Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոհանին, անկասկած, քննության են առել Թուրքիայի և Էրդողանի հարցը

Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոհանին, անկասկած,  քննության են առել Թուրքիայի և Էրդողանի հարցը
05.05.2017 | 11:11

(սկիզբը՝ այստեղ)

Սակայն, ինտրիգ, այնուամենայնիվ, կա։ Օլանդը «հեռացող» է, և ո՛չ նրան, ո՛չ նրա կուսակցությանը մի ինչ-որ «դուռ շրխկացնելը», և այն էլ Արցախի հարցի շրջանակներում, ոչինչ չի տա ֆրանսիական ընտրությունների առումով։ Այդ դեպքում ո՞ւմ է ուզում հաճոյանալ Օլանդը։ Արևմուտքի կողմից 1997-ի հունվարից արցախյան խնդրում «առաջին ջութակը» ԱՄՆ-ն է։ Եվ թե՛ Սարկոզիի, թե՛ Օլանդի ընդդիմախոսների գլխավոր մեղադրանքներից մեկը հենց այն էր, որ այդ նախագահների օրոք Ֆրանսիան վերջնականորեն վերածվել էր աշխարհում ԱՄՆ-ի քաղաքականության «կցորդի»։ Մի խոսքով, այստեղ մտածելու շատ բան կա, ուստի ես փորձեմ ներկայացնել որոշ ադրբեջանցի փորձագետների մտորումներն արցախյան խնդրի «ֆրանսիական մեկնության» առնչությամբ։ Այդ մարդկանց 99 տոկոսն ինքնատիպ չէ, նրանք համոզված են, որ վերջին ժամանակներս Ֆրանսիայի ակտիվությունը մեծ հավանականությամբ կապված է հակամարտության գոտում պատերազմական գործողությունների վերսկսման (վտանգի) հետ։ «Համանախագահների ակտիվությունը կապված է կրակագծում մարտական գործողությունների սկսման հնարավորության հետ։ Չէ՞ որ անցյալ տարի հենց ապրիլին սկսվեցին պատերազմական լայն գործողությունները, որոնց պատճառով երկու կողմերն էլ կորուստներ կրեցին»,- ֆրանսիական նախաձեռնությունը մեկնաբանել է քաղաքական հետազոտությունների «Ատլաս» կենտրոնի ղեկավար Էլհան Շաինօղլուն։ «Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների բանակցությունները նախ Վիեննայում, ապա Սանկտ Պետերբուրգում արդյունք չտվեցին։ Մեկ տարի է անցել, կրակոցները չեն դադարել։ Ամեն ամիս նոր զոհեր են ավելանում։ Որովհետև մեծ երկրներն արդյունքի չեն հասել հաշտության բանակցություններում...»,- համարում է փորձագետը։


Դրա հետ մեկտեղ, Էյրոյի հայտարարությունը ցույց է տալիս, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Փարիզ կատարած մարտյան այցերն արձանագրային չէին։ «Ղարաբաղյան հարցը, անշուշտ, գերակա նշանակություն ունի, մասնավորապես, ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի մեջ ներառված երկրներ կատարվող նման այցերի օրակարգում։ ՈՒ թեև Ֆրանսիան այդ գործում ներկա փուլում որևէ որոշիչ դերակատարում չունի Ռուսաստանի ֆոնին, այդուամենայնիվ, Փարիզի դիրքորոշումը հատկանշական է։ Իլհամ Ալիևի Փարիզ կատարած այցի արդյունքում Ադրբեջանի համար կարևոր էր ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրի նախագահի շուրթերից լսել, որ հակամարտության գոտում ստատուս քվոն անընդունելի է։ Բաքվի համար ևս ստատուս քվոն անընդունելի է, ուստի Ադրբեջանը հուսով է, որ միջնորդներն իրենց այս կամ այն շահի բավարարման նկատառումով Հայաստանի ղեկավարությանը կստիպեն իրավամբ վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտարարել է քաղվերլուծաբան Գյուլնարա Մամեդզադեն։ Բայց, ավելացրել է նա, հազիվ թե Ադրբեջանը մեծ ակնկալիքներ ունենա այդ հակամարտություններում Ադրբեջանի դիրքորոշումից. Ալիևը հնչեցրել է այն թեզիսները, որոնք կարևոր էր հասցնել ֆրանսիական լսարանին։ «ԱՄՆ-ն ու Իսրայելը ձգտում են թուլացնել Մոսկվայի դաշնակիցներին. Թուրքիային` կարկանդակով, Իրանին` մտրակով։ Այսինքն, այս ամբողջ աշխարհաքաղաքական «աջաբսանդալը» կուլ տալը բավական դժվար է, և առայժմ միայն Ռուսաստանն է, այսպես թե այնպես, իրավիճակը պահում հսկողության տակ»,- համարում է վերլուծաբանը։ Մամեդզադեի ասելով, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը ամբողջ վերմակն իրենց վրա են քաշել, իսկ Եվրոպան մի տեսակ մնացել է Եվրասիայում զարգացող իրադարձությունների լուսանցքում։ Բաքուն կարողացել է շեշտել տալ իր ներկայությունն ու նշանակությունը նոր ձևաչափերում, դրա համար էլ առանձնապես հետաքրքրական է դառնում թե՛ Մոսկվայի, թե՛ Փարիզի, թե՛ Վաշինգտոնի համար։ Պատահական չէ, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների ղեկավարների առաջին հանդիպումը տեղի ունեցավ Ադրբեջանի մայրաքաղաքում, ընդգծել է Մամեդզադեն. «Այս ամենը, իհարկե, ազդում է նաև ղարաբաղյան հակամարտության վրա։ Կարևոր է թույլ չտալ, որ այդ գործիքը վերակենդանացվի նոր պայմանների առնչությամբ, բայց դարձյալ հակամարտ կողմերի համար նույն դժբախտություններով։ Կամ էլ, միգուցե այդ իրավիճակը նոր փոխզիջումնե՞ր կբերի։ Ցույց կտա ժամանակը»։


Քաղաքագետների «Հարավային Կովկաս» ակումբի ղեկավար Իլգար Վելիզադեն ասում է. «Ես չեմ կարծում, թե պաշտոնական Փարիզը կարող է լրջորեն հուսալ, թե հակամարտությունը կարող է լուծվել բացառապես Արևմուտքի պայմաններով, առավել ևս, որ «Արևմուտքի պայմաններ», որպես այդպիսիք, գոյություն չունեն։ Հիմա ավելի ու ավելի շատ գործածական են այնպիսի հակասություններ, ինչպիսիք են «Կազանյան բանաձևը» կամ «Լավրովի պլանը», ինչն ինքնըստինքյան շատ բան է ասում։ Ես անձամբ ոչինչ լսած չկամ, ասենք, «Օլանդի պլանի» մասին»։ Ֆրանսիայի «հեռացող» նախագահի համար Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին ընդունելու ձգտումը մի վերջին ճիգ է` իր ավանդը մուծելու հակամարտության կարգավորման գործում և հիշվելու որպես խաղաղարար և ուժեղ դիվանագետ, ենթադրում է նա. «Այսպիսի մի հասկացություն կա քաղաքականության մեջ` «հաջորդափոխություն», և այն կախված չէ կոնկրետ մարդուց կամ քաղաքական կուսակցությունից... հաշվի առնելով Իլհամ Ալիևի Փարիզ կատարած այցի արդյունքները, կարծում եմ, որ լիիրավ ենք լավ հույսեր ունենալու»։


Զգացվում է, որ ադրբեջանցի փորձագետները բավականաչափ իրազեկված ու պրոֆեսիոնալ չեն։ Օրինակ, ստացվում է, որ նրանք մոռացել են, որ Ս. Սարգսյանն ու Ի. Ալիևը ֆրանսիական «Պատվո լեգեոնի» շքանշանակիր են դարձել մոտավորապես նույն ժամանակ` Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի օրոք։ Սակայն Հայաստանի նախագահին այդ շքանշանը շնորհվել է էապես ավելի շուտ, քան Ալիևին, և այլ մթնոլորտում, ոչ շտապ, ինչպես եղավ ապշերոնյան խանի պարագայում։ Նրբություն է, բայց շատ կարևոր։ Այդուամենայնիվ, Արցախի հարցում նախագահ Օլանդի ակտիվացման իսկական պատճառները պարզել պետք է։ Այնպես որ, Ալլահն իրենց` ապշերոնյան խանության և ապշերոնցի փորձագետների հետ։ Իսկ առայժմ Ֆրանսիան շարունակում է գոյություն քարշ տալ ԱՄՆ-ի վասալի խղճուկ դերում, և ահա մարտի վերջերից շարունակում է Մերձբալթիկա գալ ֆրանսիական ծանր մարտական տեխնիկան` ֆրանսիական անձնակազմով, ինչն արվում է Ռուսաստանն առաջապահ զորախմբերով շրջապատելու ՆԱՏՕ-ի ընդհանուր ռազմավարության շրջանակներում։ Անձամբ ես դա կընկալեի իբրև ռուսաց տարածքում Ռուսաստանի դեմ պատերազմին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժեղ նախապատրաստություն. չէ՞ որ Մերձբալթիկայում նատոյականների տեղակայման վայրից մինչև Մոսկվա, առավել ևս Սանկտ Պետերբուրգ, ձեռքդ մեկնես կհասնի։ Բայց, Ռուսաստանն իր իշխանություններն ունի, ու նրանք էլ պետք է որոշեն` ՆԱՏՕ-ի անդամ թուրքերն իրենց «բարեկամնե՞րն» են, թե՞...


Հիմա, վերջապես, գանք 2017-ի մարտի քաղաքական արդյունքի պսակին` Մոսկվայում կայացած ռուս-իրանական բանակցություններին։ Ռուսաստանի և Իրանի թե՛ պաշտոնական, թե՛ «շարքային» լրատվամիջոցները լի են բանակցությունների, ստորագրված համաձայնագրերի մասին լրատվությամբ։ Կարծում եմ, որ անպայման կհայտնվի նաև ամբողջովին այդ բանակցություններին նվիրված նյութ։ Բայց հիմա ուզում եմ մի հարց տալ ընթերցողներին, և առհասարակ` բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են և՛ ռուս-իրանական հարաբերությունների զարգացմամբ, և՛ Մերձավոր Արևելքում ու ամբողջությամբ վերցրած Անդրկովկասի շրջակայքում աշխարհաքաղաքական ճգնաժամի խորացման միտումներով։ Հիմա ոչ միայն Իրանում ու Ռուսաստանում, այլև նույնիսկ Արևմուտքում փորձագետներն ընդունում են, որ Թեհրանի ու Մոսկվայի հարաբերությունները թևակոխում են միանգամայն նոր, ավելի բարձր փուլ, անգամ` նոր դարաշրջան։ Ահա Հարավային Ֆլորիդայի (ԱՄՆ) համալսարանի ռազմավարական և դիվանագիտական հետազոտությունների կենտրոնի գործադիր տնօրեն Մոհսեն Միլանիի վկայությունը. Իրանն առանցքային դեր է խաղում Պուտինի երկարաժամկետ ռազմավարությունում, որը միտված է Մերձավոր Արևելքում գլխավոր դերակատար դառնալուն։ Իսկ Թեհրանի ու Մոսկվայի համատեղ նպատակն է ԱՄՆ-ին դուրս մղել Մերձավոր Արևելքում, Անդրկովկասում, Մերձկասպյան տարածաշրջանում և Միջին Ասիայում տարածաշրջանային քաղաքականությունից և դիվանագիտությունից։ Իսկ ահա Եվրախորհրդի միջազգային հարաբերությունների գծով ավագ գիտաշխատող է. Գերանմայերի կարծիքը. «Սիրիան դարձավ Թեհրանի ու Մոսկվայի համագործակցության ձուլակաթսան, որոնք իրենց քաղաքական կապերը տեղափոխել են ռազմական համագործակցության նոր մակարդակի»։


Կասկած չունեմ, որ Պուտինն ու Ռոհանին, բացի տնտեսությունից, առևտրից և ընդհանուր առմամբ երկկողմ հարաբերությունների զարգացումից, նաև «մոտիկից» կարծիքներ են փոխանակել Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում, արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում, Մերձկասպյան տարածաշրջանում, Անդրկովկասում տիրող իրադրության շուրջ։ Երևի նաև Հարավային Եվրոպայում, հաշվի առնելով ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետաքրքրությունը Սերբիայի նկատմամբ։ Համոզված եմ, որ Պուտինի և Ռոհանիի փոխադարձ հետաքրքրությունների ու քննարկված խնդիրների շրջանակն ուղղակի անսահման է. այստեղ հաստատ նաև Իրանի մասնակցությունն է (այս կամ այն ձևով) Եվրասիայի ինտեգրացիոն կառույցներին, և դա ոչ միայն Շանհայի համագործակցության կազմակերպությունն է (ՇՀԿ), այլև ԵԱՏՄ-ն ու ԱՊՀ ՀԱՊԿ-ը, որտեղ Թեհրանը հանդես է գալիս որպես ԱՊՀ ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովի դիտորդ երկիր։ Ավելին, համոզված եմ նաև, որ կողմերը կարծիքներ են փոխանակել Չինաստանի հետ իրենց երկկողմ հարաբերությունների և այդ հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ, քննարկել են կյանքի ամենատարբեր ոլորտներում և աշխարհի ամենատարբեր շրջաններում Պեկինի հետ համագործակցության եռակողմ ձևաչափի հարցերը։ Չէ՞ որ Ռուսաստանը, Իրանն ու Չինաստանը, թեկուզ և ոչ ուղղակիորեն, թեկուզ և տարբեր մակարդակային փուլերում, բայց փոխկապակցված են նաև չինական «Մետաքսի մեծ ճանապարհի» տնտեսական նախաձեռնությամբ։ Բայց Պուտինն ու Ռոհանին, իհարկե, առաջին հերթին խոսել են Սիրիայի և Իրաքի մասին։ ՈՒրեմն` նաև թուրքերի ու քրդերի, Իսրայելի ու ԱՄՆ-ի մասին։ Դա անխուսափելի է։ Խոսած կլինեն նաև Սիրիայում Ռուսաստանի ռազմական բազավորման մասին, ինչպես և Իրանի ռազմական բազաներից օգտվելու Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի հնարավորությունների մասին։ Եվ համոզված եմ, քննարկել են նաև իրանա-սիրիական պայմանավորվածությունները տարածաշրջանում իրանական ռազմական բազավորման հնարավորության, շուտով տարածաշրջանում (Ջիբութիում) չինական ռազմական բազայի հաստատման մասին։ Ախր, զուր չէ, որ Ռոհանին, ի պատասխան Պուտինի ողջույնի խոսքի, առանձնակի ընդգծել է, որ Թեհրանի ու Մոսկվայի համագործակցությունն ուղղված է մերձավորարևելյան տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը, տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը և ուղղված չէ երրորդ երկրների դեմ, և որ «ՌԴ-ն ու ԻԻՀ-ն լավ փորձ են կուտակել միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարում»։


Հայաստանի իշխանությունների համար, առաջին հերթին հետընտրական, 2017-ի մարտի այս բոլոր «տնային առաջադրանքներն» ավելի ու ավելի քիչ տարածություն են թողնում, պատկերավոր ասած, Արևելքի ու Արևմուտքի միջև մանևրելու համար։ Եվ այս տեսակետից Հայաստանի նախապատրաստությունը Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությանը առնվազն անհեթեթ է ու անհասկանալի։ Առավել ևս, որ, ինչպես մենք արդեն նշել ենք նախորդ հոդվածներում, ի պատասխան ԱՄՆ-ի շանտաժի, Ռուսաստանի ու Իրանի ղեկավարները միայն ամրապնդում են իրենց համագործակցությունը։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1354

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ