Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ամեն պար ունի իր պատմությունը, ամեն զույգ յուրովի է ներկայացնում այն»

«Ամեն պար ունի իր պատմությունը, ամեն զույգ յուրովի է ներկայացնում այն»
10.05.2017 | 10:26

Օրերս Հայաստանում անցկացվեց սպորտային պարերի բաց առաջնություն, ինչպես նաև 2017 թվականի սպորտային պարերի պաշտոնական առաջնությունը պատանեկան երկու կարգում: Մինչ մրցումների մեկնարկը զրուցեցինք Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախագահ, միջազգային կարգի մրցավար, «Մատադոր» սպորտային պարերի ակումբի գեղարվեստական ղեկավար ԳԵՎՈՐԳ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ հետ:


Սպորտային պարերում 2 ոճ է առանձնացվում. եվրոպական` դանդաղ վալս, տանգո, վիեննական վալս, դանդաղ ֆոքստրոտ, արագ ֆոքստրոտ, և լատինաամերիկյան` սամբա, չա-չա-չա, ռումբա, պասադոբլ, ջայվ: Հայաստանում առավել տարածում ունի լատինաամերիկյան պարաձևը:
Գևորգ Մարկոսյանի կարծիքով` պատճառը մեր խառնվածքն է. հայերը տաքարյուն են, եվրոպական պարաձևի շրջանակներին չեն հարմարվում, թեև ունենք լավ զույգեր այդ պարաձևում:


-Ի՞նչ հաճախականությամբ են անցկացվում մրցումները, և ո՞րն է Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի հիմնական գործառույթը:
-Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիան գործում է 1996-ից: Սկզբնական շրջանում սպորտային պարերի ակումբները հինգն էին, այժմ երեք տասնյակից ավելի են: ՈՒնենք մեծ մրցավարական կազմ, 7 միջազգային կարգի մրցավար, 10 մարզիկ սպորտի վարպետ է: Տարին մեկ անգամ ֆեդերացիան անցկացնում է Հայաստանի առաջնություն, որտեղ որոշվում են Հայաստանի չեմպիոնները: Տարին չորս-հինգ անգամ անցկացվում են բաց առաջնություններ:
-Ի՞նչ են տալիս մրցումները մարզիկներին:
-Փորձ, վարկանիշ, որակական աստիճան:
-Միջազգային հարթակում նո՞ւյնպես ներկայանում են:
-Աշխարհի, Եվրոպայի առաջնություններին, համաշխարհային վարկանիշային մրցույթներին մասնակցելը ֆինանսական ծախսերի հետ է կապված: Ծնողների ուժերով, ղեկավարների միջնորդությամբ փորձում ենք ապահովել մեր սաների մասնակցությունը հիմնականում մոտ տարածքներում` Ռուսաստանում, Վրաստանում անցկացվող միջազգային մրցումներին: Թեև մասնակցում և հաջողություններ են գրանցում նաև եվրոպական երկրներում: Ֆեդերացիան այս տարիների ընթացքում ունեցել է Կովկասի բազմակի չեմպիոններ, Արևելյան Եվրոպայի բրոնզե մեդալակիրներ և միջազգային մրցումների մեծ թվով մեդալակիրներ ու հաղթողներ:
-Հայաստանում սպորտային պարերի զարգացման համար կա՞ն բավարար պայմաններ: Գիտեմ, որ պետական աջակցությունից չեք օգտվում:
-Մինչ այս տարի չի եղել պետական աջակցություն: Այս տարի սպորտկոմիտեն, հուրախություն բոլորիս, փորձում է աջակցել` և՛ գումարով, և՛ մարզական հագուստով: Աշնանը նախատեսում ենք նաև սեմինարների անցկացում:
-Ինչո՞ւ սպորտային պարը չի համալրում օլիմպիական մարզաձևերի թիվը:
-Մինչ այժմ պատճառաբանում էին, որ մրցավարական համակարգը չի բավարարում, օբյեկտիվ չէ: Սպորտային պարերի միջազգային ֆեդերացիան (WDSF) մշակել է համակարգ` չորս բալային չափորոշիչներով: 2020-ին Տոկիոյում կլինեն ցուցադրական ելույթներ, եթե հաստատվի, ապա օլիմպիական հաջորդ խաղերին կներկայացվի: Իսկ բրեյքդանսը օլիմպիական մարզաձև է ճանաչվել Արգենտինայում, և ներկայացվելու է 2018 թ. երիտասարդական օլիմպիադայում:
-Ի՞նչ կփոխվի մեզ մոտ, երբ սպորտային պարը օլիմպիական մարզաձև ճանաչվի:
-Բավական է ասել, որ մինչ օրս, եթե դիմում էինք սպորտի նախարարություն` աջակցության համար, մերժում էին` պատճառաբանելով, որ սպորտային պարը օլիմպիական մարզաձև չի համարվում, ուստի չեն կարող պետական բյուջեում ընդգրկել: Հիմա խոսք են տվել, որ մյուս տարվա պետբյուջեից մեր ֆեդերացիային նույնպես հատկացում կարվի:
-Լատինաամերիկյան պարերի նկատմամբ մեզանում հետաքրքրությունը շատ մեծ է, աշխարհում նո՞ւյնպես այդպես է:
-Այո, ամբողջ աշխարհում է այդպես, Եվրոպայում նույնիսկ տարիքով մարդիկ են զբաղվում սպորտային պարարվեստով: Այնքան շատ են մեծահասակների խմբերը, որ կատեգորիաների են բաժանվում` սինյոր-1, սինյոր-2, սինյոր-3, սինյոր-4:
-Կարելի՞ է ենթադրել, որ լատինաամերիկյան պարաձևը ամենից շատ տարածված է հենց լատինաամերիկյան երկրներում:
-Ընդհակառակը` լատինաամերիկյան երկրներում զարգացած չէ, արմատներն են այնտեղից գալիս, բայց նրանք չեն ընդունում այդ պարերի մշակված, բեմական ձևը, որ հարմարեցված է մրցութային ծրագրերին: Ասում են` մերն է և ուրիշ կերպ պետք է պարել: Եթե նայեք, թե ինչպես են, օրինակ, Ռիոյում դիմակահանդեսի ժամանակ պարում սամբան, կտեսնեք, որ դա լրիվ ուրիշ պար է:
-Գալով մեր խնդիրներին` պարող տղաների պակասի հարցը ինչպե՞ս պետք է լուծվի:
-Ամենացավոտ հարցն է: Չգիտեմ ինչպես պետք է լուծվի, իսկապես քիչ են տղաները: Պատճառը հիմնականում արտաքին գործոնն է, շրջապատի թյուր կարծիքը, չհիմնավորված բարդույթը, որ պարը տղային բնորոշ չէ: Մեզանում շատ են տարածված արևելյան մարզաձևերը: Ես դեմ չեմ դրան, բայց կարող են զբաղվել թե՛ մեկով, թե՛ մյուսով: Իհարկե, նախկինի համեմատ դրական որոշակի տեղաշարժ նկատվում է:
-Ինչպե՞ս են այդ դեպքում աղջիկները հանդես գալիս մրցումներում` մենապարո՞վ:
-Այո, ստիպված այդպես ենք անում, որ աղջիկները կարողանան մրցել և կարգը բարձրացնել:
-Հայաստանում մրցումների ժամանակ փորձ արվեց pro-am ձևաչափը կիրառել, երբ զույգ չունեցող աղջիկները բեմում պարում են իրենց ուսուցիչների հետ: Ինչո՞ւ շարունակություն չունեցավ այդ փորձը:
-Շարունակություն կունենա, ուղղակի ժամանակի հարց է, ղեկավարներին պետք է հանձնարարվի: Ներկայումս պարային խմբերի ղեկավարները համերգների են պատրաստվում, զբաղվածությունը շատ է: Սաների հետ ելույթ ունենալը ժամանակ է պահանջում:
-Ինքներդ ինչպե՞ս եք վերաբերվում pro-am ձևաչափին:
-Ինչ-որ տեղ հարցի լուծում է երեխաների համար, որ կարողանան ելույթ ունենալ: Մենք pro-am ենք ասում, բայց դա ուսանող-դասախոս կատեգորիան է, pro-am դեպքում զույգերից մեկը պրոֆեսիոնալ է, մյուսը` սիրողական: Ամբողջ աշխարհում ընդունված գործընթաց է: Մենք մեկ այդպիսի զույգ ունենք, որ մասնակցում է միջազգային մրցումների: Տվյալ դեպքում` աղջիկն է սիրողական: Խոսքը անվանի շախմատիստուհի Արիանա Կաոիլիի մասին է: Օրեր առաջ նա և նրա պարընկերը Դուբայում կայացած «Crown Cup» սպորտային պարերի միջազգային մրցույթում 6 անվանակարգերում առաջին հորիզոնականը գրավեցին:
-Ո՞ր տարիքից պետք է սկսել պարել:
-Որքան շուտ, այնքան լավ: Նախընտրելի է, որ սկսեն զբաղվել 4-5 տարեկանից: Բնականաբար այդ տարիքում ավելի քիչ բեռնվածությամբ ենք մարզում, հետո քիչ-քիչ ավելացնում ենք:
-Ճի՞շտ է, որ հայ երեխաները մարզվել չեն սիրում, ծանրաբեռնվածությունից խուսափում են:
-Չկա նման խնդիր: Եթե խոսքը ազգային մենթալիտետի մասին է, ապա մենք շատ աշխատասեր ազգ ենք: Պարզապես նախկինում ավելի ակտիվ էին, շահագրգռված էին պարով, հիմա համակարգիչները, տեխնոդար ասվածը ծուլացրել են երեխաներին, ավելի շուտ ու հեշտ ճանապարհով են ուզում ամեն ինչին հասնել:
-Ինչո՞վ են առանձնանում պարարվեստի ներկայացուցիչները: Նկատե՞լ եք` Ձեր սաների մեջ բնավորության ինչպիսի փոփոխություններ են լինում:
-Նախ՝ արտաքին տվյալներն են փոխվում` քայլվածքը, կուլտուրան, վարվելաձևը, տղաների վերաբերմունքը աղջիկների նկատմամբ և հակառակը, գեղագիտական ու երաժշտական ճաշակն է զարգանում, ի վերջո, ավելի անկաշկանդ ու ինքնավստահ են դառնում: Աչքի են ընկնում նաև տոնական և այլ հավաքույթների ժամանակ: Կարելի ասել, որ նման միջոցառումների կենտրոնում են լինում:
-Սպորտային պարերն ի՞նչ տարածվածություն ունեն մարզերում:
-Ֆեդերացիան մասնաճյուղեր ունի Վանաձորում, Աբովյանում, Էջմիածնում, Չարենցավանում, Եղվարդում, Արմավիրում: Նախատեսում ենք մասնաճյուղ բացել նաև Գյումրիում: Լավ երեխաներ ունենք մարզերում, ներգրավվում են նաև մրցումներում: Բայց մարզերում, մայրաքաղաքի համեմատ, ավելի սուր են սոցիալական խնդիրները, նաև բարդույթները, ինչի մասին քիչ առաջ խոսում էինք:
-Ի՞նչ կասեք Ձեր ղեկավարած «Մատադոր» ստուդիայի մասին:
-«Մատադորը» հիմնադրվել է 1995-ին: Գործում է մինչ օրս: Սաները բազմաթիվ հաջողություններ են ունեցել: Մոտավոր հաշվարկով` ֆեդերացիայի 30 ակումբից 15-ը «Մատադորի» սաներն են ղեկավարում: Մրցակցությունս, լավ իմաստով, սաներիս հետ է: Եվ ես ուրախ եմ, որ իմ ստեղծած գործը շարունակվում է:
-Ինչպիսի՞ն են պարային ակումբների պայմանները:
-Ոչ շատ տխուր, բայց լիարժեք էլ չեն: Լավ կլիներ, եթե ցնցուղներ լինեին, դահլիճները մեծ լինեին: Հիմնականում փոքր տարածքներում են պարում, մրցումների ժամանակ էլ, քանի որ սովորում են փոքր տարածքների, դժվարություններ են լինում:
-Սպորտային պարարվեստով զբաղվողն ինչ հեռանկար կարող է ունենալ մեր երկրում և դրսում: Տարբերությունը մե՞ծ է:
-Նույնն է, պարզապես դրսում անհամեմատ լավ են վճարում: Ամբողջ աշխարհում բարձր վարձատրվող մարզաձև է, երրորդն է ֆուտբոլից, թենիսից հետո:
-Սպորտային պարի Ձեր բնորոշումը:
-Շատ հետաքրքիր է, շատ էմոցիոնալ, շատ իմաստուն: Ամեն պար ունի իր պատմությունը, իր բնավորությունը, ամեն զույգ յուրովի է ներկայացնում այն: Այստեղ սպորտը և արվեստը հիսուն-հիսուն հարաբերակցությամբ են: Մեկը մյուսին պետք է լրացնի: Եթե մեկն ավելի շատ է մյուսի համեմատ, մի դեպքում տեխնիկան, հմտությունն է կորչում, մյուս դեպքում` հոգին: Միասին դառնում են մեկ ամբողջություն: Սպորտային պարարվեստում չի կարելի առանձնացնել սպորտը և արվեստը:

Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4599

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ