Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Խորհրդարանում որոշ մարդկանց լինելը նպատակահարմար չէ այլևս»

«Խորհրդարանում որոշ մարդկանց լինելը նպատակահարմար չէ այլևս»
05.05.2017 | 10:41

Հանրությունը հերթական քաղաքական խայտառակ ներկայացման ականատես դարձավ։ Այն, ինչ կատարվեց «Ծառուկյան» դաշինքում, ոչ մի տրամաբանության չի ենթարկվում։ Պատգամավորական մանդատից հրաժարված անձանց ինքնաբացարկի դիմում ներկայացնելը, դրանք չեղյալ համարելը, դարձել են քաղաքական օրակարգի բուռն քննարկման թեմա։ Այս դաշինքի համամասնական ցուցակով պատգամավոր դարձած տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆՆ այս ամենին այլ մեկնաբանություն ունի։ Նա կատարվածը բարոյական տեսանկյունից գնահատեց։

-Պարոն Բոստանջյան, հետաքրքիր է, դաշինքում ի՞նչ սկզբունքով են որոշել` ով պետք է խորհրդարան գնա, ով` ոչ:
-Մարդկային հարաբերություններում կարևոր են բարոյական արժեքները: Խոսեմ իմ օրինակով։ Երբ Ծառուկյանն ինձ առաջարկեց դառնալ պատգամավորի թեկնածու, ես ասացի. «Գագիկ Նիկոլաևիչ, խնդրում եմ` թողեք ես մնամ իմ համալսարանում, որովհետև իմ տարերքն այնտեղ է»։ Նա ասաց. «Մեր երկրի և թիմի համար Ձեր մոտեցումները պետք են, ինչպես բազմաթիվ մարդիկ են երկրի համար պատասխանատվություն կրում, այնպես էլ Դուք կկրեք»։ Հիմա ես մտել եմ այս գործընթացի մեջ, ու եթե հիմա անհրաժեշտություն առաջանա ինձ այլևս խորհրդարանում չտեսնելու, ես կարձագանքեմ. «Ինչքան հետաքրքիր բան տեղի ունեցավ ինձ հետ»։ Այսպես եղավ նաև 2012-ին։ Գուցե ինչ-որ զգացական դաշտ եմ տեղափոխում խոսակցությունը, բայց այն ժամանակ մտածեցի, որ Աստված օգնեց ինձ, որ այդ պահին քաղաքական դաշտից դուրս եկա։ Ասել է թե` ցանկացած մարդ պետք է այնպիսի մոտեցում ու արժեքներ ունենա, որ այլ բաներ իրեն թույլ չտա։
-Կարելի՞ է Ձեր խոսքից ենթադրել, որ Ծառուկյանը խորհրդարան է տարել այն մարդկանց, ովքեր կարող են պատասխանատվություն ստանձնել։
-Այո, աշխատել է պատասխանատվության սկզբունքը։ Եթե մենք ստանայինք 50+1 տոկոս, ուրեմն մեզանում պատասխանատվության ինստիտուտը չափազանց կմեծանար, իսկ հիմա պատասխանատվությունը կիսվել է։ Եթե մեր ակնկալած արդյունքը չենք ունեցել, խորհրդարանում մեր թիմի որոշ անդամների լինելը նպատակահարմար չէ այլևս։ Լրագրողներդ լավ գիտեք, թե ովքեր են խորհրդարանական, օրինաստեղծ աշխատանքի մեջ: Սրան զուգահեռ նախապես կազմվում է նաև գործադիրում աշխատելու ունակ մարդկանց ցուցակը։ Հիմա եթե մեծամասնություն չենք, բնական է, որ գործադիրում ենթադրյալ աշխատողները դուրս են մնացել։ Այսինքն, նրանք էլ պետք է հասկանան, որ խորհրդարանում իրենց չլինելն անգամ շատ լավ է։
-«Ծառուկյան» դաշինքում, ըստ որոշ տեղեկությունների, մեկ այլ ինտրիգ էլ կա։ Ասում են` փոխխոսնակի պաշտոնի, հանձնաժողովի նախագահների հնարավոր թեկնածուների շուրջ մարտեր են ընթանում։ Այլ խոսքով, դաշինքում «արշալույսները խաղաղ չեն»։
-Նման խոսակցություններ, ինտրիգներ ինձ հայտնի չեն։ Այդպիսի բան չկա։ Յուրաքանչյուր թիմում կա ղեկավար, որը բոլոր թեկնածուների դրական և բացասական կողմերը ծանրութեթև է անում և որոշում կայացնում։ Բոլոր երկրներում էլ այդպես է։ Եթե որոշողը ղեկավարն է, ինչո՞ւ պետք է ես ավելորդ դեգերումների ու տվայտանքների մեջ ընկնեմ։ Ինձ կցանկանան տեսնել հասարակ պատգամավոր կամ հանձնաժողովի նախագահի տեղակալ, կգործեմ այդ լիազորությունների շրջանակում։ Մարդը պետք է աշխատի իր ուժերի ներածի չափով պատասխանատվություն վերցնել իր վրա։
-«Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում ունի զգալի ներկայացվածություն` 30 մանդատը քիչ չէ։ Այն բոլոր խնդիրները, որոնց մասին խոսել է ԲՀԿ-ն, հնարավո՞ր է այս ներուժով լուծել։ Կարո՞ղ եք իրավիճակ փոխել։
-Մինչև անգամ մեկ պատգամավորով է հնարավոր փոփոխություններ անել։ Եթե դու բարձրացնում ես առաջնային խնդիրներ, որոնք անհապաղ լուծումներ են պահանջում, ի՞նչ կարևոր է` 30, թե 1 հոգով ես այդ մասին բարձրաձայնում։ Առավել կարևոր է, որ այդ մասին լսողները ևս մտահոգված լինեն խնդրով և կարողանան կոնսոլիդացվել։ Օրինակ, ԱՄՆ-ում պայմանական բաժանում է` հանրապետականներ և դեմոկրատներ։ Իրականում և՛ մեկը, և՛ մյուսն ամբողջությամբ լծված են երկրի բարօրության գործին։ Մենք պետք է աստիճանաբար հեռանանք այն մտածողությունից, որ եթե այսինչ ուժը մեզ հետ չէ, ուրեմն մեր թշնամին է։ Այս չորս ուժերը, որ խորհրդարանում են, իրենց ներուժը առավելագույնս պետք է ծառայեցնեն երկրի զարգացմանը։ Ընդդիմություն լինել չի նշանակում թշնամի լինել։
-Արդեն հստակ է, որ նոր խորհրդարանում «Ծառուկյան» դաշինքն ընդդիմությո՞ւն է լինելու։
-Այո, ինչպես հայտարարվել էր։
-Կա հանրային և քաղաքական որոշակի շրջանակների կարծիք, որ այս ԱԺ-ն ամբողջովին վերահսկվում է իշխանության կողմից։ Ի՞նչ կասեք:
-Հանրությունը կարող է այդպիսի սուբյեկտիվ կարծիք ունենալ, բայց պետք է նման թյուր ըմբռնումից հանրությանը ձերբազատել։ Ենթադրենք, իշխանություն են, դրանով ի՞նչ են ուզում ասել։ Եթե իշխանությանն այդքան չէին սիրում, այսքան ձայն թող չտային։ Եթե այդքան ձայն են ապահովել իշխանության համար, թող մյուսներն էլ իշխանություն լինեն։ Կամ ինչ-որ մեկն ասում է` ես ամենաընդդիմադիրն եմ։ Դա նույնն է թե` հղիների մեջ ամենահղին ես։ Հղին հղի է։ Այս տեսակի խոսակցություններն ինձ հիշեցնում են հին ժամանակներում «քուրսու» շուրջը հավաքվածների խոսքուզրույցը։ Մենք ամեն ինչի մեջ փորձում ենք վատը տեսնել, ինչի ձեռքն էլ գերի ենք դարձել։
-Ասացիք, որ անգամ մեկ պատգամավորը կարող է շատ բան փոխել։ Նախընտրական շրջանում Գագիկ Ծառուկյանը խոստացավ մեծամասնություն լինելու պարագայում 15 մլրդ դոլարի ներդրում։ Հիմա ստացել եք 30 մանդատ, գուցե այդ ներդրումների կե՞սն ապահովեք։
-Ներդրումը չի կարող կիսվել։ Սա լրիվ այլ մեթոդաբանություն է։ Ներդրում նշանակում է որևէ գործունեություն ծավալող իր սեփականությունը, կապիտալը տրամադրում է նոր արժեքներ ստեղծելուն, աշխատատեղեր բացելուն։ Փաստորեն, նա ավանսով սպասում է իր եկամտին, որ իր ներդրածը հետ բերի։ Բայց եթե չկա վստահություն, չենք կարող այդ ֆինանսները կիսել ու ասել` այսքան մանդատ ենք ստացել, ու ներդրումը կիսվում է։ Եթե ես ներդրող եմ, պետք է վստահեմ օրվա իշխանությանը, ոչ թե անձին։ Իսկ քանի որ չկա վստահելի իշխանություն, խելքը գլխին մարդը ոչ թե 1 մլրդ, այլ 100 դրամ էլ չի ներդնի։
-Պարոն Բոստանջյան, այդուհանդերձ, նման մոտեցումն անարդար չէ՞ այն ընտրողի հանդեպ, որը հավատաց ներդրումների մասին խոստումներին ու ընտրեց ձեզ։
-Այնպիսի բան ասացիք, հուզվեցի։ Այս ի՞նչ անարդարություն էր։
-Փաստորեն, նախընտրական հնա՞րք էր։
-Գնացեք ու վերցրեք 2008-ից իշխանության տված բոլոր խոստումները, որոնք այդպես էլ իրականություն չդարձան։ Ինչո՞ւ հանկարծ այս մեկը հիշեցիք։
-Նոր խորհրդարանում, որպես տնտեսագետ, ի՞նչ օրենք կցանկանայիք փոխել կամ ինչի՞ց կցանկանայիք սկսել օրենսդրական աշխատանքը։
-Տնտեսական բազում խնդիրներ կան, որոնք լուծման կարիք ունեն` ՓՄՁ-ներից սկսած մինչև ժամանակակից տեխնոլոգիաներ։ Բայց, մինչև այդ բոլոր հարցերի մեջ մխրճվելը և զարգացման ուղիները նախանշելը, հարկավոր է չափազանց կարևոր մեկ հարց լուծել` երկրում պետք է աշխատի օրենքի գերակայության ինստիտուտը։ Պատշաճ ձևով պետք է սահմանվեն պատժամիջոցներ, որոնք պետք է անվերապահորեն գործի դրվեն` անկախ մարդու զբաղեցրած դիրքից։ Սա համամարդկային զարգացման արգասիքն է։
-Այն, ինչ այսօրվա կառավարությունն է անում տնտեսական իրավիճակը շտկելու ուղղությամբ, բավարար համարո՞ւմ եք։
-Ոչ, այսօրվա դրությամբ միայն տեսնում եմ խոսքեր և ուրիշ ոչինչ։ Ոչ թե Ծառուկյանն իմ ղեկավարն է, դրա համար եմ ասում, մեր երկրում միակ գործ անողը Գագիկ Ծառուկյանն է։ Գուցե ես եմ կարճատես, բայց միայն նրան եմ տեսնում։ Մարդ, որ ստեղծում է ու կառուցում։ Կցանկանայի, որ նրա նման մարդիկ գոնե մի քանիսը լինեին։


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1403

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ