Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Քոչարին` պորտապարի նվագի տակ

Քոչարին` պորտապարի նվագի տակ
05.05.2017 | 12:00

ՆԱԽԵՐԳ


Վերջերս ՌԴ Պետդուման առանց այլևայլության և օրենքի ուժով արգելեց անհեթեթ և արտառոց անունների գործածումն անծայրածիր և ծայրաստիճան բազմազգ Ռուսիայում։ Այսինքն, այն անունների, որոնք թվանշան են պարունակում, քրեական արտահայտություններ են կրում և այլն։ Ռուսիո օրենսգետներն օրինաչափորեն համոզված են, որ նման անունները հոգեբանորեն ճնշում են մանուկներին։ Մենք միատարր երկիր ենք։ Մեր հիշողությունն էլ անսահման անհիշաչար է։ Եվ ահա վերցրել-յուրացրել ենք օտար, թշնամի անունները, անհեթեթության բազում արգելապատնեշներ խորտակող պատվանունները և այլն, և այլն։ Եկեք պեղենք ու հայտնաբերենք նեխահոտող շան գլուխը։ Համաձա՞յն եք, եթե այո, շարժվենք առաջ։

ՀԱՍԱՆՆ ՈՒ ԻՍՐԱՅԵԼԸ ԱՐԱՐԱՏԻ ԳԱԳԱԹԻ՞Ն


Անհեթեթության շուրջպարն է բռնում թևերիցդ և մեզ կարծես բռնակցում է հայոց աշխարհում ծվարած «հոգեբուժարանի» հենց այն սենյակին, որտեղ բանաստեղծական հակում ունեցող հոգեխեղվածները հորինում են խիստ ինքնատիպ և բարեհունչ անուններ, կնքում են իրար և երդվում են ողջ կյանքում պատվով կրել դրանք։ Ահա դրանք իրենց ողջ հմայքով հանդերձ. Սկյուռիկ, Սոխակ, Շաքար, Մարալ, նաև, ինչ խոսք, Դալար։ Բայց շունչ քաշիր, իմ պատվարժան ընթերցող, զի նշվածն ընդամենը մանկապարտեզային խաղ ու պար է։ Պատերազմը առջևում է։ Ահավասիկ, ինչ խորիմաստ և հայեցի անուններ կան ամենուր։ Թերևս խմբավորենք. Կասանդրա, Ջեսիկա, Մոնիկա, Ժոզե Մարիա, Կոնչիտա, Միգել։ (Ինչ խոսք, լատինաամերիկյան սերիալների ազդեցությունն է այստեղ զգացվում)։ Այնուհետև` Դիզենտերիա, Գալանտերիա, Ինդուստրալիզացիա, Կանալիզացիա։ Ի դեպ, վերջին պատվանունը շատ բուրավետ է հնչում հայերենում` կոյուղի։ Նաև Վիլիս, նաև Մյասնիկ, ասել է թե` մսագործ։ Սերը հանդեպ հանճարները թև է տվել «հոգեբուժարանի» նվիրյալներին, և հայոց միջավայրում վաղուց բնավորվել են Շեքսպիրը, Սայաթը, Պուշկինն ու Լերմոնտովը, Նապոլեոնն ու Հազդրուբալը, Հանիբալն ու Կուտուզովը։ Մի կին կար Երևանի բանվորական արվարձանում` ազգանունն ավանդական` Սերոբյան, անունը ո՛չ ավելի, ո՛չ էլ պակաս` Հելվրես։ Անշուշտ Հելվրեսին շատ է զիջում Հոմերոսը։ Սակայն նրա հետ մրցակցում են Լոնդոնն ու Վաշինգտոնը, Փարիզն ու Բեռլինը, Արգենտինան և Հայաստանը։ Անցյալ դարի 90-ականներն էին։ ՌԴ քաղաքներից մեկում ազգային մշակույթի օրեր էին։ Հայաստանը ներկայացնում էր նաիրյան գեղուհի մի տիկին։ Հնչեց հաղորդավարի ձայնը. «Слово предоставляется главе делегации республики Армения госпоже Аргентине Лондоновне»։ Դուք կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպիսին էին դահլիճում հավաքված մարդկանց դիմարտահայտությունները։ Ես անկարող եմ։


Տե՜ր իմ Երկնավոր, ի՞նչ երազ է տեսել ծնողը, որն առավոտյան նորածին զավակին անվանել է Սկյուռիկ։ Իսկ ի՞նչ է տեսել Պտղունցիկի կնքահայրը։ Սրանք, սակայն, նախավարժանք են, գրոհն սկսվում է այս քնքշանվաղ, մի քիչ էլ դյուցազներգական անվան արտաբերմամբ` Ծծշատ։ Ծծե՞րն են շատ։ Բայց չէ՞ որ դրանք շատ են լինում միայն հղի շան ծնից առաջ։

Սակայն մի բան մնաց թերի, մի պատմություն խիստ ուսանելի։ Ահա այն։ Էնվերը 1916-ին մի հրամանագիր է ստորագրում, որով ուղղակի արգելվում է Թուրքիայի ողջ տարածքում խոսել հայերեն։ Էնվերին միաբանվում է թուրք զորավար Հուսեյին Ավնին, որը բառաչում է հետևյալը. «Եթե մենք ուզում ենք մեր երկրի տերը դառնալ, ապա ամենափոքր գյուղի անունն անգամ պետք է դարձնենք թուրքերեն, այլ ոչ թե թողնենք հայերեն կամ հունարեն։ Այսպիսով` մեր երկիրը մենք կներկենք մեր գույներով»։ Հայոց ներկա անուն-տոհմանունների որքա՞ն մասն է ներկված եռագույն և որքա՞նը` կանաչ, կիսալուսնով զարդարուն։
Հողմաղացը թախանձագին պաղատում է արդի հայոց մարդաբաններին, մշակութաբաններին և ՄԱԿ-ին ուղերձ հղող նվիրյալներին. որքա՞ն են օտարածին անուն-ազգանունները մեր կյանքում, և հաշվեք, պաղատում եմ, թե վերջիններիս շարակարգում որքան է բուն թյուրքականի տեսակարար կշիռը։


Երկու-երեք օր առաջ էլ գրասեղանիս հանդիսավոր հանգրվանեց ոսկերիզ մի հարսանքահրավեր այս նշագրմամբ. «Հարգարժան տիար Առաքելյան, սրտանց հրավիրում ենք ձեզ, հանդերձ ընտանյոք մասնակցելու մեր զավակներ Գասպար Աբրահամի Իթօղլյանի և Սառա Էմանուիլի Թերզիբաշյանի հարսանյաց հանդեսին, որը տեղի կունենա Գառնու տաճարի առջև, ավանդական ծիսակարգով»։ Մերժեցի՞ հրավերը։ Իհարկե։
Քանի՞ միլիոն է թյուրքազերբայջանական բնակչության թվաքանակը։ Շուրջ 100 մլն։ Հազար տարվա մեջ նրանք քանի՞ հայեցի անուն և տոհմանուն են որդեգրել։ Հնարավո՞ր է պատկերացնել, որ Մագոմաևի անունը Մուսլիմի փոխարեն լիներ Մարտիկ։ Անհնար է։ Զի դա ուշիմ ժողովուրդների, այս պարագայում` ազերբայջանցիների համար պատմաքաղաքական աղետ է։ Աղետը մեր արյան մեջ է և որոմվել է մեր գենային համակարգում։ Չէ՞ որ անուն-անվանումները և խորհրդանշանները դեռ մանկությունից հոգեխառնվածք են ձևավորում։ Սրանից զատ, մի՞թե վիրավորական չէ հազար տարի թուրքական յաթաղան-կիսալուսնի ներքո արյուն ծորող հնագույն էթնոսի համար յաթաղանակերպերի անունների և անվանումների կրումը` պապից թոռ։ Այս պատմությունն արժե վերհիշել։ (Քաղաքական ամպամածություն էր, և երկինքը հղի էր ամպրոպով։ 1999-ի խորհրդարանական ընտրության նախաշեմին դեռ նոր քաղաքականություն մտնող մի գործիչ յուր Ղարագեբակյան օտարաշունչ տոհմանունը փոխարինեց հայաշունչ Մարգարյանով։ Ստեփան Մարգարյանն էր նա։ Իսկ ահա ճանաչված հեռուստահաղորդավար Հակոբ Ռուբինյանը, պարզվում է, պատժված էր Ղասաբօղլյան ազգանունով։ Բայց նա անպարտ անցավ Ռուբիկոնը։ Դաժան ցավով պետք է փաստեմ, որ օրինակներն այս եզակի են)։ Տե՜ր իմ Երկնավոր, ի վերջո ե՞րբ պետք է հյուսիսային մայրաքաղաքը վար նետի «Գյումրի» թուրքամրուր անունը և ուսին առնի «Կումայրի» խաս անվանումը։


Դուք լսե՞լ եք երբևէ, որ թուրքազերբայջանական էթնոսի որևէ ներկայացուցիչ արտասանի Արցախ, Գանձակ, Շուշի, Մռավ և այլ բառերը։ Չեք լսել, չեք էլ լսի։ Զի սա պատմաքաղաքական գերխնդիր է, իսկ նման հարցերում կիսալուսնի պատվիրակները բավականին աչալուրջ են։ Իսկ մենք անխռով քնած ենք և երազում անվերջ ազատագրում ենք Կարսն ու Վանը, Մուշն ու Արդահանը... ոչ հայեցի տոհմանունները շալակներիս։
Սակայն առաջին ծիծեռնակը սավառնել է արդեն։ Պաշտոնապես Ղարաբաղը վերանվանվեց ակունքի անվամբ` Արցախ։
Տարոսը հայոց անձնանուններին։

Մեր պատմական ալեկոծումների ընթացքում օտար անունները հաճախ են Հայք ներխուժել և մեր կամքով, քմայքով դարձել են «հարազատ ու յուրային»։ Բայց այսքա՞ն հարազատ ու յուրային։ Հունաստանից Հայք են հասել և անվարան արմատակալել են Պողոսն ու Պետրոսը, Գևորգն ու Կիրակոսը, Անաստասն ու Ագապին։ (Հունաստանում քանի՞ հայեցի անուն է հնչում, ո՞վ կտա այս հարցի պատասխանը)։ Եղիշեն, Արշամը և Գադիշոն, չկասկածեք, ասորական ծագում ունեն։ Ավելի նվաճողական է եբրայական անվանական սամումը։ Շուշան, Սամուել, Դանիել, Իսրայել, Սերոբ, Մարիամ, Զաքարիա, Ազարիա, Սուսաննա, Օվսաննա և այլն, և այլն։ (Անկասկած, անուններ կան, որոնք մեր կյանքում հոգևոր-մշակութային և պատմաքաղաքական սուրբ խորհուրդ ունեն և անձեռնմխելի են, ասենք` Դավիթ և Մարիամ)։
Իսրայել։ Տե՜ր իմ Երկնավոր, հնարավո՞ր է անգամ երազել, որ Իսրայել պետությունում արու զավակին անվանակոչեն Հայաստան կամ Նաիրի։ Անհնար է։

«ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ՀՌՉԱԿԱԳՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ


Հողմաղացը խոր քնում հայեցի անուններ է լսում-սքանչանում։ Այս կարգի վտանգների մասին ահա թե ինչ է խորագրել հրապարակաշունչ բանաստեղծը` արցախահայ Արտեմը Հարությունյան.
Հայաստան` Աստծուց այնքան հեռու և այնքան մոտ Թուրքիային...
զգում եմ` ինչ-որ վտանգ կա մեր շուրջը,
անձրևոտ օրը գիտակցում է դա բոլոր զգայարաններով...
«Հայաստան` անկախ երկիր»

Ի վերջո, ի՜նչ խորհրդավոր պտուղ է երկրի անկախությունը։ (Երկրի, հայրենիքի և պետության)։ Ինչ գույն ունի այն և ինչպիսի համ ու հոտ։ Կարելի է, անշուշտ, պնդել, որ երկիր-հայրենիք-պետությունն ազգային տնտեսական համակարգն է, ժողովրդի բարեկեցությունը և մշակույթի ծաղկունքը։ Այս ամենի ակունքում, սակայն, ազգային-պետական արժանապատվությունն է։ Եվ գիտակցված պայքարն ընդդեմ օտար ու թշնամի արժեքների կույր ընդօրինակման։ Առայժմ մենք անվարան հաջողակ ենք, զի հավատարմահպատակային ջերմեռանդությամբ զինվորագրվել ենք հավկուրացնող կոսմոպոլիտիզմի անանիվ սայլին։
Հայ երեխան, անունը, ասենք, Վանյա-Իվան, հայրանունը թեկուզ Սպիրիդոն, ազգանունն էլ, ինչ խոսք, Փաշաբեզյան, ի՞նչ է զգում կյանքի ընթացքում։ Մի խոսքով, մի ծանր ու անտաշ որձաքար պետք է շարժենք տեղից` տխրահռչակ ավանդույթի որձաքարը։ Պապի անունը Վիսլա է, է, թոռը Վիսլայիկ, վերջինիս թոռը` դարձյալ Վիսլա։ Է՞, ետքը՞, բա հետո՞։ Հետո այն, որ նման ջայլամային վարքով մենք այնքան էլ հասկանալի չենք քաղաքակիրթ աշխարհին։ Թեկուզ այս ձևաչափում, անկախացումից անմիջապես հետո, որպես պետական և ազգային արժանապատվության վավերագիր պետականորեն հայեցի դարձան նախկին թուրքանուն և բոլշևիկադրոշմ տեղանունները։ Սակայն նույն այդ երկրի քաղաքացիների անուն-տոհմանունները մնացին գերության մեջ։ Բայց մի՞թե սույնը քաղաքական խեղկատակության գլուխկոտրուկ չէ, հինավուրց քաղաքի (կամ շենի) անվանումը խիստ հայեցի է, նրա բնակիչների (նաև ղեկավարության) մի ստվար մասի անուն-տոհմանունը եբրայական և սելջուկա-օսմանյան հնչյուն ու բույր ունի։

ՎԵՐՋԵՐԳ
Այս ամենը պետք է, անշուշտ, կյանքի կոչվի օրենքով։ Այսինքն` պետք է արգելափակվի օտար (հաճախ էլ թշնամի) անուն-անվանումների շրջագայությունը երկրով մեկ։ Տիարք և տիկնայք մանդատակիրներ և կառավարության անդամներ, հանրային գործիչներ և այլք, մի՞թե ժամանակը չէ, որ դարձի գանք և հրապարակավ հրաժարվենք այն անուն-տոհմանուններից, որոնց հնչումն անգամ նոր հրաբուխների շարժառիթ է։ Մի խոսքով, քոչարին քոչվորի կաքավաշորոր պար չդարձնենք, պորտապարի նվագի տակ։
Զինչե՜ր ցուցանեցին առակներն այս Աստծո գառներին և մոլորյալներին։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2583

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ