Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Հայաստանում նրանք կարող էին փոքրիկ քաղաք հիմնել»

«Հայաստանում նրանք կարող էին փոքրիկ քաղաք հիմնել»
02.05.2017 | 13:13

ԼԱԼԱ ՄԻՍԿԱՐԵԱՆ-ՄԻՆԱՍԵԱՆԸ (Հալեպ) «Սուրիական օրագրութիւնը» գրել է 2011-ին՝ Սիրիայի դեմ սկսված պատերազմի առաջին օրերին: Ինչպես նշվում է գրքի սկզբում, դեպքերը հավաստի են, երբեմն` ընդհանրացված: Գիրքը լույս է տեսել 2016-ին՝ Բեյրութում` Անթիլիասի տպարանում, արժանանալով «Գեորգ Մելիտինեցի» գրական մրցանակի։ «Իրատեսի» զրուցակիցը Լալա Միսկարեան-Մինասեանն է:

«ԶԳԱՑԻ, ՈՐ ԵՍ ՄԱՍՆ ԵՄ ԱՄԲՈՂՋԻ, ՀԱՐԳՈՒՄ ՈՒ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՄ ԱՅՍ ԱԶԳԻՆ ՈՒ ԵՐԿԻՐԸ»


-Ի՞նչ է զգում գրողը սպիտակ թղթի առաջ` ավերվող, ռմբակոծվող քաղաքում:
-Դա շատ բարդ, հակասական ու ծանր զգացողություն է։ Իմ պարագայում այդպես էր։ Թեև ավելի քան քառասուն տարի ապրել էի այս երկրում, սակայն ինձ օտար էի զգում։ Պատերազմի առաջին իսկ օրից մեջս բեկում եղավ, զգացի, որ ես մասն եմ ամբողջի, հարգում ու գնահատում եմ այս ազգին ու երկիրը։ Եվ քանի որ անարդարության դեմ բնածին ըմբոստություն ունեմ, չեմ կարող լռել ու քաշվել սեփական պատյանի մեջ։ Պետք է վերաբերմունքս արտահայտեի՝ գեթ գաղութիս սահմանների մեջ։
-Գիտեի՞ք, որ Ձեր օրագրությունը գրքի տեսքով դրվելու է ընթերցողի սեղանին: Ի՞նչ մղումով ու նպատակով է գրվել այն:
-Ինչպես նշեցի, մեջս կուտակվող ցավին, զայրույթին ելք տալու անհրաժեշտությունն էր առաջին մղիչս, ծրագրված որևէ բան չկար, մանավանդ որ, ինչպես գրքի մեջ նշված է, պատերազմի տևողությունը անորոշ էր, նույնիսկ հույս ունեինք արագ ավարտի, ինչպես «Արաբական գարունը» արագ ավարտվեց դրացի երկրներում։ Գրքի հեռանկար կամ մտադրություն չկար։ Երբ «Օրագրութիւնը» կանոնավոր ձևով շարունակվեց ու լայն ընդունելություն գտավ, բարեկամներս այն գնահատեցին իբրև «տարեգրություն» և առաջարկեցին գրքի վերածել։

«ՆՐԱՆՔ ՍԵՐՈՒՆԴ ԿՈՐԾԱՆԵՑԻՆ ՖԻԶԻԿԱՊԵՍ ՈՒ ԲԱՐՈՅԱՊԵՍ»


-Մտորում եք այն մասին, որ չարիքի առատության մեջ ամեն սերունդ իր կյանքի ընթացքում անխուսափելիորեն մեծ աղետներ կամ պատերազմ է տեսնում: Ինչո՞վ է առանձնանում այս պատերազմը: Սիրիահայերի համար այն նաև կրկնվող պատմությո՞ւն է՝ հարյուր տարի առաջ գաղթած ժողովուրդը նորից գաղթելու խնդրի առաջ է կանգնում:
-Պատմությունը ցույց է տալիս, որ պատերազմները պարբերաբար կրկնվում են, իսկ ներկայում կարծես անընդհատ կերպ է առնում՝ ընդամենը վայրը փոխելով։ Նախկին պատերազմների մասին միայն կարդացել կամ լսել եմ։ Որևէ պատերազմ դաժան է, նույնիսկ եթե մեկ անմեղ մարդ է սպանվում։ Մինչդեռ այստեղ դաժանությունը անցավ բոլոր սահմանները։ Հարցը միայն այս շեն ու բարգավաճ երկրի մեծ մասը ավերակի վերածելը չէ։ Ինձ համար ամենից սոսկալին, ցնցողն այն էր, որ մանուկները ոչ միայն մշտական սոսկումի մեջ ապրեցին, մորթոտվեցին, բռնաբարվեցին և այլն, այլև նրանց ձեռքները դանակներ տվեցին ու ստիպեցին մարդ մորթել ու նույնիսկ հարազատ մորը... Նրանք սերունդ կործանեցին՝ ֆիզիկապես ու բարոյապես։
Հայերի գաղթը ծանր երևույթ է, քանի որ հարյուր տարվա շեն, հայաբույր ու սփյուռքի հայախոս մարդուժ մատակարարող գաղութը քայքայվեց, գրեթե հիսուն հազար հայ մարդ կուլ գնաց աշխարհի ավազների մեջ, մինչդեռ Հայաստանում նրանք կարող էին փոքրիկ քաղաք հիմնել...
-Ոմանց համար ապահովության, աշխատանք գտնելու վայր է Պոլիսը: Ձեր մոտեցումը հստակ է. «Ես չեմ կրնար իմ պապերուս տունը հիւր երթալ, ուր թուրքը տանտէր է ու զիս սիրո՜վ կընդունի»: ՈՒշագրավ է, որ Ձեր ու շատերի արյան մեջ պապերից մնացած հիշողությունն ու վախն են ապրում, ոմանք էլ ապահովություն են գտնում Թուրքիայում:
-Այս հարցը իմ ցավոտ կետերից է, մշտապես արյունող վերք։ Հավանաբար նկարագրի ու դաստիարակության հարց է։ Չէ՞ որ շատ հայեր վատաբար ասում են՝ «Հարիւր տարի առաջ եղած բան է...» կամ՝ «Այսօրուան թուրքերը ի՞նչ մեղք ունեն...»։ Խոստովանում եմ, որ նրանց համեմատ ծայրահեղ եմ, բայց դա գիտակցված է ու խոր ամատներ ունի։ Այո՛, չեմ կարող Թուրքիա ո՛չ որպես զբոսաշրջիկ գնալ և ո՛չ էլ, նույնիսկ, ուխտի։ Շատ տարիներ առաջ, երբ Հալեպ-Երևան չվերթ չկար, երկու անգամ Արևմտյան Հայաստանի տարածքով հասել եմ Հայաստան։ Կսկիծով եմ տեսել հորս ծննդավայր Կարսը ու մեր չքնաղ երկիրը, ուր ամեն քարի տակ մեր արյունն է։ Այսօր էլ՝ Արցախը, ու մեր արյան ծարավի թուրքի մշտական ախորժակը։ Ես չեմ կարող խլացնել հիշողությունս ու միտքս։ Նրանք, որ մեծ աշխարհի մեջ ընտրում ու «վայելում» են Թուրքիան, ինձ հասկանալի չեն, Աստված նրանց հետ։
-Գրում եք. «Թուրքիայի մեջ մարզվող ազատագրական բանակի սպառնալիքները հայերին ուղղված է»... Ի վերջո, ո՞վ է կանգնած Սիրիայի «բազմագույն» պատերազմի հետևում:
-Քաղաքականության մեջ շատ տհաս եմ ու բնավ պիտի չհետաքրքրվեի, եթե այն մեր վզին չփաթաթվեր։ Կան ակնառու, բացահայտ ու ծածկված ուժեր՝ այլազան հետաքրքրություններով ու շահերով։ Բնական է, որ Թուրքիան, ինչպես միշտ, նպաստավոր առիթը կարող էր օգտագործել իր ծավալապաշտական երազանքները իրականացնելու համար։

«ՄՆՈՒՄ Է ՀՈՒՍԱԼ, ՈՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐԴԻԿ ՄՏԱՀՈԳ ԵՆ ՄԵՐ ԱԶԳԻ ՓՈՇԻԱՑՈՒՄՈՎ»


-Գրում եք, որ օրը մի տուն փակվում է Հալեպի մեջ: Մնացողներին էլ հայրենասիրական մղումները չեն, որ կապում են երկրի հետ: Նշում եք նաև, որ հայը գաղթող է, ամենահին ու ամենաարագ գաղթողը: Բայց չէ՞ որ միայն հայերը չեն գաղթում:
-Սիրիահայերը գաղթում են ակամա։ Նշեմ նաև, որ հայերը սիրում են Սիրիան, ուր ամեն բարիք վայելել են մնացած բնակչությանը հավասար։ Հատկապես նրանք, ովքեր ծնվել ու մեծացել են այստեղ, ա՛յո, նաև հայրենասիրություն ունեն։ Իզուր չէ, որ Սիրիան կոչում են երկրորդ հայրենիք։ Իսկ նրանք, ովքեր չունեն այդ զգացումը, կարծում եմ, քիչ բացառությամբ, որևէ երկրի, նաև՝ Հայաստանի հանդեպ «ՈՒր հաց, հոն կաց»-ի քաղքենի մտայնությունն ունեն։ Այո՛, ուրիշները ևս գաղթում են, բայց տարբեր են պատճառներն ու մղումները։ Եթե Սիրիայի քսաներկու միլիոն բնակչության կեսը գաղթի, երկիրը կմնա, մանավանդ որ ծնելությունը շատ բարձր է, իսկ հայերի զանգվածային գաղթը երկրի գոյության սպառնալիք է։
-Ի վերջո, Հալեպը թողնում են կենցաղի՞ պատճառով, թե՞ քաղաքականության: Մեջբերում եմ. «Մեր վիճակը կենցաղ է, թե քաղաքականություն... նույնն է», «Երկիրը պիտի քանդեն իր իսկ զավակների ձեռքերով ու արյունով»:
-Յուրաքանչյուրը իր պատճառներն ունի Հալեպը թողնելու, բայց հիմնականը կյանքի վտանգն է։ Իսկ վերջին միտքը վերաբերում է պատերազմի առաջին իսկ օրերից մեծ պետություններից «գնված» և դավաճանի ուղին բռնած սիրիացիներին ու հարևան արաբական այն երկրներին, որոնք ջուր են լցնում թշնամու ջրաղացին։
-Ի՞նչն է Ձեզ ուժ տալիս ու պահում երկրում:
-Նախապես՝ ավարտի հույսը, ապա՝ գաղութի մեջ իմ ծառայության անհրաժեշտությունը (որ շատերին կարող է չհամոզել), քանի որ մասնագետներ քիչ մնացին, իսկ երկարամյա գործող կառույցները փակվելու վտանգի տակ են, ինչպես Համազգայինի հայագիտական հիմնարկը, որտեղ դասավանդում եմ։ Թեև, կարծում եմ, արդեն իրավունք ունեմ հանգստի կոչվելու և հայրենիք վերադառնալու… եթե պայմաններս ներեն։
-Հայաստանը սատարում է սիրիահայերին: Ձեր գրքում այս մասին էլ ակնարկներ կան: Դա ա՞յն է, ինչ պետք է, ինչ պիտի տա հայրենիքը:
-Կարող եմ զգացական պատասխան տալ, բայց առարկայական պատասխան տալու համար անհրաժեշտ տվյալներ չունեմ։ Մնում է հուսալ, որ պատասխանատու մարդիկ մտահոգ են մեր ազգի փոշիացումով։
-Մենք տեսնում ենք հեղինակի, որ ուզում է հաջորդ անգամ աշխարհ գալու դեպքում մարդու կերպարանքով չծնվել: Եվ հեղինակի, որ «մինչ օրս ալ կը պտտիմ երջանիկ, բայց մարդիկ ժպիտս զարմանքով կընդունին. Մի՞թէ իրաւունք չէ երջանիկ ըլալ»: Հակասություն չկա՞:
-Բնա՛վ։ Կա՛ չափազանցում։ Մարդ արարածի հանդեպ այդ ժխտումը հետևանք է մարդու կողմից մարդու համար ստեղծված դժնի պայմանների մեջ ապրելու, բացահայտ ու լկտի կեղծիքը տեսնելու ու անզոր մնալու, ծաղկուն երկրի ավերակները լալու, բազմամիլիոն բնակչության կեսից ավելիին ստորացնելու ու մուրացիկի վերածելու, ազգիս զավակների անտերունչ վիճակի ու որևէ նկարագրությունից խուսափող այլ իրականությունների։ Իսկ «երջանիկ պտտիլը», ներեցե՛ք, ընդամենը հեգնանք է, որ ընթերցողները կգտնեն գրքի լայնքին ու երկայնքին։ «Չեմ եղել երբեք ես այնքան ստոր, որ կարենայի այս դաժան բանտում լինել բախտավոր»,- Թումանյանի այս մտայնությունն է գրքի մեջ։


«ԹՈՒՐՔԻ ԺՊԻ՞Տ. ԻՍԿ Ո՞Վ ԷՐ ԲԱԶՈՒՄ ՆՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ, ԵԹԵ ՈՉ ԻՐԵՆՔ»


-Անտուն, անգործ, ռազմադաշտի վերածված քաղաքում (Ձեր բնորոշումներն են) ինչպե՞ս են ապրում մարդիկ:
-Ծանր տառապանքով, նաև՝ հույսով, հավատով, տոկալով, իրար նեցուկ ունենալով, ոմանք՝ գիտակցական նվիրումով, ոմանք՝ ակամա։ Մարդն ամեն բանի վարժվող էակ է։
-Եվ այնուամենայնիվ գրում եք, որ Հալեպն օրհնված քաղաք է:
-Սա ժողովրդական խոսք է։ Ըստ ավանդության՝ Հայր Աբրահամը օրհնել է Հալեպը։ Կա նաև՝ «Աստուածածինը փէշերը փռած՝ կը պաշտպանէ Հալէպը»։ Փաստորեն, նրանք անզոր գտնվեցին այսօրվա չարիքի դեմ։ Իսկ ժողովուրդը միշտ էլ հրաշքների է սպասում։
-Գրում եք, որ երեխաների խաղալիքները փամփուշտներն ու պարկուճներն են, ականի բեկորները, որ հպարտությամբ ցուցադրում են իրենց հասակակիցներին, գիտեն տեսակներն ու դրանց արձակած ձայները: Այդ երեխաները նաև հերոսաբար դպրոց են գնում, լույսից ու ջերմությունից զրկված դպրոց: Տիկին Լալա, լրատվամիջոցներով ավելի շատ խոսվում ու վերլուծվում են քաղաքական իրավիճակը, «խաղացող» երկրների քայլերը: Սիրիացի փոքրիկների մասին ամենաքիչն է խոսվում, բայց եղածն էլ բավական է ցնցելու համար աշխարհը, ինչպես, օրինակ, ծովափին խեղդված արաբ երեխայի լուսանկարը: Ի դեպ, լուսանկարի թուրք հեղինակը պարգևատրվել է նկարի համար ու ժպիտով այն ընդունել: Համացանցում նաև տարածվել էր սիրիացի փոքրիկների նկարը, որոնք լուսանկարչական սարքը տեսնելով` վեր են բարձրացնում ձեռքերը: Իրական պատկերն ինչպիսի՞ն է, և ի՞նչ է սպասում փոքրիկներին ապագայում:
-Ահա մարդուն չհարգելու պատճառ ևս։ Պետք է նշեմ, որ հայ երեխաները, որքան էլ մշտապես սոսկումի, վտանգի ու զրկանքների մեջ, բայց ավելի լավ պայմաններ ունեցան, քան տեղացի մեծամասնությունը։ Սիրիացի մանուկների տառապանքները վեպերի նյութ են, իսկ համաշխարհային ծախված լրագրությունը, հավերի առաջ կուտ լցնելու պես, մարդկանց աչքին մարդասիրություն է խաղում, հանկարծ նման նկարներ շրջում են աշխարհով մեկ, դառնում դրամ շահելու նոր միջոց։ Թուրքի ժպի՞տը. իսկ ո՞վ էր լուսանկարի դեպքի ու նման բազում դեպքերի հետևում, եթե ոչ նրանք։ Թե նրանք ինչպես վարվեցին սահմանին «ապաստանած» արաբների կամ նավով Եվրոպա անցնողների հետ, դա էլ մնում է իրենց անգո խղճի վրա ու պատմության դատին։ Նողկալի՛ է։ Եղեռնագործությունը շատ ավելի ահավոր է, և դա աշխարհի մեծերի դեմքն է։ Երբ խաղաղությունը հաստատվի, Սիրիայի կառավարությունը կբուժի նաև այդ վերքերը։
-«Երազային Հալեպը» բնորոշում եք` բազմածալք, բազմախորհուրդ, կաթի ու մեղրի քաղաք, բազմազգությամբ ու նրանց մշակութային գույներով հարստացած: Գրքի վերջում ասում եք, որ աշխարհով մեկ սփռված հալեպցիները հրաշքով սպասում են վերադարձին: Դուք հավատո՞ւմ եք այդ վերադարձին, երբ չգիտեք` «ի՞նչ աղբիւրներ բանաք անապատին մէջ, ի՞նչ մոմեր վառեք չար հողմերուն դէմ» և ձեր օրագրությունն ավարտում եք «ահա թէ ուր եւ ինչպէս կը ծնին աստուածները» խոսքերով:
-Իրավ Հալեպը այդպիսին էր։ Նաև գիտեք, որ գրողը երբեմն ստիպված է ասել բաներ, որոնց ինքը ևս շատ կուզեր հավատալ։ Դա վհատվող մարդկանց քաջալերելու նպատակով է։ Պետք էր այստեղ լինել և զգալ, թե սոսկահար, տառապող մարդկանց որքա՜ն պետք էր այդ լավատեսությունը։ Իսկ խաղաղության պարագայում վերադարձողներ անպայման կլինեն։
-Գիրքը ինչպե՞ս է հրատարակվել, այս օրերին Հալեպում կա՞ հետաքրքրություն գրականության նկատմամբ: Վաճառվո՞ւմ է գիրքը: Հայաստանում տարածելու նպատակ ունե՞ք:
-Նախկին երկու գրքերս՝ «Յոյսի հորիզոններ» և «Հող ու երկինք», հրատարակվել են Հալեպում` Ազգային առաջնորդարանի «Այգ» գրական մատենաշարով։ «Օրագրութիւնը» հրատարակվեց Բեյրութում` Անթիլիասի տպարանում, արժանանալով «Գէորգ Մելիտինեցի» գրական մրցանակի։ Ամբողջ տպաքանակը՝ 700 օրինակ, վանքի սեփականությունն է, ինձ հատկացված էր 70 օրինակ։ Հալեպում գիրք գնահատել գիտեն, իսկ այս գրքի հանդեպ հետաքրքրությունը և պահանջը շատ մեծ էին։ Ցավոք, Հալեպին գիրք չի տրամադրվել, իսկ Բեյրութում վաճառքի գինը այսօրվա հալեպցու համար մատչելի չէ։ Շատ պիտի ուզեի, որ Հայաստանում տարածվեր, հատկապես սիրիահայերի շրջանում, բայց ես ի վիճակի չեմ դա իրագործելու, իսկ վանքը տրամադրում է միայն պահանջի հիման վրա։


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2479

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ