Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թուրքիան ու քրդերը տանուլ են տալիս Սիրիայում, արժե սպասել՝ տեսնելու, թե ովքեր են հաղթողները

Թուրքիան ու քրդերը տանուլ են տալիս Սիրիայում, արժե սպասել՝ տեսնելու, թե ովքեր են հաղթողները
10.05.2017 | 09:48

Քրդական, թուրքական, ամերիկյան ու եվրոպական աղբյուրների՝ նույնիսկ մերձպաշտոնական խողովակներով Ռուսաստանից պարբերաբար ստացվող հաղորդագրություններ պարունակող հրապարակումների հետազոտությունն ու համադրությունը ակամա մի արտասովոր վարկածի են հանգեցնում: Չէ՞ որ ընդունված է համարել, որ, օրինակ, ԱՄՆ-ը և Ռուսաստանը գրեթե ամենուրեք ընդհարվում են, և համարյա բոլոր հարցերում, բացառությամբ արցախյան խնդրի կարգավորման հետ կապված իրավիճակի, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահության ձևաչափը մի տեսակ առանձնահատուկ պարտավորություններ է դնում Վաշինգտոնի և Մոսկվայի վրա: Սակայն 2017 թ. մարտի երկրորդ կեսին և ապրիլին Սիրիայից ստացված հաղորդագրությունների ուսումնասիրումն ու դասակարգումը գալիս են համոզելու, որ կա միջազգային քաղաքականության ևս մեկ հարց, որտեղ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը գործում են կա՛մ համաձայնեցված, կա՛մ էլ առանց իրար խանգարելու. դա սիրիացի քրդերի և Թուրքիայի հանդեպ նրանց «վերաբերմունքի» հարցն է:


Մեր ուշադրությունը Քրդական հարցին սևեռելու տեղեկատվական առիթներն ավելի քան շատ են եղել: Համառոտակի որոշ մանրամասներ, այնուամենայնիվ, պե՛տք է հիշատակել, որոնցից երևում է, որ Թուրքիայի և Ռուսաստանի ընդհարում եղել է: Հիշենք մարտի 10-ին Մոսկվայում Թուրքիայի նախագահ Էրդողանի ու Ռուսաստանի նախագահ Պուտինի ձախողված բանակցությունները, երբ Ռուսաստանը պատասխան չտվեց Ռուսաստանի մայրաքաղաքում քուրդ-սիրիական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ներկայացուցչությունը փակելու թուրքերի պահանջին: Սա, բնականաբար, ռուս-թուրքական հարաբերությունների նորագույն սրման առաջին փուլն է թե՛ կոնկրետ Սիրիայի առնչությամբ, թե՛ ընդհանուր առմամբ: Որովհետև, ինչպես մարտ-ապրիլի ընթացքում նշում էին, փաստորեն, բոլոր առաջատար համաշխարհային, այդ թվում՝ ռուսական ու թուրքական լրատվամիջոցները, Անկարան աչքի էր ընկնում թշնամական հայտարարություններով ու գործողություններով թե՛ ռուսական Ղրիմի առնչությամբ, թե՛ Սև ծովում նավագնացության, թե՛ ՌԴ-ի հետ առևտրի հարցերի առնչությամբ և այլն, և այլն: Աշխարհի ամենատարբեր ուժերն ու վերլուծական կենտրոնները, ընդ որում, նաև բուն Թուրքիայում, այս ամենից հետո բազմիցս լրջորեն խոսել են նույնիսկ առճակատման սաստկացման հավանականության մասին, ընդ որում, ավելի վատ վիճակի, քան եղել էր 2015 թ. խփված ռուսական Սու-24-ից հետո: Ի դեպ, մենք հասկանում ենք, չէ՞, որ 2017 թ. փետրվարի 9-ին սիրիական Էլ-Բաբի մոտ ռուսական ռազմատիեզերական ուժերի (ՌՏՈՒ) «սխալը», երբ ռուսական ռմբակոծիչները ջարդ տվեցին թուրքերին, հար և նման էր թուրքերի այն «սխալին», երբ նրանք ոչնչացրին Սու-24-ը, ապա նաև փրկարարական Մի-8 ուղղաթիռը, որը դուրս էր եկել որոնելու խփված ռուս օդաչուներին:


Իրավիճակն առանց ընթացիկ տարվա մարտ-ապրիլի էլ ներշնչում էր, որ և՛ Մոսկվան, և՛ Անկարան պարզապես ձևացրել և ձևացնում են, թե իրենց միջև «խնդիր չկա», իսկ իրականում Թուրքիան Աստանայի գործընթացում «աշխատում է» որպես Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ-ի ու Իսրայելի քաղաքականության ջատագով, բայց, իր հերթին, նույն Թուրքիան «հեռախոս» է Ռուսաստանի համար, որպեսզի ԱՄՆ-ին և Իսրայելին հաղորդի այն «կարմիր գծերի ցանկը», որ Սիրիայում ստեղծել են Աստանայի գործընթացի երկու այլ մասնակիցներ, այսինքն՝ Ռուսաստանն ու Իրանը: Թվում է, թե այս պարբերությունում նկարագրվում է ընդհանուր աշխարհառազմավարական իրավիճակն ու Սիրիայի հարցում ուժերի դասավորությունը, և հարց է առաջանում. ի՞նչ կապ ունեն այստեղ սիրիացի քրդերը, և ո՞րն է նրանց տեղը: Հետազոտությունները ցույց են տալիս՝ քրդերը թե՛ տեղին են, թե՛ ժամանակին: Մեկ անգամ ևս հիշենք Էրդողանի այցը Կրեմլ: Թուրքիայի առաջնորդը դեռ մամուլի ասուլիսում քրթմնջացել էր՝ անհնար է ահաբեկչական մեկ խմբավորումը («Իսլամական պետությունը», ԻՊ) վերացնել մեկ ուրիշի (քրդական «ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների», YPG-ի՝ PYD-ի մարտական թևի) միջոցով: Ավելի ուշ թուրքական լրատվամիջոցները հաղորդեցին, թե Էրդողանը Պուտինից պահանջել էր հրաժարվել Բաշար Ասադի կողմում կռվող քրդերին աջակցելուց, որոնք ակնկալում էին որպես պարգև ստանալ Սիրիայի հյուսիսում՝ սիրիա-թուրքական սահմանի երկայնքով, Քրդստանի ինքնավար պետություն ստեղծելու հնարավորություն: Սակայն Ռուսաստանի նախագահը, իբր, պատասխանել էր մերժմամբ: Ավելին, մարտի կեսերին հայտնի էր դարձել, որ քրդական մարտական կազմավորումների ներկայացուցիչները ռուս մասնագետների հետ համաձայնագիր են կնքել «պատերազմ մղելու ժամանակակից հմտություններին» իրենց զորքերի վարժեցման վերաբերյալ: YPG-ի ներկայացուցիչների ասելով, արդեն 2017-ի կեսերին նոր մարտիկների պատրաստման հաշվին քրդական բանակի թվակազմը կհասնի 100 հազարի: Այս տեղեկությունը ակնբախորեն հաստատում են համացանցում զետեղված լուսանկարները, որոնք վկայում են այն մասին, որ ռուսական զինվորականներ և տեխնիկա են բերվում Սիրիայի արևմտյան քրդաբնակ Աֆրինի տարածաշրջան: Միաժամանակ, Պետդումայում հայտարարել էին, որ Դամասկոսն ու քրդերը պետք է անհապաղ արագացնեն երկխոսությունը Սիրիայի կազմում «սահմանադրական լայն լիազորություններով» օժտված քրդական ազգային ինքնավարություն ստեղծելու շուրջ: «Դա կնպաստեր երկրի հյուսիսում խաղաղության վերահաստատմանը»,- այն ժամանակ հայտարարել էր միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:


ՈՒ թեև Կրեմլը ոչինչ չմեկնաբանեց, Էրդողանը ամեն ինչ հասկացավ առանց ավելորդ խոսքերի: Ռուս քաղգործիչների հայտարարություններն ու ռուս զինվորականների գործողությունները Անկարայում ընկալեցին իբրև «Թուրքիայի թիկունքին հասցված դանակի հարված», որը քրդերին համարում է իր գլխավոր թշնամի: Թուրքական կողմի արձագանքն իրեն սպասել չտվեց: Քուրդ դիպուկահարի կողմից թուրք զինվորի սպանության կապակցությամբ մարտի 23-ին Թուրքիայի արտգործնախարարություն կանչվեց Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Պանովը: Պետք է ասել, որ թուրքերն ու քրդերը «նախանձելի» հետևողականությամբ սպանում են միմյանց, և առաջ նման դեպքերը երբեք որպես առիթ չէին օգտագործվում ռուս դիվանագետների հրապարակային հանդիմանության համար: Բայց հիմա, ամենայն հավանականությամբ, «նստվածք» կա: Բացի այդ, թուրքական ԱԳՆ-ն Պանովից պաշտոնապես պահանջել է անմիջապես փակել Մոսկվայում քրդական PYD-ի գրասենյակը, թեև ռուսական կողմը երբեք պաշտոնապես չի հաստատել դրա գոյության բուն փաստը, բայց և չի հերքել իր կապերն ու երկխոսությունը այդ կուսակցության, մասնավորապես նրա առաջնորդ Սալեհ Մուսլիմի հետ: Էրդողանը կազմակերպեց, որ Անկարայի վերահսկողության տակ գտնվող «սիրիական ընդդիմության» ներկայացուցիչները չմեկնեն մասնակցելու Աստանայի բանակցությունների երրորդ ռաունդին:

Հենց այդ ժամանակ էլ ռուսական լրատվամիջոցներում ընդգծեցին. «Անկարան ոչ միայն ձախողեց ընթացիկ բանակցային գործընթացը, այլև, փաստորեն, խաչ քաշեց Պուտինի նախաձեռնությունների վրա, որը լրջորեն հույս ուներ, թե Աստանան կկարողանա դառնալ Ժնևի գործուն այլընտրանք: Ղազախստանի մայրաքաղաքում Սիրիայի հարցով ոչ մի ճեղքում ձեռք չբերվեց»: Եվ սկսեցին ենթադրություններ արվել, թե ինչու է այդպես լինում, նկատի առնելով Էրդողանի վրա Ռուսաստանի նախագահի ոչ այնքան բացատրելի սևեռվածությունը. «Երբ երկրների հարաբերությունները թելադրվում են ոչ թե փոխադարձ շահերով ու իրավական բաղկացուցիչներով, այլ առաջնորդների անձնական հարաբերություններով, ամեն կանխատեսություն անհեռանկար բան է, քանի որ ամեն ինչ հիմնվում է հույզերի վրա: Ինքնաթիռ են խփել, թե, ինչպես հիմա, թուրք զինվոր են սպանել. ու գնա՜ց... Առայժմ Վլադիմիր Պուտինը ձևացնում է, թե Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններում ոչ մի լուրջ բան տեղի չի ունենում, բայց բոլորի համար ակնհայտ է. երկու կողմն էլ խարույկն արդեն պատրաստել են: Հիմա ամեն մանրուք կարող է բոցավառել այն, հրահրելով հերթական խզումը»: Եղան նաև ավելի ցայտուն բնորոշումներ. «Պուտինն առայժմ արդարացնում է «պինդ ընկույզ» մականունը, որ նրան տվել է Դոնալդ Թրամփը, բայց Էրդողանի գործողությունները ցույց են տալիս, որ նա ուր որ է կկորցնի հավասարակշռությունը»:


Հայ հասարակությունը զարմանք կկտրի, եթե իմանա, որ ապրիլի կեսերին, ընդ որում՝ թե՛ Թուրքիայում, թե՛ ԱՄՆ-ում, լրջորեն ասում էին, թե Ռուսաստանն ու Թուրքիան «պատերազմի եզրին են», հասկանալի է՝ Սիրիայում: Ճիշտ է, այդ ձևակերպման վերջում հարցական նշան էր դրվում: Առաջարկեմ միայն երկու թուրք մեկնաբանի՝ Ջենք Բաղլամըշի և Հաքան Աքսայի հրապարակային կարծիքները, բայց հավաստիացնում եմ՝ ուրիշ թուրքեր էլ էին զարմացնում ոչ պակաս ողբերգական և գրեթե խուճապային կանխատեսումներով: Իսկ «գանգատները» Պուտինի «անհասկանալիության» և պաշտոնական Մոսկվայի լռության առթիվ հրապարակվում էին անգամ թուրքական առաջատար «Hurriyet» թերթում (27.03.17 թ.): Եվ գլխավոր կետը սիրիացի քրդերն էին. «Ոչ միայն ԱՄՆ-ը՝ ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի դաշնակիցը, այլև Ռուսաստանը՝ Թուրքիայի արտոնյալ գործընկերը, չեն ընդունում նախագահ Էրդողանի նախազգուշացումները քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների (YPG) առթիվ»: Եվ բոլորը բացահայտորեն հանդիմանում էին Էրդողանին, նշելով, թե Թուրքիայի նախագահը և նրա շրջապատը ամենևին չեն սովորել հասկանալ ռուսական նախազգուշացումների նրբությունը: «Այն, որ Թուրքիան, մաքսատուրք սահմանելով ռուսական ցորենի վրա, դիմեց գործնականում արգելք մտցնելուն, իսկ վերջերս էլ պաշտպանեց Սիրիային ԱՄՆ-ի հասցրած հրթիռային հարվածը, իրադարձություններ են, որոնք խիստ զայրացրել են Մոսկվային,- արձանագրել է Բաղլամըշը:- Ռուսաստանն իրականում փորձում է խանգարել Էրդողանին միանալու Թրամփի ճամբարին»: Թուրքերին է՛լ ավելի վախեցրեց ՌԴ-ից Թուրքիա չարտերային չվերթերի չեղարկման որոշումը (ապրիլի 11): «Ես ցնցվեցի: Ես ինձ կորցրի,- խոստովանեց Հաքան Աքսայը:- Հնարավոր է, մենք գտնվում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունների մեծ ճգնաժամի շեմին: ...Ռուսները շատ են սիրում «նուրբ ազդանշաններ» ուղարկել: Եվ ոչ մի բան հենց այնպես չեն ասում կամ անում՝ սոսկ ինչ-որ բան ասած կամ արած լինելու համար: Նրանց յուրաքանչյուր քայլին երբեմն անմիջապես, երբեմն փոքր-ինչ ուշ անպայման հետևում է երկրորդ քայլը: Անգամ եթե դուք լիովին չեք հասկացել, նշանակություն չեք տվել, մոռացել եք 2015 թ. նոյեմբերի 24-ից հետո Կրեմլի արած հայտարարությունները, թուրքական օբյեկտներին «պատահական» հարվածը, երբ Սիրիայում համագործակցության ընթացքում Անկարան սկսեց քմահաճություն անել, ...այդ ազդանշանները տրվել էին: Շարունակություն կլինի»:


Բնականաբար, Հոմսի նահանգում գտնվող սիրիական ռազմական օդանավակայանին ԱՄՆ-ի հարվածները կապված չէին Սիրիայում Քրդական հարցի հետ, այլ անուղղակի արձագանքն էին այն բանի, որ «ԻՊ-ի խալիֆայության մայրաքաղաք» Ռաքքան համաձայնեցված կարգով շրջապատում էին քրդական YPG-ի ջոկատները, այսինքն, ըստ էության, Թուրքիայի համար այնքան ատելի PYD կուսակցության աշխարհազորայինները և մեկ էլ քրդական YPG-ի ջոկատները, բայց արդեն նրանք, որոնք (քրդական ներքին համաձայնեցմամբ) մտնում են ԱՄՆ-ի ու Իսրայելի հատուկ ծառայությունների ստեղծած և նրանց հովանավորությունը վայելող, այսպես կոչված, «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (ՍԺՈՒ) կազմի մեջ: Չէ՞ որ Աֆրինում, ուրեմն և Իդլիբի նահանգում, Ռաքքայում, Հասեկեում, Դեյր Զորում, Այն-էլ-Արաբում, Ռաս-ալ-Այնում և Հյուսիսային Սիրիայի այլ առանցքային վայրերում թե՛ Սալեհ Մուսլիմի մարդիկ, թե՛ ԱՄՆ-ի հետ համագործակցող քրդերը շատ սերտորեն կապված են Բաշար Ասադի բանակի հետ: Ովքե՞ր կարող են դժգոհ լինել դրանից. իհարկե, բացի Թուրքիայից, նաև ԱՄՆ-ն ու Իսրայելը: Հիշենք Խան-Շեյխունում «կատարված» կեղծ քիմհարձակումը և Դոնալդ Թրամփի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նույն Էրդողանի անմիջապես հետևած սպառնալիքներն ու պահանջները Սիրիայի օրինական նախագահի տապալման անհրաժեշտության մասին: Ո՞Ւմ է ձեռնտու ներսիրիական դասավորություններում քրդական գործոնի այս կամ այն չեզոքացումը. իհարկե, Ռուսաստանին ու Իրանին, որոնց համար սիրիացի քրդերը, որպես նախագահ Բաշար Ասադի դաշնակիցներ (թեկուզ և ժամանակավոր), թե՛ ժամանակ են շահում, թե՛ ուժեր ու, իհարկե, ֆինանսներ են խնայում: Մարտ-ապրիլին թուրքական փորձագետների արած գլխավոր հետևությունն այս է. «Սիրիայում թուրքական գործողությանը (խոսքը «Եփրատի վահանի» մասին է) վերջ դրեց ոչ թե Թուրքիան, այլ Մոսկվայի ու Վաշինգտոնի քայլերը»:


Էլի մի քանի մեջբերումներ Հաքան Աքսայից. «2015 թ. նոյեմբերի 24-ին թուրք-ռուսական հարաբերությունները փուլ եկան և այդպես էլ ոչ մի կերպ չեն կարգավորվում: Ամեն ինչի պատճառը Սիրիան է: Մի քանի ամիս Սիրիայում համագործակցություն կար: Այնուհետև խնդիրները հաճախակի դարձան: Ռուսաստանին անհանգստացնում էր այն, որ Թուրքիան իրեն այնպես է պահում, ասես բնավ մտադիր չէ դուրս գալու Սիրիայից և գործում է իր հայեցողությամբ: Իր ազդանշաններով Ռուսաստանն սկսեց հասկացնել, թե ուզում է, որ Թուրքիան զինված ուժերը հանի Սիրիայից: Սակայն Անկարան արտասովոր վստահություն ուներ իր ուժերի նկատմամբ, և ոչ ոք չէր կարող կանգնեցնել նրան, նա հակված էր մի այսպիսի խորամանկ գործելակերպի. «Վաշինգտոնի օգնությամբ առաջ շարժվել այնտեղ, ուր անհնար է պայմանավորվել Մոսկվայի հետ»: Այն նույն ամերիկացիների օգնությամբ, որոնք (հիշո՞ւմ եք) պաշտպանում են քրդերին (ռուսների նման), չեն հանձնում Գյուլենին... Թուրքիան Սիրիա մտավ Ռուսաստանի թույլտվությամբ և յոթ ամիս շարունակ ընդհանուր առմամբ գործում էր նրա հետ համակարգված: Արդյունքում, թեև Անկարան հայտարարեց «Եփրատի վահան» գործողության ավարտի մասին, սակայն նա չէր կարողանում թաքցնել փափագը սկսելու նոր գործողություններ, անգամ եթե Մոսկվան դեմ լինի դրան»: Թուրքը վշտանում է այն կապակցությամբ, որ Անկարայում ոչ մի կերպ չեն կարողանում «ճիշտ ընթերցել» Մոսկվայի ակնարկները, և հետևցնում է. «Մոսկվան այդպիսով քայլ արեց: Հիմա լռում է: Նայում է Անկարային: Սպասում է թուրքական կողմի քայլերին: Եթե Անկարան քայլեր կամ «ակնկալվող քայլեր» չանի... Մոսկվան կանի երկրորդ քայլը: Կարող են հետևել այլ քայլեր ևս»:

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2173

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ