«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Փողը Բարաբբային նախընտրեց Հիսուսից, ժամանակավորը` հավիտենականից, փակուղին` ճանապարհից, մահը` կյանքից

Փողը Բարաբբային նախընտրեց Հիսուսից, ժամանակավորը` հավիտենականից, փակուղին` ճանապարհից, մահը` կյանքից
05.05.2017 | 10:04

«Որովհետև մեր Տեր Աստվածը աստվածների Աստված է, տերերի Տեր, մեծ, հզոր ու ահավոր Աստված, որ ո՛չ մեկին աչառություն չի անում ու կաշառք չի առնում» (Բ Օր.10.17)։
«Վա՜յ ձեր այդ հզորներին, որոնք գինի են ըմպում, և ձեր իշխաններին, որոնք խառնված թունդ օղի են խմում, որոնք կաշառքի համար արդարացնում են ամբարշտին և արդարի իրավունքն են գողանում:


Դրա համար էլ, ինչպես եղեգն է վառվում կրակի կայծերից, այնպես էլ նրանք են այրվելու բորբոքված բոցից, նրանց արմատը դառնալու է մղեղի նման, նրանց ծաղիկը փոշու պես վեր է ելնելու, որովհետև նրանք մերժեցին Զորությունների Տիրոջ օրենքը, առավել ևս անարգեցին Իսրայելի սրբի խոսքը» (Ես.5.22-23 ):
Եթե մենք նախաձեռնել ենք խոսել կաշառքի «լավ» և վատ կողմերի մասին, մենք հաստատ չենք փայփայում այն հույսը, թե պիտի սարսափեցնենք բոլոր կաշառատուներին ու կաշառակերներին, և նրանք պիտի հետ կանգնեն իրենց խոտոր ընթացքից և ապրեն ազնիվ կյանքով, մենք պարզ մի նպատակ ենք հետապնդում. կաշառակերներին ու «իրենց բերանից կտրող» կաշառք տվողներին ծանոթացնել կամ մեկ անգամ ևս հիշեցնել Ամենակարող Աստծո խոսքը այս հոգեկործան երևույթի մասին:


ա. Կաշառք չվերցնես, որովհետև կաշառքը կուրացնում է անգամ պայծառատեսների աչքերը և ավերում արդար գործերը (Ելք 23.8):
բ. Քո Տեր Աստծո` քեզ տված բոլոր քաղաքներում ըստ ցեղերի դատավորներ և օրենսգետներ կկարգես, որպեսզի ժողովրդին դատեն արդար դատաստանով, աչառություն չանեն ու կաշառք չվերցնեն, որովհետև կաշառքը կուրացնում է իմաստուն մարդկանց աչքերը, խեղաթյուրում արդար մարդկանց խոսքերը: Արդար դատ կանեք, որպեսզի ապրեք, մտնեք ու ժառանգեք այն երկիրը, որ Տեր Աստված տալու է ձեզ (Օր. 16. 18-20):

գ. «Անիծյալ լինի այն մարդը, որը կաշառք կվերցնի անմեղ մարդ սպանելու համար»: Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Այդպես թող լինի» (Օր. 27. 25):
դ. Նրա առաջնորդները կաշառքներով էին դատում, նրա քահանաները վարձով էին պատասխան տալիս (Միքիա 3.11, 7.3):
ե. Կաշառքի համար գիրկը բացողը հաջողություն չի գտնի իր ճամփին, ամբարիշտը խոտորվում է արդարության ճանապարհներից (Առ.17.23):
զ. Կաշառակերը սպանում է իր հոգին, բայց կաշառք ատողը պիտի ապրի (Առ. 15.27):
է. Կաշառք տվողը հաղթություն և պատիվ է ձեռք բերում, բայց կաշառքը սպանում է առնողների հոգին (Առ. 22.9):
ը. Բարձրյալին տուր ըստ Նրա տվածների և լիառատ աչքով տուր քո ձեռքի բարիքներից, քանզի Տերը հատուցող է և յոթնապատիկ կհատուցի քեզ: Մի տուր կաշառքի նման, քանզի այն ընդունելի չի լինի (Սիրաք. 32.12-14):
Այս ամենից պարզ է դառնում, որ կաշառքը վնասում է առհասարակ բոլորին` թե՛ տվողին, թե՛ վերցնողին, թե՛ երրորդ կողմին:


1. Կաշառքը կուրացնում է անգամ իմաստունների մտքի աչքը,
2. կաշառքը ավերում է արդար գործերը,
3. կաշառքը խեղաթյուրում է արդար մարդկանց խոսքերը,
4. կաշառքը մարդուն դարձնում է մարդասպան,
5. կաշառքը մարդուն դարձնում է անեծքի բաժին,
6. կաշառքը վարակում է և՛ մարմինը, և՛ հոգին,
7. կաշառքը թվացյալ հաջողություն է ապահովում,
8. կաշառքը ինքնասպանություն է:
9. Մա՛րդ, Աստծուն քո արշինով մի՛ չափիր. Նա կաշառակեր չէ՛, խեղճ ու խղճուկ, խղճալի մա՛րդ արարած: Նրանն է երկիրն` իր ամբողջությամբ: «Եթե քաղց զգամ, քեզ բան չեմ ասի, քանզի իմն է աշխարհն իր ամբողջությամբ: Աստծուն օրհնության պատարա՛գ մատուցիր և Բարձրյալի առջև ուխտդ կատարի՛ր: Քո նեղության օրը կանչիր ինձ. ես կփրկեմ քեզ, ու դու կփառաբանես ինձ»: Աստված ոչ միայն որևէ բան չի պահանջում մարդուց, այլև պատրաստակամ է տալու նրան ամեն բան, բարձր թոշակ, անգամ բարձր պաշտոն, եթե մարդը ունի ազնիվ նպատակներ, բայց արի ու տես, որ մարդը ամենևին էլ ազնիվ նպատակներ չունի, այդ պարզ պատճառով էլ մտադիր չէ դիմել Աստծուն որևէ բան ստանալու խնդրանքով, որովհետև ինքը ո՛չ Աստծո փառքի համար է անհանգստանում, ո՛չ իր նմանի կարիքների, այլ իր հասարակական դիրքի, պաշտոնի, աթոռի կամ թիկնաթոռի, բազմոցի կամ բազկաթոռի համար:


Շարքային մարդիկ, ովքեր չունեն աթոռ և դրա էվոլյուցիայի հեռանկար, սովորաբար պատկանում են կաշառատուների դասին, սակայն ժամանակ առ ժամանակ, որոշակի պարբերականությամբ, երբեմն էլ` արտահերթ, վերածվում են կաշառակերների, սակայն նրանց` ավանդական կաշառակերների, վարկակերների, գրանտակերների կողմից հրամցվում են, պատվաստվում են փոքրիկ չափաբաժիններ` նրանց մեջ կաշառակերությունը հիմնովին արմատավորելու հեռագնա նպատակներով: Կարևորն այն է, որ նրանք համոզվեն մի պարզ ճշմարտության մեջ. փողը կարող է ձեռք բերվել ո՛չ միայն սեփական ջանքով և բուրել ո՛չ միայն սեփական քրտինքով: Եվ ընդհանրապես, փողը շատ ավելի հաճելի հոտ ունի, երբ այն լվանում են և պահում են ապահով, ստերիլ պայմաններում:
Հայ մարդը սովոր է մինչև ընտրություններ լինել կաշառատու, հետո կաշառակեր` փորձելով հետ ստանալ իր տվածի չնչին մասը:


«Օվսա՜ննա»,- բացականչում էր ժողովուրդը` դիմավորելով իր Թագավորին: «Խա՜չը հանիր»,- ժամեր անց բացականչում էր նույն ժողովուրդը` վերածված ամբոխի, որ «օրենք չգիտի և նզովյալ է»: Ինչ էր փոխվել այդ մի քանի ժամում. զնգացել էր արծաթը, համբույրը դավաճանել էր, գործի էր անցել բոլոր ժամանակների միակ հանրամատչելի օրենքը` փողի և առևտրի օրենքը, շատ վտանգավոր ու անդառնալի առևտրի, երբ հոգին է վաճառվում, ապագան ու հույսը: Բայց տեղի ունեցավ նաև առավել վատթար բան. վաճառվեց Աստծո Սերը և Նվիրումը, արծաթասիրությունը մարդուց արտածծեց ողջ մարդկայինը և դարձրեց նրան Տիրամատնիչ և Աստվածասպան, փողը Բարաբբային նախընտրեց Հիսուսից, ժամանակավորը` հավիտենականից, փակուղին` ճանապարհից, մահը` կյանքից:


Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 1220

Մեկնաբանություններ