«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Հուսով եմ՝ մի օր կուղևորվենք Թալին՝ մասնակցելու վերակառուցված տաճարում մատուցվող Սուրբ պատարագին

Հուսով եմ՝ մի օր կուղևորվենք Թալին՝ մասնակցելու վերակառուցված տաճարում մատուցվող Սուրբ պատարագին
02.05.2017 | 12:52

Հերթական շաբաթ օրը որոշեցինք ուղևորվել Հայաստանի պատմական Արագածոտն գավառ՝ տեսնելու Թալին քաղաքի հյուսիսային եզրամասում գտնվող նշանավոր տաճարը՝ Թալինի Կաթողիկե եկեղեցին կամ ինչպես մասնագիտական գրականության մեջ է հիշատակվում՝ Թալինի Մեծ տաճարը։ Անվանումն արդեն խոստումնալից էր. «կաթողիկե» նշանակում է տիեզերական, գահանիստ, մայր եկեղեցի։ Այդպես են կոչվել Էջմիածնի Մայր տաճարը, Դվինի կաթողիկոսարանի եկեղեցին, Անիի Մայր տաճարը: Անզուսպ հետաքրքրությամբ էինք սպասում ժամանմանը և որքան մոտենում էինք, հետաքրքրությունն այնքան մեծանում էր։ Երբ հատեցինք վերջին խաչմերուկը և հեռվում երևաց տաճարի խրոխտ ուրվագիծը, մեքենայում ակամայից լռություն տիրեց, և բոլորս, շունչներս պահած, սկսեցինք հայացքով հետևել ուրվագիծն ավելի գծագրվող պատկերին և... ա՜յ քեզ հրաշք. հանկարծ մեր աչքերի առջև վեր հառնեց հարթ տեղավայրում տիրական կեցվածքով մի գեղաշուք շինություն, որն իր վեհության մեջ էր անգամ կիսավեր վիճակում։


Հսկայածավալ այս կոթողը, որը վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության եզակի հուշարձաններից է, 14 դար շարունակ այցելուներին է հիացնում իր թե՛ ներքին, թե՛ արտաքին աննման հարուստ հարդարանքով՝ խորանների և գմբեթի թմբուկի դեկորատիվ կամարաշարերով, լուսամուտների քանդակազարդ պսակներով, արևմտյան ճակատի ինքնատիպ լուծումով ու քիչ հանդիպող մոնումենտալությամբ, որոնց շնորհիվ այն իր ուրույն տեղն ունի 7-րդ դարի հայ ճարտարապետության բազմապիսի հորինվածքային մտահղացումների մեջ։ Ի դեպ, այս հուշարձանի կարևորությունը պայմանավորված է նաև նրանով, որ գմբեթավոր բազիլիկների կերպարը ներկայացնող միակ պահպանված շինությունն է (հնագույնը Դվինի սուրբ Գրիգոր եկեղեցին է, որը հիմնահատակ ավերված է)։
Ցավոք, այս նշանավոր տաճարի կառուցման վերաբերյալ մատենագրական և վիմագրական վկայություններ չեն պահպանվել, սակայն ուսումնասիրողները, հիմք ընդունելով հատակագծային և ծավալատարածական հորինվածքների, ճարտարապետա-գեղարվեստական արտահայտչամիջոցների ու շինարարական առանձնահատկությունների վերլուծությունը, ինչպես նաև քանդակազարդման ձևերն ու զարդաքանդակների տարրերը, ինչպիսիք են, օրինակ, նռնենու պտղի, ճյուղի և տերևների պատկերները՝ երկու շերտով, ականթի (շղթայաձև գեղեցիկ ծաղիկներով արևադարձային բույս, ճարտարապետության մեջ՝ խոշոր տերևների ձևով զարդաքանդակ), արմավենու տերևների գեղեցիկ քանդակները, հուշարձանը միաձայն թվագրում են 7-րդ դարի երկրորդ կեսով։


Պատմական դեպքերի հաջորդականությունը նույնպես կասկածի տեղիք չի տալիս, որ կոթողը կառուցվել է 7-րդ դարի երկրորդ կեսին, քանզի նրա նախատիպը՝ Դվինի վերակառուցված Մայր տաճարը, 7-րդ դարի առաջին կեսի արգասիք էր։ Թալինի Կաթողիկեն իր հարդարանքի շատ մանրամասներ ժառանգել էր նաև Զվարթնոցի տաճարից, որը նույնպես 7-րդ դարի առաջին կեսի կառույց է։
Ամենայն հավանականությամբ, տաճարը կառուցվել է Ներսեհ Կամսարականի օրոք, որը, 692 թ. Հուստինիանոս Բ կայսեր կողմից նշանակվելով իշխանապետ, Աշոտ Բագրատունու հայրենի Դարույնքից իշխանանիստը տեղափոխել է Թալին (7-րդ դարի կեսերից Հայաստանի կառավարումն իրականացրել է Հայոց իշխան տիտղոսը կրող, տեղում ընտրված և արաբական խալիֆի հաստատած իշխանը, ում նստավայրը նրա կառավարման տարիներին դարձել է երկրի վարչական կենտրոնը) և սկսել մեծադիր Կաթողիկե եկեղեցու կառուցումը, քանզի Թալինում ավելի վաղ կառուցված եկեղեցիները, իշխանանիստին հարիր լինելու համար, շատ փոքր են եղել։ Դրանցից մեկը, Սբ Աստվածածինը, մինչև Հայոց իշխան տիտղոսն ստանալը (7-րդ դար) կառուցել է հենց Ներսեհ Կամսարականը և թողել արձանագրություն՝ դրա մեջ հիշելով նաև կնոջը՝ Շուշանին, և որդուն՝ Հրահատին։


Արդեն 8-րդ դարի սկզբներից արաբների ճնշումների պատճառով ծանր շրջան է սկսվել հայ իշխանական տների, հատկապես Մամիկոնյանների ու Կամսարականների համար, իսկ այդ պայմաններում նման հսկայածավալ տաճարի շինարարությունը դժվար թե հնարավոր լիներ։ Բացի այդ, Թալինի Կաթողիկեի ծավալն ու շքեղությունն ինքնին խոսում են այն մասին, որ այն Հայոց իշխանի նստավայրի եկեղեցին է։ Հավանաբար Ներսեհ Կամսարականը, նշանակման հենց առաջին տարում (692-695 թթ.) սկսել է տաճարի շինարարությունը, բայց ինչ-ինչ պատճառներով չի հասցրել ավարտել, ինչի արդյունքում էլ, ի տարբերություն Թալինի Կաթողիկեից առաջ կառուցված Դարույնքի և Արուճի իշխանական տաճարների, որոնք որմնանկարազարդել են տվել կաոուցող իշխանները, Թալինի Կաթողիկեի 7-րդ դարի արժեքավոր որմնանկարները ստեղծվել են Մովսես եկեղեցապանի (Կամսարականների օրոք զբաղեցրել է եպիսկոպոսական աթոռը) պատվերով, ով եկեղեցու հարավային ավանդատան ժողովահայաց պատին, սրբապատկերի աջ կողմում այդ մասին թողել է արձանագրություն։ Ստացվում է՝ Թալինը եղել է Կամսարականների նստավայրը, իսկ Կաթողիկեն՝ այդ առաջնորդի հոգևոր կենտրոնը։


8-րդ դ. վերջերին Կամսարականների դրությունն այնքան է ծանրացել, որ իրենց տիրույթները վաճաոել են Հայոց իշխան Աշոտ Մսակեր Բագրատունուն։ Եվ ահա Բագրատունիների օրոք փոքրիկ գյուղաքաղաքը, որը, դառնալով իշխանանիստ, նոր շունչ էր առել, ծաղկում է ապրել։ Գտնվելով Անին երկրի հարավ-արևելյան շրջանների հետ կապող և մասնավորապես Դվին տանող գլխավոր ճանապարհի վրա՝ Թալինը հնարավորություն է ստացել մասնակից լինելու տարանցիկ առևտրին և ունենալու իր շուկան, որը գտնվել է քարավանատան մոտ։ Ի դեպ, Թալինի քարավանատունը, որը, փաստորեն, ոչ միայն քարավանների գիշերելու կամ հանգստյան վայր է եղել, այլև շուկա, գտնվում է Թալինից հարավ՝ Թալին-Դաշտադեմ ճանապարհի ձախ կողմում (XII-XIII դդ): Չափերով Հայաստանի ամենամեծը համարվող այս քարավանատունը պատկանում է բազմադահլիճ-բակավոր քարավանատների տիպին, որը բաղկացած է եռանավ երկու քարավանատներից և բակից: Բոլոր երեք կառույցներն ունեն մեկական մուտք և բացված են հարավային կողմից: Քարավանատան հարավարևելյան անկյանը կից առկա է ոչ մեծ սենյակ, որը, հավանաբար, ծառայել է որպես պահակասենյակ: Քարավանատան արևելյան և արևմտյան պատերը դրսի կողմից ամրացված են եղել բուրգերով: Այն մեզ է հասել խիստ ավերված վիճակում, քանզի դարեր շարունակ սև տուֆաքարից կառուցված քարավանատան սրբատաշ քարերը քանդել ու տարել են՝ այլ նպատակներով օգտագործելու համար։


Թալինը, Անին Դվինին կապող օղակ հանդիսանալուց բացի, նաև տնտեսական որոշակի դեր է ունեցել թագավորության մեջ. անեցիների համար այս բնակավայրը հատկապես մեծ արժեք է ներկայացրել բազմաթիվ բերքատու այգիների ու մրգաստանների շնորհիվ, ինչից հիմնականում զուրկ էր Շիրակը։
Բագրատունիների օրոք, Թալին քաղաքի զարգացմանը զուգահեռ, բարեկարգվել է նաև նրա Մեծ տաճարը։ Գագիկ Ա Բագրատունու (990-1020) կինը՝ Կատրանիդե թագուհին, իր արձանագրության համաձայն, սալահատակել է տվել Թալինի Կաթողիկեն, իսկ նրա որդին՝ Հովհաննես Սմբատը (1020-1041), Կաթողիկեի պատին արձանագրություն է թողել եկեղեցուն «Կոստանդեանց» կոչված այգին նվիրելու մասին։ Կաթողիկեի մույթերից մեկի վրա պահպանված մեկ այլ արձանագրության համաձայն (783 թվականի)՝ ՈՒխտատուր վանականը և նրա եղբայր Տուտին ջուր են հասցրել բնակավայր։
Ցավոք, 1840 թ. երկրաշարժից հիասքանչ Կաթողիկեն խիստ տուժել է. ավերվել են նրա գմբեթն ու շենքի հարավ-արևմտյան մասը։ Ավելի ուշ բնական աղետի սկսած գործը շարունակել են մարդիկ. 1866-ին Թալինում կառուցվել է Սբ Աստվածածին բազիլիկ եկեղեցին, որի շինարարության մեջ մեծ քանակությամբ օգտագործվել են կիսաքանդ Կաթողիկեի քանդակազարդ և այլ քարեր՝ վերջինս ընդմիշտ դատապարտելով լքվածության։ Արդեն 1931 թ. տաճարին նոր հարված է հասցրել մեկ այլ երկրաշարժ։ Ճիշտ է, 1947, ապա 1970-1975 թթ. նորոգման և ամրակայման աշխատանքներ իրականացվել են, սակայն այդպես էլ տաճարը վերջնականապես չի վերաշինվել։


Այսպիսով, դեռ 7-րդ դարում կառուցված այս գեղաշուք տաճարը, որը վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության ինքնատիպ շինություններից է և խիստ առանձնանում է տվյալ ժամանակաշրջանի զուսպ լուծումներով և զարդապատկերներից զուրկ հուշարձաններից, ապշեցնում է իր պատկերագրական ու կառուցվածքային յուրօրինակությամբ։ Արևմուտքից արևելք ձգված, խաչաձև հատակագծով, եռախորան այս կառույցը, որը բազիլիկ և կենտրոնագմբեթ հորինվածքների յուրօրինակ սինթեզ է, իր ճարտարապետական հորինվածքով նման է նույն դարի սկզբներին Դվինում վերակառուցված Կաթողիկե տաճարին, սակայն կրում է ժամանակի նորամուծությունները, ինչպես, օրինակ, գմբեթի առագաստային փոխանցումը, ճոխ դեկորատիվ հարդարանքը և այլն։ Խորանները արտաքուստ հնգանիստ են: Ավագ խորանի հյուսիսային և հարավային կողմերում կառուցված են ավանդատներ, որոնց վերին հարկերը ծառայել են որպես գաղտնարաններ: ՈՒնի հինգ մուտք՝ մեկը արևմտյան, երկուական՝ հյուսիսային և հարավային կողմերից, որոնց քանակի, ինչպես նաև շքամուտքերի առումով հարում է կրկին Զվարթնոցին։ Սև և կարմիր սրբատաշ տուֆ քարով կառուցված այս կոթողը, շքեղության հետ մեկտեղ, աչքի է ընկնում նաև իր մեծությամբ (տաճարի արտաքին չափսերն են՝ 17,8 x 34,3 մ, աղոթասրահի չափսերն են՝ 15,80 x2 7,0 մ) և լուսավորությամբ (թմբուկի 12 և ճակատների 29 բարձր, լայն կամարավարտ լուսամուտներից բացի ունի 9 բոլորակ լուսամուտ. լուսամուտների առատությունը հատուկ էր 7-րդ դարի եկեղեցիներին), ինչպես նաև իր ճոխ որմնանկարներով, որոնք հայկական մոնումենտալ գեղանկարչության հուշարձանների շարքում առաջնակարգ տեղ են գրավում: Եվ չնայած այն հանգամանքին, որ կրաշաղախի բարակ շերտով ծեփված ներսի պատերին տեղ-տեղ են պահպանվել երբեմնի որմնանկարների պատառիկները, այդքանն էլ բավարար է մասնակիորեն վերականգնելու նրանց պատկերագրական կառուցվածքը և դատելու գեղարվեստական արժեքի մասին (այս որմնանկարները որոշակի պատկերացում են տալիս VII դարի հայ ճարտարապետության բուռն զարգացմանն ուղեկցող որմնանկարչության արվեստի վերելքի մասին): Որմնանկարազարդ են եղել եկեղեցու ներքին պատերն ամբողջությամբ, սակայն պահպանվել են պատառիկներ միայն Ավագ խորանում և շրջակա պատերին: Ավագ խորանի գմբեթարդում պատկերված է եղել «Քրիստոսը փառքի մեջ՝ երկնային ուժերով շրջապատված» հորինվածքի ինքնատիպ տարբերակը, որտեղ Քրիստոսի փոխարեն ներկայացվել է միայն նրա գահը։ Պահպանվել է Տիրոջ գահի պատկերի աջ եզրը՝ բարձիկով և վրան դրված գրքով։ Կենտրոնական պատերի երկու կողմերում նկարված են եղել քառակերպեր (հատվածաբար պահպանվել են վերջիններիս հսկայական ճերմակ թևերը՝ ծածկված աչքերով)։ Ներքևում, մեծ լուսամուտների հավասարությամբ, եղել են հասակով մեկ կանգնած առաքյալների պատկերներ, իսկ Ավագ խորան տանող կամարի վրա նկարված են եղել մեդալիոնների մեջ առնված սրբերի դիմապատկերներ, իսկ կենտրոնական մեդալիոնում՝ հավասարաթև խաչի պատկեր։ ՈՒշագրավ է նաև մինչ օրս ուրվագիծը պահպանած խորանի հարավային պատին պատկերված «Մուտք Երուսաղեմ» հորինվածքը։


Ի դեպ, տաճարը հիշարժան է նաև նրանով, որ ոչ միայն դրա ներսը, այլև արտաքին հարդարանքի որոշ մասեր են եղել գունազարդված. ներկված են եղել և՛ քիվերը, և՛ լուսամուտների պսակները: Որոշ տեղերում կարմիր և սպիտակ ներկի հետքեր կարելի է տեսնել նաև այսօր։
Պետք է նշել, որ 1970-1975 թթ. նորոգման և ամրակայման աշխատանքներին զուգահեռ կատարվող պեղումների ժամանակ Կաթողիկեի հյուսիսային խորանից մոտ 5 մ հեռավորության վրա բացվել են 5-րդ դարի միանավ բազիլիկ եկեղեցու հիմքեր։ Վարկած կա, որ այդ կառույցի ստորին հատվածում գերեզմանատուն է եղել։ Հայտնաբերվել են նաև քառակող կոթողներ և բարձրաքանդակներ։
Կաթողիկեից դեպի հյուսիս, 1,5 կմ վրա, լեռնանման մի բլուրի արևմտյան ավելի բարձր մասում եղել է կիկլոպյան պարսպով շրջապատված, նախաքրիստոնեական ժամանակաշրջանի ամրոց-միջնաբերդ, որի արևելյան մասում բերդը և բերդաքաղաքն էին։ Բլուրի հարավային լանջին պահպանվել են բնակարանների հիմքեր, իսկ հյուսիսային լանջին՝ գերեզմաններ, որոնցից ցած, բլուրի ստորոտին կան բազմաթիվ ձվաձև հատակագծով կրոմլեխներ (բրոնզեդարյան կառույցի տեսակ)։


Կաթողիկեից 150 մ հարավ-արևելք գտնվել է իշխանանիստ պալատը, իսկ Կաթողիկեի հյուսիսային և արևմտյան կողմերում տարածվել է գերեզմանոցը, որը հարուստ է IV-VII դդ. բարձրարժեք քառակող կոթողներով, արձանագիր տապանաքարերով և խաչքարերով:
Այսպիսով, Թալինի Կաթողիկեն թե՛ իր չափերով, թե՛ հարդարանքով և թե՛ հասարակական նշանակությամբ աչքի ընկնող կարևոր շինություն է եղել, որի կառուցման վերաբերյալ թեև գրավոր աղբյուրներ չեն պահպանվել, սակայն ինքն իրենով 7-րդ դարի հայկական ազգային մշակույթի ընդհանուր վերելքով պայմանավորված ճարտարապետության աննախադեպ զարգացման ու վերջինիս հետ սերտորեն կապված որմնանկարչության արվեստի ծաղկման աներկբա ապացույց և թանկ ժառանգություն է, որը պետք է պահպանել, այլ ոչ թե մոռացության մատնել։


Հուսով եմ՝ մի օր կուղևորվենք Թալին՝ ոչ թե այցելելու կիսավեր կոթողը, այլ մասնակցելու վերակառուցված տաճարում մատուցվող Սուրբ պատարագին։


Լյուսյա ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2603

Մեկնաբանություններ