Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Փո՞ւռն է տալու» Հարավային Կորեայի և Ճապոնիայի բնակչությանը

«Փո՞ւռն է տալու» Հարավային Կորեայի և Ճապոնիայի բնակչությանը
05.05.2017 | 11:18

Օրերս Հյուսիսային Կորեայի միջուկային ճգնաժամին նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի առնչությամբ ասել է. «Ողջ աշխարհի համար վտանգ հանդիսացող այս հարցում մեր անգործությունն աղետալի հետևանքների կհանգեցնի: Ռազմավարական համբերության քաղաքականությունն ավարտվում է: Հետագայում համբերատարությունը կնշանակի միայն միջուկային զենքի տիրապետող Հյուսիսային Կորեա»:

Նկատենք, որ Հյուսիսային Կորեան արդեն տիրապետում է միջուկային զենքի։ Փհենյանը կտրուկ քննադատել է Հարավային Կորեայում այդ երկրի ռազմաօդային ուժերի զորավարժությունների շրջանակում ամերիկյան ռմբակոծիչների գործողությունները: Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությանը (ԿԿՀԳ) հղում կատարելով, այս մասին հաղորդել է «Reuters»-ը:
«Այդ չկշռադատված ռազմական սադրանքը Կորեական թերակղզու իրավիճակը հրում է միջուկային պատերազմի սահմանագիծ»,- նշված է ԿԿՀԳ հաղորդագրության մեջ:
Հյուսիսային Կորեայի այդ պետական տեղեկատվական գործակալությունը հայտնել է նաև, որ ամերիկյան ռմբակոծիչները հյուսիսկորեական կարևորագույն օբյեկտների վրա ռումբեր գցելու գծով զորավարժություններ են անցկացրել:


Գործակալության տվյալներով, «B-1B Lancer» մակնիշի երկու գերձայնային ռազմավարական ռմբակոծիչներ, որոնք կարող են միջուկային զենք կրել, Խաղաղ օվկիանոսում գտնվող Գուամ կղզուց ուղևորվել են Հարավային Կորեա, որտեղ վարժանքներ են անցկացրել հարավկորեական օդաչուների հետ:
ԱՄՆ-ը, որը Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, գրեթե ամեն կերպ փորձում է ճնշում գործել այդ ինքնիշխան պետության վրա, որպեսզի նա հրաժարվի իր միջուկային և հրթիռային ծրագրերից, սակայն այդ առումով դեռ որևէ արդյունքի չի հասել, ուղղակի իրավիճակը դարձրել է պայթյունավտանգ:
Չենթարկվելով Արևմուտքի ճնշմանը, Հյուսիսային Կորեան մայիսի 1-ին հայտարարել է ցանկացած պահի հերթական միջուկային փորձարկմանն իր պատրաստվածության մասին: INTERFAX.RU-ի տեղեկացմամբ, Հյուսիսային Կորեան ցանկացած պահի կարող է իրականացնել միջուկային փորձարկում: Այս մասին այդ երկրի արտգործնախարարության հաղորդումը տարածել է ԿԿՀ գործակալությունը:


«Հյուսիսային Կորեայի կողմից իր միջուկային ուժերի կարողություններն առավելագույնի հասցնելու միջոցառումներն իրականացվելու են կառուցողաբար և աստիճանաբար` այն պահին և այն վայրում, որը կորոշվի բարձրագույն ղեկավարության կողմից»,- նշված է հիշյալ հաղորդագրության մեջ:
Ըստ Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ի նույն հաղորդման, եթե Հյուսիսային Կորեան չունենար հզոր միջուկային ուժեր, Միացյալ Նահանգները, առանց տատանման, Կորեայի նկատմամբ բանդիտական հարձակում կիրականացներ, ագրեսիա, որը նա արդեն կիրառել է այլ երկրների նկատմամբ:


Հյուսիսային Կորեան նաև սպառնացել է խորտակել ԱՄՆ-ի ատոմային «Միչիգան» սուզանավը, որը հասել է հարավկորեական Պուսան նավահանգիստ: Ըստ հյուսիսկորեական լրատվամիջոցների, «եթե սուզանավը համարձակվի որևէ գործողություն ձեռնարկել, այն չի կարողանա մակերևույթ բարձրանալ, քանի որ կունենա խղճուկ վախճան»: Ավելի վաղ Փհենյանը հայտարարել էր, որ իր ափերին մոտեցող ԱՄՆ-ի ռազմանավերը, նրանց թվում` «Կառլ Վինսոն» ավիակիրը, ոչնչացնելու քայլին կդիմի նրանց կողմից ագրեսիայի դեպքում: Հյուսիսային Կորեայի «Մինչժու Չոսոն» կառավարական թերթը նախազգուշացրել էր, որ ԱՄՆ-ը «չի կարողանա ապահովել ամերիկյան ռազմակայանների անվտանգությունը Հարավային Կորեայում, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչպես նաև ԱՄՆ-ի մայրցամաքային մասում, երբ ԿԺԴՀ-ի անպարտելի հեղափոխական ժողովրդական բանակի մարտիկները կրակ բացեն»:


Ըստ որոշ ռազմական փորձագետների, ռազմական գործողությունների կամ պատերազմի պարագայում Հյուսիսային Կորեայի հարվածներն ամերիկյան ռազմանավերին կչեզոքացվեն, սակայն Միացյալ Նահանգներն ի զորու չի լինի պաշտպանելու Հարավային Կորեան, թերևս նաև Ճապոնիան Փհենյանի հարվածներից, եթե նկատի ունենանք, որ Հյուսիսային Կորեայի տրամադրության տակ հրթիռներից, 940 ռազմական ինքնաթիռից, շուրջ 500 նավից և 70 սուզանավից բացի, կան նաև հեռահար հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, որոնց արձակած արկերը գրեթե անհնար է ոչնչացնել, հակահրթիռային պաշտպանության համակարգը դրանց դեմ անզոր է: Իսկ եթե հաշվի առնենք, որ Հյուսիսային Կորեայի միջուկային մարտագլխիկով բալիստիկ հրթիռներից թեկուզ մեկին, այնուամենայնիվ, կարող է հաջողվել հաղթահարել ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանությունը և հասնել Հարավային Կորեա կամ Ճապոնիա, ապա հետևանքներն ուղղակի սարսափելի կլինեն: Պետք է գիտակցել, որ դրա ռիսկը, որքան էլ չնչին լինի, կա: Կարծում ենք, ՀՀ արտգործնախարարությունը մեր երկրի քաղաքացիներին այս իրավիճակում կամ իրավիճակի հետագա սրման դեպքում պետք է կոչ անի մոտակա ժամանակներում ձեռնպահ մնալ Հարավային Կորեա և Ճապոնիա ուղևորվելուց:


Հավանաբար ակնարկելով, որ պատրաստ է արդեն Հյուսիսային Կորեային հարված հասցնելուն, Պենտագոնն օրերս հաստատել է Հարավային Կորեայում հակահրթիռային պաշտպանության համակարգի պատրաստվածությունը: Հակահրթիռային պաշտպանության THAAD համակարգն արդեն տեղաբաշխված է Հարավային Կորեայում և պատրաստ է օգտագործման համար: Հարավկորեական «Ռենհալ» գործակալության տեղեկացմամբ, այս տեղեկատվությունը հաստատել է Հարավային Կորեայում ԱՄՆ-ի զորախմբի հրամանատարությունը:
«Հարավային Կորեայում ԱՄՆ-ի զինված ուժերը հաստատում են, որ THAAD համակարգը շարքի է կանգնել ու պատրաստ է Հյուսիսային Կորեայի հրթիռների կալանմանը և Հարավային Կորեայի պաշտպանությանը»,- ասել է նշված զորախմբի ներկայացուցիչ, գնդապետ Ռոբ Մեննինգը:


Հիշյալ գործակալությունը միաժամանակ նշել է, որ, ամերիկյան աղբյուրների կարծիքով, հակահրթիռային պաշտպանության համակարգի ամբողջական մարտական պատրաստվածության հնարավոր է հասնել մի քանի ամսից: THAAD համակարգի առաջին տարրերը Հարավային Կորեայի տարածքում տեղակայվել են այս տարվա ապրիլի 26-ին: Այն ժամանակ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ համակարգի ամբողջական մարտական պատրաստվածության հնարավոր կլինի հասնել մինչև այս տարեվերջ:
Հարավային Կորեա ամերիկյան զինվորականների մուտքը տեղիք է տվել տեղի բնակչության բողոքի ցույցերի: Նրանց կարելի է հասկանալ. երկրի հարավում գտնվող Սոնջու վարչական շրջանի (այստեղ է առաքվել ու տեղակայվել THAAD համակարգը) բնակիչները վստահ չեն, որ նշված համակարգը Հյուսիսային Կորեայի միջուկային հարվածից 100-տոկոսանոց պաշտպանության երաշխիք կտա իրենց, մինչդեռ հասկանում են, որ գտնվելով նշված համակարգի մոտ, իրենք կարող են դառնալ միջուկային հարվածի թիրախ:


Հարավային Կորեայում հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայման մասին Վաշինգտոնը հայտարարել է Հյուսիսային Կորեայի հերթական հրթիռային փորձարկումից հետո: Կարելի է ենթադրել, որ THAAD համակարգի հետ կապված վերոնշյալ բացը Պենտագոնը ցանկանում է լրացնել «Կառլ Վինսոն» ատոմային ավիակրի գլխավորությամբ Կորեական թերակղզու ափեր հասած իր ռազմածովային ուժերի հարվածային խմբի ընձեռած հնարավորությունների միջոցով: Կհաջողվի՞ դա, թե՞ ոչ` կարող է ցույց տալ միայն ժամանակը, եթե, Աստված մի արասցե, Կորեական թերակղզում պատերազմ բռնկվի: Բոլոր դեպքերում, դատելով ամենից, Միացյալ Նահանգները մոտենում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ ռազմական սցենարի իրագործմանը: Դրա համար առիթ կարող է լինել Փհենյանի կողմից հերթական միջուկային կամ նույնիսկ հրթիռային փորձարկումը, կամ նույնիսկ միջուկային փորձարկման փորձը: ԱՄՆ-ը պատրաստ կլինի՞ պատերազմ սկսելու Հյուսիսային Կորեայի դեմ` գիտակցելով, որ այդ դեպքում «փուռն է տալու» եթե ոչ իր զինծառայողներին, ապա իր դաշնակիցների` Ճապոնիայի և, հատկապես, Հարավային Կորեայի զինվորականներին ու խաղաղ բնակչությանը: Հավանաբար այո, եթե նկատի ունենանք, որ բարոյականությունը երբևէ կաշկանդող հանգամանք չի եղել ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ղեկավարության համար:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1569

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ