Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Երևանի հայտնի ու անհայտ հիմնախնդիրները

Երևանի հայտնի ու անհայտ հիմնախնդիրները
10.05.2017 | 09:55

(Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ)

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու իմ որոշումը բավականին անսպասելի էր իմ շրջապատի ու, հատկապես, ինձ համար. «քո ի՞նչ գործ պոլիտիկա», երբ երկրում 25 տարի շարունակ գործում է քաղաքական գործիչների մի ողջ բանակ, որն արեց իրենից կախված ամեն ինչ, հնարավորն ու անհնարինը, որ հայ ժողովուրդը, հետխորհրդային մյուս երկրների նման, հայտնվի տևական տնտեսական ճգնաժամի մեջ՝ առանց զարգացման հստակ ծրագրերի ու տեսանելի հեռանկարի: Սա դրսի ուժերի պատվերն էր, որը տեղավորվում է Գորբաչովի «перестройка»-ի ընդհանուր տրամաբանության ու գաղափարախոսության մեջ, համաձայն որի՝ հետխորհրդային երկրները պետք է դառնային սպասարկման ու հումքային երկրներ:

Մեր իշխանությունները սրբորեն, կետ առ կետ կատարեցին իրենց վրա դրված բոլոր պարտավորությունները, ցույց տվեցին արտաքին ուժերին ծառայելու իրենց հմտությունն ու պատրաստակամությունը, տաղանդն ու նվիրվածությունը: Իսկ Հայաստա՞նը, Հայաստանի խնդիրնե՞րը... Ոչինչ, Հայաստանը կարող է սպասել, մեր տերերին դրանք շատ չեն հետաքրքրում: Դրա վառ վկայությունն են մեր երկրի ներկայիս թշվառ վիճակն ու ՀՀ բոլոր նախագահների վարած ներքին ու արտաքին քաղաքականության պատճառով հասունացած այն դառը պտուղները, որոնք դառնից էլ շատ դառն են բազմաչարչար հայ ժողովրդի համար:
Անկախությունից հետո շատ կորուստներ ունեցանք արտաքին քաղաքականության հարցերում: Օրինակ, 2017 թվականի ապրիլի 28-ին Հ3-ին տված հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը հայերիս համար հստակեցրեց հայ-թուրքական սահմանների խնդիրը. 1923 թվականի Լոզանի համաձայնագրի համատեքստում, անկախանալուց հետո Հայաստանի իշխանությունները ճանաչել են Թուրքիայի ներկայիս սահմանները և վերջ: Փաստորեն, ԱՄՆ-ի դեսպանը հորդորեց, որ նման հարցերով անմիջապես պետք է դիմել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և ոչ միայն:


ԼՏՊ-ն պետք է տա իր հստակ բացատրությունները նաև Ղարաբաղի հիմնախնդրի հարցում, թե ինչպես ստացվեց, որ Հայաստանի նախագահի ստորագրությունը հայտնվեց Ղարաբաղ-Ադրբեջան զինադադարի երկկողմ պայմանագրի տակ՝ այն դարձնելով եռակողմ ու տանելով դեպի քաղաքական փակուղի:
Հայաստանի փակուղիները շատ են հատկապես երկրի ներքին խնդիրներում. Հայաստանի տնտեսությունը շարունակում է տեղում դոփել, արտագաղթը գնալով սաստկանում է՝ նոր թափ առնելով հերթական ընտրություններից հետո, մարդիկ հասել են հուսահատության վերջին աստիճանին, որից այն կողմ այլևս չեն երևում հայրենիքի ու նրա քաղաքացիների փրկության ուղիները:


Ապրիլյան խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ երկրում ստեղծված դրությունը լրջորեն անհանգստացրել է Հայաստանի իշխանություններին, բայց բոլորովին այլ տեսանկյունից. մարդիկ այնքան անտարբեր են դարձել ամեն ինչի նկատմամբ, որ նույնիսկ հետընտրական զարգացումները չկան, բողոքի ցույցերն էլ են մտել փակուղի, մարդկանց բոլորովին չեն հետաքրքրում ընտրախոստումների, ընտրակեղծիքների, ընտրակաշառքների այն բոլոր թեմաները, որոնք առնչվում են իշխանությունների կողմից վարվող ներքին քաղաքականությանը:


Իհարկե, դասական առումով այստեղ ներքին քաղաքականության մասին խոսք լինել չի կարող, այստեղ առկա է ներքին անամոթ խաբեությունը, որը հայ ժողովուրդը կուլ է տալիս՝ Ղարաբաղի հարցին վնաս չտալու նկատառումներից ելնելով: Երբ 1988 թվականին սկսվեց ղարաբաղյան շարժումը, որն ավարտվեց ՀՀՇ-ի իշխանությամբ, մենք՝ տեխնիկական մտավորականներս ու «կարմիր» տնօրեններս, դրա մեջ առանձնակի վտանգներ չտեսանք: Ի՞նչ է պատահել, իշխանության են եկել հայրենասեր մարդիկ, թող աշխատեն, մենք կզբաղվենք մեր հարցերով, կմշակենք տնտեսության ու արդյունաբերության զարգացման նոր քաղաքականություն՝ ելնելով ստեղծված իրադրությունից, ԽՍՀՄ փլուզման իրողությունից, արդյունաբերությունը զարգացման նոր ռելսերի վրա դնելու հրամայականից և այլն:
Ես, մասնավորապես, այդպես էլ վարվեցի, մշակեցի Հայաստանի տնտեսության վերակառուցման նոր հայեցակարգ, իմ գիտական խմբի հետ մշակեցինք Հայաստանի ու Ղարաբաղի հելիոֆիկացիայի ծրագիրը, դրեցինք հելիոտեխնիկական արդյունաբերության հիմքերը ու, արդեն 2000 թվականից, գործնականում պատրաստ էինք երկիրը դուրս բերելու տնտեսական ճգնաժամից՝ հենվելով մեր ինքնատիպ մոտեցումների ու մշակումների վրա: Մեր մշակած տեխնիկական քաղաքականության մեջ հաշվի էին առնված ժամանակակից արդյունաբերություն ստեղծելու բոլոր անհրաժեշտ տարրերը, որոնք իրենց արտահայտությունն են գտնում, օրինակ, Ռուսաստանում վարվող պուտինյան քաղաքականության մեջ: Բայց ի՞նչ անես, եթե մեր հայրենասեր իշխանություններին դրանք պետք չեկան, ուշադրություն չեն դարձնում, ավելին, ամեն կերպ խանգարում ու խոչընդոտում են դրանց ներդրմանն ու զարգացմանը, որովհետև, ինչպես կյանքը ցույց տվեց, նրանք ոչ թե հայրենասեր, այլ անկուշտ ու փողասեր քաղաքական գործիչներ են, որոնցից պետք է ազատվել՝ օգտագործելով ընտրությունների սահմանադրական միջոցներն ու մեխանիզմները: Մյուս կողմից՝ նկատելի է, որ մեր քաղաքական լիդերները կյանքից շատ են հետ մնացել, ամեն անգամ խոսելով տեղեկատվական տեխնոլոգիաներից, նրանք բոլորովին բաց են թողել ժամանակակից տեխնիկայի ու տեխնոլոգիաների հետ մեր կենցաղ մտնող բազմաթիվ էկոլոգիապես վտանգավոր երևույթներ, որոնք, մասնավորապես, կապված են քաղաքաշինության, տրանսպորտի, հեռահաղորդակցության ու կապի միջոցների զարգացման հետ: Երկրի ներքին կյանքը կազմակերպելու հարցերում շատ կարևոր է քաղաքական կյանքում պրոֆեսիոնալ մասնագետների ակտիվ մասնակցությունը, ինչը թույլ կտա հրաժարվել սիրողական մոտեցումներից և երկրի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաների տված անսահման հնարավորությունները: Այնպես որ, ռեալ քաղաքականության մեջ մտնելու իմ որոշումը, թեկուզ և Երևանի ավագանու կարգավիճակով, համարում եմ ճիշտ, բայց բավականին ուշացած և, միաժամանակ կոչ եմ անում մեր գիտնականներին՝ մտնել ակտիվ քաղաքականություն ու այդ ճանապարհով ևս օգտակար լինել մեր երկրին և ժողովրդին:


Ի՞նչ անել նման դեպքերում, երբ առջևում ոչ պակաս կարևորության Երևանի ավագանու ընտրություններն են, որին մասնակցում եմ նաև ես՝ վստահ լինելով, սակայն, որ ամեն ինչ կրկնվելու է ճիշտ այնպես, ինչպես դա տեղի է ունեցել քառորդ դար շարունակ, ընտրակեղծիքների պակաս, բնականաբար, չի լինելու, բայց այստեղ կան մի շարք «բայցեր», որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել: Նախ, 25 տարվա անկախության փորձը ցույց տվեց, որ մեր մտավորականությունը պետք է ակտիվորեն մասնակցի երկրի քաղաքական գործընթացներին՝ հաշվի առնելով հետևյալ պարզ ճշմարտությունը. եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզնով՝ մշտապես սահմանափակելով ազատ ու բարգավաճ կյանքով ապրելու քո սահմանադրական իրավունքը:
Իմ քաղաքական հաշվարկները ցույց են տալիս, որ հանրապետական կուսակցությունը հասկանում է երկրի օրհասական դրությունն ու պետք է անի իրենից կախված բոլոր քայլերը, պետք է պայքարի, որ սահմանափակվի Երևանի քաղաքապետի ներկայիս բացարձակ իշխանությունը՝ այն դնելով քաղաքական եռյակի տրամադրության տակ: Երկրի շահերից է բխում, որ հանրապետական կուսակցությունը հրաժարվի իշխանական բոլոր դիրքերում իր մարդկանց տեսնելու պրակտիկայից ու կարևոր պաշտոնները, ինչպիսին է Երևանի քաղաքապետինը, զիջի ընդդիմությանը, դա կլինի երկրի ներքին կյանքի ակտիվացման ու առողջացման առաջին կարևոր քայլը:

Այս դեպքում հնարավոր է շահեկան դիրքեր ստանալ նաև Ղարաբաղի հարցում՝ հայկական իրական ժողովրդավարության ծիլերը տարածելով նաև Ադրբեջանում ու Ալիևի բռնապետական վարչակարգի դեմ հանելով թալիշներին, լեզգիներին և ճնշվող ու կեղեքվող մյուս ժողովուրդներին: Այս տեսակետը կարող եմ հիմնավորել տարբեր փաստերով ու փաստարկներով: Կան խնդիրներ, որոնք գտնվում են քաղաքացիների ու Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում, կան բազում այլ խնդիրներ, որոնք դուրս են մնացել քաղաքապետարանի ուշադրությունից, բայց շատ կարևոր են: Առանձնացնենք հետևյալ խնդիրները. ա) Երևանը՝ որպես ներքին շուկա ու Հայաստանի տնտեսության զարգացման լոկոմոտիվ, բ) գիտության, կրթության ու արդյունաբերական զարգացման խնդիրը, բ) կապի միջոցների խնդիրը և այլն, և այլն: Քննարկենք դրանցից ամենաանտեսանելի ու, ինչ որ առումով, ամենաէկզոտիկ խնդիրը, որը վերաբերում է բջջային կապի միջոցներին:


2007 թվականին Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի մի խումբ քաղաքացիներ ինձ էին դիմել հետևյալ խնդրանքով. «Մեր բակի տարածքում «ԱրմենՏելը» տեղադրում է բջջային հեռախոսի անտենա, որը շատ մոտ է մեր պատուհաններին: Մեզ անհանգստացնում է դրա հնարավոր ազդեցությունը մեր երեխաների առողջության վրա: Ի պատասխան մեր դիմումի, «ԱրմենՏելը» փոստով ուղարկել է Երևանի կապի միջոցների ԳՀԻ-ի աշխատանքային նախագիծը, որից մենք ոչինչ չենք կարողանում հասկանալ՝ համապատասխան կրթություն չունենալու պատճառով, խնդրում ենք մեկնաբանել ու օգնել»: Ասեմ, որ մեկնաբանելու բան առանձնապես չկար, նախագծում բերված էին բջջային կապի YE129 տիպի բազային կայանի ճառագայթման դիագրամի տվյալները՝ հորիզոնական ու ուղղաձիգ ուղղություններով, հայտնի բանաձևերի հիման վրա կատարված էին ռադիոալիքների հզորությունների համապատասխան հաշվարկներ, որոնց արդյունքում ծնվել էր հետևյալ եզրակացությունը. «Մեր հաշվարկները ցույց են տվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի 54 շենքի տանիքում տեղադրվող բջջային կապի բազային կայանի տեղադրման դեպքում մարդկանց համար անտենայի վտանգավոր գոտին գտնվում է անտենայի կենտրոնից 0,12 մետրի սահմաններում (ուղղաձիգ ուղղությամբ) և 7,8 մետր (հորիզոնական ուղղությամբ), ...երկու կորերի հիման վրա որոշվել են կենսաբանական վտանգավորության գոտու սահմանները: Տվյալ դեպքում բնակչության համար վտանգավոր է 23,3 մ շառավիղ ու 3,3 մ հաստություն ունեցող տարածքը»: Մասնագիտական առումով ամեն ինչ ճիշտ էր արված, բայց ո՞րն էր այդ հաշվարկները քաղաքացիներին տրամադրելու տրամաբանությունը, ինձ մինչ օրս պարզ չէ:
Քաղաքացիները մի բան էին հասկացել. իրենց բնակարանների հարևանությամբ առաջացել են մարդկանց ու երեխաների առողջության համար վտանգ ներկայացնող գոտիներ, որոնցից, ամեն դեպքում, պետք է հեռու մնալ՝ հատկապես չվստահելով ներկայացված հաշվարկների ճշտությանը, որովհետև իրենց, ինչպես մեր կյանքի մյուս դեպքերում, կարող են խաբել:
Ասեմ, որ հաշվարկների մեջ կային լուրջ սխալներ, մասնավորապես հաշվի չէր առնված վերադրման (սուպերպոզիցիա) սկզբունքը, որը պահանջվում է պարտադիր կարգով հաշվի առնել շրջապատում աշխատող մյուս անտենաների թողած ազդեցությունը, այսպես կոչված, ռադիոծածկույթի դաշտի բնութագիրը: Հիշեցման կարգով ասեմ, որ, այսօրվա դրությամբ, Հայաստանում աշխատում է բջջային կապի երեք օպերատոր, դրանք են Beeline (հեռախոսները սկսվում են 091, 096, 099, 043 համարներով), VivaCell MTS (հեռախոսները սկսվում են 093, 094, 077, 098, 049 համարներով) և Ucom (հեռախոսները սկսվում են 095, 055, 045 համարներով):


Կապի միջոցների Երևանի ԳՀԻ-ի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Մհեր Մարկոսյանին ցանկանում եմ մեկ անգամ ևս հիշեցնել ռադիոալիքների վերադրման սկզբունքը՝ համոզված լինելով, որ նա դա շատ լավ գիտի, որովհետև մեր ճանաչված մասնագետներից մեկն է՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոսարքավորումների նախագծման ամբիոնի նախկին վարիչ, դոկտոր Մհեր Ղարիբյանից (այժմ աշխատում է ԱՄՆ-ում) ու «Կոմետա» ԳՀԻ-ի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Կարեն Մոսոյանից հետո (բավականին երկար ժամանակ աշխատել է չինացիների համար, անտենաների տեսությունն ու պրակտիկան սովորեցնելով չինացիներին): Ի միջի այլոց, մեր սիրելի դասախոս, ակադեմիկոս Պարիս Հերունին անտենաների ու, ընդհանրապես, ռադիոֆիզիկայի բնագավառում աշխարհում ճանաչված գիտնական էր, ռադիոֆիզիկական չափումների, ռադիոհոլոգրաֆիայի հիմնադիրը: Մեր օրերում Հերունուն հիշում են որպես արևային տեխնիկայի զարգացման «Արև» ծրագրի հեղինակի, որն սկսեց այդ կարևոր գործն ու, ցավոք, չհասցրեց ավարտել, հիմա այդ կիսատ թողած գործը նրա գիտնական որդի Վահագն Հերունին շարունակում է, դարձյալ ցավոք, Ամերիկայում. աշխատում է ամերիկացիների համար: «Հայերը և հայությունը» իր գիտահանրամատչելի պատմական աշխատության մեջ Պարիս Հերունին խոսում է անտենա բառի հայկական ծագման մասին. Կիլիկիայի առագաստանավերի վրա, բարձր դիրքերում տեղադրվում էին հատուկ քթոցներ, որտեղ, անհրաժեշտ դիտարկումներն իրականացնելու համար նստեցնում էին պատանի նավաստիներին, հորիզոնում երկիր տեսնելուն պես նրանք գոռում էին՝ «անտ հենա» կամ «հենա» երկիր եմ տեսնում: Խորհրդային տարիներին Հերունին նախագծեց ու կառուցեց Օրգովի (Բյուրականից մի քիչ վերև) էտալոնային ռադիոհեռադիտակը, որը համարվում էր աշխարհի անգերազանցելի գիտական կառույցներից մեկը, որն այդպիսին է մնացել մինչ օրս: Այդ անգերազանցելի գիտական կառույցը, մեր մյուս անգերազանցելի գիտական կառույցների նման, կամաց-կամաց, մեկը մյուսի հետևից, մեր պանծալի քաղաքական գործիչների թեթև ձեռքով վերածվում են մետաղի ջարդոնի, վաճառվում ու, մի խոսքով, վերացվում են Հայաստան երկրի վրայից, իսկ մեզ մնում է տեսնել այդ ամենն ու տխրել, տխրել ու լռել, հաշտվել այն մտքի հետ, որ այս ազգակործան պրոցեսը դեռ շարունակվում է:

Հարց՝ մինչև ե՞րբ, մինչև ե՞րբ ենք լռելու և չտեսնելու տալու այս թշնամությունը՝ հեռու մնալով երկրում ընթացող քաղաքական պրոցեսներից, թույլ տալով, որ մեր երկրում քաղաքական պրոցեսներով զբաղվեն հատուկ կամ, ավելի ճիշտ կլինի ասել, առանձնահատուկ մարդիկ, որոնք միայն քանդելու կողմնակից են, սովորել են ամեն ինչ քանդել, հողին հավասարեցնել ու այդպիսով գերշահույթներ ստանալ: Բայց եկել է մեր հայրենի երկիրը կառուցելու և վերակառուցելու ժամանակը, նահանջելու տեղ այլևս չունենք, պետք է միավորվել, միասնական մի հզոր բռունցք դառնալ ու պայքարել մեր երկիրը զարգացման կայուն ռելսերի վրա դնելու համար:


Իհարկե, Հայաստանի տեխնիկական մտավորականությունը կարող է միավորվել՝ նոր կուսակցություն ստեղծելով, անվանելով այն տնտեսության վերակառուցման, հայրենիքի փրկության կամ թեմատիկ ուղղվածության այլ անուններով: Բայց առայժմ դա չենք անում, շարունակում ենք մնալ պասիվ դիտողի դերում: Վերադառնանք մեր շարքային քաղաքացիների բարձրացրած բջջային կայանների խնդիրներին ու փորձենք հասկանալ մեր պետական կառույցների դիրքորոշումը նման դեպքերում, երբ մարդկանց հետաքրքրում է կենսական կարևորության մի հարց` ի՞նչ անել, որ բջջային կապի միջոցների տարածման կարևոր գործի ու շահութաբեր բիզնեսի պատճառով չտուժեն մեր երեխաները, առաջին հերթին, ու մեր առողջությունը: Սա շատ կարևոր խնդիր է, որը սկզբունքորեն պետք է հուզեր Հայաստանի ու Երևան քաղաքի բարձրաստիճան ղեկավար այրերին, բայց չի հետաքրքրել ու չի հուզել, որովհետև նրանք չգիտեն, որ, ընդհանրապես, իրենց ղեկավարած քաղաքում, բացի փողոցներն ավլելուց, հերթական ընտրություններին նվիրված ասֆալտը փռելուց, ծառեր տնկելուց կամ տարբեր տրանսպորտային միջոցներով մարդկանց դեսուդեն տանելուց, նման խնդիրներ էլ կան: Այո, Երևան քաղաքում կան նման խրթին ու վտանգ պարունակող խնդիրներ, որոնք շատ կարևոր են ոչ միայն մարդկանց առողջությունը պահպանելու համար, ավելին, այդ հարցերը ճիշտ լուծելու պարագայում կարելի է արդյունաբերություն զարգացնել, հազարավոր աշխատատեղեր ստեղծել ու միլիարդավոր դոլարներ վաստակել:


Վերադրման մեթոդը ենթադրում է, որ ֆիզիկական բարդ պրոցեսի ազդեցության վերջնական էֆեկտն իրենից ներկայացնում է առանձին-առանձին ազդեցությունների գումար՝ պայմանով, որ վերջիններս միմյանց վրա չեն կարող ազդել: Ոչ հարմոնիկ ռադիոալիքների թողած ազդեցությունը մեր առողջության վրա (ինչպիսին են կապի երեք օպերատորների անտենաներով օրուգիշեր, 24 ժամ շարունակ սփռվող գերբարձր հաճախականությամբ բոլոր ռադիոալիքները, որոնք տարածվում են մեր քաղաքով մեկ, մտնում են դավին անտեղյակ մեր քաղաքացիների բնակարանները) որոշվում է որպես մի գումարային ազդեցություն՝ հաշվի առնելով բոլոր հարմոնիկ ալիքների ազդեցությունները մարդկանց առողջության վրա: Սա տեսությունն է ասում: Պրակտիկան ավելի սարսափելի է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեզ համար կապի միջոցներ ապահովող, դրա շնորհիվ (նաև մեր առողջության հաշվին) փող շինող պետական այրերը տեղյակ չեն, թե այդ բնագավառում ինչեր են հնարավոր ու ինչպես է պետք գրագետ ձևով կազմակերպել անհրաժեշտ պաշտպանիչ միջոցառումները (ես հեռու եմ այն մտքից, թե այստեղ գրագիտության պակաս կա, ուղղակի դրան հասնելու համար հսկայական ներդրումներ են պահանջվում), որոնք չեն արվում, շահութաբերության բարձր տոկոսները կարող են տուժել, քաղաքի օլիգարխիկ թաղամասերում հատուկ դիտարկումներ եմ կատարել ու համոզվել, որ այնտեղ բջջային կապի կայանները բացակայում են (նրանց կյանքի կրեդոն է՝ զգուշությունը լավ բան է, առողջության հետ խաղալ չի կարելի), որ մարդկանց կյանքին ու առողջությանը վնաս չպատճառվի, որ իրենց օրորոցներում խաղաղ քուն մտած նորածինները անբուժելի հիվանդություններ չստանան ու չտառապեն՝ իրենց ծնողների հետ:


Անցած շաբաթ Ֆրանսիայում տեղի ունեցավ մի հետաքրքիր դատավարություն: Ըստ գործատուի, աշխատանքային պայմանագրի ծառայողը պարտավոր է եղել օրը երեք ժամ շարունակ խոսել բջջային հեռախոսով, որի պատճառով նրա գլխուղեղում ուռուցք էր առաջացել, դատարանի որոշմամբ դա ճանաչվեց որպես պրոֆեսիոնալ հիվանդություն ու պարտադրվեց, որ գործատուն ամբողջությամբ վճարի քաղաքացու բուժման ծախսերը և փոխհատուցի նյութական կորուստները:
Ինչ վերաբերում է Երևան քաղաքի Մաշտոցի 54 շենքի տանիքում տեղադրված բջջային կապի բազային կայանին, ապա վերադրման վերաբերյալ իմ հիշատակումները օգնեցին, որ այն ապամոնտաժվի, տվյալ դեպքում՝ խնդիրը կարելի է լուծված համարել, մարդկանց առողջության համար վտանգ ներկայացնող տեխնիկան հեռացվեց, բայց քաղաքում կան նման ու ավելի դատապարտելի շատ դեպքեր, որոնց մասին պետք է մտածել ու ճիշտ լուծումներ գտնել, չի կարելի խաղալ մեր քաղաքացիների առողջության հետ:


Վրդովեցնողը միայն սա չէ, ավելի անընդունելի է պետական կառույցների անպատասխանատու և անհոգի վերաբերմունքի փաստը, որը, մասնավորապես, երևում է ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Ա. Վանյանի հետևյալ պատասխան գրությունից (թիվ 04-845/05, 22-08-2007 թ.). «Ի պատասխան Ձեր դիմումի՝ Երևանի Մաշտոց 54 ա շենքի տանիքում տեղադրված բջջային կապի ալեհավաքի աշխատանքի հետ կապված առողջության անվտանգության ապահովման համար սահմանված նորմերի պահպանման վերաբերյալ, հայտնում եմ հետևյալը. ....բնակելի ու հասարակական շենքերի տանիքների վրա ալեհավաքները թույլատրվում է տեղադրել այն պայմանով, որ շենքի ներսում ու հարակից տարածքներում ռադիոհաճախականության տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթների ինտենսիվությունը չգերազանցի սահմանային թույլատրելի մակարդակները: Ալեհավաքների տեղադրման պայմանները, դրանց սանիտարական պահպանման և սահմանափակումների գոտիների տարածքները պետք է որոշվեն հաշվարկային եղանակով, այնուհետև ճշտվեն չափումների միջոցով: Հաշվարկների և չափումների կազմակերպումն ու անցկացումը հաղորդող ռադիոտեխնիկական կայանները շահագործող կազմակերպությունների պարտականությունն է»:


Այս պատասխանը բնորոշ է հայ չինովնիկությանը, սովորական բան է դարձել, երբ մարդու առողջությանը վերաբերող խնդիրները կոծկվում կամ մղվում են հետին պլան, եթե բողոքողներ չկան: Հարց՝ ինչո՞ւ մեր հարգարժան Ռալֆ Յիրիկյանն իր ունեցած ժամանակն ու նյութական ռեսուրսները անընդհատ ուղղում է գյուղերում բնակարանների վերանորոգմանն ու բարեգործական այն նպատակներին՝ մի կողմ թողնելով VivaCell MTS-ի պատճառած էկոլոգիական վնասների ուսումնասիրության ու մինիմիզացիայի կարևոր գործերը, որոնք առավել կարևոր են և մեր երկրի տնտեսության վերականգնման, և մեր երկրի քաղաքացիների առողջության պահպանման համար: Հնարավորություններն այստեղ անսպառ են: Երևան քաղաքում լուծելով անտենաների օպտիմալ տեղադրման խնդիրները, մենք կարող ենք զգալիորեն իջեցնել մարդկանց ճառագայթահարման վտանգը:


Եթե ինձ հաջողվի դառնալ Երևանի ավագանու անդամ, ապա առաջին խնդիրը, որը ես կփորձեմ լուծել, կլինի երեք օպերատորների ճառագայթման ֆոնի ուսումնասիրությունը, որը թույլ կտա գործող երեք օպերատորներից ընտրել մեկին ու թողնել ամենաանվտանգին, մյուս երկու օպերատորների ծառայություններից մեր քաղաքը պետք է հրաժարվի: Դա թույլ կտա մեր քաղաքի ճառագայթման ֆոնի մակարդակն իջեցնել առնվազն երկու անգամ (սա բխում է ռադիոալիքների վերադրման սկզբունքից): «ԱրմենՏելի» մոնոպոլ դիրքը վերացնելու համար Ռոբերտ Քոչարյանը թույլ տվեց, որ Հայաստանում բջջային կապի ծառայություններ մատուցեն ուրիշ օպերատորներ ևս: Դա, իրոք, թույլ տվեց, որ առողջ մրցակցություն առաջանա, սակագները իջնեն, իսկ կապի որակը շարունակաբար բարձրանա, դա ցույց տվեց շուկայի կարգավորիչ մեխանիզմի տված դրական էֆեկտը, որը արդարացված է միայն կարճաժամկետ տնտեսական շահերը ապահովելու տեսակետից, բայց անթույլատրելի է մարդկանց առողջությունը պահպանելու կամ երկրի երկարաժամկետ տնտեսական շահերը պաշտպանելու տեսանկյունից: Սա ունի իր հստակ գիտական հիմնավորումը, որի հիմքում դրվում են Արրենիուսի հիմնարար օրենքից բխող դրույթները:

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 5328

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ