եկել մարտի 24-ին՝ մասնակցելու Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նիստին: Իսկ 25-ին հանդիպում ունեցավ և բանակցեց: Մարին լը Պենը ինքնուրույն և կայացած քաղաքական գործիչ է, և այն պայմաններում, երբ նրա հիմնական մրցակիցների առջև խնդիր խնդրի հետևից են ծառանում (օրինակ, նախկին վարչապետ (Սարկոզիի օրոք) Ֆրանսուա Ֆիյոնի), նրա շանսերը՝ դառնալու Ֆրանսիայի նոր նախագահ, բավական բարձր են: «Ես խորհուրդ հարցնելու չեմ եկել: Ես ո՛չ Մակրոնն եմ, ո՛չ Ֆիյոնը, ովքեր Մերկելի մոտ են գնում խորհուրդ հարցնելու»,- կոշտ ու վստահորեն հայտարարեց Մարինը Մոսկվայում: Ընդ որում, անգամ հարց չի առաջանում, թե նա, ի վերջո, ի՞նչ է քննարկել ՌԴ Պետդումայում և կոնկրետ Պուտինի հետ: Դա երևում է նաև հայտարարություններից: Քննարկվել է հակառուսական պատժամիջոցների չեղարկման հարցը, հասկանալի է՝ Փարիզի կողմից: Նաև եվրագոտու և ամբողջ ԵՄ-ի մշուշապատ ապագայի հարցը. Մարինը հաստատ մտադրություն ունի հարց առաջադրելու և՛ ԵՄ-ից, և՛ անգամ ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու մասին:


Բայց, որքան էլ զարմանալի է, այս պայմաններում «արցախյան ուղղությունում» ակտիվանում է... «հեռացող» Օլանդը: Իսկ ինչո՞ւ հանկարծ: Օրերս Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն ցուցադրաբար հայտարարեց, թե Փարիզը պատրաստ է կազմակերպելու Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում՝ քննարկելու արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցը: Ընդ որում, Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը մի կարևոր վերապահում արեց. «...Եթե կողմերը կցանկանան շարունակել բանակցություններն ու հաշտության համաձայնագիր ստորագրել»: Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ այդ հայտարարությունը հնչեց Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի Փարիզ կատարած այցերից գրեթե անմիջապես հետո: Մեր՝ «հայկական» հարցերը պարոնայք Օլանդին և Էյրոյին չէի ցանկանա ձևակերպել միայն այն հիմքի վրա, թե, իբր, Օլանդը, ի շահ իր սոցկուսակցության, «նախապատրաստական» գրոհ է սկսել Ֆրանսիայի հայ քաղաքացիների դեմ: Սա շատ պարզունակ մոտեցում է. կարծում եմ՝ Ֆրանսիայի հայերը Օլանդի կառավարման օրոք նույնպես քիչ հիասթափություններ չեն ունեցել և բախվել են մի ամբողջ շարք տհաճ անակնկալների: Բավական է հիշել, թե ինչպես Օլանդը շրջափակեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքը:


(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1771

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ